բացվելու շնորհիվ ծայր է առել աշուղական գրքերի հրատարակությունը, լույս են տեսել աշուղ Ջիվանու, Խայաթի և ուրիշների երգարանները: Աշուղական արվեստը ապրել է իր հասունացումը, տվել դասական, համազգային արժեքներ: Ավ. Իսահակյանը գրել է. «Ալեքսանդրապոլը (Լենինականը) աշուղների քաղաք էր համարվում: Ես իմ պատանեկության ժամանակ հաշվում էի երեսունի չափ աշուղներ և ժողովրդական երգիչներ (երգահաններ), որոնք անուն ունեին հայրենի քաղաքում և հայրենի քաղաքից դուրս: Այդ աշուղ–երգիչներից նշանավորներն էին.՝ Զիվանին, Ջամալին, Ֆիզային, Մալուլը, Պայծառը, Խայաթը և ուրիշները»: Դրանցից Ջիվանին, Խայաթը, Շերամը և ուրիշներ հանդես են եկել որպես բանաստեղծ, եղանակող, նվագող ու երգող: Եղել են նաև միայն երգողներ, միայն նվազողներ, նաև՝ միայն պարեղանակներ հորինողներ: Այս վերջիններից է կույր աշուղ Համբոն (Համբարձում Ադամյան. 1867–1904, «Զուռնի տրնգի»-ի հորինողը): Նրանք բոլորը իրենց արվեստին նվիրված գործիչներ էին, ուսումնասեր, կարդացած մարդիկ, քաջատեղյակ ոչ միայն աշուղական արվեստի նրբություններին, այլև հայ և արևելյան հերոսավեպերին ու սիրավեպերին. հայ և օտար առասպելաբանությանը: Իմացել են լեզուներ, այդ լեզուներով երբեմն խաղեր հորինել, չափվել նույնպես օտարների հետ նրանց լեզուներով: Աշուղները մասնակցել են մրցությանը, որ տեղի է ունեցել հրապարակով՝ բազմաթիվ երգասերների ու աշուղների ներկայությամբ: Պարտվածի նվագարանը վերցնելու սովորություն չի եղել: Պարտվածը հանպատրաստից մի երգով խոստովանել, գովաբանել է հաղթողի բարձր արվեստը, և այդպիսով վեճ–մրցությունը ավարտվել է խաղաղությամբ, մարդկայնորեն:
Աշուղները որոշ ժամանակ պահել են աշակերտներ, սովորեցրել նրանց, ապա մի քանի հոգով գրավոր վկայել նրա վարպետացումը և տվել համապատասխան գիր և աշուղական անուն: Իրենց գործունեության կարգավորման համար աշուղները ունեցել են «ուստաբաշի», որին ընտրել են ընդհանուր ժողովում: «Ուստաբաշին» պիտի լիներ արվեստով ու վարկով ամենաճանաչված մարդը: Ուստաբաշի է եղել Ջիվանին, իսկ նրա օգնական՝ աշուղ Համբոն: Գյումրվա աշուղներն իրենց բարձր արվեստով նկատելի ներդրում են կատարել հայ ժողովրդական երգարվեստի, երաժշտական բառ ու բանի, բանաստեղծական լեզվի զարգացման մեջ: Մ. Նարյան
Թատրոնը: Առաջին թատերական ներկայացումը Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել 1865-ի մայիսի 23-ին, թատերասերների ուժերով, Ա. Մելիք–Հայկազյանի օժանդակությամբ, բեմադրվել է Հ. Կարինյանի «Շուշանիկ»-ը: Նույն թվականին ռուս թատերասերները ներկայացրել են Գոգոլի «Ռևիզոր»-ը: 1866-ից կազմակերպվել է թատերական մասնախումբ: 1879-ին առաջին անգամ խաղացվել է Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն: 1888-ին իր փոքրիկ խմբով տեղի թատերասերների հետ ներկայացումներ է տվել Պ. Ադամյանը: Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել Ա. և Ա. Սաֆրագյանները, Ա. Վրույրը, Ջաբելը, Գ. Պետրոսյանը, Հ. Աբելյանը, Սիրանույշը և հայ թատրոնի բազմաթիվ ականավոր դերասաններ: Նախասովետական տարիներին ներկայացումներ են տվել տեղական և ռուսական, վրացական, ուկրաինական, ադրբեջանական եկվոր թատերախմբերը: Թատերական արվեստի զարգացմանը նպաստել են բժիշկ–ռեժիսոր Գ. Տեր–Հովհաննիսյանը, մանկավարժ–դերասաններ Մ. և Ա. Տեր–Սարգսյանները, Հ. Ղուկասյանը, դերասան–դերասանուհիներ Կ. Քյանդարյանը, Մ. Չարչօղլյանը, Ն. Կիրակոսյանը, Կ. Աբովյանը և ուրիշներ: Շեքսպիրի դրամատուրգիան առաջին անգամ ներկայացրել է Կ. Գալֆայանը (Համլետ, 1901): 1917–18-ին ներկայացումներ է տվել Հ. Զարիֆյանի խումբը:
Սովետական իշխանության հաստատումից հետո թատերական գործը դրվել է կայուն հիմքերի վրա: 1922–28-ին գործել է Ալեքպոլի Քաղլուսվարի դրամատիկական թատրոնը (ղեկավար՝ Ա. Արմենյան), 1923–26-ին՝ Լենինականի օպերա–օպերետային թատրոնը, 1931–36-ին՝ պատանի հանդիսատեսի թատրոնը, 1928-ից՝ Ա. Մռավյանի անվ. դրամատիկական (տես Լենինականի դրամատիկական թատրոն), 1935-ից՝ տիկնիկային թատրոնները: Բ. Հովակիմյան
Պատկերազարդումները տես 393-րդ էջից առաջ՝ ներդիրում և 544–545-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXXI:
Գրկ. Ալիշան Ղ. Շիրակ, Վնտ., 1881: Մանանդյան Հ., Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին, Ե., 1944: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ե., 1960: Ղարիբջանյան Գ. Բ., Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը 1917 –1920 թթ., Ե., 1953: Կոզմոյան Կ. Ս., Լենինական, Ե., 1957; Իսաբեկյան Հ., Լենինականի զարգացման հեռանկարները, «Հայ. ժող. տնտ.», 1961, № 2: Լենինական–40 տարի, Ե., 1964: Մկրտչյան Ս. Շ., Լենինականը նոր վերելքի ճանապարհին, Ե., 1970: Մաթևոսյան Ս., Լենինականի XIX դարի քաղաքատիպ բնակելի տները, «ՊԲՀ», 1972, № 3: Նույնի, Լենինականի հատակագծումը և կառուցապատումը XVIII–XIX դդ., «ԼՀԳ», 1972, № 10: Հարությունյան Վ. Մ., Արևելյան Հայաստանի քաղաքների հատակագծումն ու կառուցապատումը XIX դարում և XX դարի սկզբին (Երևան, Ալեքսանդրապոլ), «ՊԲՀ», 1977, № 3: Хачатрян T. C., Древняя культура Ширака, E., 1975; Халпахчьян О. Х., Гражданское зодчество Армении, M., 1971; Арутунян В. М., Архитектура советской Армении, E., 1972.
Տես նաև Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածը:
ԼԵՆԻՆԱԿԱՆ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում, Ռոստովից 8 կմ հյուսիս, Նովոշախտինսկ տանող ճանապարհի վրա: Գյուղը հիմնադրել են 1925-ին նույն շրջանի Թոփթի գյուղից տեղափոխված 25 ընտանիք: Ունի 430 (90 ընտանիք, 1978 թ.) բնակիչ, որոնցից 7 ընտանիք ռուս: Լ–ի գլխավոր փողոցները կրում են Լուկաշինի և Բ. Ղարիբջանյանի անունները: Զբաղվում են հողագործությամբ (ցորենի, բանջարեղենի մշակություն) և անասնապահությամբ (կովաբուծություն): Գյուղում գործում են ակումբ, գրադարան: Լ–ի աշակերտները սովորում են Լենինավան գյուղի դպրոցում:
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ (Շիրակի) ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆ, գտնվում է Շիրակի դաշտում և զբաղեցնում մոտ 300–320 կմ2 տարածք: Նրա ուղղաձիգ կտրվածքում առանձնացվում են գրունտային և ճնշումային ջրերի մի քանի հորիզոն: Գրունտային ջրերը բաժանվում են վերտուֆային և ենթատուֆային հորիզոնների: Առաջին հորիզոնը գերազանցապես կրում է տեղական բնույթ, իսկ երկրորդի ջրերը, որոնք ձորակներում բեռնաթափվում են աղբյուրների ձևով, օգտագործվում են ջրամատակարարման նպատակով: Հիդրոերկրաբանական տեսակետից նրա սահմաններում առանձնացված են հյուսիսային՝ անուշահամ ջրերի և հարավային՝ հանքային ջրերի տարածման տեղամասերը: Հյուսիսային տեղամասի վերին ճնշումային ջրատար հորիզոնը կապված է 10–12,5 մ հզորության ավագա–գլաքարային նստվածքների և անդեզիտա–բազալտների հետ: Հորատանցքերով ստացվող ջրի տեսակարար ծախսը կազմում է 10–13 մ/վրկ, իսկ ջրատար ապարների ծծանցման գործակիցը՝ 110–120 մ/օր: Երկրորդ (ստորին) հորիզոնի ճնշումային ջրերը կապված են լճա–գետային նստվածքների կտրվածքում գտնվող խիստ ճեղքավոր անդեզիտաբազալտների հետ: Հորատանցքերի տեսակարար ծախսը հասնում է 50–55 մ/վրկ, իսկ ջրատար ապարների ծծանցման գործակիցը՝ 230–250 մ/օբ: Ջրատար հորիզոնները սնվում են Շիրակի դաշտը եզրափակող լեռնաշղթաներից ներծծվող մթնոլորտային և մակերևութային ջրերից: Լ. ա. ա–ի ստորերկրյա ջրերը բարձրորակ են, անուշահամ, պիտանի խմելու համար, ունեն մեծ պաշարներ և լայն հեռանկարներ ջրամատակարարման բնագավառում:
ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Մայիսյան ապստամբության անվան, ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1975-ին: Ներառում է Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատը, Լենինականի տեքստիլ կոմբինատի մանվածքային արտադրամասում