Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՍՊՈՐՆԵՐ (< հուն. σπορἀ ցանքս, սերմ), անսեռ բազմացման միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություններ։ Ծառայում են բազմացման և (բակտերիաների սպորներ՝ միայն) արտաքին անբարենպաստ պայմաններում պահպանվելու համար։ Որպես կանոն պատված են ամուր, արտաքին ազդեցությունների նկատմամբ կայուն թաղանթով։ Զարգանում են ստորակարգ (սնկեր, ջրիմուռներ, քարաքոսեր) և բարձրակարգ բույսերի (մամռանմաններ, պտերներ են) բազմացման օրգաններում, ինչպես նաև բակտերիաներից (բացիլներ) և նախակենդանիներից (սպորակենդանիներ)։ Բույսերի սպորները սովորաբար գնդաձև կամ էլիպսոիդաձև են, ավելի հազվադեպ՝ գլանաձև։ Հաճախ ունենում են բարդ կազմություն, ամուր թաղանթ և երկար ժամանակ պահպանում ծլունակությունը։ Ըստ ծագման և բույսի զարգացման ցիկլում զբաղեցրած տեղի սպորները բաժանվում են 3 խմբի՝ ա․ գամետների ձուլման հետևանքով առաջացած զիգոտներ (մի շարք կանաչ ջրիմուռներ ևն) կամ բազմակորիզ գամետանգիումների ձուլման հետևանքով առաջացած բազմաթիվ դիպլոիդ կորիզներ պարունակող սինզիգոտներ (զիգոմիցետներ, որոշ օոմիցետներ), բ․ միտոսպորներ, որոնց առաջացմանը մեյոզը անմիջականորեն չի նախորդում, կորիզը սովորաբար հապլոիդ է, երբեմն դիպլոիդ կամ դիկարիոններ է պարունակում, գ․ հապլոիդ մեյոսպորներ, որոնք առաջանում են մեյոզի կամ դրանից անմիջապես հետո առաջացած բջիջների կամ կորիզների բաժանման հետևանքով (որոշ կանաչ ջրիմուռներ, պարկավոր և բազիդիավոր սնկեր ևն)։ Ջրային բույսերի սպորները շարժվում են մտրակների օգնությամբ և չունեն կայուն թաղանթ։ Բարձրակարգ բույսերն առաջացնում են միայն արքեսպորային բջիջներից սպորանգիումներում քառյակներով գոյացող մեյոսպորներ։ Ս–ից առաջանում է գամետոֆիտը (սեռական սերունդ)։ Համասպոր պտերանմանները գոյացնում են միատեսակ սպորներ, որոնք առաջացնում են երկսեռ նախածիլեր։ Տարասպոր բույսերը (որոշ պտերներ, բոլոր սերմնավոր բույսերը) գոյացնում են մանր միկրոսպորներ և խոշոր մեգասպորներ, որոնցից առաջանում են համապատասխանաբար արական և իգական նախածիլերը։ Տարասպոր բույսերին բնորոշ է նախածիլերի (հատկապես արական) ապաճումը։ Սերմնավոր բույսերի սպորանգիումներում միկրոսպորներից առաջանում են փոշեհատիկները, իսկ մեգասպորներից՝ առաջնային էնդոսպերմը (մերկասերմեր) և սաղմնապարկը (ծածկասերմեր)։ Կենդանիների սպորները, տարբեր դասի նախակենդանիների Ս–ի կառուցվածքը և զարգացումը տարբեր է։ Տեսակների մեծամասնության սպորները բազմաբջիջ են, ծածկված երկփեղկ ամուր թաղանթով, որի ներսում գտնվում են երկկորիզ ամեոբաձև սաղմը և երկար, դուրս նետվող թելերով խայթող պատիճները, որոնք ծառայում են մակաբույծի տիրոջ աղիքներում ամրանալուն։ Բակտերիաների սպորները օվալաձև, կլոր գոյացություններ են։ Պարունակում են նուկլեինաթթուների և սպիտակուցի կուտակումներ։ Սովորաբար պատված են 4–5 թաղանթներով։ Առաջանում են արտաքին անբարենպաստ պայմանների հետեվանքով և բարենպաստ պայմաններում ծլում են՝ առաջացնելով նոր բակտերիային բջիջներ։

ՍՊՈՐՈՖԻՏ (< սպորներ և հուն, φυτόv - բույս), տես Անսեռ սերունդ։

ՍՊՈՐՏ [անգլ․ sport < (di) sport - խաղ, զվարճալիք], ֆիզիկական վարժությունների տարբեր համալիրների, ուսումնամարզական պարապմունքների և մրցությունների կազմակերպման ու անցկացման համակարգ։ Նպատակն է մարդու առողջության ամրապնդման և ընդհանուր ֆիզ․ զարգացմանը զուգընթաց, մրցություններում հասնել բարձր ցուցանիշների ու հաղթանակների։ Սպորտը ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչ մասն է (տես նաև Ֆիզիկական կուլտուրա և սպորտ, ինչպես նաև Սպորտի տարբեր ձևերին նվիրված հոդվածները)։

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, բժշկագիտության բաժին, որն ուսումնասիրում է ֆիզկուլտուրնիկների և մարզիկների ֆիզիկական զարգացման, առողջության, օրգանիզմի համակարգերի ֆունկցիոնալ վիճակը, ինչպես նաև ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու հետ կապված հիվանդությունների ու վնասվածքների ախտորոշման, բուժման և կանխարգելման, մարզական ռեաբիլիտացիայի հարցերը, հակադոպինգային հսկողությունը ևն։ Սպորտային բժշկագիտությունը ձևավորվել է XX դ․ սկզբին։ 1928-ին ստեղծվել է Սպորտային բժշկագիտության միջազգային ֆեդերացիա (սկզբում անվանվել է ասոցիացիա), որը 1975-ին միավորում էր ավելի քան 50 ազգային ֆեդերացիաներ։ Այդ ժամանակից էլ սկսած «Սպորտային բժշկագիտություն» տերմինը պաշտոնական ճանաչում է գտել։ ՍՍՀՍ–ում օգտագործվում է նաև «բժշկական հսկողություն» տերմինը։ ՍՍՀՍ–ում սպորտային բժշկագիտության զարգացմանը նպաստել են Ն․ Սեմաշկոյի, Վ․ Գորենևսկու, Վ․ Սոշկովի, Ս․ Լետունովի և այլոց աշխատանքները։ 20–30-ական թթ․ ֆիզկուլտուրայի ԳՀ և ուսանողական ինստիտուտներում կազմակերպվել են ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ)։ 1940-ից գործում են բժշկաֆիզկուլտուրային դիսպանսերներ և կաբինետներ։ 1946-ին հիմնվել է սպորտային բժշկագիտության ՍՍՀՍ ֆեդերացիան, որը 1952-ից համարվում է Սիջազգային ֆեդերացիայի անդամ։ 1961-ին ՍՍՀՍ առողջապահության մինիստրությանը կից հիմնվել է բժշկական հսկողության և բուժական ֆիզկուլտուրայի համամիութենական ընկերություն (ՀՍՍՀ–ում՝ 1959-ին առողջապահության մինիստրությանը կից նույնանման ընկերություն), 1967-ին՝ Կիևում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բժշկական պրոբլեմների ԳՀԻ, 70-ական թթ․՝ ՍՍՀՍ ԲԳԱ մի շարք ինստ–ներում Սպորտային բժշկագիտության տարբեր լաբորատորիաներ։ Սպորտային բժշկագիտության բնագավառի գիտական հետազոտությունները կոորդինացնում են պրոբլեմային հանձնաժողովները։ Որպես ուսանողական առարկա սպորտային բժշկագիտությունը ընդգրկված է ֆիզկուլտուրայի, բժշկ․ ինստիտուտների և մանկավարժական բուհերի ֆիզիկ, դաստիարակության ֆակուլտետների ուսանողական պլաններում։ Սպորտային բժշկագիտության հիմնարկները սոցիալ մյուս երկրներում նույնպես ընդգրկված են առողջապահության պետական համակարգում։ Տես նաև Բժշկական հսկողություն։

Գ․ Մինասյան

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԽԱՂԵՐ, խաղային մրցաձևեր, որոնց հիմքում ընկած են մրցության ընթացքում զանազան մարզական առարկաներով (սովորաբար գնդակ) որոշակի նպատակակետը (մրցակցի դարպասը, հրապարակը ևն) խոցելու տեխնիկական և տակտիկական տարբեր հնարքներ։ Սպարտային խաղերի բովանդակությունը և կազմակերպումը կարգավորվում է պաշտոն, կանոններով։ Խաղերի մեծ մասը բնական շարժումների, ֆիզիկական վարժությունների (վազք, թռիչք, նետում ևն) համալիր է, որ կատարում է խաղացողը մենակ կամ խաղընկերների համագործակցությամբ՝ ձգտելով ստեղծել հաղթանակի համար նպաստավոր խաղային իրավիճակ։ Սպորտային խաղերում մարզիկները անմիջական, մերձավոր պայքարի մեջ են մտնում միմյանց հետ։ Խաղերի լայն տարածումը պայմանավորված է նրանց մատչելիությամբ, բովանդակության և կազմակերպման հարաբերական պարզությամբ, մասնակիցների և հանդիսատեսների վրա ներգործության ուժով։ Լինում են. թիմային (վուեյբոլ, ֆուտբոլ, հոկեյ ևն), անհատական (շախմատ, շաշկի ևն) և թիմային-անհատական (բադմինտոն, սեղանի թենիս, գոլֆ ևն)։ Մրցում են տարբեր տարիքի և սեռի անձինք։ Որոշ խաղեր, որոնք պահանջում են ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն և անցնում են ուժային պայքարում, նախատեսված են միայն տղամարդկանց համար (օրինակ, ջրագնդակ, ռեգբի, հոկեյ)։ Սպորտային խաղերի կանոնները մշակում են համապատասխան միջազգային ֆեդերացիաները, ազգային սպորտային խաղերինը (ամերիկական ֆուտբոլ, գորոդկի, ռուսական շաշկի ևն)՝ ազգային ֆեդերացիաները։ Անց են կացվում աշխարհի, մայրցամաքների, առանձին երկրների առաջնություններ։ Սպարտային խաղերը մտնում են օլիմպիական խաղերի, Ասիական խաղերի, Պանամերիկյան խաղերի, ՍՍՀՍ ժողովուրդների սպարտակիադաների ծրագրում։ ՍՍՀՍ–ում տարածված են միջազգային ճանաչում գտած սպորտայի խաղերի մեծ մասը։ Համամիութենական առաջնություններ անց են կացվում 16 ձևից։

ՍՊՈՐՏԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հոգեբանության բնագավառ, որն ուսումնասիրում ու մշակում է ֆիզիկական դաստիարակության և մարզական վարպետության հոգեբանական հիմքերը։ Ֆիզիկական, տեխնիկական ու տակտիկական հատկանիշների հետ միասին նաև հոգեբանական պատրաստությամբ է պայմանավորված մարզիկի ելույթների հաջողությունը մրցումներում։ Սպորտային հոգեբանության խնդիրներն են՝ ուսումնասիրել գործունեության այլ ձևերի համեմատությամբ սպորտի առանձնահատկությունները, առանձնացնել անձի հատկանիշներն ու հիմնական հոգեբանական ֆունկցիաները, պարզել այն գիտելիքների հոգեբանական կառուցվածքը, որոնք պետք է յուրացվեն ուսման և մարզումների ընթացքում։ Սպորտային հոգեբանության շատ պրոբլեմների (սպորտային կոլեկտիվներում օպերատիվ–տակտիկական մտածողության խմբակային