Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թշնամացել էր նաև Հայաստանի հետ։ 272–273-ին Ավրելիանոս կայսեր օգնությամբ Հայատանի նոր թագավոր է հռչակվել Խոսրով Բ Արշակունին։

Գրկ․ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 2, մաս 1, Ե․, 1957։

ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), նախարար, 774–775–ի ապաամբության նախաձեռնողը։ Շիրակի Կումայրի ավանում նա սպանել է արաբ հարկահանին, խլել նրա հավաքած հարկագումարը, որը և դարձել է ապստամբության շարժառիթ։ Արաբ զորավար Մուհամմեդը Սամցխե գավառում հաղթել է Ա․ Մ–ին ու նրա դաշնակից նախարարներին, որոնք ստիպված հեռացել են Եգերք (Մեգրելիա) և բյուզանդական կայսրից ստացել կալվածներ։

Ա․ Տեբ–Ղևոնդյան

ԱՐՏԱՎԱԶԻԿ ԵԿԵՂԵՑԻ, VII դարի գմբեթավոր խաչաձև եկեղեցի։ Գտնվում է Բյուրականից 1 կմ հս–արլ․։ Արլ․ խաչթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն։ Հս–արլ․ անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։ Գմբեթատակ քառակուսին տրոմպների միջոցով փոխանցվել է արտաքուստ ութնիստ թմբուկին։ Արմ․ խաչթևի տանիքին XIII դ․ ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատուն։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։ Հուշարձանի արլ․ կողմում կանգուն է XIII դ․ կոթող–խաչքարը։

Ս․ Մնացականյան

ԱՐՏԱՎԱՆ (մինչև 1950-ը՝ Ջուլ), գյուղ Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, Ազիզբեկով–Սիսիան խճուղու աջ կողմում, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևելք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ, պտղաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։ Ենթադրվում է, որ Ա․ XIII դ․ Տաթևի վանքի հարկատու գյուղերից Աջողքն է։ Գյուղի միջով հոսող գետակի վրա կա միջին դարերում կառուցված կամարակապ կամուրջ, իսկ հս․ կողմում՝ գերեզմանոց (IX–XVI դդ․)։

ԱՐՏԱՎԱՆ ԱՐՇԱԿՈՒՆԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VI դարի բյուգանդական հայազգի ռազմական գործիչ։ Սկզբում Խոսրով Անուշրավանի բանակում մասնակցել է Բյուզանդիայի դեմ արշավանքներին։ Սպանել է ապստամբ հայերի դեմ ուղարկված բյուզանդական հայազգի զորավարներ Ակակիոսին և Սիտտասին։ Հետագայում անցել է Բյուզանդիա, մասնակցել Հուստինիանոսի պատերազմներին Խոսրով Անուշրվանի դեմ՝ Լազիկայում և Հայաստանում։ Հայկ․ զորագնդով մասնակցել է Լիբիայում վանդալների դեմ կռիվներին, կազմակերպել Նումիդիայի զորահրամանատար, ապստամբ Գոնթարիսի սպանությունը (545), հպատակեցրել Լիբիան (546) և դարձել նրա կառավարիչը։ 548-ին բանտարկվել է՝ Հուստինիանոս I-ի դեմ դավադրություն նախապատրաստելու մեղադրանքով։ 549-ին ազատվել է բանտից, նշանակվել Թրակիայում գտնվող զորքերի հրամանատար և ուղարկվել Աիկիլիա՝ գոթերի դեմ։ Վերջին անգամ հիշվում է 551-ին՝ որպես Սիկիլիայի բյուգանդական զորքերի հրամանատար։

Գրկ․ Ադոնց Ն․, Պատմական ուսումնասիրություններ, Փարիզ, 1948։ Հ․ Բաբթիկյան

ԱՐՏԱՎԱՆ III (ծն․ թ․ անհտ․ – մ․ թ․ մոտ 38), Պարթևաց թագավոր մ․ թ․ 12-ից։ Մոր կողմից՝ Արշակունի։ Նախապես թագավորել է Ատրպատականում։ Պարթևական գահը գրավել է Հռոմի դրածո Վոնոն թագավորին տապալելուց հետո՝ հիմնելով Արշակունիների կրտսեր ճյուղը։ Ա․ 16-ին Վոնոնին վտարել է նաև Հայաստանից, որի գահը վերջինս գրավել էր Հռոմի օգնությամբ։ Ա․ փորձել է Հայաստանի թագավոր հռչակել իր որդի Որոդեսին, սակայն Հռոմը կանխել է նրան և հայկ․ ավագանու համաձայնությամբ Հայոց թագավոր հռչակել Զենոն–Արտաշեսին։ Վերջինիս մահից (34) հետո Ա․ Հայոց թագավոր է կարգել իր որդի Արշակ Ա–ին՝ նպատակ ունենալով Հայաստանի զինակցությամբ Հռոմը դուրս մղել Արևելքից, վերականգնել Աքեմենյան աշխարհակալության սահմանները։ Սակայն 35-ին Արշակ Ա դավադրաբար սպանվել է և Հռոմի օգնությամբ հայկ․ գահին տիրել է Միհրդատ Իբերացին։ Հռոմի դրդմամբ պարթևական պետության վրա հարձակվել են վրաց․ և ալանական ցեղերը։ 36-ին պարթևական թագավոր է հռչակվել Հռոմի նոր դրածո Տրդատ III, որի գահանիստն է եղել Ա–ի դեմ ապստամբած Միջագետքի Սելևկիա քաղաքը։ Ա․ հարկադրված է եղել պարթևական ուժերը Հայաստանից ետ տանել և հոգալ սեփական սահմանների պաշտպանությունը։ Նրան հաջողվել է հաղթել Տրդատ III -ին, վերականգնել իր գահակալական իրավունքները (37), Ատրպատականի, Միջագետքի, Պարսքի, Ելամի կառավարումը հանձնել Արշակունիների տան ներկայա– ցուցիչներին, կայունացնել պարթևական թագավորության վիճակը։

Գրկ․ Дьяконов М․ М․ Очерк истории древнего Ирана, М․, 1961; Kahrsted t U․, Artabanos III and seine Epben, Bern, 1950․

ԱՐՏԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔ, հարկադիր աշխատանքի ձև, որ հիմնված է անմիջական անձնական կախման հարաբերությունների վրա։ Կիրառվել է ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում՝ ուղղակի բռնության միջոցով։ Ստրկատիրական տնտ․ հարաբերություններն իրականանում են ստրկատիրոջ՝ ստրուկի նկատմամբ ունեցած լիիրավ իշխանության, արտատնտեսական անսահմանափակ հարկադրանքի միջոցով։ Ֆեոդալական հասարակարգում փոխվում է անձնական կախվածության ձևը, հետևաբար և Ա․ հ․։ Ճորտն ունի իր փոքրիկ սեփականությունը (հողակտոր, արտադրության միջոցներ), տերը նրան սպանելու իրավունք չունի։ Այս պայմաններում ֆեոդալն արտադրողին կարող էր շահագործել միայն Ա․ հ–ով։ Կապիտալիստական հասարակարգում ֆեոդալական Ա․ հ․ փոխարինվում է տնտ․ հարկադրանքով։

Գ․ Հաբությանյան

ԱՐՏԱՐԳԱՆԴԱՅԻՆ ՀՂԻՈՒԹՅՈՒՆ (gra-viditos extra-uterina), բեղմնավորված ձվաբջջի պատվաստվելը և զարգանալը արգանդի խոռոչից դուրս՝ արգանդափողերում, ձվարաններում և որովայնի խոռոչում։ Պատճառները՝ սեռական օրգանների բորբոքային պրոցեսներ, արգանդի և արգանդափողերի թերզարգացում, ուռուցքներ, ձվիկի տրոֆոբլաստ շերտի արագ աճ, որոնք առաջացնում են կպումներ, նեղացնում արգանդափողերի լուսանցքը և արգելակում բեղմնավորված ձվաբջջի տեղափոխությունն արգանդի խոռոչ։ Ա․ հ–յան դեպքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում արգանդային հղիությանը բնորոշ փոփոխություններ (տես Հղիություն), որոնք դժվարացնում են տարբերակիչ ախտորոշումը։ Աճող պտղի ճնշման հետևանքով ձվաբջջի ամրացված տեղը պատռվում է և հղիությունն ընդհատվում։ Վերջինս ուղեկցվում է հետևյալ նշաններով՝ ներքին արյունահոսություն, պուլսի անկում, լորձաթաղանթների գունափոխություն,