Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

գործողությունների, բարդ և հոգեկան լարվածության իրադրություններում մարդու հոգեկան վիճակների ղեկավարման արդյունավետ եղանակների ընտրության) լուծումն ունի նաև ընդհանուր հոգեբանական նշանակություն։ Սպորտային հոգեբանության բնագավառում տեսական ու գործնական էական աշխատանք է կատարվում Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հոգեբանության ամբիոնում։ Գրկ․ Լալայան Ա․, Սպորտի հոգեբանություն, Ե․, 1966։ Նույնի, Սպորտի հոգեբանություն, Ե․, 1981։ Вопросы психологии спорта, М․, 1955․

ՍՊՐԻՆԿԼԵՐ (անգլ․ sprinkler ցայտիչ), տես Ցայաաշրմուղ։

ՍՊՐԻՆՏԵՐ (անգլ․ sprinter, < sprint - վազք կարճ տարածություններում), մարզիկ, որ մասնագիտանում է որոշ մարզաձևերում (թեթև աթլետիկա, լող, հեծանվային և չմշկային սպորտ) կարճ (100, 200, 400 մ) տարածություններ հաղթահարելու մրցությանը։

ՍՊՈՒՆԳԱՁԵՎ ԵՐԿԱԹ, երկաթե սպունգ, կտորներով կամ փոշենման ծակոտկեն նյութ, որը պինդ վիճակում անմիջականորեն ստացվում է երկաթի հանքաքարից կամ վերջինիս խտանյութերից՝ դրանցում պարունակվող օքսիդներն ածխածնով կամ ածխածնի օքսիդով վերականգնելու միջոցով։ Սպունգաձև երկաթի ստացման պրոցեսը տեղի է ունենում հեղուկ ֆազի գոյացման ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններում։ Սպունգաձև երկաթը երկաթ է, որում լուծված է ածխածին՝ հանքաքարի դատարկ ապարի ոչ մետաղական խառնուկներով։ Բոլոր երկրներում Սպուգաձև երկաթի ստացման տեղակայանքների գումարային հզորությունը տարեկան 10 մլն տ է (1978)։

ՍՊՈՒՆԳՆԵՐ (Porifera կամ Spongia), բազմաբջիջ անողնաշարավոր կենդանիների պարզագույն տիպ։ Ունի 3 դաս․ կրային սպունգներ, վեցճառագայթանի սպունգներ և սովորական սպունգներ։ Մարմնի բարձրությունը մի քանի մմ-ից մինչև 1,5 մ է։ Ջրային, նստակյաց կենսակերպի կենդանիներ են։ Տիպիկ սպունգները ունեն գլանի կամ գավաթի ձև։ Մակերևույթին կան բազմաթիվ ծակոտիկներ, որոնք հաղորդակցվում են մարմնի պատերում գտնվող խողովակների հետ։ Իսկական հյուսվածքներ և օրգաններ չունեն։ Երկշերտ են։ Բջիջների արտաքին շերտը կազմված է տափակ Էպիթելից, ներքինը՝ հատուկ մտրակաօձիքավոր բջիջներից (խոանոցիտներ)։ Ներքին շերտում կան նաև բջիջներ, որոնք կարողանում են կեղծ ոտիկների միջոցով որսալ օրգանային մնացորդներն ու մարսել։ Շերտերի միջև գտնվում է դոնդողանման, ոչ բջջային մեզոգլեան։ Համարյա բոլոր սպունգները ունեն սիլիկահողային, կրային ասեղներից կամ սպիտակուցային (սպունգին) թելիկներից կազմված կմախքային գոյացումներ։ Խոանոցիտների մտրակների համաձայնեցված շարժումների շնորհիվ ջուրը մտնում է սպունգների ծակոտիկները և անցնելով խողովակների համակարգով դուրս է գալիս։ Ջրի հետ թափանցում են սննդային մասնիկները (դետրիտ, նախակենդանիներ, բակտերիաներ ևն) և դուրս գալիս նյութափոխանակության արգասիքները։ Սպունգները նյարդային բջիջներ չունեն և արտաքին գրգիռներին թույլ են արձագանքում։ Սպունգների մեծամասնությունն ապրում է գաղութներով։ Բողբոջման հետևանքով առաջացած օրգանիզմները սովորաբար չեն անջատվում և աստիճանաբար գոյանում են մեծ քանակությամբ անհատներից կազմված, տարբեր ձևի (ծառանման, թփանման ևն) խոշոր գաղութներ։ Սովորաբար հերմաֆրոդիտ են (կան բաժանասեռ Սպունգներ)։ Բազմանում են սեռական և անսեռ եղանակներով։ Գործնական նշանակությունը չնչին է։ Որոշ տեսակներ օգտագործվում են տեխնիկական, բժշկական և կոսմետիկական նպատակներով։ Սպունգների ամենահին մնացորդները գտնվել են մինչքեմբրյան նստվածքներում։ Ներկայումս հայտնի է սպունգների շուրջ 5000 (ՍՍՀՄ–ում՝ մոտ 300, ՀՍՍՀ–ում՝ մի քանի) տեսակ՝ տարածված գլխավորապես ծովերում և օվկիանոսներում (մերձափնյա գոտուց մինչև 8–8,5 կմ խորություններում)։

Գ․ Ավագյան

ՍՌՆԻ, սովորաբար երկարավուն գլանի ձև ունեցող դետալ, որը հենարան է ծառայում իր հետ կամ իր շուրջը պտտվող մեքենայի տարբեր դետալների կամ մեխանիզմների համար և ի տարբերություն լիսեռի չի փոխանցում պտտող մոմենտը։ Չպտտվող Սռնին հենվում է անշարժ հենարանների վրա, իսկ պտտվողը տեղադրվում է առանցքակալներում։

ՍՍ [գերմ․ ՏՏ (ԷսԷս), Schutzstaffeln-ի՝ պահնորդական ջոկատներ, կրճատ ձևը], արտոնյալ ռազմականացված կազմակերպություն ֆաշիստական Գերմանիայում։ ՍՍ, որի խնդիրը սկզբում Հիտլերի և ֆաշիստական խառնաժողովների պահպանությունն էր, ստեղծվել է 1925-ին։ Հիտլերը 1929-ին ՍՍ–ի ղեկավար (ՍՍ–ի ռայխսֆյուրեր) է նշանակել Հ․ Հիմլերին։ ՍՍ–ում ներգրավվել են ՍԱ–ի (գրոհային ջոկատների) Հիտլերին մոլեռանդորեն նվիրված անդամները։ ՍՍ–ի հրամանատարական կազմն ունեցել է իր հատուկ կոչումները (շարֆյուրեր, շտուրմբանֆյուրեր, գրուպպենֆյուրեր ևն)։ 1929-ին ՍՍ–ի կազմում կար 280 մարդ, 1933-ին (երբ իշխանության գլուխ անցան ֆաշիստները)՝ 52 հազար։ ՍՍ ՍԱ–ի հետ մասնակցել է Գերմանիայի կոմունիստական և առաջադիմական այլ կազմակերպությունների արյունալի ջարդերին։ 1934-ին ՍՍ–ի ընդհանուր կազմից առանձնացվել են «Մեռած գլուխ» կոչվող զորամասերը՝ համակենտրոնացման ճամբարները պահպանելու և կալանավորների հետ հաշվեհարդար տեսնելու համար, ինչպես նաև հատուկ նշանակության զորամասեր, որոնք 1939-ին կոչվեցին ՍՍ–ի զորքեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ընթացքում դրանց թիվը (1944-ին) հասավ 950 հազար մարդու։ ՍՍ–ի զորքերը ֆաշիստական Գերմանիայի ցամաքային զորքերի ընտիր հարվածային միավորումներ էին, աչքի էին ընկնում ծայրահեղ մոլեռանդությամբ և դաժանությամբ թիկունքում ու ռազմաճակատում։ ՍՍ–ի բաղկացուցիչ մասն էր «անվտանգության ծառայությունը»՝ ՍԴ, որը ստեղծվել էր 1931-ին՝ ՍՍ–ի և նացիստական կուսակցության անդամներին լրտեսելու համար, իսկ այնուհետև դարձել ֆաշիստական Գերմանիայի հետախուզության և հակահետախուզության գլխավոր մարմինը։ 1939-ի սեպտեմբերին ՍՍ–ի համակարգում ստեղծվեց Անվտանգության կայսերական գլխավոր վարչությունը, որին ենթարկվեցին ՍԴ, գեստապոն (քաղաքացիական ոստիկանությունը) և քրեական ոստիկանությունը, վերջին երկուսը 1939-ի նոյեմբերին մտցվեցին ՍՍ–ի կազմի մեջ։ ՍՍՀՄ–ի տարածքում զանգվածային տեռոր իրագործելու նպատակով 1941-ի մայիսին ստեղծվեց 4 «այնզատցգրուպպ» («աշխատանքային ջոկատ», А, В, C, D)՝ յուրաքանչյուրում 800–1200 մարդ, որոնք զանգվածաբար ոչնչացնում էին սովետական քաղաքացիներին։ Ֆաշիստական Գերմանիայի ջախջախումից հետո ՍՍ հայտարարվեց օրենքից դուրս, իսկ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը (տես Նյուրնբերգյան դատավարություն) ՍՍ ճանաչեց իբրև գերմանական ֆաշիզմի հանցավոր կազմակերպություն։ Գրկ․ СС в действии․ Документы о преступлениях СС, пер․ с нем․, М․, 1969․

Սսականություն, Սսականներ, հայ հասարակական–քաղաքական և կղերական հոսանք XVII դ․։ Սսականությունը հայ առևտրաբուրժուզիական խավի մի հատվածի՝ խոջայության գաղափարախոսությունն էր, որը պայքարում էր էջմիածնականության (հենվում էր չելեբիության վրա) դեմ, և փորձում դավանական զիջումների գնով հասնել կաթոլիկական Եվրոպայի միջամտությամբ Հայաստանի ազատագրմանը։ Սսականության պարագլուխները՝ Սսի կաթողիկոս խաչատուր Գ Գաղատացին և Եղիազար Ա Այնթափցին բացասական դեր են խաղացել հասարակական բախումների և խռովությունների առաջ բերման, արևմտահայ թեմերը էջմիածնի Հայոց կաթողիկոսությանը հակադրելու գործում։ Պայքարը մեղմացել է 1680-ական թթ–ին, երբ էջմիածնականները, պառակտմանը վերջ տալու նպատակով, Հայոց կաթողիկոս են ընտրել Սսականության առաջնորդ Եղիազար և Այնթափցուն։ Գրկ․ Անասյան Հ․ Ս․, XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում, Ե․, 1961։

ՍՍԻ ԺՈՂՈՎՆԵՐ, գումարվել են XIII-XIV դդ․, Կիլիկյան Հայաստանի Սիս քաղաքում, դավանաբանական և քաղաքական կարևոր խնդիրների առթիվ։ Կայացել է ութ ժողով։ Առաջինը (1204)՝ կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցու նախաձեռնությամբ, ընդունել է Հայոց եկեղեցու կանոնադրությունը լրացնող ութ կետ։ Զաքարե Բ Մեծի խնդրանքով թույլատրել է, որ վիրահայկական բանակում հայ զինվորներն ունենան շրջիկ եկեղեցի և սեղան։ Երկրորդ ժողովը (1243)՝ կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրաբերդցու գլխավորությամբ, սահմանել