Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զաուցեսը: Նրա օրոք արաբների դեմ մարտերում աչքի ընկան հայազգի նշանավոր զորավարներ Նիկեփորոս Փոկասը և Մլեհը: 906–907 թթ.-ին Կոստանդնուպոլսի վրա հարձակվեցին ռուսները, որոնց հետ կնքվեցին պայմանագրեր: 893 թ.-ին առևտրական պայմանագիր կնքվեց նաև Բյուզանդիայի և Հայաստանի միջև: Հ. Բարթիկյան

ԼԵՎՈՆ Ա Ռուբինյան (ծննդյան թ. անհայտ–1139 թ.), Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129–1237 թթ.-ին: Կոստանդին Ա–ի որդին: Հաջորդեց եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր: Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ: Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները: Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնն առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից: 1132 թ.-ին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները՝ Մամեստիա, Ադանա, Տարսոն և այլ քաղաքներով հանդերձ: Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Զոսլինին (քրոջ որդին) և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թթ.-ին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք: Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թ.-ին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Ռայմոնդին զիջելուց, 6 հազ. դուկատ փրկագին վճարելուց և իր որդիներին պատանդ տալուց հետո: Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները: Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին: Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թ.-ի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուգանդական մեծաթիվ ուժերի դեմ (տես Անարզաբայի պաշտպանություն 1137 թ.): Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին: Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռուբենին ու Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս: Այնտեղ 1138 թ.-ին սպանեցին գահաժառանգ Ռուբենին: Վշտից վախճանվեց նաև Լևոնը: Իսկ Թորոսը 1143 թ.-ին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը (տես Թորոս Բ):

Գրականություն՝ Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Փարիզ, 1859 թ.: Ալիշան Ղ., Սիսուան, Վենետիկ, 1885 թ.: Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952; Никита Хониат, История, т. 1-2, СПБ, 1860–1862; Иоанн Киниам, Краткое обозрение царствования Иоанна и Мануила Комнинов, СПБ, 1859.

ԼԵՎՈՆ Բ Մեծագործ, Լևոն Մեծահաղթ, Լևոն Բազմահաղթ,

Լևոն Բարեպաշտ (ծննդյան թ. անհայտ – 1219 թ. մայիսի 2), Կիլիկիայի հայկական պետության իշխան (պարոն) 1187 թ.-ի մայիսի 6-ից, Հայոց թագավոր՝ 1198 թ.-ի հունվարի 6-ից: Ռուբինյանների ազգատոհմից: Թորոսի Բ–ի և Մլեհի եղբայր Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն 9-ին: Լևոնի դաստիարակությունն ու կրթությունը հոգացել են մայրը՝ Հեթումյան իշխանուհի Ռիթան, և քեռին՝ Պապեռոն բերդի տեր Բակուրան իշխանը, որի ապարանքում Լևոնը եղբոր հետ ապրել է հոր եղերական մահից (1165 թ.) հետո: Լևոնը նախապես եղել է երկրի կարևոր բերդ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում: Ռուբեն Դ–ի գերությունից (1185 թ.) հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից գերեդարձած Ռուբեն Գ իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել վանք, ուր վախճանվել է նույն տարում:

1187 թ.-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) Լևոնը ջախջախեց Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ՝ Պռականա բերդով հանդերձ: 1187 թ.-ին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց Կիլիկիա ներխուժած՝ Հալեպի և Դամասկոսի սուլթանին: Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ադ–Դինը, որի դեպի Արևմուտք առաջխաղացումը կանխվեց 1189 թ.-ի Խաչակրաց երրորդ արշավանքով: Խաչակիրները 1190 թ.-ին ճամբարեցին Կիլիկիայի Սելևկիա քաղաքում: Լևոնի պատվիրակները, Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ, խաչակիրներին խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Հենրիկոս 6-րդ խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր: Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ–Դինին, 1193 թ.-ին նրա դաշնակից Անտիոքի դքսությունից գրավեց Պաղրաս և Դարպսակ բերդերը: Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոն Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192 թ.-ին հատուկ հրովարտակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս (Հովհաննես անունով)՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միխայիլ կաթողիկոսի: Լևոնի վարած արտաքին քաղաքականությունը սրեց թե՛ Այյուբյան սուլթանության, թե՝ Անտիոքի դքսության դժգոհությունը: 1193 թ.-ին Սալահ ադ–Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ 3-րդ Կակազի (իշխել է 1173–1205 թթ.) սադրանքով խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը: Լևոնին ցանկանում էր խարդախությամբ ձերբակալել Անտիոքի դուքսը: Իմանալով այդ, Լևոնը 1194 թ.-ին նրան հրավիրեց Կաստոն ամրոցը, ձերբակալեց և տարավ Սիս: Դուքսը Լևոնի հետ հաշտություն ստորագրեց, ճանաչեց նրա ավագությունը, վերադարձրեց Ռուբեն Դ–ի գերության ժամանակ Կիլիկիայից զավթած հողերը (Զահան գետից մինչև Կաստոն բերդը), ինչպես նաև Ասորվոց դրունք կոչվող կարևոր ռազմական հանգույցը: Պայմանագիրն ամրապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոնի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի (Ալիծի) ամուսնությամբ: Ռայմոնդը, որպես պատանդ, դաստիարակվելու էր Լևոնի արքունիքում: Ըստ որում Լևոնը և Բոհեմունդը պարտավորվեցին, որ Ռայմոնդի գահը ժառանգվի Ալիսից ծնված որդուն: Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար: Այսպիսով, Լևոնը շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար:

1196 թ.-ին Գերմանիայի Հենրիկոս (Հայնրիխ) 6-րդ կայսրը թագ ուղարկեց Լևոնին: Կիրակոս Գանձակեցին գրում է, որ Բյուզանդիայի Ալեքսոս 3-րդ Անգելոս կայսրը շտապեց կանխել Լևոնի թագադրությունը Գերմանիայի կայսրից և 1196 թ.-ին Լևոնին ուղարկեց մեծամեծ ընծաներ, առյուծանկար դրոշակ, արքայական զգեստներ, ոսկով ու պատվական քարերով ընդելուզված թագ:

Լևոնը թագադրվեց 1198 թ.-ի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Սուրբ Սոփիա մայր տաճարում: Արարողությանը ներկա էին Բյուզանդիայի, Հռոմեական սրբազան կայսրության, Բաղդադի խալիֆայի և հարևան այլ երկրների պատվիրակությունները: Գրիգոր Զ Ապիրատ կաթողիկոսը հայկական, իսկ Հռոմեական սրբազան կայսրության և պապի ներկայացուցիչը՝ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտտելբախը, լատին ծեսով, Լևոնին օծեցին «Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավռիոյ»: Համաժողովրդական տոնակատարությունները, զորահանդեսները, մրցությունները տևեցին 8 օր: Ժամանակագիրները Լևոնի թագադրությունը գնահատել են որպես քաղաքական մեծագույն իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Երկու կայսրից թագ ընդունելու փաստով Լևոնն ընդգծեց ոչ միայն իր իշխանության միջազգային մեծ հեղինակությունը, այլև չեզոքացրեց նրանց միջամտությունը Կիլիկյան Հայաստանի ներքին գործերին: Ձգտելով ստեղծել կենտրոնացված ու անսահմանափակ միապետություն՝ Լևոնը հնազանդեցրեց կիսանկախ ու անջատամետ որոշ ավատատեր իշխանների: Նախ պատժեց արքունիքին ներհակ Հայոց Կաթողիկոս