Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որովայնի ցավեր, սրտխառնություն, փսխում, գլխապտույտ, ուշագնացություն։ Հեշտոցի ետին կամարի պունկցիայով հայտնաբերվում է արյուն։ Ա․ հ․ երբեմն կարող է շարունակվել մինչև պտղի հասունացումը և մեծ վտանգ սպառնալ կնոջ կյանքին։ Բուժումը՝ որովայնահատում, արյունահոսության դադարեցում, արգանդափողի հեռացում։

Բ․ Սայադյան

ԱՐՏԱՐԿԻՉ, հեղուկների, գազերի և սորուն նյութերի տեղափոխման սարք, որի մեջ արագ շարժվող շիթի կինետիկ էներգիան աշխատանքային միջավայրից փոխանցվում է մեկ այլ՝ ներծծող միջավայրի (նկ․)։ Էներգիայի փոխանցումը կատարվում է միջավայրերի խառնման պրոցեսում։ Ա–ները լինում են հեղուկա–հեղուկային, հեղուկա–գազային, գազա–գազային, գազա–հեղուկային, շոգե–հեղուկային (տես Ներարկիչ) և շոգե–գազային։

Ներծծող միջավայր կարող են լինել անհամասեռ խառնուրդները (էմուլսիաներ և սուսպենզիաներ)։ Ա–ներն օգտագործվում են որպես խառնիչներ կենտրոնական ջեռուցման համակարգերում և արդ․ տեղակայանքներում, օդի ներծծման համար՝ խտացման հարմարանքներում, որպես օժանդակ պոմպեր՝ բարձր ջերմաստիճանի և մաշող խառնուրդների առկայության դեպքում։

ԱՐՏԱՐԿՈՒՄ, տես Միջարկում և արտարկում։

ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տես Իմացաբանություն։

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ, մի երկրի առևտուրը այլ երկրների հետ, որ կազմված է ապրանքների ներմուծումից (իմպորտ) և արտահանումից (էքսպորտ)։ Տարբեր երկրների Ա․ ա–ի ամբողջությունը ներկայացնում է միջազգային առևտուրը։ Ա․ ա–ի բնույթը, մակարդակը, զարգացումը և նշանակությունը որոշվում են համապատասխան արտադրության եղանակով։ Ա․ ա–ի հիմքում ընկած է աշխատանքի միջազգային բաժանումը։ Ա․ ա․ ծագել և զարգացման որոշ աստիճանի է հասել դեռևս ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում։ Դրա ընդլայնումը և համաշարհային շուկայի կազմավորումը (XVI – XVIII դդ․) նպաստել են կապիտալիստական արտադրության եղանակի հաստատմանը։ Կապիտալիզմի պայմաններում Ա․ ա․ առավել լայն չափերով զարգացավ և սկսեց կարևոր դեր խաղալ աշխարհի գրեթե բոլոր երկրների տնտեսության մեջ։ «Կապիտալիստական արտադրությունը ընդհանրապես գոյություն չունի առանց արտաքին առևտրի» (Маркс К․ и Энгельс Ф, Соч․, 2 изд․, т․ 24, с․ 534)։ Կապիտալիստական երկրների համար արտաքին շուկայի անհրաժեշտությունը բխում է՝ 1 ․կապիտալիզմի ապրանքային շրջանառության լայն զարգացումից, 2․ կապիտալիզմին հատուկ հասարակական արտադրության ճյուղերի զարգացման անհամաչափությունից, 3․ կապիտալիստական արտադրությանը բնորոշ մշտական վերափոխումներից և արտադրության չափերի աճից և, 4․ հատկապես, առավելագույն շահույթ ապահովելու նպատակից։ Կապիտալիստական երկրների ներքին շուկայի հարաբերական սահմանափակությունը ուժեղացնում է արտաքին շուկաների դերը և սրում պայքարը վերջինների համար, որի ընթացքում կապիտալիստները լայնորեն օգտագործում են պետական ապարատը՝ առևտրի «խաղաղ» մեթոդները զուգորդելով բռնության և կողոպուտի մեթոդներին։ Կապիտալիստական զարգացած երկրների Ա․ ա–ի նպատակն է ազատորեն թափանցել իրացման արտաքին շուկաներ և շահագործել համեմատաբար թույլ զարգացած երկրներին, ապրանքներն այնտեղ վաճառել բարձր, հումք գնել ցածր գներով, այդ երկրները դարձնել հումքային կցորդ։ Կապիտալիստական Ա․ ա․ արտացոլում է աշխատանքի կապիտալիստական բաժանման շահագործողական բնույթը, որի ժամանակ արդ․ արտադրությունը և արտահանումը (հատկապես մեքենաների և սարքավորումների) կենտրոնացվում է գլխավորապես իմպերիալիստական պետությունների ձեռքում, իսկ տնտեսապես հետամնաց երկրները հիմնականում արտադրում և արտահանում են գյուղատնտ․ ապրանքներ և հումք, ներմուծում՝ արդ․ արտադրանք։ 1970-ին կապիտալիստական աշխարհում զարգացած արդ․ երկրների բաժինը արտահանման մեշ կազմել է 80,6, զարգացող երկրներինը՝ 19,4, Արևմտյան Եվրոպայինը՝ 49,2, ընդհանուր շուկայի երկրներինը՝ 32,1, ԱՄՆ–ինը՝ 15,5, ԳՖՀ–ինը՝ 12,5, Ճապոնիայինը՝ 7,0%։ 1967-ին համաշխարհային կապիտալիստական շուկայում պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական մասը (85,8%) բաժին էր ընկնում 11 զարգացած կապիտալիստական երկրների (ԱՄՆ, ԳՖՀ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Շվեյցարիա)։ Զարգացող երկրների Ա․ ա–ին բնորոշ է պասիվ առևտրական բալանսը։ Այդ երկրների Ա․ ա–ի աճի տեմպերը (հատկապես արտահանման) ետ են մնում նաև ամբողջ համաշխարհային առևտրի աճի տեմպերից, որի պատճառով համաշխարհային առևտրի մեջ նվազում է դրանց տեսակարար կշիռը (1960-ի 25,3-ի դիմաց 1968-ին՝ 20%)։ Սոցիալիստական երկրները ստեղծել են Ա․ ա–ի սկզբունքորեն նոր համակարգ, որը հիմնվում է Ա․ ա–ի ազգայնացման և արտաքին առևտրական բոլոր գործառնությունները պետական մենաշնորհի սահմաններում իրագործելու վրա։ Ա․ ա–ի մենաշնորհը ՍՍՀՄ–ում հաստատվել է ժողկոմխորհի 1918-ի ապրիլի 22-ի դեկրետով։ Սոցիալիստական երկրների Ա․ ա․ պլանային սոցիալիստական տնտեսության անքակտելի մասն է, նրա զարգացումը ամբողջությամբ ծառայում է սոցիալիստական յուրաքանչյուր երկրի, ինչպես նաև համաշխարհային սոցիալիստական համագործակցության արտադրողական ուժերի աճի արագացմանը և աշխատավորության բարեկեցության բարձրացմանը։ Ա․ ա․ Տնտեսական փոխօգնության երկրների (ՏՓԽ) պետությունների տնտ․ կապերի գլխավոր ձևն է, որը հիմնվում է սոցիալիստական երկրների ժողովրդատնտ․ պլանների ուժեղացող փոխադարձ կոորդինացման վրա։ Սոցիալիստական երկրները հանդես են գալիս բոլոր երկրների հետ առևտրի զարգացման օգտին, անկախ նրանց սոցիալ–տնտ․ սիստեմից, հավասարության և փոխադարձ շահավետության հիմունքներով։ 1973-ին ՍՍՀՄ Ա․ ա–ի ապրանքաշրջանառությունը (արտահանում և ներմուծում) կազմել է 31,3 մլրդ․ ռ․ (1970-ին՝ 22,1 մլրդ․ ռ․) (այդ թվում արտահանումը՝ 15,8 մլրդ․ ռ․ և ներմուծումը՝ 15,5 մլրդ․ ռ․), որից սոցիալիստական երկրների հետ՝ 18,3 մլրդ․ ռ․։ ՏՓԽ–ի երկրների բաժինը ՍՍՀՄ արտաքին ապրանքաշրջանառության մեջ 1973-ին կազմել է 16,9 մլրդ․ ռ․ կամ ողջ ապրանքաշրջանառության 54%։

Սովետական Հայաստանն իր արտադրանքով ակտիվորեն մասնակցում է ՍՍՀՄ Ա․ ա–ին, ՀՍՍՀ արդյունաբերության 180 արտադրատեսակ՝ հաստոցներ, հաշվողական տեխնիկա, էլեկտրաչափիչ գործիքներ, տարբեր հզորության գեներատորներ, շարժական էլեկտրակայաններ, «Դազո» տիպի խոշոր էլեկտրաշարժիչներ, ռադիոէլեկտրոնային սարքեր, քիմ․ պարարտանյութեր, կոնյակ, գինի, ծխախոտ ևն առաքվում են շուրջ 70 երկիր։ Սովետական Միությունից արտահանվող մետաղահատ կտրիչների 25, կոմպրեսորների 40, ժամացույցների 35, պոմպերի 15%-ը արտադրվել է Հայաստանում (1972)։

Գրկ․ Внешнеэкономические связи СССР за 50 лет․ Материалы юбилейной научной конференции․․․, М․, 1967․ Ռ․ Շախկուլյան

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, արտաքին հարաբերությունների պետական մարմին։ 1920-ի դեկտ․ 12-ին ստեղծվել է ՀՍՍՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը, որը Անդրկովկասյան Ֆեդերացիայի կազմավորումից հետո, ՀՍՍՀ ԿԴԿ–ի 1922-ի հուլիսի 3-ի որոշմամբ վերացվել է։ Ֆեդերացիայի անդամ հանրապետությունների արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունն իրականացրել է նրա Միության խորհուրդը։ ՍՍՀՄ Գերագույն սովետի 1944-ի փետր․ 1-ի օրենքի համաձայն ՀՍՍՀ Գերագույն սովետը մարտի 18-ին ստեղծեց ՀՍՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատ, որը 1946-ից մինիստրություն է։ Ունի արձանագրային–հյուպատոսական և քաղ․ ինֆորմացիայի բաժիններ։ ՀՍՍՀ արտաքին գործերի ժողկոմներ են եղել Ա․ Բեկզադյանը (1920), Ա․ Մռավյանը (1921–22), Ս․ Կարապետյանը (1944–46), մինիստրներ՝ նույն Ս․ Կարապետյանը (1946–48),