Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ում Բ․ վերագրված է Բզնունիք գավառին։ Տեղական ավանդազրույցը բերդի հիմնադրումը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Իբրև Ալեքսանդր Մակեդոնացին, որ արշավել էր Հայաստան, գնահաաելով այս լեռնանցքի ռազմական դիրքը, իր Լաիս կամ Լիս զորավարին հրամայել է այստեղ կառուցել բերդ։ Նորակերտ բերդն իբր այնքան անառիկ է եղել, որ Ալեքսանդրը վերադարձին այն չի կարողացել գրավել։ Իսկ երբ բերդի բանալիները կամովին հանձնել են Ալեքսանդրին՝ նա բերդն անվանել է Չար Լիս կամ պարսկերեն թարգմանությամբ՝ Բեդ Լիս (որտեղից Բիթլիս)։ Այս ավանդազրույցի տարբերակները գրանցել են XVI դ․ քուրդ պատմիչ Շարաֆ–խան Բիդլիսին, XVII դ․ թուրք ուղեգիր Էվլիյա Չելեբին և ուրիշներ։

VII դ․ վերջից արաբական նվաճողների կայազորները հաստատվել են Բ–ում՝ այն դարձնելով Աղձնիքի տիրակալ Զուրարինների ամիրայական տոհմի նստավայրը։ Մերձակա վայրերի նկատմամբ իշխող դիրք ունենալու և առետրական ճանապարհների հանգույցում գտնվելու շնորհիվ վաճառաշահ Բ․ ապրել է վերելք։ Արաբ առաջին աշխարհագիրները Բ․ անվանել են Արմինիայի ծաղկող քաղաք։ Իսկ Թովմա Արծրունին (IX դ․) Բ․ հիշատակում է որպես «շահաստան»։ IX դ․ 2-րդ կեսից Բ–ին տիրել են Շայբանիների, X դ․ 1-ին կեսից՝ Կայսիկների արաբ ամիրայական տոհմերը։ 929–930-ին բյուգանդ․ զորավար Հովհաննես I Կուրկուասը (Գուրգեն), արշավելով Կայսիկների դեմ, ի թիվս այլ քաղաքների գրավել է նաև Բ.։ X դ․ 2-րդ կեսին, արաբական ամիրայությունների քայքայումից հետո, Բ–ում հաստատվեցին իսլամացող քրդական ցեղերը, որոնք թափանցել էին Հայոց հվ․ գավառները՝ որպես արաբական ամիրաների վարձկան զինվորներ։ X դ․ վերջին Բ․ գտնվում էր Մրվանյան քուրդ տոհմի ձեռքում։ Իսկ XI – XIX դդ․ նրան տիրել են ռուզակներ կամ ռոշկացիներ կոչվող քրդերը։ Բ․ եղել է ցեղապետների նստավայր։ Այդ ընթացքում ռուզակները Բ–ի իշխանությունը կորցրել են միայն 1139–80 և 1466–94-ին՝ 1-ին անգամ սելջուկների, 2-րդ անգամ՝ Ակ–Կոյունլուների տիրապետության օրոք։ Բ–ի քրդական իշխանությունը առավելապես հզորացել է XVI –XVIII դդ․։ Բ–ի առանձին խաներ (Շամշադդին և ուր․) նույնիսկ սեփական դրամ են հատել։ Բ–ի ռազմական դիրքի շնորհիվ թե թուրք, սուլթանը և թե պարսկ․ շահը որոնել են նրա հզոր խաների դաշնակցությունը։ XVI –XVIII դդ․ Բ–ի խանությունը կործանելու թուրքական պետության փորձերն ի վերջո ավարտվեցին անհաջողությամբ․ Թուրքիան հարկադրված ճանաչեց այն որպես Վանի Էլայեթում առանձնաշնորհ հյուքյումեթություն։

1849-ին թուրք. պետությունը, վերջնականապես ընկճելով Բ–ի քրդական խանության դիմադրությունը, գրավեց քաղաքը, ավերեց բերդը, բազմաթիվ կառույցներ։ Բ․ այնուհետև վերածվեց համանուն վիլայեթի կենտրոնի։

Նկարում` Բաղեշ (XX դ․ սկիզբ) Նկարում` Բաղեշ

Բ–ի ձորի կենտրոնում վեր խոյացող ժայռաբլրին (հայտնի է Սեպուհ կամ Քարալեռ անունով) գտնվում էր բարձրապարիսպ և ատամնաշար աշտարակներով միջնադարյան բերդը, ուր կարելի էր մտնել՝ անցնելով հաջորդաբար կառուցված 3 շարժական կամուրջները։ Ճանապարհն ուղղաբերձ է, դժվարամատույց։ Բերդի արլ․ կողմում՝ խոր ձորի եզրին կառուցված աշտարակից խաները ցած են նետել մահապարտներին։ Դրա համար էլ ժողովուրդն այն կոչել է Արյունոտ աշտարակ (Կանլի–կալե)։ Բերդի մետաղակուռ դարպասները գտնվում էին հվ․ կողմում։ Խանի ապարանքը, ինչպես և ավագանու տները (մոտ 300) բերդի ներսում էին։ Բուն քաղաքը եղել է անպարիսպ և ունեցել 6 դարպաս (գաբուսի)՝ Վանի, Չիթճիլերի, Արաբ չարսուի, Ամիրա չարսուի (Ամիրու շուկայի դուռն), Մեյվանեի և Օղրունի (Դաղտան դուռն)։ Տներն ամֆիթատրոնի ձևով փռված էին ձորի լանջերին։ Ձորի մեջ է եղել շուկան։ Տներն ու մյուս շենքերը քարակերտ էին (կառուցված տեղական թեթև «փութ» կոչվող քարից, սպիտակ մարմարից կամ խճաքարից)։ Զգալի թիվ էին կազմում բազմահարկ ապարանքներն ու քարավանատները։ Քաղաքում մինչև 1915-ը կար 4 եկեղեցի և 4 մենաստան (ըստ քաղաքի 4 կողմերի ու թեմերի), որոնք ունեին ընդարձակ ագարակներ, անդաստաններ ու այգիներ։ Հվ–արլ․ կողմում գտնվում էր Կարմրակ Ս․ Նշան (հնում կոչվել է Ս․ Կիրակոս) գմբեթավոր եկեղեցին։ Այս եկեղեցին պատկանում էր Ամլորդվու (Ամրդոլու) Ս․ Հովհաննես մենաստանին, որը շատ կարևոր դեր է խաղացել XVI –XVIII դդ․ հայ դպրության պատմության մեջ։ Այստեղ են սովորել կամ աշխատել Վարդան, Առաքել, Ներսես Բաղիշեցիները, Բարսեղ Աղբակեցին, Հովհաննես Կոլոտը, Գրիգոր Արճիշեցին և ուրիշ վարդապետգիտնականներ։ Ս․ Գևորգ քարագմբեթ եկեղեցին պատկանում էր Ս․ Աստվածածին կամ Խնդրակատար մենաստանին, Ս․ Սարգիսը՝ Ս․ Աստվածածին մենաստանին, իսկ Ս․ Պողոս–Պետրոս առաքյալների Հինգ Խորան եկեղեցին՝ Տատրաբնակ Ս․ Աստվածածին մենաստանին։ Բ–ում կային նաև բազմաթիվ մզկիթներ ու մինարեներ, դրանցից նշանավոր էին Կըգլ Մաջիդը (հնում եղել է եկեղեցի), Շեմսեդդինը, Շերեֆիեն, Մաջիդի Խաթունը։ Բ–ի ձմեռը ցուրտ է, ձյունառատ։ Գարնանն ու ամռանը նրա հարավահայաց մասում արևի ճառագայթների ներգործությունը մեծանում է և ձորալանջերի խոնավ հողը ծածկվում թավ բուսականությամբ։ Լինչը գրում է, որ բնական այդ պայմանների շնորհիվ խաշնարած ցեղերն իրենց դարավոր տիրապետության ընթացքում չեն կարողացել ոչնչացնել Բ–ի առատ բուսականությունը։ Դեռևս XIII դ․ արաբ աշխարհագիր Յակուբ ալ–Համավին Արմինիայի Բադլիսը հիշատակում է որպես «մրգառատ քաղաք»։ Գրեթե բոլոր տներն ունեին այգիներ։ Այդտեղ աճում է տանձ, խնձոր, սալոր, ծիրան, խաղող, թուզ, սերկևիլ, նուռ, բալ, կեռաս, թութ, ընկույզ, կաղին։ Օդն առողջարար է, սառնորակ ջրերը՝ առատ։ Բ–ի միջով հոսող գետակների վրա կառուցվել են բազմաթիվ կամուրջներ։ Գետակներից նշանավոր էին Ավեխու կամ Ամպա ջուրը (հայտնի է նաև Համեղաջուր անունով) և Խոսրովու կամ Խոցերու ջուրը (Ամրդոլ չայ)։ Գետակները, միախառնվելով կենտրոնական ձորում, կազմում են Բաղեշ գետը, որը թափվում է Տիգրիսի մեջ։ Բ–ում կային հասարակական բաղնիքներ (տղամարդկանց և կանանց)։ Սակայն մեծ թիվ են կազմել տնային բաղնիքները (ըստ Էվլիյա Չելեբու, XVII դ․ դրանց թիվը հասել է 600-ի)։ Երկրագործությունից բացի հայերը զբաղվում էին նաև արհեստագործությամբ և առևտրով։ Զարգացած էին կաշեգործությունը, կտավագործությունը, դերձակությունը, ներկարարությունը (առանձնապես հռչակված էր Բ–ի կարմիր տորոն կամ շիլա ներկը), զինագործությունը, հետագայում՝ ծխախոտագործությունը։ XVIII – XIX դդ․ կար 2 շուկա, շուրջ 1200 խանութ, որտեղ վաճառվում էին գլխավորապես տեղական արհեստագործական ապրանքներ։

Միջցեղային կռիվների, մշտատև բռնությունների, հարկահանությունների, ազգային ու կրոնական խտրականության հետևանքով հետզհետե նվազել է Բ–ի