Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1936–37-ին գործուղվել է արտասահման։ Պարգևատրվել է «Պատվավոր չեկիստ» կրծքանշանով (1922) և Կարմիր դրոշի շքանշանով (1932)։

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ հայ. արքայատոհմ Մեծ Հայքում 66–428-ին, պարթև Արշակունիների հայկական ճյուղը։ Արտաշեսյան հարստության վախճանից (մ․ թ․ I դ․ սկիզբ) հետո Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար մրցակցել են Հռոմն ու պարթևական պետությունը։ Պարթև Արշակունիները (տես Արշակունիներ պարթև) ջանացել են Հռոմին դուրս մղել Մեծ Հայքից՝ այնտեղ հաստատելով իրենց տոհմաճյուղի գերիշխանությունը։ Պարթևաց Արտավան III թագավորի որդեգրած քաղաքական այդ ծրագիրը չի իրագործվել․ Մեծ Հայքում թագավորող նրա որդիներ Որոդեսն ու Արշակ Ա տապալվել են Հռոմի կայսր Տիբերիոս Կլավդիոս Ներոնի (իշխել է 14–37) միջամտությամբ։ Հայերի դեմ հրահրելով աղվանական, վրացական և հարևան ուրիշ ցեղերի՝ Տիբերիոսը 36-ին Մեծ Հայքի գահը հանձնել է Իբերիայի թագավոր Փարսամանի եղբորը՝ Միհրդատին։ Նույն կայսեր համաձայնությամբ 37-ին Մեծ Հայքի Գոդերձական գավառը միացվել է Իբերիային, Հայոց Միջագետքը՝ Ադիաբենեին։ Իսկ Փոքր Հայքի և Կոմագենեի հայկ․ թագավորությունները Տիբերիոսը վերածել է հռոմեական նահանգների։ Տիբերիոսի հակահայկական քաղաքականությունը սրել է հայերի դժգոհությունն ու թշնամանքը Հռոմի նկատմամբ։ 37-ին հայերն ապստամբել են՝ զորավար Դեմոնաքսի առաջնորդությամբ, գահընկեց արել Միհրդատ Իբերացուն և քշել երկրից։ Հռոմի նոր կայսր Կայոս Կեսար Գերմանիկոսը կամ Կալիգուլան (իշխել է 37–41) ճանաչել է Մեծ Հայքի ինքնուրույնությունը, վերականգնել Փոքր Հայքի և Կոմագենեի թագավորությունները։ Կլավդիոս կայսրը (իշխել է 41–54) հայկ․ հարցում շարունակել է Տիբերիոսի քաղաքական գիծը։ 43-ին հռոմեական և իբերական ուժերով նա Մեծ Հայքի գահին դարձյալ դրել է Միհրդատին, որը չի ճանաչվել և հենարան չի ունեցել հայոց մեջ։ Հայերն անտարբերությամբ են վերաբերվել Միհրդատի սպանությանը (51) նրա եղբորորդու և փեսայի՝ Հռադամիստի ձեռքով։

40-ական թթ․ ներքին գահակալական կռիվներով զբաղված պարթևական պետությունը չի միջամտել Մեծ Հայքի գործերին։ Պարթևական պետությունը դարձյալ հզորացել է Վաղարշ I թագավորի ժամանակ (52–80)։ Մեծ Հայքի նկատմամբ Վաղարշը շարունակել է Արտավան III-ի քաղաքական գիծը։ 52-ին պարթևական բանակը մտել է Մեծ Հայք և գահ բարձրացրել Վաղարշի կրտսեր եղբայր Տրդատին։ Արտաշատ և Տիգրանակերտ մայրաքաղաքները ընդունել են Տրդատին, իսկ Հռադամիստը փախել է վրաց երկիրը։ Երբ զորքի մեջ համաճարակ սկսվելու և 53-ի խստաշունչ ձմռան պատճառով Տրդատը քաշվել է Ատրպատական, Հռադամիստը կրկին մտել է Արտաշատ։ Սակայն հայերը զենքով վտարել են նրան և հրավիրել (54) Տրդատին։ Հռոմի նոր կայսր Ներոնը (իշխել է 54–68), Պարթևաց դեմ ապստամբության դրդելով Վրկանաց երկիրը և Վաղարշի դեմ հանելով գահի նոր հավակնորդի, 54-ին Արևելք է ուղարկել խոշոր բանակ (24 հզ․ զինվոր)՝ Ասորիքի կուսակալ Ումիտիոս Կվադրատոսի և Կապադովկիայի ու Գալատիայի կուսակալ Կնեյոս Դոմետիոս Կորբուլոնի առաջնորդությամբ, որին պետք է միանային Կոմագենեի, Պոնտոսի, Փոքր Հայքի և Ծոփքի զորքերը։ Վաղարշ I հարկադրված է եղել 55-ին հաշտություն խնդրել Ներոնից՝ Հռոմ ուղարկելով մի քանի փառատենչ Արշակունի իշխանների։ Սակայն Տրդատը չի հեռացել Մեծ Հայքից և շարունակել է գահակալությունը։ Հռոմը Կորբուլոն զորավարին հրահանգել է տապալել Տրդատին։ 58-ի գարնանը Կորբուլոնի բանակը (30 հզ․ զինվոր) ներխուժել է Մեծ Հայք, որի հյուսիսային գավառները ասպատակել են իբերական զորքերը։ Զրկվելով Վրկանաց երկրի դեմ պատերազմող Վաղարշի օգնությունից՝ Տրդատը նահանջել է Ատրպատական։ Անպաշտպան Արտաշատ մայրաքաղաքը գրավելուց և կործանելուց հետո Կորբուլոնը Տարոնով մտել է Աղձնիք և գրավել Տիգրանակերտ քաղաքը։ 60-ին նվաճված Մեծ Հայքի թագավոր է դրվել Տիգրան Զ։

61-ին Վաղարշ I Գերագույն ժողովում Տրդատին Մեծ Հայքի թագավոր է պսակել և պարթևական ուժերը կենտրոնացրել Հռոմի ու նրա դրածո Տիգրան Զ–ի դեմ։ Պարթևական զորքերի մի մասը Տրդատի առաջնորդությամբ մտել է Մեծ Հայք։ 61-ի ամռանը հռոմեական մի մեծ զորաբանակ Կապադովկիայի կուսակալ Կեսեննիոս Պետոսի հրամանատարությամբ շարժվել է Մեծ Հայքի դեմ՝ այն նվաճելու և նահանգի վերածելու մտադրությամբ։ Կապադովկիայում ձմեռելուց հետո, 62-ի գարնանը մտել է Մեծ Հայք և ճամբարել Արածանի գետի ափին, Հռանդեա կոչվող ամուր տեղում։ Հայ-պարթևական զորքերը խորտակել են Հայկական Տավրոսի լեռնանցքերը պաշտպանող հռոմեական պահակակետերը և արագ երթով պաշարել Պետոսի բանակի ճամբարը՝ նրան հարկադրելով հանձնվել։ Կարճատև բանակցությունից (վարել է հայ–պարթևական զորքերի սպարապետ Վասակը) հետո Պետոսը հաշտություն է խնդրել, զինաթափվել և, հանձնելով գերիներին ու կողոպուտը, հապճեպորեն նահանջել։ 64-ին Արևելք է ժամանել հռոմեական նոր զորաբանակ՝ Կորբուլոնի առաջնորդությամբ։ Կորբուլոնը նույն Հռանդեա վայրում բանակցել է Տրդատի հետ և պայմանավորվել, որ վերջինս մեկնի Հռոմ և իր թագն անձամբ ստանա կայսրից։ 65-ին մեծ շքախմբով (3000 մարդ) Տրդատը ճանապարհվել է Հռոմ, ուր ճոխ հանդիսավորությամբ թագադրվելով, 66-ին վերադարձել և խաղաղությամբ թագավորել է Մեծ Հայքում։ Տրդատ Ա–ի գահակալությամբ Մեծ Հայքում վերջնականապես հաստատվել է Ա–ի թագավորական ճյուղը։ Գահակալման հետագա տարիներին (66-մոտ 88) Տրդատ Ա թագավորը նշանավորվել է շինարարական և բարենորոգչական գործունեությամբ։ Տրդատին հաջորդել է Սանատրուկը, որը 91-ին գրավել է նաև Եդեսիայի թագավորությունը՝ կրելով «Մեծ թագավոր Հայոց Մեծաց և Եդեսիոյ» տիտղոսը։ Նա արքունիքը փոխադրել է նորակերտ Մծուրք քաղաք։ Սանատրուկից հետո Մեծ Հայքում հաջորդաբար թագավորել են Պարթևաց Բակուր II թագավորի որդիներ Աշխադարն ու Պարթամասիրը։ Վերջինս գահակալել է առանց Հռոմի նախնական համաձայնության։ Տրայանոս կայսրը Պարթամասիրի գահակալությունը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում, 114-ին տապալել է նրան և խոշոր բանակով ներխուժել Մեծ Հայք՝ այն հայտարարելով հռոմեական նահանգ։ Տրայանոսի արկածախնդրության ձախողումից և Հռանդեայի պայմանագրի վերահաստատումից (117) հետո Մեծ Հայքում թագավորել է Սանատրուկի որդի Վաղարշ Ա։ Նա արքունիքը հաստատել է նորաշեն Վաղարշապատ քաղաքում, կառուցել է նաև Վաղարշավան (Բասեն գավառում) և Վաղարշակերտ (Բագրևանդ գավառում) քաղաքները, կատարել է պետական բարենորոգումներ։ Անտոնինոս Պիոս կայսրը, խախտելով Հռանդեայի պայմանագիրը, 140-144-ի միջև գահազրկել է Վաղարշ Ա–ին և Մեծ Հայքի գահին կարգել Եմեսիայի իշխանական տոհմի ներկայացուցիչ Սոհեմոսին։ 161–163-ին ընդմիջվել է Սոհեմոսի գահակալությունը․ Պարթևաց Վաղարշ III թագավորը տապալել է նրան և գահ բարձրացրել Բակուր Բ Արշակունուն։ Հռոմի ջանքերով Սոհեմոսը երկրորդ անգամ է գրավել Մեծ Հայքի գահը։ Նրա մահից (186) հետո Մեծ Հայքում թագավորել է Վաղարշ Բ։ Ներքին անկայուն վիճակ ապրող Հռոմեական կայսրությունը համաձայնել է Մեծ Հայքում կատարված այս փոփոխությանը, պարտավորվել հայկ․ մեծաթիվ հեծելազորին ռոճիկ վճարել՝ կովկասյան հրոսակ ցեղերի ներխուժումներից Կովկասի լեռնային կիրճերը հսկելու համար։ Վաղարշ Բ-ով վերջնականապես հիմնվել է հայ Ա–ի ժառանգական հարստությունը։ Մեծ Հայքում գահակալող Ա․ հայացել են՝ հետևելով հայոց մեջ արմատավորված ինքնուրույն պետականության և հելլենիստական մշակույթի նախկին ավանդներին՝ հակադրվելով թե՛ Հռոմի, թե՛ Պարթևաստանի զարգացման միտումներին։ Վաղարշ Բ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Ա, որը խոշոր արշավանքով պատժել է կովկասյան ցեղերին և ամրացրել լեռնային կապանները։ 216-ին Հռոմի կայսր Կարակալան, խարդախությամբ Խոսրով Ա–ին ձերբակալելով, փորձել է Մեծ Հայքը դարձնել հռոմեական նահանգ։ Սակայն հայերը հաղթել են Հայաստան ներխուժած հռոմեական զորքերին և պաշտպանել նրա անկախությունը՝ թագավոր հռչակելով Խոսրով Ա–ի որդի Տրդատ Բ-ին։ Հռոմի նոր կայսր Մակրինոսը հարկադրաբար ճանաչել է (217) Տրդատ Բ-ի թագավորությունը։

224–227-ին Պարսից Սասանյանների տոհմը, խլելով հյուծված Պարթևաց Ա–ի գահը, հետևողականորեն պայքարել է Ա․-ի մյուս ճյուղերի դեմ՝ նրանց համարելով գահի հակառակորդներ։ Սասանյան հարստության հիմնադիր Արտաշիր I մոտ 230-ին հարձակվել է Մեծ Հայքի վրա՝ այն նվաճելու նպատակով։ Սակայն պարտվել