Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տումները ներկայացված են գունավոր միներալներով՝ լամպրոֆիրային կառուցվածք։

ԼԱՄՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում։ XX դ. սկգբին ուներ 16 տուն հայ և 3 տուն քուրդ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Լուսավորիչ): Շրջակայքում էին գտնվում Ս. Աստվածամայր և Ս. Թորոս անունով ավերակ վանքերը։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է։

ԼԱՅԱԼՊՈՒՐ, քաղաք Պակիստանի Փենջաբ գավառում, Չինաբ-Ռավի միջագետքում։ 854 հզ. բն. (1969):

ԼԱՅԱՐԴ (Layard) Օստին Հենրի (1817-1894), անգլիական դիվանագետ և հնագետ։ 1869-77-ին եղել է Անգլիայի դեսպանը Մադրիդում, 1877-80-ին՝ Կ. Պոլսում։ 1845-47-ին և 1849-51-ին մասնակցել է Բաբելոնի և Նինվեի պեղումներին։ Լ. ճանապարհորդել է Հայաստանում, ուսումնասիրել նրա հնությունները, ճարտարապետությունը։ 1878-ին Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքման և ապա՝ Բեռլինի կոնգրեսի ժամանակ վարել է հակառուս, ու հակահայկ. քաղաքականություն և խոչնդոտել թուրք, լծից արևմտահայության ազատագրմանը։

Երկ. Nineveh and its Remains, 2 vol, 2 nd, L., 1850; Discoveries in the Ruins of Nineveh and Babylon, L., 1853. Ջ Կիրակոսյան

ԼԱՅԲԼ (Leibl) Վիլհելմ (23.10.1844, Քյոլն 4.12.1900, Վյուրցբուրգ), գերմանացի նկարիչ։ XIX դ. խոշոր ռեալիստներից է։ 1873-ից աշխատել է վերին Բավարիայի գյուղերում, պատկերել գեղջկական կենցաղը («Գյուղական քաղաքագետներ», 1876-77, մասնավոր հավաքածու, Վինտերտուր, «Կանայք եկեղեցում», 1878-1882, Կունստհալլե, Համբուրգ):

ԼԱՅԲՆԻՑ (Leibniz, Leibnitz) Գոթֆրիդ Վիլհելմ (1.7.1646-14.11.1716), գերմանացի լուսավորիչ, հանրագիտակ, փիլիսոփա, բնագետ, մաթեմատիկոս և հասարակական գործիչ։ Սովորել է Լայպցիգի և Ենայի համալսարաններում, 1664-ին ստացել է փիլիսոփայության մագիստրոսի, 1666-ին՝ իրավունքի դոկտորի աստիճան։ 1672-76-ին դիվանագիտական հանձնարարություններով եղել է Փարիզում և Լոնդոնում, ուր զբաղվել է գիտական աշխատանքներով։ Լ. Բեռլինի ԳԱ հիմնադիրն է և առաջին պրեզիդենտը (1700): Եղել է Փարիզի ԳԱ (1700-ից) և Անգլիական թագավորական ընկերության (1673-ից) անդամ։ 1676-ից ծառայել է Հաննովերի հերցոգի մոտ՝ նախ որպես գրադարանավար, պատմագիր, ապա նաև արտաքին գործերով քաղ. խորհրդական։ Լ. գիտության ամենատարբեր բնագավառներում (երկրաբանություն, կենսաբանություն, լեզվաբանություն ևն) կանխորոշել է հետագա գիտական հայտնագործությունները։ Զբաղվել է տեխնիկայի հարցերով՝ առաջարկել է գլանի և մխոցի գաղափարը, կատարելագործել Պասկալի հաշվիչ մեքենան ևն։ Ի. Նյուտոնից անկախ մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվները, ներմուծել ցարդ օգտագործվող մաթ. նշանների համակարգը, բազմաթիվ հասկացություններ և տերմիններ։ Լեզվաբանության բնագավառում հանդես է եկել լեզուների ծագման վերաբերյալ աստվածաշնչյան առասպելի դեմ, նշել մի շարք լեզուների պատմական ընդհանրությունները։ Մասնավորապես հետաքրքրվել է հայոց լեզվի հետ այլ լեզուների ունեցած փոխհարաբերության հարցով, խրախուսել Մ. Լա Կրոզի հայագիտական աշխատանքները։ Լ. կապեր է ունեցել Ամստերդամում գործող հայ տպագրիչների (Ղուկաս Վանանդեցի և ուրիշներ) հետ։ Արտահայտել է գերմ. բուրժուազիայի առաջադիմական, բայց ոչ հետևողական հայացքները։ Նա պաշտպանել է գերմ. պետության ազգային միասնության սկզբունքն ու բնական իրավունքի հիմունքները։ Փիլիսոփայության մեջ Լ. ձգտել է կեցության էությունը բացահայտել սուբստանցի մասին ուսմունքի ձևով։ Ի հակադրություն XVII դ. մեխանիստական պատկերացումների, Լ. փորձում էր բնության բազմազանությունը մեկնաբանել դինամիկ հիմքերով։ Ելնելով իր իսկ առաջադրած «կենդանի ուժերի» (կինետիկ էներգիայի) պահպանման օրենքից, պնդում էր, որ բոլոր իրերը օժտված են անընդհատ գործելու կարողությամբ։ Ըստ Լ-ի, սուբստանցների թիվը անվերջ է, որոնք բոլորն էլ նախատարրեր կամ կեցության միավորներ են՝ մոնադներ։ Մատերիան չի կարող լինել սուբստանց, քանի որ այն բաժանելի է. սուբստանցը պետք է լինի բացարձակ պարզ, անբաժանելի և ինքնուրույն։ Սուբստանցը գոյի հոգեկան միավորն է, բոլոր իրերի գործունեության հիմքը։ Աշխարհի բազմազանությունը պայմանավորված է տարբեր մոնադների ստորակարգությամբ, որի հիմքը բարձրագույն մոնադն է՝ աստվածը։ Լ. պնդում է, որ յուրաքանչյուր մոնադ մի «փոքր աշխարհ է», «սեղմված տիեզերք», որոնց համաձայնությունը և միասնությունը արդյունք են նախասահմանված ներդաշնակության։ Որպես թեիստ Լ. ընդունում էր աստծու անընդհատ ներգործությունը երևույթների ընթացքի վրա, թեև դեիզմի ոգով նույնացնում էր «արարիչ-աստծուն», «արարված աշխարհի» հետ։ Իմացաբանության ոլորտում Լ. ելնում էր մոնադների մասին ուսմունքից (մոնադաբանություն): Որպես ռացիոնալիստ (Ռ. Դեկարտի հետևորդ և Ջ. Լոկի էմպիրիզմի հակառակորդ) Լ. գտնում էր, որ փորձնական իմացությունը միայն խթանում է բնածին գաղափարների գործունեությանը։ «Նոր քննախոսություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ» (1708) երկում իդեալիզմի դիրքերից քննադատել է Ջ. Լոկի երկրորդային հատկությունների դրույթը։ Ըստ Լ-ի, արիստոտելյան տրամաբանության օրենքները բավարար են բանականության ճշմարտությունների ստուգման համար, այնինչ «փաստի ճշմարտությունների» ստուգման համար անհրաժեշտ է բավարար հիմունքի օրենքը։ Ավանդական ձևական տրամաբանության շրջանակներում Լ. մշակել և զարգացրել է մի շարք մեթոդներ ու գաղափարներ, որոնք հետագայում մուծվել են մաթեմատիկական տրամաբանության կազմը։ 1680-ից հետո Լ. հակվում է պանլոգիզմի և համընդհանուր դետերմինիզմի տեսակետին։ Լ-ի գաղափարները մեծ ազդեցություն են թողել փիլիսոփայության և գիտության հետագա զարգացման վրա։ Հայ իրականությունում Լ-ի ուսմունքին անդրադարձել է հատկապես Ն. Ռուսինյանը և իդեալիզմի դիրքերից քննադատել այն։

Երկ. Opera omnia, ed. L. Dutens, t. 1-6, Genevae, 1768; Избр. философские соч., М., 1908; Избр. отрывки из математичеких соч., «Успехи математичеких наук», 1948, т. 3, в. I; Полемика Г.В. Лейбница и С. Кларка по вопросам философии и естествознания (1715-1716), Л., 1960.

Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Սուրբ ընտանիք կամ քննադատական քննադատության քննադատություն, Ե., 1967: Էնգելս Ֆ., Բնության դիալեկտիկա, Ե., 1969: Լենին Վ. Ի., Փիլիսոփայական տետրեր, երկ., հ. 38: Փեշիկյան Ե., Լայպնից եւ հայերը (պատառիկներ Լայպնիցի նամակներէն), «Բազմավեպ», 1940, № 4-7: Погребысский И.Б. Готфрид Вильгельм Лейбниц, М., 1971; Нарский И. С., Готфрид Лейбниц, М., 1972.

ԼԱՅԲՆԻՑ-ՆՅՈՒՏՈՆԻ ԲԱՆԱՁԵՎ, տես Ինտեգրալ հաշիվ։

ԼԱՅԵԼ (Lyell) Չարլզ (1797-1875), անգլիացի բնախույզ։ Օքսֆորդում ուսումնասիրել է հին լեզուներ, իրավաբանություն,