Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


արտադրական հմտություններ և ունակություններ (զգայական և շարժողական), տեսական գիտելիքները գործնական աշխատանքներում կիրառելու կարողություն։ Ա․ պ-ի շնորհիվ զարգանում է սովորողի իմացական կարողությունը, աշխատանքային հմտությունը, ստեղծագործական ունակությունը, ընդլայնվում մտահորիզոնը, ձևավորվում բնավորությունը։

Ա․ Հովվյան

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱ, գործնական միջոցառումների համակարգ, որի նպատակն է կանխել աշխատանքի անբարենպաստ պայմանների ազդեցությունն արտադրության աշխատողների վրա։ Ա․ ս-ի հիմնական խնդիրն է մասնագիտական հիվանդությունների ու թունավորումների կանխումը և աշխատողների առողջական ընդհանուր վիճակի բարելավումը։ Ա․ ս-ի դրույթների տեսական հիմնավորումը մշակում են առողջապահական գիտահետազոտական ինստ-ները։ Ա․ ս–ի հիմնական գործնական միջոցառումներն ընդգրկում են՝ 1․ արտադրական կառույցների նպատակահարմար հատակագծումը, 2․ արտադրական կառույցների և հրապարակների չափերը, 3․ աշխատանքային տեղի կազմակերպումը, 4․ բնական և արհեստական լուսավորությունը, 5․ ջեռուցումը և օդափոխումը, 6․ ջրամատակարարումը։

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ, գործնական ու տեսական ուսուցում։ Նպատակն է սովորողներին տալ տեխնիկական և մասնագիտական ընդհանուր պատրաստություն՝ արտադրական որոշակի աշխատանքի համար։ Լայնորեն գործադրվում է բանվորական կադրեր պատրաստող ուս․ հաստատություններում։ 1959-66-ին Ա․ ու․ մասսայաբար գործադրվել է նաև հանրակրթական միջնակարգ դպրոցների 9–11-րդ դասարաններում։ Այն կազմակերպվում էր ուսումնա–արտադրական արհեստանոցներում, արդ․ ձեռնարկություններում, կոլեկտիվ և պետական տնտեսություններում։ Հանրակրթական միջնակարգ դպրոցներում այժմ կիրառվում է սահմանափակ չափերով՝ անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում։

Ս․ Մովսիսյան

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՖԻՐՄԱ, ձեռնարկությունների արտադրական միավորման (գլխավորապես մեկ ճյուղի) ձև, հաճախ կոչում են նաև ճյուղային արտադրական միավորումներ։ Ա․ ֆ–ի կազմի մեջ մտնում են ֆաբրիկաներ, գործարաններ, գիտահետազոտական, կոնստրուկտորական, նախագծային-կոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ արտադրական միավորումներ։ Մյուս ձևերից (տրեստ, կոմբինատ) Ա․ ֆ․ հիմնականում տարբերվում է նրանով, որ դրանց կազմակերպմամբ կառավարման նոր ապարատ չի ստեղծվում․ գլխադաս ձեռնարկության կառավարման ապարատը միաժամանակ Ա․ ֆ–ի կառավարման ապարատն է։ Առաջին Ա․ ֆ–ները ստեղծվել են 1961-ին Լվովի, 1962-ին՝ Լենինգրադի, Մոսկվայի և այլ ժողտնտխորհներում։ Ա․ ֆ–ներն առավել լայնորեն են տարածված թեթև և սննդի արդյունաբերության մեջ։ Ա․ ֆ․ արտադրական–տնտեսական կազմակերպություն է՝ իրավաբանական անձի իրավունքներով, գործում է տնտ․ հաշվարկի սկզբունքներով։ Ֆիրմայի ձեռնարկություններից մեկը գլխադասային է, իսկ մյուսները դիտվում են որպես բաժանմունքներ և ենթարկվում առաջինին։ Ա․ ֆ–ի կազմակերպումը ստեղծում է ներճյուղային մասնագիտացման բարենպաստ պայմաններ և դյուրացնում ձեռնարկությունների տեխնիկա–տնտեսական առաջընթացը։

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՖՈՆԴԵՐ, սոցիալիստական ժողովրդական տնտեսության ֆոնդերի մի մասը՝ արտադրության միջոցների (արտադրական շենքեր, կառույցներ, մեքենաներ, սարքավորումներ, հումք, վառելիք ևն) ձևով։ Լինեով սոցիալիզմին հատուկ տնտ․ կատեգորիա՝ Ա․ ֆ․ արմատապես տարբերվում են կապիտալից։ Կապիտալն արտահայտում է շահագործման հարաբերություններ, մինչդեռ Ա․ ֆ․,որպես հասարակական սեփականություն, ծառայում են ամբողջ հասարակությանը և արտահայտում սոցիալիստական արտադրահարաբերություններ։ Ա․ ֆ․ ընդունում են բնաիրային ձև և արժեքային արտահայտություն։ Դրանք մշտական շարժման մեջ են․ արտադրության ոլորտից անցնում են շրջանառության ոլորտ, որտեղից կրկին վերադառնում են արտադրության պրոցես, կատարում են շրջապտույտ (տե՛ս՝ Արտադրական ֆոնդերի պտույտ)։ Ըստ շրջապտույտի բնույթի, Ա․ ֆ․ բաժանվում են հիմնական ֆոնդերի և շրջանառու ֆոնդերի։

Վ․ Շահնազարյան

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՊՏՈՒՅՏ, սոցիալիստական ձեռնարկությունների արտադրության և շրջանառության ոլորտներում արտադրական ֆոնդերի շրջապտույտի անընդհատ պրոցես, որն ընթանում է երեք փուլով՝ ընդունելով դրամական, արտադրողական և ապրանքային ֆունկցիոնալ ձևեր։ Ա․ ֆ․ պ․ կատարվում է որպես արժեքների շարժում։ Անցյալ աշխատանքով ստեղծված արժեքի փոխանցումը նոր արդյունքին և այդ արժեքին կենդանի աշխատանքով ստեղծված նոր արժեքի միացումը հիմնականում կատարվում է արտադրության և մասնակիորեն շրջանառության ոլորտում, որտեղ տեղափոխումը, տեսակավորումը, փաթեթավորումը ևն արտադրության պրոցեսի շարունակությունն են։ Արտադրական սպառման պրոցեսում արտադրության միջոցների արժեքը փոխանցվում է նոր ստեղծվող արդյունքին և մտնում նրա արժեքի մեջ։ Պատրաստի արդյունքների իրացման հետևանքով ծախսված արտադրական ֆոնդերի արժեքը վերադառնում է ձեռնարկություն և ապահովում դրանց փոխհատուցումը։ Շրջապտույտի ընթացքում արտադրական ֆոնդերն ընդունում են երեք ձև․ դրամական, արտադրողական և ապրանքային։ Ըստ պտույտի ձևի արտադրողական ֆոնդերը լինում են հիմնական և շրջանառու, մյուս երկուսը կոչվում են շրջանառության ֆոնդեր։ Արտադրության անընդհատ պրոցեսը ենթադրում է բաշխման և շրջանառության ոլորտ մտած արտադրանքի իրացում և այնտեղ ներդրված ձեռնարկության միջոցների՝ կրկին դրամական ձևի փոխարկում։ Արտադրական ֆոնդերի անընդհատ շրջանառությունից է կախված դրանց տնտ․ արդյունավետությունը (արտադրության և շրջանառության փուլերի խզումը հղի է մեծ կորուստներով)։ Բայց ֆոնդերի օգտագործման արդյունավետությունը կախված է ոչ միայն դրանց անխափան շարժումից, այլև պտույտի արագությունից (ժամանակից)։ Ա․ ֆ․ պ–ի ժամանակը բաղկացած է արտադրաժամանակից և շրջանառության ժամանակից։

Ա․ֆ․պ․ արմատապես տարբերվում է կապիտալի պտույտից։ Կապիտալի շարժումն արտադրության և շրջանառության ոլորտում հավելյալ արժեք բերող արժեքի շարժում է (վերարտադրում է շահագործողական հարաբերությունները), որը տեղի է ունենում արտադրության և սպառման միջև ընկած հակամարտ հակասությունների պայմաններում, տարերայնորեն՝ շուկայական քաոսի և կոնյունկտուրային տատանումների միջոցով։ Բնորոշ առանձնահատկությունն այն է, որ կապիտալի ապրանքային ձևի փոխարկումը դրամական ձևի՝ առավել դժվարին փոխակերպություն է։ Սոցիալիստական հասարակարգում Ա․ ֆ․ պ․ ենթարկված է ամբողջ ժողովրդի շահերին, արտադրության աճին և աշխատավորության բարեկեցության վերելքին, տեղի է ունենում պլանաչափորեն, առանց միջոցների պտույտի միասնական պրոցեսի խախտման արտադրության և շրջանառության փուլերում։ Բայց դա չի բացառում ոչ հակամարտ բնույթի հակասությունները։ Օրինակ՝ ֆոնդերն ըստ արժեքի կարող են բավարար լինել արտադրության և շրջանառության համար, իսկ բնաձևով՝ ոչ, կամ, ընդհակառակը, դրանք կարող են հնացած լինել, և դրանց միջոցով ստեղծված արդյունքը հնարավոր է, որ չիրացվի։ Դա բարդացնում է պլանավորման խնդիրները և ձեռնարկումներ է պահանջում պտույտի անխափան իրականացման համար։

Ա․ Առաքելյան

ԱՐՏԱԴՐԱՄԱՍ, արդյունաբերական ձեռնարկության արտադրական ստորաբաժանում, որտեղ արտադրվում են պատրաստի արտադրանքի առանձին տեսակներ, կիսաֆաբրիկատներ կամ կատարվում են հատուկ աշխատանքներ (նորոգում, փաթեթավորում ևն)։ Ձեռնարկության Ա–երը մասնագիտացվում են ըստ թողարկվող արտադրանքի տեսակների, արտադրական փուլերի, տեխնոլոգիական պրոցեսների բնույթի, վերամշակվող հումքի և նյութերի տեսակների։ Ըստ արտադրության մեջ ունեցած դերի, լինում են հիմնական, օժանդակ, սպասարկող և կողմնակի Ա–եր։ Հիմնական Ա–ում իրականացվում է արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական պրոցեսը։ Օժանդակ Ա–ում կատարվում են բուն արտադրության սպասարկման աշխատանքները (նորոգման, մեխանիկական, գործիքաշինական ևն)։ Սպասարկող Ա–երը ծառայում են հիմնական և օժանդակ Ա–ին (էներգիայի բաշխում, օդամղում, հումքի, կիսաֆաբրիկատների և պատրաստի արտադրանքի տեղափոխում)։ Կողմնակի Ա–ում արտադրական մնացուկներից պատրաստվում է լրացուցիչ արտադրանք։ Ա–ի կառուցվածքը պայմանավորված է արտադրության և արտադրանքի բնույթով։ Խոշոր Ա–երը ստորաբաժանվում են տեղամասերի,