Русская диалектология, под ред․ Р․ И․ Аванесова и В․ Г․ Орловой, 2 изд․, М․, 1965; Русская диалектология, под ред․ Н․ А․ Мещерского, М․, 1972․
Ա․ Ղարիբյան
«ԲԱՐԲԱՐՈՍՍ ՊԼԱՆ» («Barbarossa fall»), գերմանական կայսր Ֆրիդրիխ I Բարբարոսայի անվամբ, ֆաշիստական Գերմանիայի կողմից Սովետական Միության դեմ նախապատրաստված ագրեսիվ պատերազմի պլանի պայմանական անվանումը։ Գերմանական հրամանատարությունը «Բ․ պ․»-ի մշակմանը ձեռնամուխ եղավ 1940-ի ամռանը՝ Ֆրանսիա կատարած հաղթարշավից հետո։ Պլանի վերջնական տարբերակը Հիտլերը հաստատեց 1940-ի դեկտ․ 18-ին։ «Բ․ պ․»-ով նախատեսվում էր հզոր, արագաշարժ խմբավորումներով ճեղքել Արևմուտքում կենտրոնացված սովետական զորքերի ճակատը և խորը թիկունքային հարվածներով, 9-17 շաբաթվա ընթացքում, ոչնչացնել սովետական բանակի հիմնական մասը։ Նախապես նշանակված հարձակման ժամկետը (1941-ի մայիս), Հարավսլավիայի և Հունաստանի դեմ ձեռնարկված ռազմ. գործողությունների պատճառով, փոխադրվեց 1941-ի հունիսի 22-ին։ «Բ․ պ․»-ի իրագործման համար գերմ․ հրամանատարությունը ՍՍՀՄ–ի սահմանների մոտ կենտրոնացրել էր բանակային երեք խմբավորում՝ «Հարավ», «Կենտրոն», «Հյուսիս» (ընդամենը՝ 181 դիվիզիա), որոնց պետք է օգնեին երեք օդային տորմիղներ, ինչպես նաև ֆին․, ռումին. և հունգ․ բանակները։ Նրանց առջև խնդիր էր դրված հարձակվել ընդհանուր ուղղությամբ՝ Կիևի, Մոսկվայի և Լենինգրադի վրա, գրավելով դրանք՝ դուրս գալ Արխանգելսկ–Վոլգա–Աստրախան գիծը, որով և վերջ կտրվեր պատերազմին։ Ընդհանուր առմամբ ՍՍՀՄ–ի վրա հարձակվելու համար կենտրոնացվել էր ավելի քան 5, 5 մլն զինվոր, 3712 տանկ, 47260 դաշտային հրանոթ ու ականանետ և 4950 մարտական ինքնաթիռ։ Չնայած գերմանա–ֆաշիստական զորքերի սկզբնական շրջանի որոշակի հաջողություններին, «Բ․ պ․» ձախողվեց, որովհետև այն ելնում էր սովետական պետության և նրա զինված ուժերի մասին թյուր պատկերացումներից, թերագնահատում էր ՍՍՀՄ–ի քաղ․, տնտ․և ռազմ. հզորությունը, սովետական ժողովրդի բարոյա–քաղաքական միասնությունը և գերագնահատում ֆաշիստական Գերմանիայի հնարավորությունները (տես նաև Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմ 1941-1945)։
Գ․ Ներսիսյան
ԲԱՐԲԱՐՈՍԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ (լատ․Leges barbarorum, բառացի՝ բարբարոսների օրենքներ), գերմանական ցեղերի սովորութային իրավունքի գրառումներ։ Կազմվել են V-IX դդ․՝ արտացոլելով տոհմա–ցեղային կարգերից ֆեոդալականին անցնելու ընթացքը։ Գրվել են թագավորական և դուքսական իշխանության նախաձեռնությամբ (լատ․)։ Նրա կանոնները վերաբերում էին քրեական իրավունքին, դատավարությանը, ցեղի անդամների ունեցվածքային հարաբերություններին, նոր կազմավորվող պետության մարմիններին։ Դրանք վկայում են հասարակության շերտավորման, համայնական կարգերի քայքայման ու պետության առաջացման, թագավորի և եկեղեցու իշխանության ուժեղացման մասին։ Ֆեոդալական կարգերի ամրապնդմանը զուգընթաց Բ․օ․ կորցրեցին իրենց նշանակությունը և XI դ․ մեծ մասամբ դադարեցին կիրառվելուց։
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐ (հուն․ βάρβαροι - ծանրածանր, լատ․ barbari), բառ, որով հին հույները, ապա նաև հռոմեացիները անվանել են իրենց լեզուն չհասկացող և անհասկանալի լեզվով խոսող բոլոր օտարներին, որոնց խորթ էր «իսկական»՝ հելլենիստական մշակույթը։ Մ․ թ․ սկզբին Բ․ հաճախ անվանել են գերմանական ցեղերին։ Նոր շրջանում Բ․ արտահայտությունը պատմագիտության մեջ կիրառվելէ՝ նշելու Հռոմեական կայսրության տարածքը ներխուժած և թագավորություններ հիմնած ժողովուրդներին։ Բ–ի սովորութային իրավունքի գրառումները հայտնի են բարբարոսական օրենսգրքեր անունով։ Բարբարոսական նվաճումները մեծ դեր են խաղացել Հռոմեական կայսրության տարածքում ստրկատիրության վերացման և ֆեոդալական կարգերի հաստատման գործում։ Միջնադարում հայ հեղինակները Բ․ անվանել են ոչ հայերին, օտարներին։ Փոխաբերական իմաստով Բ․ օգտագործվում է որպես հետամնաց, մշակութային արժեքները ոչնչացնող մարդկանց բնութագրող արտահայտություն։
ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ, XVIII - XI X դարերում եվրոպական գիտության մեջ ընդունված մարդկության պատմության բաժանման (վայրենություն, բարբարոսություն, քաղաքակրթություն) երկրորդ շրջանը։ Առաջարկել է շոտլանդացի փիլիսոփա Ա․ Ֆերգյուսոնը XVIII դ․ 60-ական թթ․, համակողմանի հիմնավորել՝ ամերիկացի գիտնական Լ․ Գ․ Մորգանը, ըստ որի՝ Բ–յան շրջանը սկսվում է բրուտության երևան գալով և ավարտվում գրերի գյուտով։ Մորգանի բաժանումը որոշ լրացումով ընդունել է Էնգելսը՝ ընդգծելով նրա պայմանականությունը։ Այժմ ուսումնասիրողների մեծ մասը չի ընդունում Մորգանի բաժանումը։ Գիտությունը մշակում է նախնադարյան պատմության նոր բաժանում։ Հնագիտական բաժանմամբ Բ–յանը հիմնականում համընկնում են նեոլիթը, բրոնզի դարը և վաղ երկաթի դարը (Հայաստանում՝ մոտ մ․ թ․ ա․ V հազարամյակի կեսերից մ․ թ․ ա․I հազարամյակի VI դ․)։
Գրկ․ Էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե․, 1965։ Морган Л․ Г․, Древнее общество, М․, 1935; Толстов С․ П․, К вопросу о периодизации истории первобытного общества, «Советская этнография», 1964, № 4․
ԲԱՐԲԵՐ (Barber) Սեմյուել [ծն․ 9․3․1910, Ուեսթչեստեր (Փենսիլվանիա)], ամերիկացի կոմպոզիտոր։ Սովորել է Քյորտիսի երաժշտական ինստ–ում (Ֆիլադելֆիա)։ Վաղ շրջանի ստեղծագործություններում հետևել է ռոմանտիկների ավանդույթներին, հետագայում համադրելով կիրառել է նաև նեոկլասիցիզմի տարրեր։ Բ–ի ոճի ինքնատիպ գծերը ի հայտ են եկել ջութակի կոնցերտում (1939), ապա առավել դրսևորվել «Այծեղջյուրի կոնցերտում» (ֆլեյտայի, հոբոյի, շեփորի և լարային նվագախմբի համար, 1944), թավջութակի կոնցերտում (1945), «Մեդեա» սյուիտում (1947)։ «Թավջութակի և դաշնամուրի սոնատ» (1932) ու «Երաժշտություն գրված Շելիի մի տեսարանի համար» (1933) գործերն արժանացել են ամերիկյան Հռոմի մրցանակին (1935)։ Շահել է նաև Պուլիցեր մրցանակը (1935-ին և 1936-ին)։ 1962-ին համերգներով հանդես է եկել ՍՍՀՄ–ում (Մոսկվա, Լենինգրադ)։
ԲԱՐԲԻԵ (Barbier) Օգյուստ (29․4․1805, Փարիզ - 13․2․1882, Նիցցա), ֆրանսիացի բանաստեղծ։ Ֆրանս. ակադեմիայի անդամ (1869)։ Ճանաչվել է «Յամբեր» (1831) բանաստեղծությունների ժողովածուով։ «Ողբ» (1833) եղերերգությունների և սոնետների շարքում պատկերել է օտար լծի տակ տառապող Իտալիան, կանխատեսել նրա վերածնունդը։ «Հերոսական հանգեր» (1843) գրքում գովերգել է հեղափոխության, ազգային–ազատագրական պայքարի հերոսներին։ Աշխատավորության կյանքի մասին պատմել է «Ղազարոս» (1867) ժողովածուում։ Առաջին անգամ ֆրանս․ պոեզիայում պատկերել է պրոլետարիատի կյանքը։ Նոր շրջափուլ է բացել Ֆրանսիայում քաղաքացիական պոեզիայի պատմության մեջ։ Թարգմանել է Զ․ Բոկաչչոյից, Վ․ Շեքսպիրից, Ս․ Քոլրիջից և ուրիշներից։
Ա․ Գասպարյան
ԲԱՐԲԻԶՈՆԻ ԴՊՐՈՑ, XIX դարի 30-60-ական թթ․ ֆրանսիացի ռեալիստ բնանկարիչների խումբ, որ ստեղծագործել է Բարբիզոն (Barbizon) գյուղում (որից էլ խումբը ստացել է «բարբիզոնցիներ» անունը), Ֆոնտենեբլո անտառի մոտակայքում (Փարիզից հարավ–արևելք)։ Ստեղծվել է դեմոկրատական շարժման վերելքի, ազգային ռեալիստական արվեստի ձևավորման պայմաններում, երբ ճգնաժամ էին ապրում ակադեմիական ու ռոմանտիկական դպրոցները։ Ակադեմիստների իդեալականացված ու պայմանական «պատմական բնանկարին» և ռոմանտիկ երևակայության պաշտամունքին հակառակ Բ․դ․ առօրյա կյանքի տեսանկյունից է հավաստել Ֆրանսիայի իրական բնության գեղագիտական արժանիքը։ Բարբիզոնցիները հենվել են XVII դ․ հոլանդական գեղանկարչության և XIX դ․ սկզբի անգլ․բնանկարիչների (Ջ․ Կոնստեբլ, Ռ․ Բnնինգտոն) ժառանգության վրա, սակայն առաջին հերթին զարգացրել են XVIII դ․և XIX դ․ 1-ին քառորդի ֆրանսիական ռեալիստական բնանկարչության միտումները (Ժ․ Միշել և ռոմանտիկ դպրոցի վարպետներ Թ․ Ժերիկո, Է․ Դելակրուա)։ Բնանկարը ազատելով կանոնիկ սխեմաներից, ուսումնասիրելով Ֆրանսիայի տարբեր վայրերը (Բարբիզոնից բացի աշխատել են Իլ–դե–Ֆրանսում, Նորմանդիայում, Բուրգունդիայում ևն), ձգտելով բնանկարչական մոտիվների անհատականացման, բնության, լույսի և օդի բազմազան վիճակների պատկերման (տես Պլենէր)՝ բարբիզոնցիները մեծ նշանակություն են տվել բնանկարի գեղարվեստական ընդ–