Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդիկ դեռևս զրուցում էին, որ Արտավազդը բանտված է մի քարանձավում, իսկ երկու շուն անդադար կրծում են նրա կապանքները, որպեսզի տերը դուրս գա և վերջ տա աշխարհին։ Սակայն դարբինների կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները։ Այդ պատճառով, բացատրում է պատմահայրը, դարբինները սովորություն ունեին կիրակի օրերին երեք-չորս անգամ կռանով խփել սալին։ Եզնիկ Կողբացին գրում է, որ դիցապաշտ հայերը հավատացել են, թե Արտավազդին բանտել են չար դևերը։ Ըստ Եզնիկ Կողբացու, ինչպես հրեաները ակնկալել են իրենց Դավիթ թագավորի գալուստը, որն իբրև պիտի վերաշինի Երուսաղեմ մայրաքաղաքը, ժողովի աշխարհասփյուռ հրեաներին ու թագավորի նրանց, այնպես էլ հայերը հավատում և սպասում են, որ Արտավազդը գալու և տիրելու է աշխարհը։ Զրույցում Արտավազդը նմանության գծեր ունի ինչպես հայկ․ էպոսի հերոս Փոքր Մհերի, որը հոր անեծքով փակված է Վանա ժայռում, այնպես էլ Միհր–Միթրա աստվածության հետ, որն ըստ հին հայերի հավատալիքի, պիտի ելնի աշխարհի գոյության սպառնալից պահին, որպեսզի կռվի չարի դեմ և հաղթանակի։

Գրկ․ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, Ե․, 1970։ Աբեղյան Մ․, Երկեր, հ․ Ա, Ե․, 1960, էշ 148-149։ Ավդալբեգյան Թ․, Միհրը հայոց մեջ, «Հայագիտական հետազոտություններ», Ե․, 1960, էշ 62 – 63։

ԱՐՏԱՎԱԶԴ Ա (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Հայոց թագավոր մ․ թ․ ա․ մոտ 160–115-ին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։ Ա–ի գահակալման տարիների և գործունեութան մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Ա․ հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը (Սմբատից հետո), կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին ևն։ Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից։ Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Ըստ ժողովրդական ավանդության, Ա․ որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում (տես «Արտավազդ»)։

Գրկ․ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 1, Ե․, 1944։

ԱՐՏԱՎԱԶԴ Բ (ծն․ թ․ անհտ․– մահ․ մ․ թ․ ա․ 31), Հայոց թագավոր մ․ թ․ ա․ 55–34-ին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Բ Մեծին։ Տիգրան Բ-ի կառավարման վերջին տարիներին Ա․ եղել է նրա գահակիցը։ Գտնվելով հռոմեական և պարթևական պետությունների միջև՝ Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին, Սրտավազդ թագավորի պատկերով հատած դրամ հարելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Ա․ նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետև Հռոմի հետ Հայաստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ (տես Արտաշատի պայմանագիր մ․ թ․ ա․ 66), իսկ Պարթևաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։ 54-ին Ա․ այցելել է Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին, որը 42 հզ․ զինվորով ժամանել էր Ասորիք և առաջարկել արշավել Պարթևաստան՝ Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոնները կպաշտպանվեին պարթևական հեծելազորի վտանգավոր գրոհներից, չէր խափանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթևական հարձակումներից, հայկ․ բանակը կմիանար հռոմեականին։ Սակայն Կրասոսը մերժել է Ա–ի առաջարկը՝ գերադասելով հակառակորդի դեմ պատերազմել Միջագետքի անապատներում։ Վերադառնալով Հայաստան՝ Ա․ ենթարկվել է պարթևական զորքերի հարձակմանը։ Համոզվելով, որ Կրասոսի սխալ ռազմավարությունը հռոմեական բանակը դատապարտել է պարտության, Ա․ հաշտություն է կնքել Պարթևաց Որոդես II թագավորի հետ։ Հաշտությունը վերաճել է հայ–պարթևական դաշնակցության, որն ամրապնդվել է Ա–ի քրոջ և Որոդեսի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ։ Մ․ թ․ ա․ 53-ին, Քառայի (Խառան) ճակատամարտում հռոմեական բանակի ջախջախումից և Կրասոսի սպանվելուց հետո, Ա–ի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է հայկ․ պետության անկախությունն ու հզորությունը։

Մ․ թ․ ա․ 37-ին Ա–ի դաշնակից Որոդես II թագավորի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու Պարթևաց նոր թագավոր Հրահատ IV-ի հակահայկական դաշինքից հետո, հայ–պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Երբ մ․ թ․ ա․ 36-ին հռոմեական նոր եռապետ և զորավար Մարկոս Անտոնիոսի բանակը (շուրջ 100 հզ․ զինվոր) Հայաստանի վրայով հարձակվել է Ատրպատականի վրա, Ա․ խոստացել է օգնել հռոմեացիներին։ Սակայն Անտոնիոսի անխոհեմ ռազմավարության պատճառով (նա հարձակվել է բաժան–բաժան ուժերով) Ատրպատականում հռոմեական բանակի պարտությունից հետո Ա․ գրավել է չեզոք դիրք, թեև ապահովել է հռոմեական պարտված ուժերի նահանջը Հայաստանի վրայով։ Հռոմի առջև արդարանալու նպատակով, Անտոնիոսն արշավանքի ձախողման պատճառ է հայտարարել Ա–ի դիրքորոշումը։ Անտոնիոսը քանիցս փորձել է խարդախորեն ձերբակալել Ա–ին, բայց վերջինս չի արձագանքել նրա հրավերներին։ Իսկ մ․ թ․ ա․ 34-ին, երբ Անտոնիոսը ներխուժել է Հայաստան և շարժվել Արտաշատի վրա, Ա․ հանձնվել է՝ ինքնազոհության գնով փորձելով երկիրը փրկել ավերածություններից ու արյունահեղություններից։ Անտոնիոսը շղթայակապել է Ա–ին և տարել Ալեքսանդրիա՝ հաղթահանդեսի։ Ա–ի հանդեպ Անտոնիոսի նենգ վերաբերմունքը դատապարտել են նույնիսկ հռոմեացի պատմիչները։ Անտոնիոսի դեմ Հռոմի ծերակույտի հարուցած չորս մեղադրանքից մեկը համարվել է Հայոց թագավոր Ա–ի ձերբակալումը։ Ակտիումի ճակատամարտից հետո (մ․ թ․ ա․ 31-ի սեպտ․ 2) Ա․ գլխատվել է Անտոնիոսի և Կլեոպատրայի հրամանով։ Ա․ ստացել է հելլենական կրթություն։ Պլուտարքոսը վկայում է, որ Ա․ գրել է ճառեր, պատմություններ ու ողբերգություններ, որոնք, սակայն, չեն հասել մեզ։

Գրկ․ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 1, Ե․, 1944։ Հրանդ Ք․ Արմեն, Անկում Արտաշեսյան հարստության, Բեյրութ, 1967։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։ Գ․ Սարգսյան

ԱՐՏԱՎԱԶԴ Գ (ծն․ թ․ անհտ․ – մ․ թ․ ա․ մոտ 2), Հայոց թագավոր մ․ թ․ ա․ 5-ից։ Արտավազդ Բ-ի որդին։ Շուրջ քառորդ դար պատանդ է եղել Հռոմում և խորթացել հայրենի բարքերին, սովորույթներին և մայրենի լեզվին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից, մ․ թ․ ա․ 5-ին կայսերական բանակը ներխուժել է Հայաստան, Տիգրան Դ–ին և Էրատոյին հարկադրել գահը զիջել Հռոմի դրածո Ա–ին։ Մ․ թ․ ա․ 2-ին հայերն ապստամբել են, գահնկեց արել Ա–ին և կրկին թագավոր հռչակել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Ա–ին պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի կորուստներ կրելով, արտաքսվել են Հայաստանից։ Հռոմեական ուժերի հետ նահանջող Ա․ շուտով հիվանդացել է և մահացել։ Ա–ի անունով հատած դրամներն ունեն «Մեծ արքա Արտավազդ» հունարեն մակագրություն։

Գրկ․ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 1, Ե․, 1944։

ԱՐՏԱՎԱԶԴ Դ (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ 5 կամ 6), Ատրպատականի և Մեծ Հայքի թագավոր մ․ թ․ 4-ից։ Արիոբարզան թագավորի որդին և հաջորդը։ Սպանվել է իբրև Հռոմի դրածո։

ԱՐՏԱՎԱԶԴ Ե (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Հայոց թագավոր մոտ 252, 253–272 կամ 273-ին։ Ա–ի մասին տեղեկությունները կցկտուր են։ Գահակալել է Շապուհ 1-ի օգնությամբ, երբ Հայաստանը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխանությանը։ Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260-ին Ա–ի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I-ի շահած ճակատամարտին։ Ըստ նույն պատմիչի, Ա․ Շապուհից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը