ու շինարարական աշխատանքները։ Թերթոնի ձևով տպագրել է վեպեր։
«ԱՐԵՎԵԼՔ», քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ։ Լույս է տեսել 1931-1939-ին, Ստամբուլում։ Խմբագրել է Խ․ Ճամճյանը՝ Թ․ Ազատյանի աշխատակցությամբ։ Լայն տեղ է հատկացրել միջազգային քաղաքական լուրերին, Թուրքիայի հասարակական ու տնտեսական կյանքի լուսաբանմանը, նյութեր է տպագրել Թուրքիայի հայության և հայ գաղթօջախների մասին։ «Արևելքը» ունեցել է Խորհրդային Հայաստանին նվիրված մշտական բաժին, ուր պարբերաբար հոդվածներ և լուրեր է տպագրել նրա արդյունաբերության և մշակութային նվաճումների մասին, հրապարակել է Հայաստան այցելած սփյուռքահայ անվանի դեմքերի (Ա․ Չոպանյան, Լ․ Կյումուշկերտան) տպավորությունները։ Հարուստ էր գրականբաժինը։ «Արևելքը» պարբերաբար հրատարակել է սփյուռքի և սովետահայ գրողների, ռուս և եվրոպական հեղինակների արձակ ու չափածո գործեր, գրական–քննադատական և արվեստի հարցերին նվիրված հոդվածներ։ 1932-ին «Արևելքը» լույս է ընծայել նույնանուն կիսամսյա գրական հավելված (20 համար)։
«ԱՐԵՎԵԼՔ», քաղաքական, հասարակական, գրական շաբաթաթերթ, 1945-ից՝ եռօրյա։ Լույս է տեսել 1943-46-ին, Թավրիզում (Իրան)։ Հրատարակվել է «Հակաֆաշիստական թերթիկ» (1943-44), «Հակաֆաշիստական թերթ» (1944), «Հակաֆաշիստ» (1944-45) անուններով։ Խմբագիր՝ Դ․ Գևորգյան։ Լուսաբանել է Հայրենական մեծ պատերազմի ընթացքը, խորհրդային ժողովրդի հերոսական պայքարը ֆաշիզմի դեմ։ Տպագրել է Սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունները, հոդվածներ և ակնարկներ հայ ռազմիկների քաջագործությունների մասին, բանաստեղծություններ, պատմվածքներ, Խորհրդային Հայաստանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքը պատկերող լուրեր։
«ԱՐԵՎԵԼՔ», կիսամսյա հանդես։ Հրատարակվել է 1855-56-ին, Փարիզում։ Խմբագիր՝ Ս․ Ոսկանյան (Ոսկան)։ Տպագրել է պատմական, գեղարվեստական և քննադատական երկեր։ Արծարծել է հայ հասարակական կյանքի վերափոխման հարցեր, քննադատել հետադիմական գործիչներին։ Ունեցել է գիտական, վիպական, պատմական, բանահյուսական, ազգային, երկրագործական և այլ բաժիններ։ Հիմնական նյութերը գրել կամ թարգմանել է Ստեփան Ոսկանը, որ ստորագրել է նաև Հարմա, Հրանտ, Վահե ծածկանուններով։ «Արևելքն» առաջադրել է ազատագրական գաղափարներ, քննադատել ազգային–քաղաքական բռնացումները Թուրքիայում։ Իր ընթերցողների գրական ճաշակը բարձրացնելու նպատակով տպագրել է հակիրճ տեսություններ եվրոպական (մասնավորապես ֆրանսիական) գրողների (Կոռնել, Լա–ֆոնտեն, Լաշամբոդի, Ֆլորիան, Ռուսո, Շատոբրիան, Միցկևիչ, Դյումա–որդի և ուրիշներ) երկերի մասին և թարգմանաբար տպագրել նրանցից շատերի գործերը։ Իր ճոխ ու պատկերավոր արևմտահայերենով պարբերականը զգալիորեն նպաստել է աշխարհաբարի զարգացմանն ու մշակմանը, հայերենի բառաշինությանը։
(նկ․) «Արևելք» թերթի գլխագիրը
«ԱՐԵՎԵԼՔ–ԱՐՁԱՆ», հանդես գրականության ու արվեստի։ Լույս է տեսել 1933-ին, Ստամբուլում։ Տնօրեն՝ Վ․ Պերպերյան։ Ստեղծվել է Ստամբուլում լույս տեսնող «Արևելք»-ի գրական հավելվածի (1932) և «Արձան» (1932) գրական պարբերականի միացումով։ Հանդեսը նպատակադրվել էր ազատ բեմ դառնալ Ստամբուլի հայ գրողներին, որոնք ցանկանում էին իրենց նպաստը բերել հայ գրականությանը, օգնել նրա տարածմանը։ Տպագրել է եվրոպական դասական գրականության նմուշներ, գրախոսականներ հայ և օտար գրողների մասին, ընթերցողներին ծանոթացրել հայ խորհրդային գրականությանը։ Պարբերականին աշխատակցել են Վ․ Թեքեյանը և այլ սփյուռքահայ գրողներ։
ԱՐԵՎԵԼՔԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ Մոսկվայում, հիմնադրվել է 1918-ին, որպես Արևելքի արվեստների թանգարան, 1925-62-ին կոչվել է Արևելյան մշակույթների պետական թանգարան, 1962-ից՝ ներկա անունով։ Հավաքածուն կազմված է Արևելքի ժողովուրդների հին և ժամանակակից գեղանկարչության, քանդակագործության, դեկորատիվ–կիրառական արվեստի ավելի քան 30 հզ․ ցուցանմուշներից (1972)։ Հարուստ է ներկայացված Չինաստանի, Ճապոնիայի, Իրանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի մշակույթը։ Հայկական արվեստը (600 նմուշ) ներկայացված է Հ․ Հովնաթանյանի («Դ․ Քարաջյանի դիմանկարը») և նրա դպրոցի անհայտ նկարիչների («Թովմաս Օրբելյանի դիմանկարը»), Ս․ Ներսիսյանի, Գ․ Բաշինջաղյանի, Մ․ Սարյանի, Հ․ Կոջոյանի, Ա․ Սարգսյանի և այլոց գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական աշխատանքներով, ինչպես և հայ ազգային դեկորատիվ–կիրառական արվեստի ցուցանմուշներով։
ԱՐԵՎԻԿ (մինչև 1945-ը՝ Թափադոլակ), գյուղ Հայկական ԽՍՀ Ախուրյանի շրջանում, Լենինական–Արթիկ երկաթուղու մոտ, շրջկենտրոնից 4 կմ հարավ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, սերմնաբուծական կայան։ Գյուղը հիմնադրվել է 1810-1815-ին։
ԱՐԵՎԻԿ (մինչև 1946-ը՝ Աղջարխ),գյուղ Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հարավ։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների և հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, կինոկետ, բուժկայան։ Արևիկից Արմավիր տանող ճանապարհի վրա գտնվում է մի բլուր, որն առաջացել է մ․ թ․ա․ III հազարամյակի կառուցողական շերտերի կուտակումների հետևանքով։ 1962-63-ին և 1966-ին կատարված պեղումների ընթացքում բլրի վրա հայտնաբեր–
(նկ․) Արևիկից գտնված իրեր 1․օջախի պայտաձև հենակ, 2․ օջախի շրջանաձև հենակ, 3․ ոսկրե հերուններ, 4․ քարե անվիկ, 5․ մանածագործական հաստոցի ծանրոցաքար, 6․ արծաթափայլ, թռչունների պատկերներով զարդանախշված կավե գավաթ, 7․ արծաթափայլ կավե գավաթ