Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կ․ Բասմաջյան

քննարկել միջնադարյան հայ բժշկագիտության տերմինաբանության հարցեր։ Բժշկական, պատմական թեմաներով զեկուցումներ է կարդացել Փարիզի հայկական բժշկական և Ֆրանսիայի բժշկական ընկերությունների նիստերում։ Բ․ զգալի աշխատանք է կատարել Հայաստանի պատմության տարբեր հարցերի ուսումնասիրությունների ուղղությամբ, առաջին անգամ տվել է հայ դրամագիտության պատմության ուրվագիծը։ Գ․ Լուսինյանի հեղինակակցությամբ հրատարակել է «Առձեռն բառարան հայերեն աշխարհիկ լեզվե ֆրանսերեն» (1915), որն ընդգրկում է շուրջ 42000 բառահոդված։
Երկ․ Լևոն և նուսինյան՝ վերջին թագավոր հայոց, Փարիզ, 1908։ Հայերեն արձանագրությունք Անվո, Բագնայրի և Մարմաշինու (ֆրանս․ թրգմ․ հանդերձ), Փարիզ, 1931։ Հայկական ընդհանուր դրամագիտություն և Հայաստանի վերաբերյալ դրամներ, Վնտ․, 1936։
Վ․ Մարաիրոսյան


ԲԱՍՈՎ Նիկոլայ Գենադիեիչ (ծն․ 14․ 12․1922, Վորոնեժ), սովետական ֆիզիկոս, քվանտային ռադիոֆիզիկայի հիմնադիրներից։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966), ՍՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1967), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969), Բեռլինի գերմանական ԳԱ պատվավոր անդամ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Մոսկվայի ինժեներա–ֆիզիկական ինստ–ը (1950)։ 1950-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստ–ում։
Ն․ Գ․ Բասով
Ա․ Պրոխորովի հետ մշակել է քվանտային համակարգի օգնությամբ էլեկտրամագնիսական տատանումների գեներացման նոր մեթոդ և ստեղծել ամոնիակի մոլեկուլների փնջով գործող առաջին մոլեկուլային գեներատորը (մազեր)։ Առաջարկել է օպտիկական դիապազոնով քվանտային գեներատորներում (լազեր) կիսահաղորդիչների կիրառման գաղափարը և զարգացրել կիսահաղորդչային լազերների ստեղծման մեթոդները։ Լենինյան (1959) և նոբելյան (1964) մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Լենինի շքանշանով։


ԲԱՍՈՐԻԿ, նույնանուն երկու գյուղ Արևմտյան Հայաստանի Աղձնիքի Նփրկերտ գավառում։ XX դ․ սկզբին միասին ունեին 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԲԱՍՏ, գյուղ Արևմտյան Հայաստանի Աղձնիքի Խիզան գավառում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Ստեփանոս)։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։


ԲԱՍՏԱՄՅԱՆ Վահան [մինչև հոգևորական դառնալը՝ Եղիա, 1842, Թիֆլիս–30․ 9 (13․ 12), 1881, էջմիածին], հայ մանկավարժ, բանասեր, գրող, հրատարակիչ։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1867), այնուհետև՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1868)։ Աշխատել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում որպես ուսուցիչ։ 1874-ին հիմնադրել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը, որտեղ լույս են տեսել Բ–ի մանկավարժական արժեքավոր հոդվածները։ Նրա աշխատությունները տպագրվել են նաև «Արարատ», «Փորձ» և այլ ամսագրերում։ Հրատարակել է «Մխիթար Գոշի Դատաստանագիրք հայոց, իրավաբանական հետազոտությունք հանդերձ ծանոթությամբ» (1880) ընդարձակ երկասիրությունը և այլ աշխատություններ։ Հեղինակ է նաև թվաբանական դասագրքի։ Որպես լուսավորական հայացքների տեր, առաջ է քաշել բարենորոգչական գաղափարներ, ժողովրդի առաջադիմության համար նպատակահարմար է համարել դեմոկրատական կարգերը։
Հ․ Ներսիսյան


ԲԱՍՏԻԼ, ամրոց–միջնաբերդ Փարիզի հյուսիսային մատույցներում, Սենտ–Անտուան դարպասների մոտ։ Միապետության խորհրդանիշը։ Կառուցվել է 1370-1382-ին, քանդվել 1789-91-ի ընթացքում։ Բ․ XV դարից պետական բանտ էր, որտեղ մեկուսացվել են առավելապես քաղաքական կալանավորներ։ Ապստամբած ժողովուրդը 1789-ի հուլիսի 14-ին գրավել է Բ․։ Այդ օրը դարձել է Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության սկիզբը։ Հուլիսի 14-ը (1880-ից) Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն։


ԲԱՍՏԻՈՆ (ֆրանս․ bastion, ուշ լատ․bastillio, կառուցում եմ ամրություն), ամրոցի պարսպափակի անկյուններում հնգանկյուն ամրություն՝ պարսպապատերի երկարությամբ կամ նրանց առջևի խրամատները և մոտակա տեղանքը գնդակոծելու համար։ Առաջին անգամ Բ–ները երևան են եկել Իտալիայում, XV դ․ վերջին։ Ամրոցի Բ․ բաղկացած էր մեկ կամ երկու հողապատնեշից՝ հրանոթները տեղագրելու համար։ Երկու հարևան Բ–ների իրար ուղղված մասերը և միմյանց միացնող պարիսպը կազմել են բաստիոնային ճակատը։


ԲԱՍՏՈՒՐՄԱ, տավարի մսից՝ սուր հոտով, յուրատեսակ համով մսամթերք։ Պատրաստվում է հետևյալ ձևով, միսը շերտերով (երկ․ 25-40 սմ, լայն․ 9-10 սմ, հաստ․ 2-4 սմ) կտրտելուց հետո աղ է դրվում (5-6 օր), ապա պահվում ճնշման տակ (1 -1, 5 օր), որից հետո չորացվում է հատուկ չորանոցներում (15-20 օր, 12° ջերմաստիճանի և 75% հարաբ․խոնավության պայմաններում)։ Առանձին պատրաստվում է քսուք, որը պարունակում է չամանի (քեմոնի) չորացված և մանրացված սերմեր, սխտոր, պղպեղ և աղ։ Մսի չորացված կտորները (միջին քաշը 0, 8-1, 0 կգ) ընկղմում են քսուքի մեջ, պահում 12-24 ժ, ապա հանում և կախում վերջնական չորացման։ Բ․ պատրաստ է, եթե նրա խոնավությունը 35%-ից ավելիչ է։ Այն կարելի է պահել 2-3 ամիս, 8-10° ջերմաստիճանի և օդի 80% խոնավության պայմաններում։


ԲԱՍՐԱ, Բասսորա, քաղաք Իրաքի հարավում, Բասրա լիվայի կենտրոնը։ 313 հզ․ բն․ (1965)։ Շատ–էլ–Արաբ գետի խոշոր նավահանգիստներից է, մակընթացությունների ժամանակ մատչելի է օվկիանոսային նավերի համար։ Երկաթուղային և խճուղային հանգույց է։ Ունի ալկոհոլային խմիչքների, պարանի–ճոպանի արտադրություն, արհեստագործություն, արմավի մշակություն։ Քաղաքը կտրտված է ջրանցքներով («Արևելքի Վենետիկ»)։ Հիմնադրվել է 637 կամ 638-ին, Օմար խալիֆի կողմից։
Բ–ում հայ համայնքի գոյության մասին գրավոր տեղեկությունը վերաբերում է 1222-ին, երբ քաղաքում և նրա շրջակայքում բնակվող հայերի թիվը հաշվի առնելով՝ այնտեղ հիմնվել է հոգևոր թեմ։ 1924-ին Բ–ում և շրջակայքում կար 2422 հայ, 1967-ին՝ մոտ 4000։ Բասրահայ համայնքի մասն են կազմում Բ–ից 7 կմ հեռու գտնվող Մարգիլի հայերը։ Համայնքը ղեկավարում է 3 հոգուց կազմված թաղական խորհուրդը, որը պատասխանատու է Ազգային Կենտրոնական վարչությանը։ Ս․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1736-ին։ 1910-ին հիմնվել է «Վարդանանց վարժարանը»։ Այժմ գործում է «Հայ Ազգային վարժարանը», որը միավորել է (1964-ից) Բ–ի «Ղարիբյան» (հիմնված 1923-ին) և Մարգիլի «Ազգային» (հիմնված 1931-ին) վարժարանները։ Մշակութային և մարզական կյանքը ղեկավարում է Հայ երկսեռ երիտասարդաց միությունը։ (Տեսնաև Իրաք․ Հայերը Իրաքում մասը)։
Ռ․ Մարտիրոսյան


ԲԱՍՈՒ, Պասու, գյուղ Ծոփքի Պաղնատուն գավառում, Բերրի գետի (Արածանիի վտակ) աջ ափին, Խարբերդից հյուսիս–արևելք։ XX դ․ սկզբին ուներ 207 բն․ (25 տուն)։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գրիգոր Լուսավորիչ) և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մեծ մասը զոհվել է․ փրկվել է միայն 33 մարդ և տարագրվել օտար երկրներ։


ԲԱՍՈՒՏՈԼԵՆԴ, մինչև 1966-ը՝ Մեծ Բրիտանիայի տիրույթը։ 1966-ի հոկտեմբերից՝ Լեսուոո պետությունը։


ԲԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԲՍՀ), ստեղծվել է Բավարիայում, 1919-ի ապրիլի 13-ին։ Գոյատևել է մինչև 1919-ի մայիսի 1-ը։ Հոկտեմ–