Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտպանական նկատառումներով շըրջապատված են եղել հզոր պարսպով։ Մ․թ․ա․III հազարամյակի վերջում բարձր հարթակի վրա կառուցված տաճարի տիպին զուգահեռ զարգացել է նաև պաշտամունքային շինության այլ տիպ՝ բազմաստիճան աշտարակ–զիկուրատը, որ դարձել է Միջագետքի ճարտարապետության բնորոշ կառուցվածքներից մեկը։ Ուրի զիկուրատը (մ․ թ․ ա․ XXII –XXI դդ․) բաղկացած է իրար վրա դրված և տարբեր գույներով ներկված երեք հատած բուրգերից, որոնցով ստեղծված հորիզոնական հարթակները միմյանց հետ հաղորդվել են արտաքին աստիճաններով։ Զիկուրատը հիմքում ունի չափեր և ավարտվում է վերին հատած բուրգի վրա կառուցված ուղղանկյուն տաճարով՝ «աստծո բնակարանով»։ Նշանավոր Բաբելոնյան աշտարակը՝ «էտեմանանկի զիկուրատը», որը վերջնականապես ավերվել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ, ըստ հնագույն չափագրումների և նկարագրությունների, հիմքում ունեցել է 90մ չափեր և 90 մ բարձրություն, 5 կամ 6 սանդուղքներ և ավարտվել է 15 մ բարձրությամբ տաճարով։ Ասուրական ժամանակաշրջանում Միջագետքում տարածում է գտել տաճարային կառույցի մի այլ տիպ, որի հիմքում եղել է խեթական «բիտհիլանի» կառույցի սկզբունքը, միմյանցից կառուցվել են միահարկ տաճարային սենյակներ, որոնց մուտքերը բացվել են դեպի ընդհանուր սյունազարդ պորտիկը։ Կերպարվեստի հուշարձանները՝ բարձրաքանդակները, որմնանկարները, ծավալային քանդակները, օրգանապես կապված են ճարտարապետությանը, նրա նման հանդիսավոր են և մոնումենտալ։ Դրանք պատկերում են գլխավորապես կրոնական, պատերազմական, որսի և երբեմն, պալատական կյանքի տեսարաններ, որտեղ արտահայտվել են ուժեղ, պոր գերմարդու՝ թագավորի կերպարն ու նրա հաղթանակը թշնամու և վայրի կենդանիների նկատմամբ։ Միջագետքում հայտնաբերված հնագույն բարձրաքանդակները վերաբերում են Ջեմդետ–Նասրի ժամանակաշրջանին (մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջ III հազարամյակի սկիզբ) և պատկերում են ռիթմիկ հաջորդականությամբ դասավորված ժանրային տեսարաններ՝ մարդկանց և գազանների պատկերներով։ Շումերական և վաղ ասուրական բարձրաքանդակները հարթ են և ստատիկ։ Աստծո և թագավորի ֆիգուրները մյուսներից ավելի մեծ են։ Միջագետքում բարձրաքանդակներն ունեն շարունակական, պատմողական բնույթ և յուրատեսակ տարեգրություններ են՝ հաճախ բացատրական արձանագրություններով։ Տարեգրական բովանդակություն ունեն այսպես կոչված «Բալավատյան դարպասների» երեսապատ բրոնզե թիթեղների վրա դրվագված բարձրաքանդակները, որոնք պատկերում են Սալմանասար III-ի հաղթարշավը դեպի Տիգրիսի ակունքը։ Բարձրաքանդակային արվեստը, որը սկսվել է ստատիկ գծային պատկերից, ուշ ասուրական ժամանակաշրջանում հասել է կենդանի, դինամիկ, բարդ և տարածական կոմպոզիցիաների այնպիսի կատարելության, ինչպիսին առյուծների որսի նշանավոր տեսարանն է Աշշուրբանիպալի պալատում (Նինվե)։ Վաղ շումերական ժամանակաշրջանում տարածում են գտել պաշտամունքային բովանդակությամբ ծավալային փոքըր քանդակները՝ պատրաստված քարից կամ բրոնզից։ Պայմանական, սխեմատիկ և չմանրամասնված ձևերով արված ֆիգուրները կարճահասակ են, հաղթանդամ, ցցուն քթով, մեծ, գունավոր քարերով ընդելուզված աչքերով (Աշնունակ, Ուրուկ)։ Աքքադական ժամանակաշրջանի փոքրաթիվ քանդակներում զգացվում է բրոնզի ձուլման, դրվագման և փորագրության մեծ վարպետություն, դիմանկարի անհատականություն (Նինվեի տիրակալի բրոնզե գլուխը, մ․ թ․ ա․ XXIII դ․)։ Ասուրական ծավալային քանդակագործության նմուշներում արտահայտված է բարձրաքանդակային մտածողությունը։ Երկրաչափական պարզ ձևերի մեջ ներգծված քանդակները նախատեսված են հիմնականում ճակատային դիտակետի համար (Աշշուրնասիրպալ II-ի արձանը Կալխուում)։ Սովորաբար պալատական սենյակների մուտքերի երկու կողմում դրվող «պահապան ոգիների» (մարդու գլխով ու թևավոր ցուլի կամ առյուծի մարմնով ֆանտաստիկ էակների) քանդակները առջևից ունեն ծավալային մշակում, իսկ կողքից խորաքադակ են։ Միջագետքի որմնանկարները հիմնականում կրկնում են բարձրաքանդակների մոտիվները, լուսաստվերից զուրկ, հարթ պատկերներ են, հարմոնիկ համադրությամբ, պայմանական գույներով և սև, ընդգծված եզրագծով։ Համեմատաբար լավ են պահպանվել Մարի քաղաքի պալատի և Տիլ Բարսիբի որմնանկարները։ Կիրառական արվեստը ևս ունեցել է կատարողական բարձր մակարդակ։ Պեղումներով հայտնաբերվել են գունազարդ խեցեղեն ամաններ, կիսաթանկարժեք նյութերից պատրաստված գլանաձև քանդակազարդ կնիքներ, ոսկերչական իրեր, ժանեկազարդ գործվածքների պատառիկներ, ոսկրե փորագրված առարկաներ։ Բաբելերեն , բաբելոներեն, աքքադերենի երկու բարբառներից մեկը, որ առանձնացել է հին աքքադերենի շըրջանի (մ․թ․ա․ XXIV–XXI դդ․) վերջին։ Տարածված է եղել Աքքադի հվ․ մասում։ Սովորաբար տարբերում են Բ–ի զարգացման 4 շրջան՝ հին (մ․ թ․ ա․ XX-XVII դդ․), միջին (մ․ թ․ ա․ XVI– XII դդ․), նոր (մ․ թ․ ա․ I հազարամյակի սկզբներից մինչև 605) և ուշ (մ․թ․ա․ VI դարից մինչև աքքադերենի լիակատար մահացումը)։ Երբեմն առանձին շրջան է համարվում նաև մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջի և I հազարամյակի առաջին կեսի գրավոր հուշարձանների, դպրոցական վարժությունների լեզուն։ Միջին շրջանում հոլովական վերջավորությունների անկմամբ նշանակալից տեղաշարժ է կատարվել Բ–ի պատմության մեջ։ Բ․ նոր շրջանում արտամղել է ասուրերենը և Ասորեստանի թագավորների արձանագրություններում գործածվել որպես գրական լեզու։

Բաբելոն (շումեր․ Կադինգիռա, աքքադ․ Բաբ–Իլու, բառացի՝ աստծո դարպաս), հնագույն քաղաք Միջագետքում, Եփրատ գետի ափին։ Ավերակները գտնվում են ներկայիս Հիլլա (Իրաք) քաղաքի մոտակայքում։ Առաջին անգամ հիշատակվում է Աարգոն I Աքքադացու մասին առասպելում և Ուրի III հարըստության վավերագրերում (մ․ թ․ ա․ Ш հազարամյակ)։ Բ–ի նշանակությունը մեծացել է Բաբելոնյան Առաջին հարստության ժամանակ (մ․ թ․ ա․ 1894–1595)։ Մ․ թ․ ա․ XVIII –VI դդ․՝ Բաբեչոն պետության մայրաքաղաքը։ Մ․ թ․ ա․ 691-ին կամ 689-ին Ասորեստանի թագավոր Աինաքերիբը կործանել է Բ․՝ բնակչության անհնազանդության, խռովությունների պատճառով, բայց նրա հաջորդ Ասարհադոնը մ․ թ․ ա․ մոտ 680-ին վերաշինել է քաղաքը։ Բ–ի առավելագույն ծաղկումն ու զարգացումը կապված է նոր Բաբելոնյան հարըստության ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր II թագավորի անվան հետ։ Նրա օրոք Բ․ փռվել է Եփրատի ափերին՝ կանոնավոր քառանկյունու ձևով, որի յուրաքանչյուր կողմի երկարությունն, ըստ Հերոդոտոսի, եղել է 120 ստադիոն (շուրջ 20 կմ)։ Ունեցել է կրկնակի պարիսպ, բազմաթիվ աշտարակներ ու դարպասներ։ Արտաքին պարսպի բարձրությունը եղել է շուրջ 60 մ, լայնությունը՝ 17 մ։ Արտաքին պարսպից դուրս քաղաքը երեք կողմից պատնեշել են Եփրատի ջրերով լցվող արհեստական խրամով, հսարմ․ կողմից՝ անանցանելի ճահճուտներն ու լիճը։ Քաղաքի կենտրոնով հոսող Եփրատը երկու կողմից ունեցել է պարիսպներ, որոնք եզրափակվել են վիթխարի դարպասներով։ Գետափնյա գեղատեսիլ ճանապարհները կապվել են շարժական հսկա կամուրջով ու լաստանավերով։ Բում եղել են ուղիղ փողոցներ, երեք կամ չորս հարկանի տներ։ Շքեղությամբ և ճոխությամբ առանձնացել է միջնաբերդը կամ, այսպես կոչված, արքունի քաղաքը։ Իր կնոջ պատվին Նաբուգոդոնոսոր II ստեղծել է փարթամ բույսերով ծածկված արհեստական լեռների շրջապատկեր։ 50 մ բարձրությամբ բուրգերին հանգչող կամարների վրա աճեցվել են կախովի այգիներ, որոնց մեջ տարբեր բարձրության վրա զետեղվել են զովաշունչ սենյակներ։ Այգիներին ջուր է մատակարարվել հատուկ ջրաբաշխական սարքերի միջոցով։ Թագավորական պալատին կից կախովի այ