մատերիալիստորեն՝ Ա․, սակայն, շեղվում է դեպի իդեալիզմ, երբ «առաջին շարժիչի» իր տեսության մեջ ընդունում է նյութի (մատերիայի) և նրա ձևի անջատ գոյությունը՝ նյութը համարելով անձև, պասսիվ մի զանգված, որին իր է դարձնում ներգործուն (ակտիվ) ձևը։ Այսպիսով, ձևը նախորդում է իրերին և որոշում նրանց էությունը։ Ի վերջո, Ա․ ընդունում է գերագույն ձևի՝ «ձևերի ձևի» գաղափարը (նույնացվում է «համաշխարհային ոգու» կամ բանականության, ապա և աստծո գաղափարը, պատկերացվում իբրև ամբողջ աշխարհը նպատակասլաց շարժման մեջ դնող «առաջին շարժիչ»)։ Ա–ի իմացության տեսությունը մատերիալիստական է․ այն, ինչ զգայություն է առաջացնում, գտնվում է մարդու գիտակցությունից դուրս։ Զգայարանները բնության իրերից պատճեններ են հանում և հաղորդում զգայական կենտրոնին, որը գտնվում է սրտում։ Իմացության օբյեկտը՝ բնությունը, ռեալ, գոյություն ունեցող նյութական աշխարհ է։ Ըստ Ա–ի, զգայությունն ընկալում է առանձին իրեր և երևույթներ, որոնք, կրկնվելով, մարդու մոտ առաջ են բերում ընդհանուր պատկերացումներ, իսկ բանականությունը ճանաչում է այն ընդհանուրը, ինչ կա առանձին իրերի մեջ։ Գիտությունը գործ ունի ընդհանուրի, օրինաչափի հետ, բայց այն պետք է հենվի զգայական իմացության վրա։ ճշմարտությունը մտքի համապատասխանությունն է իրականությանը։ Ճշմարտությունն ապացուցվում է երկու ձևով՝ մասնավորից դեպի ընդհանուրը (ինդուկցիա) և ընդհանուրից դեպի մասնավորը (դեդուկցիա) գնացող եզրակացությամբ։ Ա․ ընդհանրացրել է հին աշխարհի տրամաբանական ուսմունքները և դրանք ձևավորել որպես գիտություն։ Տրամաբանությունը ապացուցման տեսություն է, որի նպատակն է ճշմարիտը անջատել կեղծից։ Նա ստեղծել է ապացուցման տեսություն և որպես ապացուցման ձև առաջադրել սիլլոգիզմը (հավաքաբանություն)։ Ա․ ստեղծել է նաև հասկացության, դատողության և սիլլոգիզմի կուռ ուսմունք, որն այսօր էլ պահպանում է իր գիտական նշանակությունը ձևական տրամաբանության մեջ։ Ձգտելով լուծել ընդհանուրի և մասնավորի փոխհարաբերության հարցը դիալեկտիկորեն՝ նրանց միասնության, փոխադարձ պայմանավորվածության ու կապի մեջ, Ա․ չի կարողացել, սակայն, մինչև վերջ տանել այդ գիծը և խճճվել է ընդհանուրի ու մասնավորի, բանականի ու զգայականի ճանաչման դիալեկտիկայի հարցում։ Ա․ ստեղծել է նաև ուսմունք կատեգորիաների (ստորոգությունների) մասին։ Նա առաջադրել է 10 կատեգորիաներ, որոնցով աշխատել է ընդգրկել ողջ իրականությունը։ Բնությունը, Ա–ի կարծիքով, գտնվում է մշտական շարժման և զարգացման մեջ։ Նրա հիմքն է սկզբնական նյութը, որն ունի չորս ներհակ հատկություններ՝ ջերմություն, սառնություն, չորություն և խոնավություն, դրանց համապատասխանում են բնության չորս տարրերը՝ կրակը, օդը, ջուրը, հողը, որոնցից բաղկացած է ամբողջ աշխարհը։ Ա․ առաջադրել է հինգերորդ տարրը՝ եթերը, որից բաղկացած են երկինքը և աստղերը։ Ա․ ստեղծել է նաև տիեզերական ուսմունք, որի հիմքն էր կազմում երկրակենտրոն (գեոցենտրիկ) տեսությունը։ Չնայած Ա–ի բնափիլիսոփայության պարզունակությանը և սխալներին, այն առաջընթաց մեծ քայլ էր ժամանակի գիտության համար, խիզախ փորձ աշխարհի միասնական համակարգ մշակելու ուղղությամբ։ Ա–ի սոցիալ–քաղաքական և բարոյագիտական հայացքները նրան բնութագրում են որպես ստրկատիրական հասարակարգի գաղափարախոս ու ջատագով։ Ստրկատիրությունը գոյություն ունի բնականորեն և հավերժ, փոխել իրերի վիճակը, ըստ Ա–ի, նշանակում է գնալ բնության դեմ։ Ստրուկը «խոսող գործիք է»։ Իշխանությունը պետք է գտնվի ստրկատերերի, մասնավորապես՝ նրանց միջին խավի ձեռքում։ Այդպիսի պետությունը՝ «պոլիտիան», Ա․ համարում էր ամենակատարյալը։ Նա պնդում էր, որ բարոյական կյանք վարել կարող են միայն ազատ մարդիկ, ստրուկները զրկված են այդ հնարավորությունից։ Ըստ Ա–ի, մարդը «քաղաքական կենդանի» է․ նա բնությամբ հասարակական էակ է և բնազդով ձգտում է դեպի իր նմանները։ Նշանակալից հետք է թողել Ա․ նաև գեղագիտության ասպարեզում։ Մերժելով Պլատոնի՝ իրականությունից և կյանքից կտրված «գեղեցիկի գաղափարը»՝ Ա․ առաջ է քաշել արվեստի՝ բնությունն ու իրական կյանքը ճշմարտացի արտացոլելու պահանջը։ Անդրադարձել է նաև մանկավարժական հարցերի։ Ըստնրա, զարգացման շարժիչ ուժը մարդու բնական տվյալներն են՝ ունակությունը և բանականությունը, որոնց վրա հիմնված է դաստիարակությունը։ Մանկավարժության պատմության մեջ առաջին անգամ Ա․ փորձել է տալ տարիքային պերիոդիզացիան։ Դաստիարակությունը դիտելով որպես պետական կարգի ամրապնդման միջոց՝ նա գտնում էր, որ դպրոցները պետք է լինեն միայն պետական, և բոլոր քաղաքացիները, բացի ստրուկներից, պետք է ստանան հասարակարգի ու պետության պահանջներին համապատասխան կրթություն։
Ա․ ընդհանրացրել է հին աշխարհի բնագիտության նվաճումները, նոր էջ բացել գիտության գրեթե բոլոր բնագավառներում։ Որպես գիտության հանճարեղ նորարար, Ա․ ազդել է Եվրոպայի, արաբական երկրների ու Կովկասի ժողովուրդների հին ու միջնադարյան գիտության և փիլիսոփայության վրա։ Ա․ մեծ ներգործություն է ունեցել հայ միջնադարյան փիլիսոփայության ու հոգևոր մշակույթի զարգացման վրա։ Նրա երկերը լայն տարածում էին գտել Հայաստանում։ Հունաբան դպրոցի (V–VI դդ․) հետևորդները հայերենի են թարգմանել նրա «Կատեգորիաներ» և «Մեկնաբանության մասին» աշխատությունները, ինչպես և Պորփյուրիոսի հայտնի «Ներածություն»-ը՝ նվիրված «Կատեգորիաներ»-ի պարզաբանմանը։ Այդ ժամանակ թարգմանվել են նաև Ա–ին վերագրված «Աշխարհի մասին» և «Առաքինության մասին» աշխատությունները։ Ա–ի երկերի հայերեն թարգմանությունները աշխարհում եղած հնագույն թարգմանություններից են և աչքի են ընկնում մեծ ճշգրտությամբ։ Հայ ականավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը (V–VI դդ․) հատուկ աշխատություններ է նվիրել Արիստոտելի «Անալիտիկա»-ին, «Կատեգորիաներին և Պորփյուրիոսի «Ներածությանը», իսկ իր հիմնական «Սահմանք իմաստասիրության» երկում լայնորեն ներկայացրել և յուրովի մեկնաբանել է Ա–ի իմացաբանությունը, գոյաբանական հայացքները և բարոյագիտությունը։ Անանիա Շիրակացին (VII դ․) իր «Տիեզերագիտության» մեջ լուսաբանել ու մեկնաբանել է Ա–ի բնափիլիսոփայությունը և տիեզերաբանական ուսմունքը։ Ա–ի փիլիսոփայությանը քաջատեղյակ են եղել Գրիգոր Մագիստրոսը (XI դ․) և Հովհաննես սարկավագը (XI–XII դդ․)։ XIII–XIV դդ․ Ա–ի իմացաբանությունը և տրամաբանությունը լայնորեն տարածվել են հայ փիլիսոփայական կենտրոններում՝ մեծ ազդեցություն գործելով նոմինալիստներ Վահրամ Րաբունու, Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու հայացքների վրա։ Ա–ի փիլիսոփայությունն ազդել է նաև Սիմեոն Ջուղայեցու և Ստեփանոս Լեհացու (XVII դ․) հայացքների ձևավորման վրա։ Վերջինս լատիներենից հայերենի է թարգմանել Ա–ի «Մետաֆիզիկա»-ն (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N: 5249)։ Ա–ի երկերի հին հայկական թարգմանությունները և մնկնաբանությունները մեծ արժեք են ներկայացնում փիլիսոփայության պատմության և Ա–ի գիտական ժառանգության ուսումնասիրման համար։
Երկ․ Afistotelis opera ed Academia regia borussica, v․ 1–5, B․, 1831–70; Ստորոգութիւնք, ւոես Կորյուն, Մամբրե, Գավիթ, Մատե–նագրութիւնք, Վնն․, 1833, էջ 359–408։ Յաղագս մեկնութեան (Պէրի արմենիաս), նույն տեղում, էջ 461–86։ Պոետիկա, Ե․, 1955։
Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954 (գլուխ 1, 4, 11, 13), հ․ 3, Ե․, 1947 (գլուխ 23)։ Նույնի, Քաղաքատն տեսության քննադատության շուրջը, Ե․, 1948։ էնգելս Ֆ․, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969։ Լենին Վ․ Ի․, Փիլիսոփայական տետրեր, Երկ․, հ․ 38։ Հովհան Որոտնեցի, Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի, Ե․, 1956։ Դավիթ Անհաղթ, Սահմանք իմաստասիրութեան, Ե․, 1960։ Նույնի, Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի, Ե․, 1967։ Անանուն մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի, Ե․, 1967։ Մանանդյան Հ․, Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի․․․, ՍՊԲ, 1911։ Кечекьян С․ Փ․, Учение Аристотеля о государстве иправе, М․–Л․, 1947; Лукасевич Я․, Аристотелевская силлогистика с точки зрения современной формальной логики, пер․ с англ․, М․, 1959; Зубов В․ П․, Аристотель, М․, 1963; Воnitz Н․, Index Aristotlicus, В․, 1955; Taylor A․ E․, Aristotle, [N․ У․], 1955․ Ս․ Արևշատյան
ԱՐԻՍՏՈՖԱՆ (’Aριστοφάνης, մ․ թ․ ա․ մոտ 446–մոտ 385), հույն թատերգակ, ատտիկյան կատակերգության հիմնադիր։ Ապրել է Աթենքում։ Անդրանիկ պիեսը՝ «Խրախճամոլները», բեմադրվել է մ․թ․ա․ 427-ին։ Ա–ին վերագրվում է 44 կատակերգություն, պահպանվել է 11-ը՝ «Աքառնացիք» (425, բեմ․ 421), «Ամպեր»(423), «Իշամեղուներ» (422), «Խաղաղություն» (421), «Թռչուններ» (414), «Լիսիստրատես» (411), «Գորտեր» (405) ևն։ Ֆ․ էն–