Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հիմնարկներում աշխատում էին 9 հազար բժիշկ։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։

ՎՈՐՈՆԻԽԻՆ Անդրեյ Նիկիֆորովիչ (1759 թ. հոկտեմբերի 17 (28), Ուրալ, գյուղ Նովոյե Ուսոլյե – 1814 թ․ փետրվարի21 (մարտի 5), Սանկտ–Պետերբուրգ), ռուս ճարտարապետ, կլասիցիզմի ներկայացուցիչ։ Մինչև 1785 թ․-ը՝ կոմս Ա․ Ս․ Ստրոգանովի ճորտը, հետագայում ազատագրվել է։ 1777 թ․-ից սովորել է գեղանկարչություն Մոսկվայում, ինչպես և ճարտարապետ Վ․ Ի․ Բաժենովի և Մ․ Ֆ․ Կազակովի մոտ։ 1779 թ․-ից ապրել է Պետերբուրգում, 1786–1790 թթ.-ին՝ արտասահմանում։

1797 թ.-ից Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի «հեռանկարային գեղանկարչության» ակադեմիկոս («Ստրոգանովի պալատի պատկերասրահի տեսքը», ջրաներկ, 1793 թ., Էրմիտաժ, Լենինգրադ և «Ստրոգանովի ամառանոցի տեսքը», յուղաներկ, 1797 թ., Ռուսաստանի թանգարան, Լենինգրադ, նկարների համար), 1802 թ.-ից՝ պրոֆեսոր։ Վորոնիխինի վաղ շրջանի գործերից են՝ Ստրոգանովի պալատի (Պետերբուրգ) ինտերիերների հարդարումը (1793 թ.), Ստրոգանովի ամառանոցը (1795–1796 թթ., Պետերբուրգի մոտ)։ Նշանավոր կառույցը Կազանյան տաճարն է (1801 – 1811), որի շինարարությունը սկիզբ է դրել Նևսկի պողոտայի վրա խոշոր քաղաքային անսամբլների ստեղծմանը։ Քաղաքաշինական տեսակետից ուշագրավ են նաև Լեռնային ինստիտուտի շենքը (1806–1811 թթ., դեպի Նևան ուղղված մոնումենտալ, սյունազարդ պորտիկով), ինչպես և Պետերբուրգի Իսակիեյան տաճարի (1808–1810 թթ.) ու Մոսկվայի Քրիստոսի տաճարի (1813 թ.) չիրականացված նախագծերը։ Վորոնիխինը մասնակցել է նաև Պետերգոֆի (այժմ՝ Պետրոդվորեց, 1800-ական թթ․ սկիզբ) և Պավլովսկի (1802–1808 թթ.) պալատապուրակային անսամբլների ստեղծմանը։ Ռուսական ամպիրի սկզբունքներով կերտված այդ շրջանի կառույցներին բնորոշ են նոր, թեթև կոնստրուկցիաների և բնական շինանյութերի կիրառումը, տարածական հորինվածքի պարզությամբ, պատերի մեծ, հարթ մակերեսների և սյունաշարերի, քանդակների ու խոշոր, հյութեղ զարդապատկերների հակադրությամբ պայմանավորված ճարտարապետական–գեղարվեստական մեծ արտահայտչականությունը։

Վորոնիխինն աշխատել է նաև կիրառական արվեստի բնագավառում, ստեղծել կահույքի, լուսատու սարքերի, քարե և ճենապակե սկահակների բազմաթիվ նախագծեր։

Գրկ․ Гримм Г․Г․, Архитектор Воронихин, Л.–М., 1963 թ․:

ՎՈՐՈՆՈՎ Գենադի Իվանովիչ (1910 օգոստոսի 18 (31), Ռամեշկի գյուղ, Բեժեցկի ուեզդ, Տվերսկի գուբերնիա - 1994 թ. ապրիլի 1, Մոսկվա), սովետական պետական և կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1931 թ.-ից։ 1936 թ.-ին ավարտել է Տոմսկի Ս․ Մ․ Կիրովի անվան արդյունաբերական ինստիտուտը, ապա սովորել Նովոսիբիրսկի Մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտում։ 1937 թ.-ից կուսակցական աշխատանքներ է կատարել ՀամԿ(բ)Կ Տոմսկի Կիրովյան շրջկոմում, Պրոկոպևսկում (քաղկոմի քարտուղար)։ 1939 թ.-ից՝ կուսակցության Չիտայի մարզկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1948 թ.-ից՝ առաջին քարտուղար, միաժամանակ 1948–1950 թթ.-ին՝ Չիտայի քաղկոմի առաջին քարտուղար։ 1955 թ.-ից՝ ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ։ 1957 թ.-ից՝ ԽՄԿԿ Օրենբուրգի մարզկոմի առաջին քարտուղար։ 1961 թ.-ից՝ ՌՍՖՍՀ–ի գծով ԽՄԿԿ ԿԿ բյուրոյի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ։ 1962 թ.-ից՝ ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի, 1971–1973 թթ.-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահ։ Եղել է ԽՄԿԿ 19 - 24-րդ համագումարների պատգամավոր, 19-րդ համագումարից սկսած ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ։ 1961 թ.-ի հունվար–հոկտեմբերին՝ ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամության թեկնածու, 1961 թ.-ի հոկտեմբերից մինչև 1966 թ.-ի ապրիլ՝ անդամ, 1966–1973 թթ.-ին՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 3 - 8-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ 1973 թ.-ից անցել է կենսաթոշակի։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՎՈՐՈՆՑՈՎ Միխայիլ Սեմյոնովիչ (1782թ. մայիս 19 (30), Պետերբուրգ – 1856 թ. նոյեմբեր 7 (19), Օդեսա), իշխան, ռուսական պետական գործիչ, գեներալ–ֆելդմարշալ (1856 թ.)։ Անգլիայում ռուս դեսպան Ս․ Ռ․ Վորոնցովի որդին։ 1804–1813 թթ.-ի ռուս–պարսկական պատերազմի ժամանակ մասնակցել է Գանձակի գրավմանը, Երևանյան առաջին արշավանքին (1804 թ.)։ 1823 թ.-ին նշանակվել է Նովոռոսիայի գեներա նահանգապետ և Բեսարաբական մարզի փոխարքա, 1828–1844 թթ.-ին՝ Նովոռոսիայի և Բեսարաբիայի գեներալ–նահանգապետ։ 1826 թ–ից՝ Պետական խորհրդի անդամ։ 1844–1854 թթ.-ին Վ․ Կովկասի առաջին փոխարքան էր և Կովկասյան առանձին կորպուսի գլխավոր հրամանատար։ Պայքարել է լեռնականների դեմ, մտցրել նոր՝ կացնի տակտիկա (անտառները հատելու և անցուղիներ պատրաստելու միջոցով դյուրացրել լեռնականների հնազանդեցումը)։ Վորոնցովն անց է կացրել վարչական ռեֆորմներ, որոնց հիման վրա 1849 թ.-ին ստեղծվել է Երևանի նահանգը։ 1847 թ. և 1851 թ.-ի կանոնադրություններով փորձել է ստեղծել անդրկովկասյան ազնվականական դաս (որպես ցարիզմի հենարան), բայց գրեթե ապարդյուն։ Վորոնցովի օրոք Հայաստանում հիմնադրվել են առաջին ռուսաբնակ գյուղերը։ Հովանավորել է հայ բուրժուազիային, Հայաստանի պղնձարդյունաբերության մեջ մտցրել ազատ վարձու աշխատանք։ Մերձավոր հարաբերությունների մեջ է եղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հետ, մասնակցել է Մ․ Նալբանդյանի նկատմամբ կազմակերպված հալածանքին։

Վորոնցովը Թիֆլիսում հիմնել է Կովկասյան թանգարանը, Գյուղատնտեսական ընկերությունը, «Կավկազ» («Кавказ») լրագիրը։ Մոտ էր դեկաբրիստների հետ։ Վորոնցովը նվիրված էր ինքնակալությանը, պաշտոնամոլ էր, բայց աչքի է ընկել լիբերալ հայացքներով։

Գրականություն Щербинин М․П․, Биография генерал-фельдмаршала князя М․ С․ Воронцова, СПБ, 1858․ Վ․ Դիլոյան

ՎՈՐՈՆՑՈՎ–ԴԱՇԿՈՎ Իլարիոն Իվանովիչ (1837 թ. մայիսի 27, Պետերբուրգ – 1916 թ. հունվարի 15, Տավրիյան գուբերնիայի Յալթինսկ ուեզդի Ալուպկա ավան), կոմս, ռուսական պետական գործիչ, գեերալ–լեյտենանտ։ 1859–1862 թթ.-ին մասնակցել է Կովկասյան պատերազմներին, 1865–1867 թթ.-ին՝ Թուրքեստանում մղվող կռիվներին, 1877– 1878 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմին։ 1905–1915 թթ.-ին եղել է Կովկասի Փոխարքա։ 1905–1907 թթ.-ի ռուսական հեղափոխության վերելքի պայմաններում կազմակերպել է պատժիչ արշավախմբեր՝ գյուղացիական հուզումները ճնշելու նպատակով։ Վորոնցով–Դաշկովի օրոք ցարիզմի թողտվությամբ և սադրանքով տեղի է ունեցել հայ–ադրբեջանական կոտորածը։ Սիրաշահել է տեղական, մասնավորապես հայ բուրժուազիային՝ անցկացնելով բուրժուա–տնտեսական բարեփոխումներ։ Նրա պնդմամբ Նիկոլայ 2-րդը 1905 թ.-ի օգոստոսի 1-ին ստորագրեց հրամանագիր՝ 1903 թ.-ին բռնագրավված հայկական եկեղեցական ունեցվածքը (տես Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903 թ.) վերադարձնելու և հայկական դպրոցները վերաբացելու մասին։ Վորոնցով–Դաշկովի նախաձեռնությամբ 1913 թ.-ին Կովկասում մտցվեց ժամանակավոր պարտավորյալ գյուղացիների պարտադիր փրկագնում։ Նրա միջնորդությամբ ցարական կառավարությունը ստանձնեց Թուրքիայում հայկական բարենորոգումների (տես Հայկական բարենորոգումներ 1913–1914 թթ.) անցկացման նախաձեռնությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բանակցություններ է վարել Հայ Ազգային բյուրոյի հետ և 1914 թ.-ի սեպտեմբերից ձեռնամուխ եղել հայկական կամավորական գնդերի կազմակերպմանը (տես Կամավորական շարժում 1914–1918 թթ.) Թուրքիայի դեմ պատերազմելու համար։ Վ․ Դիլոյան

ՎՈՐՈՇԻԼՈՎ Կլիմենտ Եֆրեմովիչ [1881 թ. հունվարի 23, (փետրվարի 4) գյուղ Վերխնեյե, Բախմուտսկի գավառ, այժմ՝ Լուգանսկի մարզի Լիսիչանսկ քաղաք – 1969 թ. դեկտեմբերի 2, Մոսկվա], խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1935 թ․), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1956 թ․ և 1968 թ․), սոցիալիստական աշխատանքի հերոս (1960 թ․)։ Կոմունիստական կուսակցության անդամ՝ 1903 թ․-ից։ Ծնվել է երկաթուղային բանվորի ընտանիքում։ 1896 թ.-ից աշխատել է Յուրևի մետալուրգիական, 1903 թ․-ից՝ Լուգանսկի Գարտմանի շոգեքարշաշինական գործարաններում։ 1904 թ․-ից՝ Լուգանսկի բոլշևիկյան կոմիտեի անդամ։ 1905 թ․-ին՝ Լուգանսկի խորհրդի նախագահ։ ՌՍԴԲԿ 4-րդ (1906 թ․) և 5-րդ (1907 թ․) համագումարների պատգամավոր։ 1908–1917 թթ․-ին ընդհատակյա կուսակցական աշխատանքներ է կատարել Բաքվում, Պետերբուրգում, Ցարիցինում։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ Փետրվարյան հեղափոխությունից (1917 թ․) հետո եղել է Պետրոգրադի խորհրդի անդամ, ՌՍԴԲ(բ)Կ 7-րդ (ապրիլյան) համառուսաստանյան կոնֆերանսի և 6-րդ համագումարի պատգամավոր։