են երիտասարդ աստղերի խմբեր՝ աստղասփյուռներ։ Սկզբունքային տեսակետից շատ կարևոր են Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսի շարունակական և խմբական բնույթի վերաբերյալ աստղասփյուռների ուսումնասիրության հիման վրա ստացած եզրակացությունները։ Բ․ ա․ կարևոր դեր է խաղացել գալակտիկաների կորիզների ակտիվության կոսմոգոնիական դերի վերաբերյալ նոր գաղափարների հիմնավորման և զարգացման գործում։ Այդ ակտիվությունը առաջ է բերում անկայունության հզոր երևույթներ, որոնք կապված են էներգիայի վիթխարի քանակների անջատման հետ և վճռական դեր ունեն գալակտիկաների ձևավորման ու զարգացման մեջ (ռադիոբռնկումներ, պայթյուններ, որոնք ուղեկցվում են գազային զանգվածների արտավիժումներով և շիթերի ու արբանյակ գալակտիկաների արտանետումներով, գազային նյութի անընդհատ արտահոսք և այլն)։ Մի շարք դեպքերում այդ երևույթները չեն կարող բացատրվել այն ենթադրությամբ, թե գալակտիկաների միջուկները կազմված են միայն աստղերից և գազային ու փոշային նյութից։ Այդ պատճառով Բ․ ա–ում մշակվել է այն վարկածը, որ Տիեզերքում, մասնավորապես գալակտիկաների միջուկներում գոյություն ունեն վիթխարի էներգիայով օժտված, առայժմ անհայտ բնույթի խիտ զանգվածային մարմիններ, որոնց նյութից ձևավորվում են աստղերը և աստղային համակարգերը։ Հայտնաբերվել են երեք գերնոր, հարյուրից ավելի փոփոխական ու բռնկվող աստղեր, գրեթե երեք հարյուր սպիտակ թզուկներ, շուրջ քսան գիսավորաձև ու մոլորակաձև միգամածություններ, տասից ավելի աստղակույտեր, ավելի քան երեք հարյուր ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթում ունեցող գալակտիկաներ և էլիպսաձև գալակտիկաների քսանից ավելի կապույտ արբանյակներ։ Աստղագիտության զարգացման մեջ ունեցած մեծ հաջողությունների և բարձրորակ մասնագետների պատրաստման համար Բ․ ա․ 1967-ին, սովետական աստղագիտական հիմնարկների մեջ առաջինը, պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բ․ ա–ում 1946-ից հրատարակվում է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ»–ը։
Պատկերազարդումը տես 480-րդ էջից հետո՝ ներդիրում։
Գրկ. Միրզոյան Լ․ Վ․, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանը, Ե․, 1956։ Համբարձումյան Վ․ Հ․, Միրզոյան Լ․ Վ․, Աստրոֆիզիկայի զարգացումը Սովետական Հայաստանում, տես Բնագիտության և տեխնիկայի պատմությունից, հ․ 2, Ե․, 1962։ Թովմասյան Հ․, Բյուրականի աստղադիտարան, Ե․, 1972։ Амбарцумян В․ А․, Мирзоян Л․ В․, Астрофизика, в сб․։ Академия наук Армянской ССР за 25 лет, Е․, 1968․
«ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ», ՀՍՍՀ ԳԱ–ի Բյուրականի աստղաֆիզիկական դիտարանի գիտական ուսումնասիրությունների ժողովածու։ Լույս է տեսնում 1946-ից, Երևանում։ Գլխավոր խմբագիր՝ Վ․ Համբարձումյան։ «Բ․ ա․ հ․» «Աստղադիտարանի 1935 թ․ աշխատությունների բյուլետեն» (հրտ․ 1938), «Հայաստանի պետական աստղադիտարանի աշխատությունների բյուլետեն» (1938) և «Երևանի աստղադիտարանի բյուլետեն» (1940–45) պարբերականների շարունակությունն է։ «Բ․ ա․ հ․»-ում գիտ․ հոդվածներ են տպագրվում աստղաֆիզիկայի, աստղագիտության, աստղային վիճակագրության, ինչպես նաև ղեկավարող տիեզերական սարքերի, տիեզերագնացության, տիեզերական ճառագայթների և ռադիոկապի վերաբերյալ։ Տպագրում են հայերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներ՝ անգլերեն ամփոփումներով։
«ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ», աստղաֆիզիկական երևույթների մեկնաբանման մեթոդաբանական ըմբռնման պայմանական անվանում։ Ժամանակակից աստղաֆիզիկայում տեսական–ըմբռնողական տարբեր նախադրույթների ընտրությունը հանգեցրել է տիեզերական օբյեկտների էվոլյուցիայի վերաբերյալ պատկերացման երկու տարբեր տեսական ուղղությունների ձևավորմանը։ Առաջին ուղղության մեթոդական սկզբունքները մշակել և իրենց աշխատանքների հիմք են դարձրել Բյուրականի աստղագետները Վ․ Համբարձումյանի գլխավորությամբ (այստեղից էլ՝ «Բ․ ու․» անվանումը)։ Երկրորդ ուղղությունը, որի կողմնակիցներն են Յա․ Զելդովիչը, Վ․ Գինզբուրգը (ՍՍՀՄ), Ջ․ Ջինսը, Ֆ․ Հոյլը (Անգլիա), Յա․ Օորտը (Հոլանդիա), Մ․ Շվարցշիլդը (ԱՄՆ) և ուրիշներ, կոչվում է օրթոդոքսային կամ դասական ուղղություն։ «Բ․ ու․»-յան մեթոդական հիմնական սկզբունքը հրաժարումն է աստղաֆիզիկական խնդիրների լուծման մտահայեցական մոտեցումից, որին բնորոշ է մաթեմատիկական խնդիրներով տարվելը և աստղաֆիզիկական տեսության հիմքը կազմող հիմնական ֆիզիկական ենթադրությունների գործնական քննարկման բացակայությունը։ Ըստ «Բ․ ու․»-յան տիեզերական օբյեկտների նոր, որակապես յուրատիպ հատկությունները, որպես կանոն, դժվար է ի հայտ բերել զուտ տեսական ճանապարհով՝ դրանք կարող են բացահայտվել ամենից առաջ դիտումների հիման վրա․ տիեզերական օբյեկտների կառուցվածքի ու էվոլյուցիայի մոդելներն ու տեսությունները պետք է կառուցել փորձի տվյալների հետևողական ընդհանրացման հիման վրա։
Ուղղակի փորձի անհնարինության պայմաններում, ըստ «Բ․ ու․»-յան սկզբունքների, աստղաֆիզիկական որևէ երևույթի հետազոտումը պետք է ստորաբաժանվի երեք հաջորդական փուլերի․ 1․ դիտում, 2․ դիտման մեկնաբանում՝ բացահայտումը այն բանի, թե իրապես ինչ է տեղի ունենում դիտվող օբյեկտում, 3․ երևույթի լիարժեք տեսության կառուցումը, ներառյալ պատճառների բացատրությունը։ Այս երեք փուլերից որևէ մեկի անտեսման փորձը, որպես կանոն, չի կարող հաջողություն բերել։ Միևնույն ժամանակ «Բ․ ու․»-յան կողմնակիցները չեն թերագնահատում նաև այն դերը, որ կատարում են տեսական իմացության տարբեր մակարդակները Տիեզերքի մասին նոր գիտելիքների սինթեզման հարցում, նոր տեսությունների ստեղծումը և զարգացումը հնարավոր է նույնիսկ առանց լրացուցիչ փաստերի ընդգրկման, այսինքն տեղի կունենա տեսության (աստղաֆիզիկական կամ ֆիզիկական) ներքին զարգացում, այս դեպքում տեսությանը ներկայացվում են ավելի խիստ պահանջներ։
Ելնելով իրենց մեթոդաբանական սկզբունքներից և հենվելով ժամանակակից աստղաֆիզիկայի հսկայական նվաճումների վրա՝ «Բ․ ու․»-յան կողմնակիցները հանգել են հետևյալ եզրակացությունների։ Անկայուն գոյացությունների առկայությունը Տիեզերքում ոչ թե պատահական, տարօրինակ երևույթ է, այլ տիեզերական էվոլյուցիայի օրինաչափ փուլ։ Աստղերը և աստղային համակարգերը չէին կարող գոյանալ նոսր, դիֆուզային նյութի խտացման հետևանքով, հակառակ դեպքում նման համակարգը կլիներ կայուն, կունենար բացասական լրիվ էներգիա, որ հակասում է փաստերին։ Տիեզերքում տեղի ունեցող պրոցեսները ընթանում են ոչ թե նոսր վիճակից դեպի ավելի խիտը, այլ