Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

98 ԱՐՄՅԱՆՍԿ

կինո: Ա․ հիմնադրել են Սամսունից գաղթած հայերը, 1870-ին: ԱՐՄՅԱՆՍԿ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևելք։ Անտառատնտեսություն է։ Ունի ռուսական տարրական դպրոց, ակումբ, բուժկայան, կինո։ Ա․ հիմնել են Վանի, Տրապիզոնի և Երզնկայի շրջաններից գաղթած հայերը, 1888-ին։

«ԱՐՄՅԱՆՍԿԻ ՎԵՍՏՆԻԿ» («Армянский вестник», «Հայկական բանբեր»), հասարակական–քաղաքական և գրական հանդես (ռուսերեն)։ Լույս է տեսել 1916-1918-ին, Մոսկվայում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Ի․ Ամիրով։ Հանդեսի փաստական խմբագիրն էր Ա․ Ջիվիլեգովը։ «Ա․ վ․»-ի հրատարակությունը կապվում է առաջին համաշխարհային պատերազմի, հայ ժողովրդի ցեղասպանության իրողությունների հետ։ Հանդեսը ռուս ընթերցողին ծանոթացրել է հայ ժողովրդի հասարակական–քաղաքական կյանքին, նրա հոգևոր արժեքներին։ Բազմազան և հարուստ է «Ա․ վ․»-ի բովանդակությունը, լուսաբանել է Հայկական հարցը, հայ կամավորական շարժումը, արտասահմանի իրադարձությունները, կովկասյան բանակի գործողությունները, Հայաստանի տնտեսական կյանքի նկարագիրը։ «Հայկական կյանքի ժամանակագրություն» բաժնում տեղեկություններ են հաղորդվել հայ մշակույթի մասին։ Մեծ տեղ է հատկացվել հայ գրականությանը և արվեստին։ Առանձնակի արժեք ունի «Ա․ վ․»-ի «Հայերը և Եվրոպան» բաժինը, որը լուսաբանել է եվրոպական տերությունների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում։ Տպագրել է սովետական կառավարության դեկրետը՝ Թուրքահայաստանի մասին։ Հանդեսին աշխատակցել են Վ․ Բրյուսովը, Ա․ Վեսելովսկին, Յու․ Վեսելովսկին, Վ․ Նեմիրովիչ–Դանչենկոն, Տ․ Հախումյանը, Մ․ Շահինյանը և ուրիշներ։

Ս․ Եղիկյան

ԱՐՄՆԿԱՅԻՆ ՀՈԴ, մարդու վերին վերջույթի ճախարակաձև բարդ հոդը։ Կազմությանը մասնակցում են բազկոսկրի ստորին ծայրը, ճաճանչոսկրի գլխիկը և ծղիկոսկրի կիսալուսնաձև կտրուճը՝ ամփոփված մի ընդհանուր հոդապարկի մեջ։ Ա․ հ–ում միջաձիգ առանցքի շուրջ կատարվում է ծալում և տարածում, իսկ ուղղահայաց առանցքի շուրջ՝ ձեռքի վեր և վար հակում։

ԱՐՄՇԱՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Շատախի գավառում, Վանա լճից հարավ։ 1909-ին ուներ 40 տուն՝ մոտ 270 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին անասնապահությամբ, երկրագործությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Վարդան)։ Բնակիչները եռանդուն մասնակցություն են ցույց տվել Շատախի 1915-ի հերոսական ինքնապաշտպանությանը։ Ա․ ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը, փրկվելով կոտորածներից, ապաստան է գտել Արևելյան Հայաստանում։

ԱՐՄՍԹՐՈՆԳ (Armstrong) Նիլ (ծն. 5․8․1930, Ուապակոնետա, Օհայո նահանգ), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմածովային նավատորմի սպա։ 1955-ին ավարտել է Լաֆայետ քաղաքի (Ինդիանա նահանգ) Պերդյու համալսարանը։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1962-ից։ Առաջին անգամ, Դ․ Սկուոի հետ, տիեզերք է թռել 1966-ի մարտի 16-ին, որպես «Զեմինի–8» տիեզերանավի հրամանատար։ 1969-ի հուլիսի 16-ից մինչև 24-ը, է․ Օլդրինի և Մ․ Քուինզի հետ, որպես «Ապոլլոն–11» տիեզերանավի հրամանատար, իրականացրել է առաջին պատմական թռիչքը դեպի Լուսին։ 1969-ի հուլիսի 20-ին Օլդրինի հետ լուսնախցիկով վայրէջք է կատարել Անդորրության ծովում։ 1969-ի հուլիսի 21-ին, աշխարհում առաջինը, Ա․ ոտք է դրել Լուսնի վրա՝ տիեզերանավից դուրս մնալով 2 ժ 21 ր 16 վրկ։ Ընդհանուր առմամբ Ա․ Լուսնի վրա մնացել է 21 ժ 36 ր։

ԱՐՄՏԱՆ, Արմատան, Արմտաններ, Մեծ և Փոքր, գյուղեր Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Կամախ գավառում, Երզնկայից արևմուտք, Եփրատի աջ ափին։ 1909-ին Մեծ Արմտանը ուներ 246 տուն հայ (1173 շունչ) և 30 տուն թուրք, իսկ Փոքր Արմտանը՝ 76 տուն հայ (530 շունչ) բնակիչ։ Ա․ համապատասխանում է մ․թ․ա․ XV–XIV դդ․ խեթական արձանագրությունների Armatan տեղանվանը։ Ա․ մտել է Հայասա ցեղային միության կազմի մեջ։ XVII դ․ մատենագիր Հակոբ Կարնեցին հիշատակել է Ա․։ Ենթադրվում է, որ Ա․ անվան մեջ պահպանվել է Արմեն ցեղանվան ձևերից մեկը։ Ա–ի հայերն զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

ԱՐՄՖԱՆ (Армянский филиал Академии наук СССР, АрмФАН), ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալ։ Հիմնադրվել է 1935-ին, Երևանում։ Մեծ աշխատանք է կատարել համախմբելու հանրապետության գիտական աշխատողներին։ Ա․ հասարակական գիտությունների հետ մեկտեղ զգալի ուշադրություն է դարձրել քիմիայի, բուսաբանության, կենդանաբանության, հողագիտության, երկրաբանության հարցերին։ 1943-ին Ա–ի հիման վրա կազմակերպվել է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիան (տես Ակադեմիա գիտությունների Հայկական ՍՍՀ)։

ԱՐՅԱՆ ԱԼՅՈՒՐ, սպիտակուցային կեր։ Պատրաստում են կենդանիների սպանդից ստացված արյունը վերամշակելով։ Ստանդարտ Ա․ ա․ շագանակագույն, յուրահատուկ հոտով մանրահատիկ փոշի է։ Պարունակում է 9-11% ջուր, 3-5% ճարպ, 6-10% մոխիր, 73-81% պրոտեին։ Ա․ա–ում կալցիումը և ֆոսֆորը քիչ են, իսկ երկաթը, նատրիումը և քլորը՝ համեմատաբար շատ։ Ա․ ա–ի սպիտակուցային բարձր սննդարարությունը պայմանավորված է նրա բաղադրության մեջ եղած լիարժեք սպիտակուցով։ Կերակրում են գյուղատնտ․ բոլոր կենդանիներին, բայց ավելի հաճախ՝ խոզերին, թռչուններին և մորթատու գազաններին։

Ն․ Մալաթյան

ԱՐՅԱՆ ԲԱՑԹՈՂՈՒՄ, բուժական միջոցառում, որի օգնությամբ երակի (երբեմն զարկերակի) վրա բացված անցքով կամ կտրվածքով օրգանիզմից հեռացվում է արյան որոշակի քանակություն (200–500 մլ)։ Հին և հատկապես միջին դարերում Ա․բ․ եղել է ամենատարածված բուժիչ միջոցներից մեկը։ Ներկայումս Ա․բ․ կիրառվում է սիրտ–անոթային անբավարարության, թոքերի այտուցով և արյունականգով ընթացող թոքաբորբերի, ուղեղի արյան շրջանառության խանգարումներով ուղեկցվող արյան ճնշման զգալի բարձրացման դեպքում, ինչպես նաև արյան հետ կապվող թունավոր գազերի (ածխածնի օքսիդ, ֆենոլ, մկնդեղ, լուսագազ) և օրգանիզմում առաջացող թունավոր նյութերի (օրինակ՝ միզանյութ) մասնակի հեռացման նպատակով։ Ա․ բ․ հակացուցված է արյան ճնշման իջեցմամբ ուղեկցվող հիվանդությունների դեպքում։

Ռ․ Պարոնյան

ԱՐՅԱՆ ԴԵՂԻՆ ԱՂ, կալիումի ֆերոցիանիդ, K4[Fe(CN)6].3H2O, երկարժեք երկաթի կոմպլեքսային միացություն, ֆերոցիանաջրածնական թթվի՝ H4[Fe(CN)6], կալիումական աղը։ Բաց դեղին, դառնահամ բյուրեղներ են։ Խտությունը՝ 18800 կգ/մ3։ Լուծվում է ջրում (22,4%, 20°C-ում), չի լուծվում սպիրտում և եթերներում։ 100°C-ում կորցնում է բյուրեղաջուրը և դառնում սպիտակ խոնավածուծ փոշի։ Շիկացնելիս քայքայվում է՝ անջատելով ազոտ։ Օդում կայուն է և թունավոր չէ, սակայն թթուների առկայությամբ անջատում է ցիանաջրածին։ Հնում ստանում էին սպանդանոցային թափոնների, օրինակ, արյան մշակումից (այստեղից էլ՝ Ա․դ․ա․ անվանումը), այժմ՝ քարածխի չոր թորման նյութերից։ Օգտագործվում է վերլուծական քիմիայում՝ մետաղների որոշման, արդյունաբերության մեջ՝