Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բիլբաո (Bilbao, սկզբում՝ Belvao, բասկերեն՝ գեղեցիկ ծանծաղուտ), քաղաք Հյուսիսային Իսպանիայում, Բասկերի երկիր պատմական մարզի և Բիսկայա նահանգի կենտրոնը։ 406 հզ․ բն․ (1970)։ Նավահանգիստ Ներվիոն գետի վրա՝ Բիսկայան ծոցի մոտ։ Տրանսպորտային հանգույց է, ծանր արդյունաբերության կենտրոն։ Ունի համալսարան, տեխնիկական բարձրագույն դպրոց, Գեղեցիկ արվեստների թանգարան։ Հիմնադրվել է 1300-ին։

Բիլիարդ (ֆրանս․ billard, bille–գունդ), գնդախաղ հատուկ սեղանի վրա։ Բ–ի հայրենիքը համարվում են Հնդկաստանը և Չինաստանը։ Եվրոպայում տարածվել է XVI դարից։ Բ–ի սեղանի մակերեսը ծածկված է մահուդով, եզրերի միջին մասում և անկյուններում ունի ցանցակալված 6 անցքեր։ Խաղում են 3, 5 կամ 16 գնդերով, որոնք կրում են 1–15 համարները (16-րդ գունդը համար չունի)։ Խաղի նպատակն է հատուկ ձողափայտով (մոտ 1,5 մ երկարությամբ) գնդերը հրել անցքերի մեջ։ ՍՍՀՄ–ում տարածված են խաղի «Ամերիկանկա» և «Բուրգ» ձևերը։

Բիլինա (ստարինա), ռուսական ժողովրդական բանահյուսության ժանր, հերոսական և, սոցիալ–կենցաղային բովանդակությամբ էպիկական երգ։ Բ–ները ձևավորվել են XI – XVI դդ․։ Նրանց հեղինակները եղել են ժող․ անանուն երգիչներ, որոնք իրենց հորինածը բանավոր փոխանցել են սերունդներին։ Բ–ի հերոսները մեծ մասամբ ժողովրդի ծոցից ելած դյուցազուններ են՝ օժտված մարդկային բնավորության լավագույն գծերով։ Հայտնի են Իլյա Մուրոմեցի, Դոբրինյա Նիկիտիչի, Սադկոյի, Միկոլա Սելյանինովիչի և այլոց մասին Բ–ները։ Սովորաբար Բ–ները սկսվում են հատուկ նախերգանքով և ավարտվում վերջերգով։

Բիլիոն (ֆրանս․ billion) կամ միլիարդ, բնական թիվ, որը հավասար է հազար միլիոնի, այսինքն՝ 109։ Որոշ երկրներում (Անգլիա, Գերմանիա) այդպես են անվանում հազար անգամ ավելի մեծ թիվը՝ 10¹²։

Բիլիռուբին, տես Լեղապիգմենտներ։

Բիլիվերդին, տես Լեղապիգմենտներ։ Բիլլ իրավունքների մասին (անգլ․ Bill of Rights), սահմանադրական ակտ, որ ընդունել է անգլիական պառլամենտը 1689-ին։ Սահմանափակել է թագավորի արտոնությունները (օրենքների իրագործանը խոչընդոտելը, թագավորի օգտին գանձումները, մշտական բանակի հավաքագրումը խաղաղ ժամանակ ևն) և դրել սահմանադրական միապետության հիմքը։ Իրավունք էր տալիս հպատակներին թագավորին դիմել խնդրագրով, որի համար ոչ ոք պատասխանատվության չէր ենթարկվելու։ Արգելել է չափից շատ հարկեր դնելը և հալածանքները, մտցրել գահի ժառանգականության կարգ։ Բ․ ի․ մ․ «պանծալի հեղափոխության» իրավաբանական ձևակերպումն էր, որն ամրապընդեց խոշոր բուրժուազիայի և հողային ազնվականության մի մասի հաղթանակը բացարձակ միապետության նկատմամբ։

«Բիլոյե» («Былое», «Եղելություններ»), Ռուսաստանի հեղափոխական շարժման պատմությանը նվիրված հանդես։ Լույս է տեսել 1900–26-ին, որոշ ընդհատումներով, Լոնդոնում, Փարիզում, ապա՝ Պետրոգրադ–Լենինգրադում։ Լուսաբանել է հասարակական շարժման պատմությունը XVIII դարից մինչև 1905–07-ի հեղափոխությունը՝ ռազնոչինցիների շըրջանի նյութերի գերակշռությամբ։ Ամփոփում է արժեքավոր տեղեկություններ Ն․ Չերնիշևսկու, Մ․ Միխայլովի, Դ․ Պիսարևի և Ն․ Սերնո–Սոլովևիչի, 1870–1880-ին նարոդնիկական դատավարությունների մասին, հուշագրություններ։ Վերջին շրջանում զգալի տեղ է հատկացրել XX դ․ վերաբերող նյութերին։

Բիլրոթ Թեոդոր (26․4․1829, Բերգեն– 6․2․1894, Աբացիա), գերմանացի վիրաբույժ։ Բժշկական կրթությունն ստացել է Գրեյֆսվալդում և Բեռլինում։ 1859-ին՝ Ցյուրիխի, իսկ 1867-ին՝ Վիեննայի վիրաբուժական կլինիկայի պրոֆեսոր։ Բ–ի աշխատությունները նվիրված են ստամոքսաղիքային (որկոր, ստամոքս), միզասեռական օրգանների (շագանակագեղձ), ներզատական գեղձերի (խպիպ) վիրաբուժությանը։

Բիկարբանոտներ, թ թ ու կարբոնատներ, ածխ աթթվի թթու աղերը։ Տաքացնելիս կամ թթվի ազդեցությամբ քայքայվում են (անջատելով CO2) և վերածվում կարբոնատների։ Ջրում լավ են լուծվում։ Ջրային լուծույթներում հիդրոլիզվում են։ Գործնական նշանակություն ունեն նատրիումի բիկարբոնատը և ամոնիումի բիկարբոնատը (տես Ամոնիումի կարբոնատ)։

Բիկինի (Bikini), կորալային կղզիատոլ Խաղաղ օվկիանոսում, Մարշալյան արշիպելագում։ Տարածությունը՝ մոտ 5 կմ²։ 1946-ից սկսած ԱՄՆ–ը Բ–ի շրջանում կատարում էր ատոմային և ջրածնային ռումբերի փորձարկումներ։ 1954-ի մարտի 1-ին, ջրածնային ռումբի փորձարկման ժամանակ, կղզին ավերվեց։ Վերջին տարիներին կղզին վերաբնակեցվել է։

Բիկոնսֆիլդ Բենջամին, տես Դիզրաելի։

Բիկով Ռոլան Անտոնովիչ (ծն․ 12․11․1929), ռուս սովետական դերասան և ռեժիսոր։ ՌՍՖՍՀ վաստ․ արտիստ (1973)։ 1955-ից նկարահանվում է կինոյում։ Լավագույն դերերից են՝ Նիկոլայ Ուվարով («Մեր թղթակիցը», 1959), Ակակի Ակակիևիչ («Շինել»՝ ըստ Գոգոլի, 1960), Չեբակով («Բալզամինովի ամուսնությունը», 1965)։ 1965-ին «Հայֆիլմ»-ի «Բարև ես եմ» կինոնկարում կատարել է Պոնոմարյովի դերը։ Բ․ «Ցոթ դայակ», «Այբոլիտ 66», «Ուշադրություն, կրիա է», «Հեռագիր» ֆիլմերի ռեժիսորն է։

Բիկովսկի Վալերի Ֆեոդորովիչ (ծն․ 2․8․1934, Պավլովսկի Պոսադ, Մոսկվայի մարզ)* ՍՍՀՄ տիեզերագնաց օդաչու, գնդապետ։ Մովետական Միության հերոս Վ․Ֆ․ Բիկովսկի (1963)։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է Կաչինսկի ռազմաօդաչուական ուսումնարանը (1955) և ժուկովսկու անվ․ ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1968)։ 1963-ի հունիսի 14–19-ին «Վոստոկ–5» տիեզերանավով Երկրի շուրջ կատարել է 81 պտույտ (119 ժ ընդհանուր տևողությամբ)՝ անցնելով ավելի քան 3,3 մլն կմ։ Հունիսի 16-ից Բ–ու թռիչքն ընթացել է Վ․ Վ․ Նիկուանա–Տերեշկովայի ղեկավարած «Վոստոկ–6»–ի հետ միաժամանակ։ Պարգևատրվել է Լենինի շքանըշանով, այլ շքանշաններով ու մեդալներով։

Բիհար, նահանգ Հնդկաստանի հյուսիս–արևելքում։ Սահմանակից է Նեպալին։ Տարածությունը 174,0 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 55,1 մլն (1968)։ Վարչական կենտրոնը՝ Պատնա։ Բ–ի հսում Ինդոս–Գանգեսի դաշտավայրն է, հվում՝ Չհոտա–Նահպուր սարահարթի արլ․ մասը և Ռաջմահալ բարձրությունը։ Կլիման արևադարձային մուսոնային է, չոր ձմեռով և խոնավ ամառով։ Տեղումները՝ մոտ 1000 մմ։ Աճում են տերևաթափ արեվադարձային խառն անտառներ և բամբուկի մացառուտներ։ Գյուղատնտ․ լեռնահանքային և ծանր արդյունաբերության կարևոր շրջանն է։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, գարի, ջուտ, շաքարեղեգ, կարտոֆիլ։ Արդյունահանվում է կոքսացող ածուխ (Հնդկաստանի ածխի հանույթի 1/2-ը), երկաթ (հանույթի 1/4-ը), պղնձի, ուրանի հանքանյութ, փայլար (հանույթի 1/2-ը), բոքսիտներ։ ՍՍՀՄ գիտատեխնիկական համագործակցությամբ Բ–ում կառուցվել են խոշոր արդ․ ձեռնարկություններ՝ մետալուրգիական կոմբինատ Բոկարոյում, ծանր մեքենաշինության գործարան՝ Ռանչիում, նավթամշակման գործարան՝ Բարաունիում։

Բիհարներ, Հնդկաստանի Բիհար նահանգի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 37 մլն (1967)։ Բ–ի գրական լեզուն հինդին է։ Դավանում են հնդուիզմ։

Բիհեվիորիզմ (<անգլ․ behaviour – վարք), ամերիկյան հոգեբանության առաջատար ուղղություն, որը նշանակալի ազդեցություն է ունենում մարդու ուսումնասիրման հետ կապված բոլոր դիսցիպլին