Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը» (Сборник договоров России с другими государствами․ 1856–1917 гг․, М․, 1952, с․ 205)։ Դժվար չէ նկատել, որ Բ․ կ–ի այս հոդվածով վերացվում էր բարենորոգումների իրագործման փոքրիշատե իրական երաշխիքը (ռուս. զորքերի առկայությունը հայաբնակ վայրերում)՝ այն փոխարինելով մեծ պետությունների՝ բարենորոգումներին վերահսկելու անիրական հավաքական երաշխավորությամբ։ Թեպետ Հայկական հարցը Բեռլինի դաշնագրով դադարում էր Օսմանյան կայսրության ներքին հարցը լինելուց և ստանում էր միջազգային բնույթ, սակայն դրա հետ մեկտեղ այն դառնում էր իմպերիալիստական պետությունների շահադիտական քաղաքականության և միջազգային դիվանագիտության չարաշահման առարկա, մի հանգամանք, որը բացասական հետևանքներ ունեցավ արևմտահայերի պատմական ճակատագրի համար։

Միաժամանակ Բ․ կ․ շրջադարձային կետ հանդիսացավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազատագրական պայքարը։ Հայ հասարակական-քաղաքական շրջանները, եվրոպական դիվանագիտությունից հուսախաբ, որդեգրեցին Արևմտյան Հայաստանը զինված ապստամբությամբ ազատագրելու մտայնությունը։

Գրկ․ Энгельс Փ․, Политическое положение в Европе, Маркс К․, Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 21, с․ 320–27․ Լեո, Հայոց հարցի վավերագրերը, Թ․, 1915։ Բադալյան Խ., «Հայկական հարցը» Սան–Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում 1878, Ե․, 1955։ Международные отношения и внешняя политика СССР․ Сб․док-ов (1871–1957), М․, 1957; История дипломатии, т․ 2, М․, 1962; Leart М․, La question armenienne a la lumiere des documents, P․, 1913․

Ջ․ Թորոսյան

ԲԵՌԼԻՆԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1945, տես Պոտսդամի կոնֆերանս 1945։

ԲԵՌԼԻՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Հումբոլդտների անվան, ԳԴՀ խոշորագույն համալսարանը։ Հիմնադրման սկզբից (1809) ղեկավարել է Վիլհելմ ֆոն Հումբոլդտը։ Շուտով Բ․ հ․ դարձել է Գերմանիայի առաջատար համալսարաններից մեկը։ Նրան են միացվել Պոտսդամի աստղադիտարանը, մի շարք գիտահետազոտական ինստ–ներ։ Մեծ հեղինակություն է վայելել 1887-ին բացված արլ․ լեզուների բաժինը։ Բ․ հ–ի հետ է կապված բանասերներ Յա․ և Վ․ Գրիմ եղբայրների, լեզվաբան–սանսկրիտաբան Ֆ․ Բոպպի, փիլիսոփաներ Գ․ Հեգելի, Ի․ Ֆիխտեի, ֆիզիկոսներ Գ․ Հելմհոլցի, Գ․ Կիրխհոֆի և ուրիշների գործունեությունը։ 1836-1841-ին Բ․ հ–ում սովորել է Կ․ Մարքսը, 1841-ից դասախոսություններ է լսել Ֆ․ էնգելսը։ Տարբեր ժամանակներում այնտեղ սովորել են Մ․ Աբեղյանը, U․ Կասյանը, Ա․ Շահումյանը, Հ․ Ադամյանը և ուրիշներ։ XIX–XX դդ․ Բ․ հ․ նպաստեց բնական և ճշգրիտ գիտությունների զարգացմանը։ Աշխատել են ֆիզիկոսներ Ա․ էյնշտեյնը, Է․ Շրյոդինգերը, Մ․ Պլանկը, Վ․ Ներնստը։ 1946-ին համալսարանը կոչվել է Ա․ և Վ․ Հումբոլդտների անվամբ։ Ունի 9 ֆակուլտետ (1969)՝ փիլիսոփայության, բնագիտական–մաթեմատիկական, իրավաբանական, տնտեսագիտական, մանկավարժական, աստվածաբանական, բժշկական, անասնաբուժական, գյուղատնտեսական և այգեգործական, 14 հզ․ սովորող, 1900 դասախոս, հարուստ գրադարան (հիմնված՝ 1831)։

ԲԵՌԼԻՆԻ ՊԱԿՏ 1940, ռազմա–քաղաքական դաշինք՝ կնքված Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի միջև Բեռլինում, սեպտեմբերի 27-ին, 10 տարի ժամանակով։ Բ․ պ–ով նախատեսվում էր աշխարհը բաժանել իմպերիալիստական երեք տերությունների միջև։ Եվրոպայում «նոր կարգի» ստեղծման գործում առաջատար դերը պետք է պատկաներ Գերմանիային և Իտալիային, իսկ Ասիայում՝ Ճապոնիային։ Պակտը ստորագրող պետությունները պարտավորվում էին ցուցաբերել միմյանց տնտ․, քաղ․ և ռազմ, աջակցություն։ Բ․ պ․ սերտորեն կապված էր Սովետական Միության վրա հարձակվելու ագրեսիվ պլանների հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ՍՍՀՄ–ի և հակաֆաշիստական խմբավորման մյուս պետությունների հաղթանակի հետևանքով Բ․ պ․ լուծարքի ենթարկվեց։

ԲԵՌԼԻՆԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1945, Առաջին բելոռուսական (հրամանատար՝ Սովետական Միության մարշալ Գ․ ժուկով), Առաջին ուկրաինական (հրամանատար՝ Սովետական Միության մարշալ Ի․ Կոնև), Երկրորդ բելոռուսական (հրամանատար՝ Սովետական Միության մարշալ Կ․ Ռոկոսովսկի) ռազմաճակատների հարձակողական գործողությունը Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1945-ի ապրիլի 16-ից մայիսի 8-ը) (տես Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմ 1941–45)։ 1945-ի հունվար–մարտին սովետական զորքերը, ջախջախելով թշնամու խոշոր խմբավորումները Արևելյան Պրուսիայում, Լեհաստանում և Արևելյան Պոմերանիայում, լայն ճակատով խորացան Գերմանիայի տերիտորիան։ Միաժամանակ արմ–ից սկսեցին հարձակվել անգլո–ամերիկյան զորքերը։ Գերմանա–ֆաշիստական հրամանատարությունը Բեռլինի ուղղությամբ կենտրոնացրել էր խոշոր խմբավորում՝ կազմված «Վիսլա» (3-րդ տանկային և 9-րդ բանակները) և «Կենտրոն» (4-րդ տանկային և 17-րդ բանակները) բանակների խմբից (ընդամենը՝ մոտ 1 մլն մարդ, 10400 հրանոթ ու ականանետ, 1530 տանկ և գրոհիչ հրանոթ, ավելի քան 3300 ինքնաթիռ)։ Օդեր և Նայսե գետերի արմ․ ափերին ստեղծվել էր պաշտպանական երեք գոտի՝ 20–40 կմ խորությամբ։ Բեռլինի պաշտպանական շրջանը կազմված էր 3 շրջապարսպից։

Բեռլինի ուղղությամբ սովետական հրամանատարությունը կենտրոնացրել էր 19 համազորային (այդ թվում՝ 2 լեհական), 4 տանկային, 4 օդային բանակներ (2,5 մլն մարդ, 41․600 հրանոթ և ականանետ, 6250 տանկ ու ինքնագնաց հրանոթներ, 7500 ինքնաթիռ)։ Օպերացիան սկսվեց ապրիլի 16-ին։ Առաջին բելոռուսական ռազմաճակատի զորքերը թշնամուն հարվածում էին Օդերի վրա։ Միաժամանակ Առաջին ուկրաինական ռազմաճակատի զորքերը սկսեցին գետանցել Նայսեն։ Ապրիլի 20-ին Շտետինի (Շչեցին) ուղղությամբ հարձակման անցան Երկրորդ բելոռուսական ռազմաճակատի զորքերը։ Առաջին բելոռուսական և Առաջին ուկրաինական ռազմաճակատների զորքերը, թշնամու պաշտպանությունը ճեղքելուց հետո, ձեռնամուխ եղան բեռլինյան խմբավորման մասնատման և շրջապատման գործողություններին՝ հս–ից և հվ–ից շրջանցելով Բեռլինը։ Ապրիլի 24-ին նրանք միացան Բեռլինի հվ–արլ․ ծայրամասում և թշնամու խմբավորումը բաժանեցին 2 մասի, իսկ ապրիլի 25-ին այդ ռազմաճակատների զորքերը հանդիպեցին Կետցինի շրջանում և փակեցին շրջապատման օղակը Բեռլինից արմ․, որի հետևանքով մոտ 200 հզ․ գերմանա–ֆաշիստական զորքեր ընկան շրջապատման մեջ քաղաքից հվ–արլ․ և 200 հզ․՝ բուն Բեռլինում։ Բեռլինից հվ–արլ․ շրջապատման մեջ ընկած խմբավորման ոչնչացումն ավարտվեց մայիսի 1-ին։ Բեռլինում շըրջապատված խմբավորման ջախջախումը ուղեկցվում էր համառ մարտերով։ Ապրիլի 30-ին 3-րդ հարվածային բանակի զորքերը (որի կազմում էր Հայկական 89-րդ հրաձգային Թամանյան դիվիզիան) գեն-գնդապետ Վ․ Կուզնեցովի գլխավորությամբ սկսեցին գրոհը Ռայխստագի վրա, որը վերցվեց նույն օրը երեկոյան։ Մայիսի 2-ին Բեռլինի կայազորի մնացորդները գեն․ Հ․ Վայդլինգի գլխավորությամբ գերի հանձնվեցին։ Ջախջախելով շրջապատված խմբավորումները՝ սովետական զորքերը միաժամանակ շարժվեցին արևմուտք։ Ապրիլի 25-ին Առաջին ուկրաինական ռազմաճակատի զորքերը Ռիզայի ու Տորգաուի շրջանում հանդիպեցին Առաջին ամերիկյան բանակի առաջապահ զորամասերին։ Առաջին բելոռուսական ռազմաճակատի զորքերը մայիսի 7-ին դուրս եկան Էլբա գետի ափը։ Միաժամանակ Երկրորդ բելոռուսական ռազմաճակատի զորքերը, հաջող մարտեր մղելով Արևմտյան Պոմերանիայում և Մեկլենբուրգում, ապրիլի 26-ին գրավեցին թշնամու պաշտպանական հիմնական ամրությունները Օդերի արմ․ ափին և մայիսի 3-ին դուրս եկան Բալթիկ ծովի ափը, իսկ մայիսի 4-ին՝ Էլդե գետը, որտեղ հանդիպեցին անգլ․ զորքերին։ Մայիսի 4–5-ին ռազմաճակատի զորքերը թշնամուց մաքրեցին Վոլին, Ուզեդոմ, Ռյուգեն կղզիները, իսկ մայիսի 9-ին ափ իջան դանիական Բոռնհոլմ կղզում՝ գերմ․ զորքերի կապիտուլյացիան ընդունելու համար։ Բ․ о-ի ժամանակ սովետական զորքերը ամբողջովին ջախջախեցին 70 հետևակային, 12 տանկային, 11 մեքենայացված դիվիզիաներ, գերի վերցրեցին 480 հզ․ մարդ։ Սովետական զորքերը տվեցին 304 հզ․ մարդ՝ սպանված, վիրավոր ու անհետ կորած։ Մայիսի 8-ին ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։

Սովետական զորքերի շարքերում Բ․ օ–ին մասնակցեցին մեծ թվով հայեր։ Հայկական 89-րդ հրաձգային Թամանյան դիվիզիան (տես Հայկական դիվիզիաներ Հայրենական մեծ պատերազմում) Առաջին բելոռուսական ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցեց Բեռլինի գրոհին։