վել են հում աղյուսից կառուցված կլոր կացարաններ, որոնց կավակերտ հատակներին (հորերում) գտնվել են այրված հատիկներ, ցորենի և գարու հասկերի խրձեր, աղորիքներ, սանդեր և սանդկոթեր։ Ստվար խումբ են կազմում նաև խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ոսկորները։ Արևիկ բնակատեղիում զարգացած են եղել արհեստները (մետաղագործություն, կաշեգործություն, խեցեգործություն, մանածագործություն, քարգործություն և ոսկրի մշակման գործ)։ Հայտնաբերվել են մանածագործական գործիքներ (ոսկրե իլիկի գլուխներ, ասեղներ, մանածագործական հաստոցի ծանրոցաքարեր և այլն)։ Հատկապես ուշագրավ են կավե օջախներն ու օջախների տարատեսակ հենակները (շրջանաձև, պայտաձև, եղջերավոր և եռոտանի), մեծ կավամանները, խոր թաղարներն ու գավաթները, քրեղանները, որոնց մի մասն անփայլ է, իսկ մեծ մասը՝ սև, արծաթափայլ մակերեսով, զարդարված հիմնականում թռչունների, պարույրների, փոսիկների և ելուստների համադրություններով։ Արևիկի խեցեղենը բազմաթիվ զուգահեռներ ունի ինչպես Շենգավիթի, Էջմիածնի, Մոխրաբլուրի, Շրեշբլուրի, Ֆրանկանոցի, Գառնիի, էլարի, Նախիջևանի Քյուլթափայի, այնպես էլ Իգդիրի՝ Ցայջի և Մալաքլու, Աղստևի հովտի Բաբա–Դևրիշ բլրի, Արճեշի, Կարսի, Էրզրումի (Արծն–Խարարզ) բնակատեղիներում։ Օջախների եղջերավոր հենակները լայն տարածում ունեն Հայկական լեռնաշխարհի մ․թ․ա․ III հազարամյակի բնակատեղիներում, իսկ նրանց որոշ տարատեսակները հարավ–արևմուտքում գտնվել են Սիրիայում, Պաղեստինում (Տաբա Էլ–Ակրադ, Բեթ–Շան), իսկ Հյուսիսային Կովկասում՝ Լուգովո և Դոլինսկի բնակատեղիներում։ Դրանք բնորոշ են նաև Կրետե–Միկենյան մշակույթին և հայտնի են նեոլիթից սկսած։
Գրկ․ Ханзадян Э․ В․, Раннебронзовое поселение близ с․ Аревик, «Советскаяархеология», 1969, № 4․
«ԱՐԵՎԻԿ», աղանդերային տեսակավոր գինի։ Ստացվում է «Արևիկ» սորտի խաղողից, 1958-ից, Մեղրու գինու գործարանում։ Թնդությունը՝ 17 ծավալային %, շաքարայնությունը՝ 20% , տիտրվող թթվությունը՝ 5,5-6,0 գ/լ: «Արևիկն» ունի թեյի գույն,մարմնեղ է, ներդաշնակ։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 3 տարի։ Համամիութենական և միջազգային մրցույթներում ու համտեսներում «Արևիկ»-ին շնորհվել է 5 ոսկե և 1 արծաթե մեդալ, 1 ատեստատ, 1 դիպլոմ։
ԱՐԵՎԻՍ (մինչև 1968-ը՝ Արավուս), գյուղ Հայկական ԽՍՀ Սիսիանի շրջանում, Սիսիան գետի ակունքի մոտ, շրջկենտրոնից 18 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Գյուղից 3-4 կմ հարավ գտնվում են Թանահատ վանքի (V դ․) ավերակները։
ԱՐԵՎԻՔ, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Համապատասխանում է ՀԽՍՀ Մեղրիի շրջանին։ Հիշատակվում է VII դ․«Աշխարհացոյց» և Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքերում և այլուր։
ԱՐԵՎՄՏԱԿԱՆՆԵՐ, XIX դարի 40-50-ական թվականների ռուսական հասարակական մտքի ուղղություններից մեկի ներկայացուցիչներ, որոնք հանդես են եկել հանուն Ռուսաստանում ճորտատիրության վերացման և Ռուսաստանի արևմտաեվրոպական ուղիով զարգանալու անհրաժեշտության (այստեղից էլ անվանումը՝ «Արևմտականներ»)։ Արևմտականների մեծ մասը ծագումով ու դիրքով ազնվական–կալվածատերեր, հարուստ վաճառականներ, ռազնոչինեցներ էին, որոնք հետագայում դարձել էին գիտնականներ ու գրականագետներ, գրողներ ու հրապարակախոսներ (Պ․ Յա․ Չաադաև, Ի․ Ս․ Տուրգենև, Ն․ Ա․ Մելգունով, Վ․ Պ․ Բոտկին, Պ․ Վ․ Աննենկով, Մ․ Ն․ Կատկով, Տ․ Ն․ Գրանովսկի, Պ․ Ն․ Կուդրյավցև, Ս․ Մ․ Սոլովյով, Կ․ Դ․ Կավելին, Բ․ Ն․ Չիչերին, Պ․ Գ․ Ռեդկին, Ի․ Կ․ Բաբստ, Ի․ Վ․ Վերնադսկի, Ն․ Ա․ Նեկրասով և ուրիշներ)։ 1840-ական թթ․, սլավոնաֆիլների դեմ գաղափարական վեճերի ժամանակ, Արևմտականների հետ էին Ա․ Ի․ Գերցենը, Ն․ Պ․ Օգարյովը, Վ․ Գ․ Բելինսկին։ Արևմտականներն աշխատակցում էին առավելապես «Օտեչեստվեննիե զապիսկի» («Отечественные записки»), «Սովրեմեննիկ» («Современник»), «Ռուսկի վեստնիկ» («Русский вестник»), «Ատենեյ» («Атеней») և այլ պարբերականների։ Քննադատում և մերժում էին Ռուսաստանի միապետական–ճորտատիրական իրականությունը, դրան հակադրելով արևմտաեվրոպական միապետությունների (հատկապես Անգլիայի և Ֆրանսիայի) բուրժուական պառլամենտական, սահմանադրական կարգերը, հանդես էին գալիս Արևմտյան Եվրոպայի երկրների հետ Ռուսաստանի մերձեցման օգտին, կոչ էին անում զարկ տալ արդյունաբերության և առևտրի արագ զարգացմանը, երկաթուղիների կառուցմանը, պահանջում էին հասարակական մտքի ազատություն։ Ըստ Արևմտականների, այս ամենը իրականացվելու էր «ի վերուստ» կատարվող բարենորոգումների միջոցով, խաղաղ ճանապարհով։ 1850-ական թթ․ վերջերին հասունացող հեղափոխական իրադրության և 1861-ի գյուղացիական ռեֆորմի նախապատրաստման շրջանում հակասությունները Արևմտականների և սլավոնաֆիլների միջև հարթվեցին, քանի որ և՝ մեկը, և՝ մյուսները օբյեկտիվորեն արտահայտում էին լիբերալ կալվածատերերի և բուրժուազիայի շահերը։ Վերջիններիս գաղափարախոսության դեմ դուրս եկան հեղափոխական դեմոկրատները Չերնիշևսկու և Գերցենի գլխավորությամբ։ Ետռեֆորմյան շրջանում, կապիտալիստական զարգացման պայմաններում, արևմտականությունը, որպես ռուսական հասարակական մտքի ուղղություն, դադարեց գոյություն ունենալուց։
ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ, հրավիրվել են 1921-ին, Անդրկովկասի և Ռուսաստանի տարբեր մասերում՝ արևմտահայ գաղթականությանը խորհրդային իշխանության շուրջը համախմբելու նպատակով։ Թիֆլիսում կայացած համագումարում (մարտի 27-ին և օգոստոսի 21-ին) գաղթականությանը կոչ արվեց միահամուռ ուժերով ձեռնամուխ լինել խորհրդային երկրի վերաշինությանը։ Ընտրվեց արևմտահայ գաղթականության Թիֆլիսի բյուրո (15 անդամ)։ Մայիսի 21-ին նույնպիսի համագումար հրավիրվեց նաև Էջմիածնում։ Արևմտահայ գաղթականության համահայաստանյան համագումարը կայացավ Երևանում, նոյեմբերին, 400 պատգամավորների մասնակցությամբ։ Համագումարն ընտրեց Հայաստանի արևմտահայ աշխատավորների Կենտրոնական վարչություն՝ Գ․ Մ․ Վարդանյանի նախագահությամբ։ Արևմտահայ աշխատավորների համագումարները մեծ դեր խաղացին դաշնակցականների հակախորհրդային քարոզչությունը մերկացնելու և գաղթականական զանգվածներին խորհրդային շինարարության մեջ ներգրավելու համար։
ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈՒ, արևմտահայերեն, աշխարհաբարի կամ նոր հայերենի երկու տարբերակներից մեկը, հայ ժողովրդի արևմտյան հատվածի (մինչև 1915), այնուհետև սփյուռքահայության գրական լեզուն։ Ստեղծվել է Պոլսի բարբառի հիման վրա՝ ներառելով իր մեջ «կը» ճյուղի մյուս բարբառների ընդհանրական տարրերը։ Սկսել է ձևավորվել XII դարից և աստիճանաբար մշակվել, հղկվել, կատարելագործվել արևմտահայ մշակույթի գլխավոր կենտրոններում (Կ․Պոլիս, Զմյուռնիա, Վենետիկ, Վիեննա և այլն)։ Արևմտահայ գրական լեզվի զարգացումը նախապես կրել է տարերային բնույթ, վաղ շրջանում հատկանշվել է գրաբարյան, միջին հայերենի, բարբառային և օտարամուտ անհարկի տարրերով ու ձևերով, որոնք հետզհետե դուրս են մղվել գործածությունից և փոխարինվել գրական համարժեքներով։ Արևմտահայ գրական լեզուն XIX դ․ 1-ին տասնամյակներից սկսած ընդարձակելով իր ոլորտները, դարձել է հրապարակագրության, թատերագրության, գիտական, գեղարվեստական գրականության լեզու։ Արևմտահայ իրականության մեջ, հատկապես XIX դ. 40-ական թթ․ ծավալված գրապայքարը մի կողմից, բուրժուական հարաբերությունների զարգացումը և հայ ժողովրդի իբրև ազգի ձևավորման պրոցեսը մյուս կողմից, ապահովեցին Արևմտահայ գրական լեզվի վերջնական հաղթանակը և բարենպաստ պայմաններ ստեղծեցին նրա հետագա առաջընթացի համար։ Բանավոր լեզվի բառապաշարը գնալով հարստացվեց գրական երկերում՝ ի հաշիվ գրաբար և գրաբարյան արմատներով բարդված նոր բառերի, գործածությունից դուրս մղվեցին նեղբարբառային բառերն ու բառաձևերը, զգալիորեն կրճատվեցին գրաբարի, միջին հայերենի և բարբառների դրոշմը կրող քերականական բազմաձևությունները։ Բուռն զարգացում ապրեց արևմտահայ գեղարվեստական գրականության լեզուն և ժամանակի գրողների (Մ․ Պեշիկթաշլյան, Հ․ Պարոնյան, Պ․ Դուրյան, Դ․ Վարուժան, Մ․ Մեծարենց, Գ․ Զոհրապ, Սիամանթո, Ե․ Օտյան, Ա․ Արփիարյան և ուրիշներ) լեզվաշինարարական աշխատանքի շնորհիվ ավելի ու ավելի մշակվեց, կատարելագործվեց ու դարձավ հարուստ գրականլեզու։
Արևմտահայ գրական լեզուն արևելահայ գրական լեզվի համեմատությամբ, ունի առանձնահատկություններ։ Պայթականների համակարգը երկաստիճան խլազուրկ է, այսինքն՝ բ, գ, դ, ձ, ջ ձայնեղները խլանում ու հնչում են