Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներկանյութերի ստացման, պողպատների ցեմենտացման համար։
Մ․ Դարբինյան


ԱՐՅԱՆ ԴԵՊՈ, մարդու և կենդանիների օրգաններ, որտեղ պահեստվում է որոշակի քանակությամբ արյուն։ Օրգանիզմի ամբողջ արյան մոտ 50%-ը չի մասնակցում շրջանառության, այլ պահվում է Ա․ դ․օրգաններում՝ փայծաղում (մոտ 16%), լյարդում (մինչև 20%), մաշկում (մոտ 10%)։ Ա․դ–ում պահեստված արյունը հիմնականում բաղկացած է ձևավոր տարրերից․ պլազմայի քանակությունն աննշան է։ Ա․դ․ օրգաններից արյունը շրջանառության մեջ է մտնում, երբ ավելանում է օրգանիզմի պահանջը թթվածնի նկատմամբ (ծանր ֆիզիկական աշխատանք), կամ շրջանառվող արյան մեջ նվազում է հեմոգլոբինի քանակը (արյունահոսությունների դեպքում), երբ օրգանիզմը գտնվումէ մթնոլորտային ցածր ճնշման պայմաններում։ Ա․դ․ օրգանները խիստ կարևոր են արյան շրջանառության համար և ապահովում են օրգանիզմի հարմարվելը ներքին և արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին։
Ռ․ Հարությունյան


«ԱՐՅԱՆ ԼՃԻ» ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 852, տեղի է ունեցել արաբական խալիֆայության պատժիչ զորախմբի և Վասպուրականի իշխան Գուրգեն Արծրունու զորքերի միջև, Թով գյուղի մոտ՝ «Արյան լիճ» կոչված վայրում (Կորճայք նահանգի Որսիրանք գավառում)։ Արաբական զորախումբը, մերժելով հայերի հաշտության առաջարկը, նախահարձակ է եղել։ Ըստ Թովմա Արծրունու, արաբների 15 հզ–անոց զորքի դիմաց հայերը 900 ռազմիկ են ունեցել։ Հայ զինվորներին օգնել են գյուղացիական ջոկատները՝ հարմար վայրերից քարերով նեղելով թշնամուն։ Գուրգեն Արծրունուն օգնել են 30-ից ավելի նախարարներ (Արծրունի, Գնունի, Գազրիկյան, Ամատունի, Վարաժնունի, Ընտրունի, Ակեացի, Անձևացի, Վահևունի ևն)։ ճակատամարտին մասնակցել են նաև հոգևորականներ։ Սրընթաց հարձակումով, նետերի տարափով հայ ռազմիկները խուճապ են առաջացրել արաբական զորախմբի շարքերում, որը և դիմել է նահանջի։ Ճակատամարտից հետո Գուրգենը, այնուամենայնիվ, գերվել է, սակայն Վասպուրականը մնացել է ապստամբ վիճակում։
Գրկ․ Թովմա Արծրունի, Պաամութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887, էջ 143-148։


ԱՐՅԱՆ ԽՄԲԵՐ, կենսաբանական միևնույն տեսակին պատկանող անհատների (մարդիկ, կապիկներ, ձիեր ևն) բաժանումը առանձին խմբերի՝ ըստ արյան առանձնահատկությունների, որոնց հիմքում ընկած է արյան սպիտակուցների կառուցվածքային տարբերությունը։ Այդ խմբերի ներկայացուցիչները մեկը մյուսից տարբերվում են իրենց արյան կարմիր մարմնիկների А, В ագլուտինոգեն և պլազմայի α, β ագլուտինին սպիտակուցային նյութերով, որոնք որոշ մարդկանց արյան մեջ կարող են բացակայել, մյուսների մոտ լինել միասին կամ անջատ։ Այդ առանձնահատկությունների հիման վրա Լանդշտայները (1901) մարդկանց արյունը բաժանելէ երեք, իսկ չեխ գիտնական Ցանսկին (1907)՝ չորս հիմնական խմբերի։ Առաջինխումբ՝ 0 (I), որին պատկանող մարդկանց արյան կարմիր մարմնիկները՝ էրիթրոցիտները, А և В ագլուտինոգեն չենպարունակում, իսկ պլազմայում կան α և β ագլուտինիններ։ Երկրորդ խումբ՝ А (II), արյան կարմիր մարմնիկները պարունակում են А ագլուտինոգեն, իսկ պլազման՝ β ագլուտինին։ Երրորդ խումբ՝ В (III), արյան կարմիր մարմնիկներն ունեն В ագլուտինոգեն, իսկ պլազման՝ α ագլուտինին։ Չորրորդ խումբ՝ АВ (IV), որին պատկանող մարդկանց արյան կարմիր մարմնիկներում կան А և В ագլուտինոգեններ, իսկ պլազմայում բացակայումեն α և β ագլուտինինները։ Արյան խմբերի որոշումը կատարվում է լաբորատոր քննությամբ և մեծ նշանակություն ունի արյան փոխներարկման համար, որը հնարավոր է կատարել, եթե արյուն տվող մարդու՝ դոնորի արյան իմունոլոգիական հատկությունները համատեղելի են արյուն ստացողի՝ ռեցիպիենտի արյան նույն հատկությունների հետ։ Անհամատեղելի արյան ներարկման հետևանքով, երբ տեղի է ունենում А ագլուտինոգենի հանդիպումը ռեցիպիենտի α ագլուտինինի, կամ էլ В ագլուտինոգենի հանդիպումը β ագլուտինինի հետ, ռեցիպիենտի մոտ առաջանում են մի շարք ծանր բարդություններ (արյան կարմիր մարմնիկների ագլուտինացիա՝ փաթիլավորում և այլն)։ Առաջին խմբի արյունը կարելի է փոխներարկել բոլոր չորս խմբերի մարդկանց։ Առաջին խմբի արյուն ունեցողները կոչվում են ունիվերսալ դոնորներ։ Երկրորդ խմբի արյունը կարելի է փոխներարկել միայն երկրորդ և չորրորդ խմբերի մարդկանց, երրորդ խմբի արյունը՝ երրորդ և չորրորդ խմբերի մարդկանց, իսկ չորրորդ խմբի արյունը՝ միայն չորրորդ խմբի մարդկանց։ Արյան չորրորդ խումբ ունեցողները կարողեն արյուն ստանալ բոլոր խմբերից և կոչվում են ունիվերսալ ռեցիպիենտ։ Արյան փոխներարկման անվտանգության համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև դոնորի և ռեցիպիենտի արյան ռեզուս պատկանելությունը (տես Ռեզուս–ֆակաոր)։ Վերջին տարիների ուսումնասիրությունները պարզել են, որ А ագլուտինոգենն ունի իր ենթատեսակները (A1, A2, A5), իսկ В ագլուտինոգենը․ ենթատեսակներ չունի։ Ապացուցված է, որ А և В ագլուտինոգեններ պարունակվում են ոչ միայն էրիթրոցիտներում, այլև լեյկոցիտներում ու թրոմբոցիտներում, սպերմատոզոիդներում, բնականոն և ուռուցքային հյուսվածքներում, ստամոքսահյութում, շուրջպտղային հեղուկում, թքի, լեղու մեջ ևն։
Արյան այս կամ այն խմբին պատկանելը ոչ մի չափով չի պայմանավորում մարդու օրգանիզմի ֆիզիկական և մտավոր մյուս առանձնահատկությունները։ Արյան խմբային պատկանելությունը փոխանցվում է ժառանգաբար, ի հայտ է գալիս մարդու զարգացման սաղմնային շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Մարդկանց և կենդանիների արյան խմբերը պայմանավորված են ժառանգական գործոններով՝ գեներով։ Հորից կամ մորից երեխային կարող է անցնել А և В գործոններից մեկը, ընդ որում՝ հավասար հավանականությամբ։ Եթե ծնողների արյունը 0 (I) խումբ է՝ երեխան կունենա I խմբի արյուն, А (II) և В (III) խմբի արյուն ունեցողների երեխան կունենա արյան չորս խմբերից որևէ մեկը։ Ա․ խ–ի ժառանգաբար փոխանցման օրինաչափությունները օգտագործվում են դատաբժշկության մեջ՝ վիճելի հայրությունը, մայրությունը և երեխաների՝ ծնողներին պատկանելությունը հաստատելու համար։
Թ․ Թորգոմյան


ԱՐՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԱՂ, կալիումի ֆերիցիանիդ, K3[Fe(CN6)], եռարժեք երկաթի կոմպլեքսային միացություն, ֆերիցիանաջրածնական թթվի (H3[Fe(CNe)]) կալիումական աղը։ Մուգ կարմիր, ջրում լուծելի (26,8%, 10°C-ում) բյուրեղներ, խտությունը՝ 18500 կգ/մ3։ Լուծույթը կանաչավուն–դեղին է։ Ա․կ․ա․ լույսի ազդեցությամբ դանդաղ քայքայվում է՝ առաջացնելով արյան դեղին աղ։ Օքսիդիչ է (հատկապես հիմնային լուծույթներում)։ Նոսր ծծմբական թթվի հետ տաքացնելիս անջատում է ցիանաջրածին, խիտ թթվի հետ՝ ածխաթթու։ Ստացվում է արյան դեղին աղը քլորով օքսիդացնելով։ Օգտագործվում է վերլուծական քիմիայում և լուսանկարչության մեջ։
Մ. Դարբինյան


ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄ, արյան գործադրած ճնշումը անոթների պատերին։ Առաջանում է սրտի փորոքների սիստոլիկ էներգիայի հաշվին։ Վերջինիս մեծ մասը ծախսվում է անոթներում արյան ներքին դիմադրությունը (արյան մածուցիկությունը) և արյունատար անոթների պատի շփումը հաղթահարելու համար, իսկ փոքր մասը՝ արյան հոսքին արագություն հաղորդելու համար։ Ա․ճ․ ուղիղ համեմատական է փորոքների կծկման ուժին (արյան րոպեական ծավալին) և ծայրամասային դիմադրությանը։ Ա․ ճ–ման մեծությունն արտահայտում են սնդիկի սյան բարձրությամբ՝ միլիմետրերով։ Արյունատար համակարգի տարբեր հատվածներում Ա․ ճ․ միատեսակ չէ։ Ամենաբարձր ճնշումը մեծ շրջանառության մեջ աորտայում է, փոքր շրջանառության մեջ՝ թոքային զարկերակում։ Ամենացածր ճնշումը գրանցվում է վերին և ստորին սիներակներում և թոքային երակներում։ Ա․ ճ–ման մեծությունը կախված է սրտի աշխատանքից, անոթային համակարգի վիճակից, արյան մածուցիկությունից, որովայնախոռոչում և կրծքավանդակում առկա ճնշումների տարբերությունից ևն։ Սրտի ձախ փորոքի կծկման (սիստոլա) ժամանակ զարկերակներում զարգացող ճնշումը կոչվում է առավելագույն (մաքսիմալ) կամ սիստոլիկ, որը միջին տարիքի առողջ անհատների մոտ, լրիվ հանգստի վիճակում հավասար է սնդիկի սյան 100-130 մմ բարձրության, երեխաներինը ավելի ցածր է, ծերերինը՝ բարձր։ Զարկերակներում սրտի դիաստոլայի (թուլացման) վերջում Ա․ ճ․ կոչվում է նվազագույն (մինիմալ) կամ դիաստոլիկ, որը առողջ, միջին տարիքի մարդկանց համար հավասար է սնդիկի սյան 60-80 մմ բարձրության։ Ա․ ճ–ման տատանումները սրտի աշխատանքի ցիկլի ընթացքում կոչվում են պուլսային տատանում–