Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միավորում, այդպես է կոչվում հիմնադրման թվականով)։ Աոաջին նշանակալից գործը «Գնացքը գալիս է ժամանակին» վիպակն է (1949)։ Բ-ին համաշխարհային ճանաչում բերեցին «Որտե՛ղ էիր, Ադամ» (1951), «Ու չասաց ոչ մի բառ» (1953), «Անտերունչ տունը» (1954), «Վաղ տարիների հացը» (1955), «Բիլիարդ ինն անց կեսին» (1959), «Ծաղրածուի աչքերով» (1963), «Ինքնակամ բացակայություն» (1964), «Մի գործուղման վերջը» (1966), «Դոստոևսկին և Պետերբուրգը» (հեռուստատեսային ֆիլմի սցենար, 1967–68), «Խմբանկար տիկնոջ հետ» (1971) գործերը։ Գրեթե բոլոր այս ստեղծագործություններում վերլուծված է հիտլերիզմի ոճիրների էությունը։ Բ-ի արձակի վրա զգալի է Ֆ․ Մ․ Դոստոևսկու ազդեցությունը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Բազմիցս այցելել է ՍՍՀՄ։ Սայթաքելով քաղ․ ռենեգատության գիրկը՝ պաշտպանել է գրող Ա․ Սոլժենիցինի հակասովետական գործունեությունը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1972)։

Երկ․ Անտերունչ տունը, Ե․, 1965։ Ծաղրածուի աչքերով, Ե․, 1968։ Բիլիարդ ինն անց կեսին, Ե․, 1973։

Գրկ․ Рожновский С․ Г․, Генрих Бёлль, М․, 1965․

ԲՅՈԿԼԻՆ (Bocklin) Առնոլդ [16․ 10, 1827, Բազել (Շվեյցարիա) 16․ 1․ 1901, Սան–Դոմենիկո–դի–Ֆիեզոլե (Իտալիա)], շվեյցարացի նկարիչ։ Ստեղծագործել է Բազելում, Մյունխենում, Իտալիայում։ Ձգտելով հեռանալ իրականության պատկերումից՝ սկզբնական շրջանում նկարել է առասպելական ֆիգուրներով ռոմանտիկական բնանկարներ, հետագայում՝ ֆանտաստիկ տեսարաններ («Տրիտոն և ներեիդ», 1873–74)՝ մտացածին սիմվոլիկան համադրելով մանրամասների նատուրալիստական վավերականությանը։ Ուշ շրջանի կոմպոզիցիաները («Մեռյալների կղզին», 1880) ազդել են գերմ․ սիմվոլիզմի և յուգենդստիլի ձևավորմանը։

ԲՅՈՄ–ԲԱՎԵՐԿ Օյգեն (1851 - 1914), ավստրիացի բուրժուական տնտեսագետ։ Աշխատություններում փորձել է հերքել արժեքի աշխատանքային և հավելյալ արժեքի մարքսիստական տեսությունները։ Պնդում էր, որ շահույթը հավերժական կատեգորիա է և պայմանավորվում է ոչ թե տնտ․, այլ հոգեբանական պատճառներով։ Դիտելով «օգտակարությունը» որպես արժեքի աղբյուր՝ նա փորձում էր քողարկել կապիտալի կողմից աշխատանքի շահագործումը։ Ժամանակակից բուրժ․ տնտեսագետներն օգտագործում են Բ-ի հետադիմական հայացքները՝ հիմնավորելու «կապիտալիզմի հավերժությունը» և պայքարելու մարքսիստական քաղաքատնտեսության դեմ։

ԲՅՈՌՆՍ (Burns) Ռոբերտ (25․ 1․ 1759, գ․ Ալլոուեյ, Շոտլանդիա – 21․7․1796, Դամֆրիս), շոտլանդացի բանաստեղծ։ Ձեռագիր վիճակում տարածված «Երկու հովիվ» (1784) և «Սուտ ճգնավոր Վիլլիի աղոթքը» (1785) երգիծական գործերում անողոք ծաղրի է ենթարկել եկեղեցու սպասավորներին՝ վաստակելով ազատախոհ բանաստեղծի համբավ։ Բ-ին համաժողովրդական ճանաչում է բերել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» (1786) անդրանիկ գիրքը։ Առաջին գրքի հաջողությունից հետո Բ․ տեղափոխվել է Էդինբուրգ, հետագայում՝ Դամֆրիս կոմսություն, որտեղ ձեռնամուխ է եղել շոտլանդական ժող․ երաժշտական–երգային ստեղծագործությունների հավաքման ու հրատարակման գործին։ Ժող․ բանահյուսության և շոտլանդական հին գրականության հիմքի վրա Բ․ ստեղծել է ժամանակի ոգին արտահայտող ինքնատիպ պոեզիա։ Նրա երկերում իրենց արձագանքն են գտել ֆրանս․ մեծ հեղափոխությունը («Ազատության ծառը», «Բրյուսը շոտլանդացիներին») և հեղափոխական շարժման վերելքը Շոտլանդիայում ու Անգլիայում։ Իր ստեղծագործություններում Բ․ ժողովրդին կոչ է արել պայքարել հանուն ազատության և երջանկության, հաստատել է մարդու արժանապատվությունը, որը վեր է դասել հարստությունից ու ամեն տեսակ տիտղոսներից, փառաբանել է աշխատանքը, անձնազոհ սերը, բարեկամության զգացմունքը, սարկազմով արտահայտվել իշխողների դեմ։ Բ-ի ստեղծագործություններին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը և ներքին դրամատիզմը, որը երևան է եկել նաև առանձին երկերի կոմպոզիցիայում («Ուրախ աղքատները», «Ֆինդլեյ», «Երկու շուն» ևն)։ Նրա շատ բանաստեղծություններ վերածվել են երգի և Շոտլանդիայում երգվում են ամենուր։ Բ–ի ծննդյան օրը Շոտլանդիայում նշվում է որպես ժող․ տոն։ Կ․ Մարքսը, Պ․ Լաֆարգի վկայությամբ, սիրում էր Բ-ի երգիծական և քնարական գործերը։ Բ-ի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Բ-ի որոշ գործեր հայերեն է թարգմանել Վ․ Դավթյանը։

Երկ․ Роберт Бёрнс в переводах С․ Маршака, Избранное, кн․ 1–2, М․, 1963․

ԲՅՈՌՆՍՈՆ (Bjornson), 1․ հայրը՝ Բյոռնստեռնե Մարտիկիուս (8․ 12․ 1832, Կվիկնե – 26․ 4․ 1910, Փարիզ), նորվեգացի դրամատուրգ, արձակագիր, թատերական, հասարակական գործիչ։ Ղեկավարել է Բերգենի նորվեգական (1857–58) և Քրիստիանիայի (1865–1867) թատրոնները, պայքարել ազգային դրամատուրգիայի հաստատման համար («Ճակատամարտերի միջև», 1858, «Կաղ Գուլդան», 1858, «Սվերրե արքան», 1861, «Սիգուրդ Խաչակիրը», 1872, «Մարիա Ստյուարտ՝ Շոտլանդիայի թագուհի», 1864)։ «Սնանկություն» (1875), «Խմբագիր» (1875), «Արքա» (1877) ռեալիստական, սոցիալական դրամաներում Բ․ բացահայտել է բուրժ․ հասարակարգի արատները։ Բ–ի շատ դրամաներ՝ «Նորապսակները» (1865), «Լեոնարդա» (1879), «Ձեռնոց» (1883), «Աշխարհագրություն և սեր» (1885), «Երբ ծաղկում է խաղողի մատղաշ որթատունկը» (1909), բարձրացնում են բարոյագիտական պրոբլեմներ, տղամարդու և կնոջ իրավահավասարության հարցեր։ Առանձնանում է «Մեր ուժից վեր» (1883–95) երկմասանոց դրաման, ուր տրված են կրոնի կործանարար ազդեցությունը մարդու վրա և բուրժուազիայի ու բանվոր դասակարգի հակամարտությունը։ Բ․ հեղափոխությունը ներկայացրել է որպես անարխիստական խռովություն։ Դա պայմանավորված էր Բ–ի աշխարհայացքի սահմանափակությամբ։ Արձակ գործերից հայտնի են նորվեգական գյուղը պատկերող «Սյուննևե Սուլբաքեն» (1857) և «Ձկնորսուհին» (1868) վիպակները։ XIX դ․ 90-ական թթ․ Բ․ արդեն ծանոթ էր հայ թատերասեր հասարակայնությանը։ «Սնանկություն» դրաման հաջողությամբ բեմադրվել է Բաքվում և այլուր։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1903)։

2․ Որդին՝ Բյոռն (15․11․ 1859 – 14․ 4․ 1942), դերասան, դրամատուրգ, ռեժիսոր։ Բ․ Օսլոյի Ազգային թատրոնի հիմնադիրներից էր (1899), ղեկավարը (1899–1907 և 1923–27)։ Լավագույն դերերից են՝ Պեր Գյունտ (Իբսենի «Պեր Գյունտ»), Սիգուրդ և Պաուլ (Բյոռնսոն-հոր «Սիգուրդ Խաչակիրը», «Պաուլ Լանգե և Տուրա Պարսբերգ»), Ռիչարդ III (Շեքսպիրի «Ռիչարդ III»)։ 1885-ից աշխատել է նաև որպես ռեժիսոր։ Բեմադրել է Իբսենի «Պայքար գահի համար», Բյոռնսոն–հոր «Լեոնարդա», «Պաուլ Լանգե և Տուրա Պարսբերգ», «Սնանկություն» պիեսները, Լ․ Տոլստոյի «Հարություն», «Աննա Կարենինա» վեպերի բեմականացումները։ Գրել է պիեսներ, հուշագրություններ։

Գրկ․ Меринг Ф․, Бьёрнсон, в его кн․։ Литературно-критические статьи, т․ 2, М․–Л․, 1934․

ԲՅՈՐԲԱՆԿ (Burbank) Լյութեր (7․ 3․ 1849, Մասսաչուսեթսի նահանգ, Լանկաստեր – 11․4․ 1926, Կալիֆոռնիայի նահանգ, Սանտա–Ռոզա), ամերիկյան սելեկցիոներ–դարվինիստ, ինքնուս գիտնական։ 1875-ին Սանտա–Ռոզայում, ապա Սեբաստոպոլում հիմնել է պտղաբուծարան, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը։ Ստեղծել է պտուղների, բանջարեղենի, դաշտային և դեկորատիվ կուլտուրաների նոր սորտեր։ Բ․ ազատ փոշոտումից, միջսորտային, միջտեսակային և միջցեղային հիբրիդացումից առաջացած սերմերից ստացել է անկորիզ սալոր, առանց փշերի կակտուս, թղթի նման բարակ կեղևով հունական ընկույզ, անանասի հոտով սերկևիլ ևն։

ԲՅՈՐԲԵՋ (Burbage) Ռիչարդ (մոտ 1567–1619, Լոնդոն), անգլիացի դերասան։ Բ․ Վերածննդի դարաշրջանի անգլ․ թատրոնի խոշորագույն դերասան էր, Վ․ Շեքսպիրի գործակիցը «Լորդ սենեկապանի սպասավորները» թատերախմբի կազմում։ Հատկապես Բ-ի համար Շեքսպիրը գրել է Ռիչարդ III-ի, Համլետի, Օթելլոյի, Լիրի, Մակբեթի, Պրոսպերոյի