Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աստվածածինը, այնուհետև հաջորդաբար՝ հրեշտակապետների, մարգարեների, առաքյալների, եկեղեցական հայրերի, սրբերի և Քրիստոսի կյանքի նշանակալից դրվագների պատկերները։ Նվիրապետական աստիճանավորմամբ դասավորված նկարչական այդ ծրագիրը իր ամբողջությամբ իրագործված է Ս․ Ղուկասի, Դափնիի, Նեա Մոնիի և Կիևի Ս․ Սոֆիայի խճանկարներում։ XI դ․ վերջին դանդաղ ընթացքով փոխվում է գեղազարդումների բնույթը, վերանում են աղյուսներով և քարերով հյուսված երկրաչափական ոճականացված ձևերը՝ տեղի տալով բնության կերպարներին։ Դասական ոգով քանդակված որթենիները, բողբոջները, պարուրաձև զարդերի մեջ առնված կենդանիները դառնում են ֆրիզների հիմնական թեման։ Տարածված է եղել շենքի ճակատները կրաքարե կամ մարմարե սալերով երեսապատելու միջոցը (placcatura), ընդ որում օգտագործվել են նաև այլ շենքերից վերցված, վաղ կամ ավելի ուշ շրջանի գեղազարդումներով մշակված սալեր և քանդակներ (օրինակ, Աթենքի Փոքր Մետրոպոլ եկեղեցին, Վենետիկի Ս․ Մարկոսը)։ Բյուզանդական ճարտ․ վերջին շրջանը (1204-1450) բնորոշվում է Կ․ Պոլսի, ինչպես և կայսրության սահմաններում անկախություն ստացած շրջանների (Նիկեա, Արտու, Տրապիզոն) կառուցողական արվեստով և նրա տարածմամբ Բուլղարիա, Մակեդոնիա, Սերբիա և այլուր։ Այդ շրջանի պալատները, պաշտամունքային շենքերը, մարմարե հարթաքանդակները, սրբապատկերները մշակված են պաճուճազարդ ոճով։ Հարատևում են տաճարների ավանդական տիպերի տարբերակները (Թեսալոնիկեի Ս․ Եղիա եռակոնքը և Ս․ Առաքյալներ քառասյուն գմբեթավոր դահլիճը)։ Այսպես կոչված «Միստրայի տիպի» Հոդեգետրիան (1310) կրկնում է Ս․ Իրենեի հորինվածքը, մի տարբերությամբ, որ գմբեթակիր սյուները սկիզբ են առնում երկրորդ հարկից։ Արտայի (Էպիրոս) Պարիգորիտիսսա (1283–96) եկեղեցու գմբեթատակ տարածությունը կազմավորվում է եռահարկ, կամարակապ սյունաշարով։ Ներքին մակերեսները մշակվում էին արտաքին ճակատներին բնորոշ ոճով՝ կրելով ուշ ռոմանականի ազդեցությունը։ Այս շրջանի ճարտ․, ինչպես նաև որմնանկարչությանը բնորոշ էր մակերեսների մասնատումը (սյուների, կամարաշարերի միջոցով)։ Վերանում է միասնություն առաջացնող ֆոնը (կապույտ կամ ոսկեզօծ), որմնանկարը բաժանվում է իրարից անջատ ինքնուրույն պատկերների, խախտվում է ճարտ․ և նկարչության ամբողջական կերպար ստեղծելու սկզբունքը։ Վերանում է բեմը աղոթադահլիճից բաժանող ցածր (pluteus) կամ բարձր (transenne) մարմարե վանդակորմը՝ փոխարինվելով մինչև խորանի գմբեթարդը հասնող մեկ կամ երեք դռնանի պատկերակալով (iconostasi)։ Պալեոլոգոսների տոհմը դրոշմել է իր անունը բյուզանդական ճարտ․ պատմության վերջին շրջանին։ «Պալեոլոգոսյան վերածնունդ» անվանումը, սակայն, վերաբերում է առավել չափով նկարչությանը, քան ճարտ–յանը։ 1261–1331-ի միջև ընկած ժամանակաշրջանում Կ․ Պոլսում և Մալոնիկում կառուցված սակավաթիվ շենքերը տիպով կրկնում են նախորդող՝ միջին բյուզանդական ճարտ-յան ավանդները։ Ազնվականությունը Կոմնենոսների (1081-1186) օրինակով կառուցել է պալատներ, վանքեր և տոհմական դամբարաններ։ Վերջինները հիմնականում երկու տիպի են․ առաջինը դամբանաքարով որմնախորշերն են (աբսիդաձև կամ ուղղանկյունի կամարակապ, լատ․ arcosolio < arco կամար և solium դամբան)՝ տեղադրված եկեղեցու շրջանց սրահների, հատուկ մատուռների պատերին։ Հռոմեական կայսրությունից մնացած այդ սովորույթը շարունակել են Պալեոլոգոսները, Դուկասները և Կատակուցենները։ Երկրորդ տիպը մատուռ–դամբարանն է (parekklesion), որն իբրև ինքնուրույն կառույց, դեռևս XII դ․ կիրառվել է Բուլղարիայում։ Կ․ Պոլսի հնագույն մատուռ–դամբարաններից Ս․ Մարիամ Պանաքրանտոսը (XIV դ․ 2-րդ կես)՝ 16 դամբարանով, կառուցել է Միքայել VIII Պալեոլոգոսի այրին՝ Թեոդորան, հետևելով Կոմնենոսների Քրիստոս Ամենակալ տոհմական մավսոլեոնի օրինակին։ Կոստանդինյան Լիպս վանքի կաթողիկեին կից այդ շենքը կրկնում է նարտեքսին և կողային նավերին համապատասխան եռակողմ սրահի մեջ առնված կենտրոնական, գմբեթածածկ դահլիճի տիպը։ Դահլիճն ունի չորս գմբեթակիր մույթ և դրանց միջև տեղադրված երկուական սյուն։ Նման կառույցի հնագույն օրինակներն են Կոստանդինյան Լիպս վանքի հվ․ եկեղեցին, Հուստինիանոսի շրջանի Նիկե Ննջեցելոցը և Ս․ Կլեմենտեն (Անկարա)։ Ս․ Մարիամ Պանաքրանտոսի գեղազարդումները՝ պատերի մակերեսներին սպիտակ քարերի և աղյուսների իրար հաջորդող շարքերը, եռանկյունի շարվածքով գոտիները, շրջանակները, մեանդրի մոտիվները բնորոշ են Արգոլիդեյան դպրոցին և ուշ բյուզանդական մայրաքաղաքային արվեստին։ Մատուռ–դամբարանի մյուս նմուշը Ս. Մարիամ Պամաքարիստոսը (1310) կրկնում է քառամույթ գմբեթածածկ աղոթադահլիճով երկհարկ, երկգմբեթ նարտեքսով մատուռի դասական տիպը։ Հիմնական ծավալը խորանարդաձև է, եռահարկ, ունի հինգ գմբեթ։ Պալեոլոգոսների ժամանակաշրջանին բնորոշ էր պալատական շենքերի հատուկ լուծումների կիրառումը եկեղեցական ճարտ-յան մեջ։ Օրինակ, Կահրիե–Զամիի, Օրխիդայի Ս․ Սոֆիայի սյունակամարաշար ճակատները, Ֆաթին-Ջամին։ Այդ հորինվածքը հատուկ է XIII դ․ վենետիկյան շենքերին (օրինակ, Ֆոնդակո դեի Թուրքի)։ Պալատական կառույցներից հիշարժան է Նիմֆայունի պալատի (չի պահպանվել) նմանությամբ կառուցված Ծիրանածին կայսեր պալատը։ 1340-ից մինչև Կոստանդնուպոլսի անկումը Բ–ի ճարտ-յանը բնորոշ էր առաջին Պալեոլոգոսների կառույցներում հարատևող միջին բյուզանդականի թեմաների հաղթահարումը, տեղական յուրահատկություններով լի նորարար ուղղությունների առաջացումը։ Այդ առումով նշանակալից է Թեսալոնիկեի Ս․ Սոֆիան (1312–15), կենտրոնական քառամույթ գմբեթածածկ քառակուսի տարածությամբ նաոսը (այստեղ որպես աղոթադահլիճ)՝ երեք կողմից շրջափակված սրահներով։ Կենտրոնական գլխավոր գմբեթից բացի անկյուններում դրված են ավելի ցածր և փոքր չորս գմբեթ։ Այս շրջանում մեծ ուշադրություն էր դարձվում արտաքին ծավալներին՝ անփոփոխ թողնելով նաոսը։ Պելոպոնեսի հվ–արլ․ իշխանությունում՝ Միստրան, Պոլեմոնիան՝ Պոնտոսում և առաջին Կոմնենոսի 1204-ին հիմնադրած կայսրության կենտրոնը՝ Տրապիզոնը, դարձան ճարտ-յան ծաղկման կենտրոններ։ Նույն ժամանակաշրջանում հունական կղզիներում, հատկապես Ռոդոսում, տարածվեցին գմբեթավոր քառակոնք եկեղեցիները։ XIII-XIV դդ․ Ս․ Նիկոլաոսը, Խուրմալի մեդրեսեն, Սալաքոսի Քսիմեսիս Թեոտոքոն (Ռոդոս), ինչպես և Քաղկե կղզու Բեովթիայի և Աթենքի նույնատիպ եկեղեցիները քառակոնք են և բյուզանդականից առավել հետևել են հայկ․ ճարտ-յան տիպերին (VI դարից՝ Նոր Կյանք գյուղ, Արջահովիտ, Մաստարա և VII դարից՝ Ագարակ, Արթիկ)։ Մակեդոնական շրջանից սկսած, բյուզանդական ճարտ․ տարածվում և զարգանում է Բուլղարիայում, Հարավսլավիայում (Մակեդոնիա, Սերբիա, Մորավիա), Ռուսաստանում, Ռումինիայում։

Պատկերազարդումը տես 320–321 էջերի միջև՝ աղյուսակ XXIII։

Բյուզանդական կայսրերի անվանացանկ Կոստանդին I (324–37), Կոստանցիոս I (337-61), Հուլիանոս (361–63), Հովիանոս (363-64), Վալենտինիանոս (364), Վաղես (364 78), Թեոդոսիոս I (379–95), Արկադիոս (395–408), Թեոդոսիոս II (408-50), Մարկիանոս (450–57), Լևոն I (457-74), Լևոն II (474), Զենոն (474-75, 476-91), Վասիլիսկոս (475-476), Անաստասիոս (491–518), Հուստինոս I (518 27), Հուստինիանոս I (527–65), Հուստինոս II (565-78), Տիբերիոս (578-82), Մավրիկիոս (582-602), Փոկաս (602-10)։

Հերակլիոսների դինաստիա

Հերակլիոս (610–41), Հերակլիոս–Կոստանդին III (641), Հերակլեոնաս (641), Կոստաս II (642-68), Կոստանդին IV (668-85), Հուստինիանոս II (685–95, 705 11), Լեոնտիոս (695-98), Տիբերիոս III (698-705), Փիլիպպիկոս–Վարդան (711-13), Անաստասիոս II (713-15), Թեոդոսիոս III (715-16)։

Իսավրյան դինաստիա

Լևոն III (717-41), Կոստանդին V (741-775), Լևոն IV (775-80), Կոստանդին VI և Իրինա (780-90), Իրինա (790, 797-802), Կոստանդին VI (790-97), Նիկեփորոս I (802-11), Ստավրակիոս (811), Միքայել I (811 13), Լևոն V (813-20)։

Ամորիական դինաստիա

Միքայել II (820–29), Թեոփիլոս (829-42), Միքայել III և Թեոդորա (842–56), Միքայել III (856-67)։