Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուսակցություն (ԱԴԿ)։ Հիմնադրվել է 1949-ին։ Մոտ 2 հզ․ անդամ։ Բուրժուազիայի և լիբերալ մտավորականության կուսակցությունն է։ Ունի երիտասարդական կազմակերպություն («Յունգ դեմոկրատեն»)։ Տպագիր օրգանը՝ «Բեռլիներ լիբերալ ցայտունգ» («Berliner Liberale Zeitung»)։ 1963-ից ՍԴԿ–ի հետ մտնում է կառավարական կոալիցիայի մեջ։ Նացիոնալ–դեմոկրատական կուսակցություն (ՆԴԿ), արևմտագերմանական նեոնացիստական համանուն կուսակցության մասնաճյուղը։ Հիմնադրվել է 1967-ին։ Ունի մոտ 500 անդամ։

Տնտեսությունը։ Արդ․ խոշոր կենտրոն է։ Տնտեսության ետպատերազմյան զարգացումը, պայմանավորված լինելով օկուպացիոն 3 տերությունների (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա) և ԳՖՀ–ի քաղաքականությամբ, ընթացել է համարյա ամբողջությամբ մեկուսացած իրեն շրջապատող ԳԴՀ–ի տերիտորիայից։ Արտակարգ ձգձգվել է պատերազմի ավերածության հետևանքների վերացումը, արդյունաբերությունը զարգացել է դանդաղ, արդ․ և առևտրական ընկերությունները կրճատվել են (17 հզ–ից, 1938, մինչև 3 հզ․, 1968), մասնավորապես արևմտաբեռլինյան ձեռնարկությունները Արմ․ Գերմանիա փոխադրելու հետևանքով։ 1950-ին արդ․ արտադրանքի ծավալը կազմել է 1936-ի արդ․ մակարդակի 1/3-ը, 1967-ին՝ ավելացել ավելի քան երկու անգամ։ 1960–67-ին արդյունաբերության մեջ աշխատողների թիվը կրճատվել է 50 հզ–ով։ 1973-ին այդտեղ աշխատում էր 82,3 հզ․ օտարերկրացի բանվոր։ Տնտեսության մեջ որոշիչ դիրք ունի արևմտագերմանական և ամերիկյան կապիտալը։ Արտահանման 85,3 %-ը և ներմուծման 88,4%-ը 1970-ին կատարվել է ԳՖՀ–ի, մնացած մասը՝ ընդհանուր շուկայի երկրների (Նիդերլանդներ, Իտալիա), ինչպես նաև Շվեդիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ–ի, մասամբ՝ ԳԴՀ–ի հետ։ Արտահանում է մեքենաներ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, ճշգրիտ մեխանիկայի, օպտիկայի, դեղագործական արդյունաբերության արտադրանք, ներմուծում ածուխ, նավթ, անտառանյութ, քիմ․ հումք, սննդամթերք: Փողային միավորը արևմտագերմանական մարկն է։ Ապրանքների փոխադրումը Բ․ Ա–ի և արմ․ երկրների միջև կատարվում է ԳԴՀ–ի հաղորդակցության ուղիներով։

Ճարտարապետությունը։ Բ․ Ա–ում կատարվել են վերականգնման ու վերակառուցման, արդ․ ու բնակելի շրջանների կառուցապատման աշխատանքներ։ Բայց մի շարք ավերված շրջաններ չեն վերակառուցվել։ Քաղաքի պատմ․ կենտրոնը դանդաղ է կառուցապատվում, իսկ նոր կենտրոնը ձևավորվում է Կյուրֆյուրստենդամ փողոցի շրջանում։ 1957-ին կառուցվել է միջազգային շինարարական «Ինտերբաու» ցուցահանդեսի մոտ 50 շենք (ճարտ․ Լը Կորբյուզիե, Ա․ Աալտո, Օ․ Նիմեյեր և ուրիշներ)։ Խոշոր կառույցներից են՝ Շիլլերի թատրոնը, Ամերիկյան մեմորիալ գրադարանը, բարձրագույն երաժշտ․ դպրոցի համերգասրահը, Կոնգրեսհալլե դահլիճը, մեծաթռիչք կախովի ծածկով ֆիլհարմոնիկ դահլիճը, Ազգային պատկերասրահը։ Խոշոր կանաչ զանգվածներ են Տիրգարտեն զբոսայգին (Բեռլինը գրոհող հերոսների հուշարձանով, 1945, սովետական քանդակագործներ՝ Լ․ Ե․ Կերբել, Վ․ Ե․ Ցիգալ), Գրունեվալդ, Շպանդաու, Տեգել անտառները։

ԲԵՌԼԻՆԳՈՒԵՐ (Berlinguer) Էնրիկո (ծն․ 25․5․1922, Սասարի, Սարդինիա), միջազգային կոմունիստական շարժման գործիչ, Իտալիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) գլխավոր քարտուղար (1972-ից)։ Ստացել է իրավաբանական կրթություն։ 1937-ից մասնակցել է հակաֆաշիստական շարժումներին։ ԻԿԿ անդամ 1943-ից։ 1945-ին ընտրվել է Կոմունիստական երիտասարդական միության քարտուղարության անդամ, 1950–56-ին՝ Իտալական կոմունիստական երիտասարդության ֆեդերացիայի քարտուղար, 1950–53-ին՝ Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի պրեզիդենտ։ 1958–66-ին եղել է ԻԿԿ քարտուղարության անդամ, 1966-1969-ին՝ ԻԿԿ Լացիոի մարզային կոմիտեի քարտուղար, 1969-ի փետրվարից՝ ԻԿԿ գլխավոր քարտուղարի տեղակալ։ 1968-ից պառլամենտի դեպուտատ է։

ԲԵՌԼԻՆԻ ԿՈՆԳՐԵՍ 1878 (հունիսի 13 հուլիսի 13), միջազգային կոնգրես, որ հրավիրվել է Ավստրո–Հունգարիայի և Անգլիայի նախաձեռնությամբ Սան Ատեֆանոյի հաշտության պայմանագրի (տես Սան Ստեֆանոյի պայմանագիր 1878) վերանայման նպատակով։ Բ․ կ–ին նախորդեցին 1878-ի մայիսի 30-ի անգլո–ռուս․, հունիսի 4-ի անգլո–թուրք․, հունիսի 6-ի անգլո-ավստր․ գաղտնի համաձայնագրերն ու պայմանագրերը, որոնք հիմնականում