Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նոր Ամբերդի կայանը, «Արագած» մանկական առողջարանը, «Բյուրական» հանգստյան տունը։

Բ-ի մասին առաջին գրավոր հիշատակությունը թողել է X դ․ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը, որը, գնելով Բ․, դարձրել է իր դաստակերտը, այնտեղ կառուցել եկեղեցի (Ս․ Հովհաննես) և հաստատել կուսակրոնների միաբանություն։ Պատմագիրը հիշատակում է նաև Բ–ի ամրոցը, ուր ինքը փորձել է պատսպարվել արաբական Նըսըր ոստիկանի հետապնդումներից, սակայն, տեղեկանալով, որ արաբները մոտենում են, փախել է Բագարան։ Բ–ի բնակիչները 7 օր դիմադրել են, սակայն արաբները խուժել են ամրոց, սրի քաշել մոտ 200 մարդու և գերեվարել շատերին։ Նըսըրը, զգալով իր արարքի անարդարացիությունը, անսպասելիորեն ազատել է գերիներին։

Բ–ի ճարտ․ հուշարձաններից է Ս․ Հովհաննես թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցին, 9 մ Х 21,5 մ հատակագծային չափերով, կառուցվել է X դ․ 1-ին քառորդին։ Զուսպ ճակատները մշակված են պսակազարդ բոլորաձև և երկարավուն լուսամուտներով։ Պահպանվել են նրանցից մի քանիսի քարե նախնական ցանցերը, որպիսին ունեցել է Զվարթնոցը։ Արլ․ ճակատը մշակված է խոյակավոր որմնասյունակամարաշարով։ Մշակվածքի այս ձևը այստեղ հնագույններից է և սկզբնատիպն է Սանահինի ճարտ․ հուշարձանների ու Անիի Մայր տաճարի ճակատների նույնատիպ մշակման։ Դեկորատիվ հարդարանքով համեմատաբար հարուստ է ինտերիերը, ուր լուսամուտները պսակված են երեսակալներով, որմնասյուները՝ հոնիական քանդակազարդ խոյակներով։ Արլ․ մասում, կողմնային երկու ավանդատներով թաղածածկ աբսիդն է, որ հատակագծում ուղղանկյուն է (հազվադեպ է հայ ճարտ․ մեջ) և խորքում ունի ճոխ երեսակալով եզերված խորշ։ Աղոթասրահը երկու զույգ հզոր որմնասյուներով բաժանված է երեք մասի։ Որմնասյուների միջև ստացվում են խորշեր՝ ծածկված բարդ կտրվածքի կամարներով։ Ուշ միջնադարում վերանորոգվել են թաղածածկը և ավանդատները, հս–ից և արմ–ից կրկնակի պատեր են կառուցվել։ Հատակագծային հորինվածքով, հարդարանքի մեկնաբանությամբ յուրօրինակ տաճարը բազմաթիվ տարրերով առնչվում է Հայաստանի IV–VII դդ․ ճարտարապետությանը։ Դեռևս XIX դ․ եկեղեցու երկու կողմերում եղել են մեկական մատուռ, որոնցից մեկում կատարել են կրոնական արարողություններ, բայց 1841-ին եկեղեցու քանդված թաղածածկը վերանորոգելուց հետո արարողությունները կատարել են այնտեղ։ XVII դ․ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը Բ․ դարձրեց Էջմիածնի սեփականությունը։ 1835-ին ռուս վերակացուները Բ–ից արլ․ կառուցեցին ամառանոց, իսկ 1874-ին Գևորգ Դ կաթողիկոսը հիմնեց հայրապետական իր ամառանոցը և փայտե տախտակի վրա գրեց հիշատակարան։

XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Բ․ ունեցել է 1000-ից ավելի բնակիչ։ Մոտ 1900-ին Բ–ի մոտ գտնվել է մի կոթող, որը, ենթադրվում է, Արտաշես Ա–ի կողմից դրված սահմանաքարերից մեկն է։ 1929-ին Բ–ի մոտ, Աղվեսաձոր կոչված վայրում, հայտնաբերված դամբարանից հանվել են հարուստ նյութեր (զենքեր, գործիքներ, կավե ամաններ, զարդեր ևն)։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են նաև Ամբերդ ամրոցը (VII-XIII դդ․), Արտավազիկ եկեղեցին (VII դ․), խաչքարերով գերեզմանատներ ևն։

Գրկ. Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։ Ալիշան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․ 2], Ե․, 1948։ Якобсон А․ Л․, Из истории армянского средневекового зодчества (храм X в․ в Бюракане), «ՊԲՀ», 1971, № 2․

«ԲՅՈՒՐԱԿԱՆ», սեղանի տեսակավոր սպիտակ գինի։ Մշակվում է 1960-ից, Հայկ․ ՍՍՀ Աշտարակի շրջանում, «Ոսկեհատ» և «Ճիլար» տեսակների խաղողից։ Թնդությունը՝ 15–16 ծավ․ %, տիտրվող թթվությունը՝ 4,5–5,5 գ/լ։ «Բ․» հարդագույն է, ունի նշի դառնահամ։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 2 տարի։ Համամիութենական և միջազգային մրցույթներում ու համտեսներում «Բ․» արժանացել է 2 ոսկե և 1 արծաթե մեդալների։

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, Հայկական ՍՍՀ ԳԱ աստղաֆիզիկական գիտահետազոտական հիմնարկ։ Հիմնադրվել է 1946-ին (պաշտոնական բացումը կատարվել է 1956-ին՝ շինարարության առաջին հերթի ավարտից հետո)։ Գտնվում է Արագած լեռան հվ․ լանջին, ծովի մակարդակից շուրջ 1500 մ բարձրության վրա, Աշտարակի շրջանում, Բյուրական գյուղի մոտ։ Սովետական Միության աստղագիտական խոշոր կենտրոններից է։ Հիմնադրման օրից ղեկավարն է ակադեմիկոս Վ․ Համբարձումյանը։ Հիմնական գործիքներն են՝ ՍՍՀՄ–ում ամենամեծ՝ Շմիդի մետրանոց աստղադիտակը (աշխարհում ամենամեծ՝ մեկ մետր տրամագծով, երեք օբյեկտիվ պրիզմաներով), Շմիդի 53 սմ աստղադիտակը, 50 և 40 սմ հայելիավոր աստղադիտակները (էլեկտրալուսաչափերով և էլեկտրաբևեռաչափերով), 25 սմ աստղադիտակ–սպեկտրոգրաֆը (քվարցե պրիզմայով) և «Նաիրի» էլեկտրոնային հաշվողական մեքենաները։ 1976-ին շարք մտավ խոշորագույն (հայելիավոր) աստղադիտակ՝ 2,6 մ տրամագծով։ Ռադիոաստղագիտական կայանում տեղակայված են երկու ռադիոինտերֆերոմետր՝ տիեզերական ռադիոաղբյուրների դիտումների համար։ Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններ են՝ Գալակտիկայի և նրա բաղադրիչների (աստղակույտեր, աստղասփյուռներ, միջաստղային կլանող նյութ) կառուցվածքը, անկայուն աստղերի և միգամածությունների սպեկտրալուսաչափական, գունաչափական և բևեռաչափական հետազոտությունները, ռադիոաստղագիտությունը, աստղային կոսմոգոնիան, գերխիտ աստղային կոնֆիգուրացիաների տեսությունը և ճառագայթման տեղափոխման տեսությունը։ Վերջին տարիներին Բ․ ա–ի աշխատանքներում մեծ տեղ է զբաղեցնում արտագալակտիկական աստղագիտությունը։ Հետազոտությունների կարևորագույն արդյունքները վերաբերում են աստղերի և աստղային համակարգերի առաջացման ու զարգացման հարցերին, ինչպես նաև նյութի տիեզերական գոյաձևերի ֆիզիկական ուսումնասիրությանը։ 1947-ին հայտնաբերվել