Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐ, Երկրի երկու բնական գոաիներ Հյուսիսային և Հարավային կիսագնդերում, մոտ 20° և 30° լայնությունների միջև։ Բնութագրվում են օդի բարձր ջերմաստիճաններով (ամսական միջինը 10°C-ից բարձր), պասատային շրջանառության տիրապետությամբ և տեղումների աղքատությամբ՝ տարեկան 200 մմ–ից պակաս (բացառությամբ մայրցամաքների արլ․ լեռնային շրջանների)։ Արևադարձային գոտիների ցամաքային մասում տիրապետում են անապատները և կիսաանապատները, որոնք առավել խոնավ շրջաններում փոխարինվում են սավաննային և անտառային լանդշաֆտներով։ Այստեղ առանձնացվում են արևադարձային խոնավ անտառների, արևադարձային նոսր անտառների, չոր անտառների և սավաննաների, արևադարձային կիսաանապատների և արևադարձային անապատների զոնաները։ Արևադարձային գոտիների սահմաններում օվկիանոսը բնորոշվում է ջրի բարձր ջերմաստիճանով և աղիությամբ, թթվածնի աղքատությամբ և դրանց հետ կապված կենսաքիմիական առանձնահատկություններով։


ԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԼԻՄԱՆԵՐ, պասատների և արևադարձային մուսոնների ազդեցության տակ գտնվող լայնությունների կլիմաներ։ Պասատների կլիման բնութագրվում է տարվա ընթացքում բավական կայուն ուղղություն և արագություն ունեցող քամիներով, արևադարձային գոտու համար չափավոր բարձր ջերմաստիճանով՝ 20-27° C, հյուսիսային շրջաններում ձմռանը՝ 10-15°C, համեմատաբար փոքր ամպամածությամբ և քիչ տեղումներով (բացառություն են կազմում այն վայրերը, որտեղ լեռնագրական պայմանները նպսատում են նրանց առաջացմանը)։ Բնորոշ է արևադարձային անապատների համար։ Արևադարձային մուսոնային կլիման բնութագրվում է քամիների ուղղության սեզոնային զգալի փոփոխությամբ (ամառվանից ձմեռ՝ 120-180°), չոր ձմեռով, խոնավ արևադարձային ամառով։ Օդի ջերմաստիճանը ամռանը՝ 25-27°C։ Օվկիանոսների վրա տարեկան տատանումները փոքր են, ցամաքի վրա՝ համեմատաբար մեծ և աճում են ըստ աշխարհագրական լայնության։ Բնորոշ է արևադարձային անտառատափաստաններին։


ԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ՑԻԿԼՈՆ, արևադարձային գոտում առաջացող ցիկլոն, որի ոլորտում դիտվում են փոթորկային քամիներ․ սովորաբար 20-25, երբեմն՝ 60-65, առանձին պոռթկումների դեպքում՝100 մ/վրկ արագությամբ։ Զարգանում է համարյա բացառապես օվկիանոսների և ծովերի վրա, ամեն կիսագնդի 5-20° լայնությունների տակ։ Տրամագիծը՝ մի քանի հարյուր կմ, շարժվում է 10-20 կմ/ժ արագությամբ, Հս․ կիսագնդում սկզբում՝ դեպի հս–արմ․ (Հվ․ կիսագնդում՝ հվ–արմ․), ապա, սկսած 20-30° լայնություններից՝ դեպի հս–արլ․ (Հվ․ կիսագնդում՝ հվ–արլ․)։ Ճնշումը կենտրոնում սովորաբար նվազում է մինչև 950-970 մբ, դիտվել են դեպքեր՝ 885 մբ։ Ուղեկցվում է ուժեղ հորդառատ անձրևներով և ամպրոպներով, կենտրոնում դիտվում են թույլ քամիներ, երկինքը պարզվում է («ցիկլոնի աչք»)։ Գ․ Զուբյան


ԱՐԵՎԱԴԱՐՁԵՐ (<հուն․ τροπιός/χύχλος – պտույտի շրջան), զուգահեռականներ՝ հասարակածից 23°27՛ հյուսիս (Հյուսիսային կամ Խեցգետնի արևադարձ) և 23°27՛ հարավ (Հարավային կամ Այծեղջյուրի արևադարձ)։ Հունիսի 21-ին կամ 22-ին (ամառային արևադարձ) կեսօրին արեգակը զենիթային դիրքում է հյուսիսային արևադարձի վրա գտնվող վայրերի, իսկ դեկտեմբերի 21-ին կամ 22-ին (ձմեռային արևադարձ)՝ հարավային արևադարձի վրա գտնվող վայրերի համար։


ԱՐԵՎԱԴԱՐՁԻ ԿԵՏԵՐ, Խավարածրի ամենահյուսիսային ու ամենահարավային կետերը։ Ամառային արևադարձի կետում (նշանակվում է b, Այծեղջյուրի համաստեղության նշանով) Արեգակը լինում է հունիսի 22-ին և ունենում է առավելագույն հակում (23°27՛)։ Ձմեռային արևադարձի կետում (նշանակվում է 69, Խեցգետնի համաստեղության նշանով) Արեգակը լինում է դեկտեմբերի 23-ին և ունենում է նվազագույն հակում (-23°27՛)։ Ամառային արևադարձի ժամանակ Հս․ կիսագնդում լինում է տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ Ձմեռային արևադարձի դեպքում՝ հակառակը։ Առավելագույն ու նվազագույն ցերեկվա ու գիշերվա տևողությունները կախված են տեղի աշխարհագրական լայնությունից։ Հայաստանում դրանց առավելագույն տևողությունը 15 ժ է, իսկ նվազագույնը՝ 9 ժ։

(նկ․) Արևածաղիկ․ 1․ ցողունը՝ զամբյուղով և տերևներով, 2․ծաղկած զամբյուղի կտրվածքը ( (ա․ տերևափաթեթներ, բ. լեզվակավոր ծաղիկներ, գ․ խողովակաձև ծաղիկներ)


ԱՐԵՎԱԾԱՂԻԿ (Helianhus annuus), բարդածաղկավորների ընտանիքի միամյա բույս։ Արմատային համակարգը հզոր է, ցողունը՝ կոպիտ, թավոտ, ոչ սնամեջ, մինչև 4, 0 մ բարձրության։ Տերևները խոշոր են, սրտաձև, ծաղկաբույլը՝ զամբյուղ, պտուղը՝ սերմնապտուղ (պարունակում է 27-57% ձեթ)։ Մեղրատու բույս է։ Քուսպը սննդանյութերով հարուստ կեր է։ Ցանքը կատարվում է վաղ գարնանը։ Ցանքաշրջանառությունում լավագույն նախորդը աշնանացան ցորենն է։ Արևածաղիկները լինում են ձիթատու, ուտելու և սիլոսային։ Հայրենիքը՝ հյուսիսային Ամերիկայի հվ․ մասն է։ Արևածաղկի ամբողջ աշխարհի ցանքատարածության մոտ 70%-ը ՍՍՀՄ–ում է։ Մշակվում է ՌՍՖՍՀ–ում, Ուկրաինայում, Ղազախստանում, Մոլդավիայում և այլն։ ՀՍՍՀ–ում մշակվում է միայն սիլոսի համար։

Գրկ․ Մատթեվոսյան Ա․, Բուսաբուծություն, հ․ 1, Ե․, 1960։ Ա․ Մաթևոսյան


ԱՐԵՎԱԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ, Արևածաղիկարևակենտրոն ուսմունք, ուսմունք, ըստ որի Երկիրը և մյուս մոլորակները պտտվում են իրենց առանցքի և Արեգակի շուրջը։

Արեգակի, Երկրի և մոլորակների փոխդասավորությունն ու շարժումը հետաքրքրել է հին հույն փիլիսոփաներին։ Դեռևս մ․թ․ա․ IV դ․ Հերակլիդես Պոնտացին ընդունում էր Երկրի պտույտն իրառանցքի շուրջը։ Այն փաստը, որ Մերկուրին ու Վեներան Արեգակից շատ չեն հեռանում, նրան թույլ տվեց ենթադրել, որ այդ մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը, իսկ վերջինս էլ, երկնային մյուս մարմինների հետ՝ Տիեզերքի կենտրոնում գտնվող Երկրի շուրջը (Եգիպտական համակարգ)։ Այս համակարգը փաստորեն երկրակենտրոն համակարգի և արևակենտրոն համակարգի զուգակցումն էր։ Հայտնի է եղել նաև կրակակենտրոն համակարգը, ըստ որի Տիեզերքի կենտրոնում գտնվում է կրակը («Զևսի կրակարանը»), որի շուրջը պտտվում են Երկիրը, Լուսինը, Մերկուրին, Վեներան, Արեգակը, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը և անշարժ աստղերի ոլորտը։ Ենթադրվում էր, որ Երկրի ու կրակի միջև գոյություն ունի հակաերկիր և, քանի որ դրանց պարտման պարբերությունները նույնն են, Երկրից կրակը չի երևում։ Արեգակի վրա ընկած լույսն ու ջերմությունը հավաքվում և բաշխվում են մոլորակներին, իսկ գիշերվա ու ցերեկվա հերթափոխությունը բացատրվում էր Երկրի առանցքային պտույտով։

Մ․թ․ա․ III դ․ Արիստարքոս Սամոսացին առաջ է քաշում արևակենտրոն համակարգի վարկածը, որի համաձայն Արեգակը Երկրից մեծ է 300 անգամ, հետևաբար՝ ավելի շուտ փոքր Երկիրը պետք է պտտվի մեծ Արեգակի շուրջը, քան՝ հակառակը։ Երկիրը միաժամանակ երկու պտույտ է կատարում, մեկ տարի պարբերությամբ՝ Արեգակի շուրջը, մեկօրյա պարբերությամբ՝ իր առանցքի շուրջը։ Արեգակը աստղ է և նրա արտակարգ մեծ ու պայծառ երևալը Երկրից ունեցած փոքր հեռավորության հետևանք է միայն։ Մյուս աստղերի շուրջը ևս պետք է լինեն բնակեցված մոլորակներ։ Արիստարքոս Սամոսացին փաստորեն արևակենտրոն համակարգի հիմնադիրն է՝ «Հին աշխարհի Կոպեռնիկոսը»։ Մ․թ․ա․ II դ․ Էրատոսթենեսը ոչ միայն ընդունել է Երկրի գնդաձևությունը, այլև առաջին անգամ չափել միջօրեականի երկարությունը և ստացել ժամանակակից տվյալներին բավական մոտ արդյունք։

Արևակենտրոն համակարգի օգտին առաջ քաշված այս վարկածները դեռևս չհերքեցին Երկրակենտրոն համակարգի գաղափարը, և վերջինս շարունակեց մնալ իշխող ուսմունք։ V դարում Մարցիան Կապելյան կրկին առաջ է քաշում Հերակլիդեսի ուսմունքը։ Անանիա Շիրակացին բացատրում է Լուսնի փուլերի առաջացումը, մակընթացության և տեղատվության երևույթը համարում Լուսնի ազդեցության արդյունք։ Բիրունին ընդունում է Երկրի շարժման հնարավորությունը։ Լեոնարդո դա Վինչին ժխտում է Տիեզերքի կենտրոնի գոյությունը, Երկիրը համարում Լուսնի ու մոլորակների նման սովորական մարմին, ընդունում ոչ միայն նրա առանցքային պտույտը, այլև տեղափոխվելը։ Երկրակենտրոն համակարգին փոխարինող նոր և հիմնավորված ուսմունք առաջ է քաշվում միայն XVI դ․ կեսին՝ Ն․ Կոպեռնիկոսի «Երկնա–