Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաժինների և գծամասերի։ Ոչ մեծ ձեռնարկություններում երբեմն Ա–եր չեն առանձնացվում։

ԱՐՏԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՇՈՒՄ, աշխատամիջոցների սպառողական արժեքի աստիճանական կորուստ՝ արտադրական գործունեության կամ անգործության պատճառով, և ընդ այնմ էլ՝ արժեքի փոքրացում։ Ֆիզիկական մաշումն արտահայտվում է աշխատամիջոցների ֆիզիկական փոփոխություններով, երբ մաշվածքին համապատասխան դրանց արժեքը մաս–մաս փոխանցվում է արդյունքին։ Աշխատամիջոցների բարոյական մաշումը բնորոշվում է դրանց արժեզրկմամբ, երբ արտադրության մեջ կիրառվում են ավելի էժան, կատարելագործված և արտադրողական մեքենաներ ու սարքավորումներ։ Եթե նյութական մաշումն արտահայտվում է աշխատամիջոցների առանձին մասերի և հանգույցների օգտագործման ընթացքում ֆիզիկական փոփոխություններով, ապա բարոյական մաշումը՝ անկախ դրանց ֆիզիկական վիճակից և արտադրական օգտագործման աստիճանից։ Բարոյապես մաշված մեքենաները նորերով փոխարինելու դեպքում առարկայացած աշխատանքի մի մասը կորչում է՝ առանց փոխանցվելու արդյունքին։ Աշխատամիջոցների ավելի ակտիվ մասը (մեքենաներ, սարքավորում) առավել զգայուն է բարոյական մաշման նկատմամբ և, արտադրության տեխնիկական առաջընթացին զուգընթաց, ավելի արագ է մաշվում։ Կապիտալիզմի պայմաններում տեխնիկայի նորացումն իրականացվում է տարերայնորեն, մրցակցային պայքարը (հատկապես ճգնաժամերի ժամանակ) և բարձր շահույթի ստացումը կապիտալիստներին հարկադրում են արտադրության մեջ արմատավորել նորանոր սարքավորումներ և տեխնիկա։ Սոցիալիզմի պայմաններում աշխատամիջոցների նորացումը կատարվում է պլանաչափորեն և ենթարկված է հասարակության շարունակ աճող պահանջմունքների բավարարմանը։ Ֆիզիկապես պիտանի, բայց բարոյապես մաշված մեքենաների փոխարինումն ավելի կատարելագործվածներով՝ սոցիալիզմի ժամանակ օբյեկտիվորեն անխուսափելի է, ուստի անհրաժեշտ է այն հաշվի առնել սարքավորումների ծառայության ժամկետը որոշելիս, ամորտիզացիոն նորմաները սահմանելիս և ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերի համար մեքենաների թողարկման պլաններ կազմելիս։ Արտադրության մեջ նոր, առավել կատարյալ մեքենաների և սարքավորումների ներդրումը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը։

Գ․ Հարությունյան

ԱՐՏԱԴՐԱՆՔ, նյութական արտադրության ոլորտում որոշակի ժամանակաշրջանում ստեղծված նյութական բարիքների ամբողջություն․ օգտագործվում է արտադրական և ոչ արտադրական սպառման համար։ Ա․ իրային ձևով թողարկվում է նյութական արտադրության ոլորտի գլխավոր ճյուղերում, իսկ շրջանառության ոլորտում, որտեղ որոշ պրոցեսներ կազմում են արտադրության շարունակությունը (ապրանքների փոխադրում, արտադրությանն սպասարկող կապ, նյութատեխնիկական մատակարարում, մթերումներ, առևտուր), մեծանում է նրա արժեքը։ Նյութական արտադրության ոլորտի յուրաքանչյուր ճյուղի ու ձեռնարկության Ա․ գոյանում է իրային Ա–ի և արտադրական բնույթի աշխատանքների գումարից (նորոգում ևն)։ Ա․ պլանավորվում և հաշվառվում է բնաձևով և արժեքային արտահայտությամբ։ Բնաձևով հաշվարկվում են միայն Ա–ի գլխավոր տեսակները։ ժողովրդական տնտեսության մեջ, ինչպես և ճյուղերում ու ձեռնարկություններում Ա․ արժեքային արտահայտությամբ հաշվարկվում է ընթացիկ և համեմատելի գներով։ Նյութական արտադրության ճյուղերի Ա–ի արժեքի գումարը կազմում է տվյալ երկրի հասարակական ամբողջական արդյունքը, որի գերակշռող մասը արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության Ա․ է (ՍՍՀՄ–ում 1971-ին՝ 90,0%, ՀՍՍՀ–ում՝ 93,0%)։ Արժեքային արտահայտությամբ Ա․ դրսևորվում է հասարակական ամբողջական արդյունքի համախառն Ա–ի, ապրանքային Ա–ի, իրացվող Ա–ի և այլ ցուցանիշներով։

Շ․ Մարգարյան

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄ, արժեքային ցուցանիշ․ արդյունքի բաշխումը, փոխանակությունն ու սպառումը։ Արտադրության միջոցներն իրացվում են ժողովրդական տնտեսության նյութատեխնիկական մատակարարման, իսկ անձնական սպառման առարկաները՝ ապրանքաշրջանառության պետական պլանին համապատասխան։ Արտադրանքն իրացված է համարվում, երբ դրամը սպառողից փոխանցվում է արտադրող ձեռնարկության հաշվարկային հաշիվ։ Իրացումից ստացված շահույթը որոշվում է արտադրանքի վաճառքից (մեծածախ գներով՝ առանց շրջանառության հարկի) գոյացած հասույթի և լրիվ ինքնարժեքի տարբերությամբ։ Ա․ ի․ ընդգրկում է ոչ միայն հիմնական, այլև օժանդակ արտադրության արդյունքների՝ սարքավորումների նորոգման համար բաց թողնված էլեկտրաէներգիայի և, վառելանյութի վաճառքը։ Ա․ ի–ման ծավալը ձեռնարկության գործունեության գնահատման կարևորագույն ցուցանիշ է։

է․ Օրղյան

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿ, արտադրանքի սպառողական հատկությունների ամբողջություն․ իրի օգտակարության և հասարակության պահանջմունքներին համապատասխանության աստիճանը։ Ա․ ո–ի ցուցանիշներն են՝ հուսալիությունը, տևակայնությունը, տեսակայնությունը, գեղագիտական հատկությունները ևն։ Ա․ ո–ի չափանիշները որոշվում են ՍՍՀՄ պետ․ ստանդարտներով, տեխնիկա–նորմատիվային փաստաթղթերով հաստատված համակարգով։ Ձեռնարկության ներսում Ա․ ո–ի ստուգումը իրագործում են տեխնիկական վերահսկողության բաժինները (ՏՎԲ), գործարանային լաբորատորիաները և փորձակայանները։ Բարձրորակ արտադրանքի թողարկման կարևոր գործոններից են արտադրության պլանավորման կատարելագործումը և աշխատողների նյութական շահագրգռվածության բարձրացումը։

է․ Օրղյան

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵՍԱԿԱՆԻ, արտադրան քի, ապրանքների անվանախումբ, որ բնութագրվում է տեսակավորմամբ, չափերով արտաքին մշակմամբ և այլ հատկանիշներով։ Ա․ տ․ որոշելիս հաշվի են առնվում ժողովրդական տնտեսության ու բնակչության պահանջմունքները, բացառվում պահանջարկ չունեցող արտադրանքի թողարկումը։ Ա․ տ․ սահմանվում է պետական ստանդարտների և տեխնիկական կանոնների հիման վրա, ձևակերպվում են արտադրանքի տարատեսակների ցանկը և բնութագիրը՝ ըստ մակնիշի, տեսակի, կարգի, չափի ևն։ Դրանք ճշգրտում են ՍՍՀՄ Պետպլանին կից արտադրանքի մատակարարումների միջհանրապետական գլխավոր վարչությունները։

ԱՐՏԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԾՈՒՄ, բազմանդամի ներկայացումը ավելի ցածր աստիճանի բազմանդամների (արտադրյալի) տեսքով։ Մեկ փոփոխականի իրական կամ կոմպլեքս գործակիցներով ամեն մի բազմանդամ վերածվում է առաջին աստիճանի (ընդհանուր առմամբ կոմպլեքս գործակիցներով) արտադրիչների։ Նման բազմանդամի վերածման բանաձևն ունի aoxn+...+an=ao (x-α1) (x-α1)...(x-αn) տեսքը, որտեղ α1, α2,..., αn-ը բազմանդամի արմատներն են։ Ոչ բոլոր իրական գործակիցներով բազմանդամներն են վերածվում առաջին աստիճանի իրական գործակիցներով արտադրիչների, բայց յուրաքանչյուր այդպիսի բազմանդամ միշտ վերածվում է իրական գործակիցներով առաջին և երկրորդ աստիճանի արտադրիչների։ Տես նաև Անվերջ արտադրյալ։

ԱՐՏԱԴՐՅԱԼ, բազմապատկման գործողության արդյունք։

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ, հասարակական ձևերից անկախ արտադրողական է ֆիզիկական և մտավոր այն աշխատանքը, որն անմիջաբար ստեղծում է նյութական բարիքներ և հասարակության գոյության ու զարգացման հիմքն է, նրա կյանքի բնական, հավիտենական պայմանը։ Աշխատանքի մյուս տեսակները, որոնք կատարվում են ոչ նյութական արտադրության (հոգևոր բարիքների ստեղծում և ծառայություններ) ոլորտում, անարտադրողական են։ Անարտադրողական են նաև նյութական արտադրության մեջ կատարվող հաշվառման, վարչատնտեսական ապարատը սպասարկող, վաճառահանման, մատակարարման և այլ աշխատանքները։ Արտադրողական աշխատանքը նյութական հիմք է ստեղծում անարտադրողական աշխատանքի և այդ աշխատանքով զբաղված մարդկանց գոյության համար։ Յուրաքանչյուր տնտեսակարգում արտադրողական աշխատանքը ստանում է որոշակի հասարակական–տնտեսական բովանդակություն։ Կապիտալիզմի օրոք արտադրողական է այն աշխատանքը, որը փոխանակվում է կապիտալի (փոփոխուն) հետ․ ստեղծում կամ գոյացնում է հավելյալ արժեք, ծառայում կապիտալի ինքնաճմանը՝ անկախ այդ աշխատանքի նյութական կամ ոչ նյութական արտադրության ոլորտում կիրառվելու բնույթից։ Անարտադրողական է այն աշխատանքը, որը փոխանակվում է եկամտի