Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղքատների լողացող թաղամասերը։ Օտարերկրյա կապիտալի ներթափանցմամբ․ Բ-ի տեսքը փոխվել է, տարածքը ընդարձակվել, բարձրացել են հյուրանոցների, առևտրական և արդ․, տրանսպորտային ֆիրմաների, բանկերի բաժանմունքների, հանրախանութների և բնակելի բազմաթիվ նոր շենքեր։ Գործում են բրնձազտիչ, փայտամշակման, էլեկտրատեխնիկական, ծխախոտի, թղթի, տեքստիլ, քիմիական և այլ ձեռնարկություններ, նավաշինարան։ Տարածված է թանկարժեք քարերի մշակումը, փայտից, երկաթից և փղոսկրից հուշանվերների պատրաստումը։ Բ-ում գործում են համալսարան, բժշկական, գյուղատնտ․, գեղարվեստի, բարոյական և քաղ․ գիտությունների ինստ-ներ, Պաստյորի ինստ․, Ազգային թանգարան։ Քաղաք է XVI դարից։ XVIII-XIX դդ․ բուդդայական բազմաթիվ տաճարները, Մահապրասադ թագավորական պալատը ունեն ներքին և արտաքին ճոխ հարդարանք։ Տաճարների շուրջը դրված են աստվածությունների և դևերի բազմերանգ արձաններ։ Բ․ 1782-ից Տաիլանդի մայրաքաղաքն է։

ԲԱՆԳՅՈՒՂԹՂԹԱԿԻՑ (բանվոր, գյուղացի թղթակից), բանվորներ, գյուղացիներ, ծառայողներ, սովորողներ, որոնք հասարակական հիմունքներով թղթակցում են սովետական մամուլին, օգնում կոմունիստական կուսակցությանը և սովետական կառավարությանը՝ կոմունիզմի կառուցման գործում։ Բանգյուղթղթակիցների հասարակական–քաղաքական շարժումը սերտորեն կապված է բոլշեվիկյան մամուլի պատմության հետ։ «Իսկրա», «Վպերյոդ», «Պրոլետարի», «Պրավդա» և մամուլի այլ օրգաններում տպագրվել են բանվորների թղթակցությունները։ «Պրավդա»-ի գոյության առաջին տարում տպագրվել է բանվորների 11114 թղթակցություն։ Բոլշևիկյան մամուլին բավնորերի մասսայակաՆ մասնակցությանը Վ․ Ի․ Լենինը բարձր է գնահատել։ Բ-ների շարժումը մեծ ծավալ ստացավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Բ-ները ցցուն փաստերով ներկայացնում են տեղական կյանքը, գործնականորեն դառնում կուսակցության օգնականները սոցիալիստական մրցության ծավալման, նորարարության, սովետական ապարատի աշխատանքների բարելավման և թերությունների դեմ մղվող պայքարում։ ՍՄԿԿ XII և XIII համագումարներում ընդունվել են հատուկ որոշումներ Բ-ների մասին․ նրանց ընդհանուր ղեկավարությունը հանձնարարվել է «Պրավդա» թերթին։ 1920-30-ին Բ-ների շարժումը բուռն վերելք ապրեց Հայաստանում։ 1923-ին «Խորհրդային Հայաստան» թերթում ստեղծվեց «Բանվորական կյանք» բաժինը, որը երկար տարիներ վարել է Բանվոր Սահակը (Սահակ Կիրակոսյան)։ 1926-ի մայիսի 5-ին գումարվեց բանվոր, գյուղացի, զինվորական և երիտասարդ թղթակիցների համահայաստանյան առաջին խորհրդակցությունը։ 1954-1959-ին, որպես «Սովետական Հայաստան» թերթի հավելված լույս է տեսել «Բանգյուղթղթակից» երկշաբաթաթերթը։ Հայաստանում Բ-ներին կոնկրետ և գործնական օգնություն են ցույց տալիս հանրապետական կենտրոնական թերթերը (մասնավորապես «Սովետական Հայաստան»-ը), ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը։ 1972-ի ապրիլի 14-ին կայացավ Հայաստանի Բ-ների երկրորդ համագումարը։ Այժմ ՀՍՍՀ-ի արդ․ ձեռնարկություններում, շինարարություններում, սովետական տնտեսություններում և կոլտնտեսություններում ստեղծված են բանգյուղթղթակցական հսկիչ կետեր, որոնք ակտիվորեն մասնակցում են արդ․ և գյուղատնտ․ հարցերի լուսաբանմանը, առաջավոր փորձի ընդհանրացմանն ու տարածմանը, սոցիալիստական մրցության իրագործմանը։

Գ․ Քեշիշյան

ԲԱՆԴԱ (Banda), միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսում, Սերամ, Հարավ-Արևելյան (Արու, Կայ, Տանիմբար), Վետար և այլ կղզիների միջև։ Մակերեսը 695 հզ․ կմ2 է, միջին խորությունը՝ 3064 մ, առավելագույնը՝ 7440 մ։ Հոսանքները փետրվարին ուղղված են հվ-արլ․ և արլ․, օգոստոսին՝ արմ․ և հս-արմ․։ Ջրի տարեկան միջին ջերմաստիճանը 27°C է, աղիությունը՝ 33,0–34,5°/00։ Մակնթացությունը խառն է (ալիքի բարձրությունը՝ մինչև 2,4 մ)։ Կենդանական աշխարհը հարուստ է (թռչող ձկներ, շնաձկներ, թյուննոսներ, ութոտանիներ)։ Նշանավոր նավահանգիստն է Ամբոնը։

ԲԱՆԴԱՐԱՆԱԻԿԵ Սիրիմավո (ծն․ 1916), Ցեյլոնի (1972-ի մայիսի 22-ից՝ Շրի Լանկա Հանրապետություն) քաղաքական և պետական գործիչ։ Ամուսնու՝ Սոլոմոն Բանդարանաիկեի դավադրական սպանությունից հետո (1959) Ցեյլոնի ազատության կուսակցության ղեկավարներից մեկը (1960-ի մայիսից կուսակցության նախագահ)։ 1960–65-ին եղել է պրեմիեր֊մինիստր (աշխարհում առաջին կին պրեմիեր–մինիստրը)։ Նրա կառավարությունը վարում է երկրի դեմոկրատացման, տնտ․ բարեփոխությունների և տարբեր հասարակարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության քաղաքականություն։ 1965-ի մարտից Բ․ գլխավորում էր պառլամենտական օպոզիցիան (Ցեյլոնի ազատության, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների Միացյալ ճակատը)։ Միացյալ ճակատի հաղթանակից հետո (1970-ի մայիս) վերստին Շրի Լանկայի պրեմիեր-մինիստրն է։ 1963-ին, 1967-ին և 1974-ին պաշտոնական այցով եղել է ՍՍՀՄ-ում։

ԲԱՆԴԱՐԱՆԱԻԿԵ Սոլոմոն (8․ 1․ 1899, Կոլոմբո – 26․ 9․ 1959, Կոլոմբո), Ցեյլոնի քաղաքական և պետական գործիչ։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1926-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ցեյլոնի անգլ․ գաղութային վարչությունում։ 1947–51-ին եղել է առողջապահության մինիստր։ 1951-ին հիմնադրել է Ցեյլոնի ազատության կուսակցությունը, որը միավորում էր սինհալական ազգային բուրժուազիային։ 1956-ին կազմակերպել է ժողովրդական Միացյալ ճակատը և գլխավորել կառավարությունը (1956-59), որը վարում էր երկրի քաղ․ անկախության ամրապնդման և ազգային տնտեսության զարգացման քաղաքականություն։ Սպանվել է հետադիմական ուժերի դավադրությամբ։

ԲԱՆԴԵԼԼՈ (Bandello) Սատտեո (մոտ 1485, Կաստելնուովո֊Սկրիվիա, Իտալիա-1561, Աժեն, Ֆրանսիա), իտալացի գրող, հումանիստ։ Թողել է սիրային բանաստեղծությունների մի ժողովածու, 11 երգից բաղկացած պոեմ և 214 նովել (1505-60)։ Նովելների չորսհատորյակը հրատարակվել է 1554-73-ին՝ բերելով հեղինակին համաշխարհային հռչակ։ Բոկաչչոյից հետո ճանաչվել է որպես լավագույն և ինքնատիպ նովելագիր։ Բ-ի ստեղծագործությունները նյութ են ծառայել XVI-XVII դդ․ անգլ․ դրամատուրգների (Շեքսպիր, Բոմոնթ, Ֆլեթչեր) մի շարք ողբերգությունների համար։ Ազդեցություն է ունեցել նաև Բայրոնի, Լոպե դե Վեգայի վրա։

ԲԱՆԴԻՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 7 կմ արևելք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Ունի ակումբ, գրադարան, ութամյա դպրոց, բուժկայան։ Բնակիչների նախնիները եկել են Կարսի մարզի Տիգորի գյուղից, 1829-ին։ Շրջապատում պահպանվել են ամրոցների և հնագույն բնակատեղիի ավերակներ։

ԲԱՆԴԻՏԻԶՄ (<իտալ․ bandito - ելուզակ, բանդիտ), սովետական քրեական իրավունքում պետական կառավարման և հասարակական անվտանգության հիմքերի դեմ ուղղված առավել վտանգավոր հանցագործություն։ Օրենքը բանդիտներին դասում է պետական հանցագործների թվին։ Դրսևորվում է պետական, հասարակական հիմնարկությունների կամ առանձին անձանց վրա հարձակվելու նպատակով զինված բանդաներ կազմակերպելով, ինչպես նաև մասնակցությամբ այդպիսի բանդաներին և դրանց կողմից կատարվող հարձակումներին։ Բանդան մարդկանց կայուն խումբ է։ Կայունությունը որոշվում է նրա անդամների որոշակի կապերով, նրանց՝ երկու և ավելի անգամ զինված հարձակումներ կատարելու նպատակի ընդհանրությամբ։ Բանդայի բնորոշ հատկանիշներն են՝ 1․ երկու և ավելի անձանց մասնակցությունը, 2․ անդամներից թեկուզ մեկի զինված լինելը և մյուսների՝ այդ մասին իմանալը, 3․ մասնակիցների համախմբվածությունը և կազմակերպվածությունը։ Բ․ ավարտուն հանցագործություն է համարվում բանդա կազմակերպելու պահից, եթե անգամ այդ բանդան ոչ մի հարձակում չի կատարել, որովհետև զինված բանդա ստեղծելու փաստն ինքնըստինքյան մեծ վտանգ է