Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XX դ․ սկգբին ուներ 70 տուն (600 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գևորգ) և վարժարան։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Ա–ի հայերը տեղահանվել և աքսորվել են Դեր Էզ–Զոր, որտեղ մեծ մասը զոհվել է։


ԱՐՓԻ, գյուղ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Մոտկան գավառում, Արփի գետի աջ ափին։ XIX դ․ 60-ական թթ․ ուներ մոտ 40 տուն, 1909-ին՝ 15 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։ 1895-ի և 1915-ի կոտորածների ժամանակ Ա–ի հայ բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը՝ տարագրվել։

Թ․ Հակոբյան


ԱՐՓԻ, ավան Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Արփա գետի ափին, շրջկենտրոնից 5 կմ հարավ–արևմուտք։ Այգեգործական սովետական տնտեսությունըն զբաղվում է նաև պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց։ Ավանը հիմնադրվել է 1965-ին։ 1975-ին Ա․ են տեղափոխվել Գնիշիկի բնակիչները։


«ԱՐՓԻ», պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1913–14-ին, Թիֆլիսում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Հ․ Տեր–Աստվածատրյանց։ Պարբերականի էջերում քննարկվել են ժամանակի հայկական ու միջազգային հասարակական–քաղաքական կարևոր խնդիրները, Բալկանյան պատերազմի իրադարձությունները ևն։ «Ա․» հոդվածներ է նվիրել արևմտահայությանը և նրա ապագան առնչել է Ռուսաստանի արևելյան քաղաքականության հետ։ Արտահայտվել է Անդրկովկասում կապիտալիստական հարաբերությունների զարգացման օգտին, խրախուսել տեղական արդյունաբերության զորեղացումը՝ ի հակակշիռ օտար կապիտալի։ «Թատրոն», «Երաժշտություն», «Ծիծաղ», «Խելքի աշխարհ» և այլ խորագրերով նյութերում լուսաբանել է Թիֆլիսի և ընդհանրապես հայ մշակութային իրադարձությունները, տպագրել երգիծական մանրապատումներ և ծաղրանկարներ։ «Ա․»-ում հրատարակվել են հայ գրողների ստեղծագործություններ, թարգմանություններ ռուս և եվրոպական գրականությունից։


«ԱՐՓԻ», գրական–հասարակական ամսագիր (սկզբում՝ կիսամսյա)։ Լույս է տեսել 1932–36-ին, Օլսթոնում (ԱՄՆ)։ խմբագիր՝ Ա․ Բարսեղյան։ Պարբերականի նպատակն էր ամերիկաբնակ հայերի ազգային դաստիարակությունը, հայ ժողովրդի անցյալի ու ներկայի հոգևոր–մշակութային արժեքների հետ ծանոթացնելը և ընտանիքի պատվարումը ուծացումից։ Տպագրել է հանրամատչելի նյութեր ազգային պատմության ու գրականության, Հայաստանի աշխարհագրության, ազգային ավանդույթների ու սովորույթների վերաբերյալ։ «Մեր նոր սերունդը» բաժնում մշտապես տեղ է տվել երեխաների հայրենասիրական թեմաներով գրած շարադրություններին, սփյուռքահայ դպրոցների մասին լուրերին ևն։ Տպագրել է հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ ու առակներ։


«ԱՐՓԻ», գրական, գիտական և հասարակական ամսագիր։ Լույս է տեսել 1949–1956-ին, Թեհրանում (Իրան)։ խմբագիրհրատարակիչ՝ Հ․ Թադևոսյան։ Տպագրել է գրական–գեղարվեստական, արվեստաբանական նյութեր և տեղեկություններ, թարգմանություններ եվրոպական և հատկապես ռուս գրականությունից (Պուշկին, Լերմոնտով, Տուրգենև և ուրիշներ), լայն տեղ է հատկացրել հայ սովետական գրականությանը։ «Ա․» արձագանքել է հայկ․ (առավելապես Իրանի հայերի) կյանքի իրադարձություններին, ինչպես նաև միջազգային քաղ․ կարևոր նորություններին։ Աշխատակցել են Դևը, Լ․ Բզնունին, Տ․ Թամրազյանը և ուրիշներ։ 1950-ից ամսագրին կից հրատարակվել է «Արփի» մանկական հավելվածը, որտեղ տպագըրվել են բանաստեղծություններ, հեքիաթներ, պատմվածքներ, մանկական խաղեր։


«ԱՐՓԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ», բանասիրական, տնտեսական և ուսումնական ամսագիր։ Լույս է տեսել 1853–55-ին, Զմյուռնիայում։ Խմբագիր–հրատարակիչներ՝ Հարություն, Կարապետ և Աարգիս Տետեյաններ։ Ունեցել է պահպանողական ուղղություն և այդ հայեցակետից պրոպագանդել է ազգային լուսավորության զարգացման, կրթական–մշակութային ընկերություններ հիմնելու խնդիրները։ Ազգային հոգևոր արժեքները և հայ պատմական անցյալը արժեքավորելու նպատակով տպագրել է բանասիրական հոդվածներ, հայ թագավորների զինանշանները, պատմական թեմաներով բանաստեղծություններ։ Տպագրել է Հ․ Ալամդարյանի, Ռ․ Փափազյանի, Հ․ Անղրեյանի բանաստեղծությունները։ Հրատարակել է Շատոբրիանի, Լամարթինի գործերից և «Մարսելյոզ»-ի հայերեն թարգմանությունը։ Աշխատակցել են նաև Գ․ Չիլինկիրյանը, Հ․ Պալապանյանը, Մեսրոպյան վարժարանի աշակերտներ։

Ս․ Շտիկյան


ԱՐՓԻ ԼԻՃ, Հայկական ՍՍՀ հյուսիսարևմուտքում, Աշոցքի սարահարթում (Ամասիայի շրջան), 1950-ից վերածվել է ջրամբարի (տես Արփի լճի ջրամբար)։ Մինչև ջրամբար դառնալը լճի մակերեսը եղել է 4,5 կմ³, խորությունը՝ 1,6 մ, ջրի ծավալը՝ 5 մլն․ մ³։


ԱՐՓԻ ԼՃԻ ՋՐԱՄԲԱՐ, կառուցվել է 1946–50-ին, Ախուրյան գետի վերին հոսանքի շրջանում՝ Արփի լիճը պատվարելու միջոցով։ Պատվարի բարձրությունը 10 մ է, երկարությունը՝ 80 մ։ Ջրամբարը ծ․ մ․ 2020 մ բարձր է, ունի 7,3 կմ երկարու» Արփի լճի ջրամբարը թյուն և 4,3 կմ լայնություն, մակերեսը՝ 20 կմ3 (ավելի քան չորս անգամ մեծ նախկին լճի մակերեսից), ավազանը՝ 220 կմ3, միջին խորությունը 4,2 մ է, առավելագույնը՝ 8 մ, ջրի ծավալը՝ 90 մլն․ մ3 (մոտ 19 անգամ ավելի նախկին լճի ջրի ծավալից)։ Սնումը՝ հիմնականում աղբյուրներից և գետերից (Կարմրաջուր, Եղնաջուր, էլար ևն)։ Ջրամբարից սկիզբ է առնում Ախուրյան գետը։ Ձմռանը սառցակալում է։ Հատակը տղմոտ է։ Կենդանական աշխարհը հարուստ չէ․ հայտնի են ջրասամույրը (թափանցում է Ախուրյան գետից) և ջրառնետը, թռչուններից՝ հավալուսնը, բադերը, ձկներից՝ ծածանը, խրամուլը ևն։ Մերձափնյա շրջաններում աճում է ճահճային բոշխ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակով (տարեկան 60–80 մլն․ մ3)։ Ա․ լ․ ջ-ի ջրերով ոռոգում են 10 հզ․ հա հող Շիրակի դաշտում և մեծացնում Ախուրյան գետի վերին և միջին հոսանքների շրջանում ոռոգելի հողատարածությունների ջրապահովվածությունը։ Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում Թալինի և Հոկտեմբերյանի ջրանցքները։ Ունի ձկնաբուծական և ձկնորսական բազա։ Ա․ Պողոսյան

ԱՐՓԻԱՐՅԱՆ Արփիար Փիլիպոսի (21․ 12․ 1851, Սամսուն, Թուրքիա – 12․ 2․ 1908, Կահիրե), հայ գրող, հրապարակախոս, գրաքննադատ։ Սովորել է Կ․ Պոլսի Թարգմանչաց և Վենետիկի Մուրատ– Ռափայելյան վարժարաններում։ Աշակերտել է Ղ․ Ալիշանին։ 1876-ին մի խումբ երիտասարդների հետ հիմնադրել է Արարատյան ընկերություն հայոց։ 1878-ից թղթակցել է «Մշակ»-ին, մոտ 30 տարի հանդես եկել «Հայկակ» ծածկանունով։ Հանդես է եկել նաև «Հրազդան», «Սկեպտիկ», «Հրպետ» և այլ կեղծանուններով։ Հոդվածներում արծարծել է արևմտահայությանը հուզող տնտ․, քաղ․ և մշակութային կենսական հարցեր, պատկերել բըռնակալության լծի տակ հեծող հայ ժողովրդի կյանքը, պայքարը։ Ա․ քննադատել է եվրոպական դիվանագիտության երեսպաշտությունը հայկ․ դատի նկատմամբ, պաշտպանել ռուս, կողմնորոշումը։ XIX դ․ 80-ական թթ․ սկզբներին տպագրել է առաջին գեղարվեստական երկերը։ 1884-ին մասնակցել է «Արևելք» օրաթերթի հիմնադրմանը, խմբագրել «Մասիս» գրական լրագիրը, 1891-ի հուլիսից՝ «Հայրենիք» պարբերականը։