Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/705

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղորդակցության ճանապարհների ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1927–32-ին՝ Պետական հրատարակչության վարչության նախագահ և լուսժողկոմատի կոլեգիայի անդամ: 1927–29-ին նա միաժամանակ Դ. Վ. Պլեխանովի անվ. ժողովրդական տնտեսության ինստ–ի ռեկտորի էր: 1935-ից՝ գյուտարարների համամիութենական ընկերության նախագահը: Եղել է կոմկուսի XIV, XV, XVI համագումարների պատգամավոր և Համառուսաստանյան Կենտգործկոմի ու ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ:

Երկ. K вопросу о политике заработной платы, M., 1923; Ленин о производительности труда, Л. 1925.

Գրկ. Մնացականյան Ա. Ն., Հոկտեմբերի բարիկադների վրա, Ե. 1967: Мнацаканян А. Н., Cтрабон Л. А., Документы о государственной деятельности А. Б. Халатова, «ԲՀԱ», 1963, № 2. Ա. Մնացականյան.

ԽԱԼԱՋ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս–արեելք: Միավորված է Սյունիքի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:

ԽԱԼԱՓՅԱՆ Զորայր Երվանդի (ծն. 1.8.1933, գ. Թալիշ, ԼՂԻՄ Մարտակերտի շրջան), հայ սովետական գրող: 1956-ին ավարտել է Երևանի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը: 1957–67-ին որպես նախագծող–ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստ–ներում: Առաջին երկը «Հեղեղ» վիպակն է (1963): Հրատարակել է «Որտե՞ղ Էիր, մարդ աստծո» (1966, վեպ, ռուս. հրտ. 1971), «Երիցուկի թերթիկներ. Ձեր դիմանկարը» (1971, վիպակներ), «Հրաշք երեխա» (1973, պիեսներ), «Մեռնող հառնող» (երկու վիպակ և վեպ, 1975), «Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» (1978, վեպ) գրքերը: Բեմադրվել են Խ–ի «Հրաշք երեխա» (1966, Երևան), «Օրորոցային» (1972, Լենինգրադ, 1976, Կաունաս), «Հայրական տուն» (1975, Լենինական, 1977,"Երևան), «Տարբեր նվագներ» [1973, Լենինական, 1974, Ռիգա, 1977, Բլագոևգրադ (Բուլղարիա)] և այլ պիեսներ: «Որտե՞ղ Էիր, մարդ աստծո» վեպը լույս է տեսել չեխերեն, բուլղարերեն, լեհերեն: 1ս–ի հերոսները ժամանակակից մարդիկ են, շեշտված դրամատիկ կերպարներ:

ԽԱԼԴԱՅՆԵՐ, խալիբներ, խալյուբներ (հուն. χάλδάτόί, χάλύβές), Խաղտիք երկրի բնակչության անվանումը մ. թ. ա. 1-ին հազարամյակում: Ըստ Քսենոփոնի, սակավահող ու աղքատ Խ., որոնց չափահաս բոլոր այրերը կրում էին նիզակներ և ճյուղերից հյուսած վահաններ, հաճախ տրվում էին վարձկանության հարևան երկրների, գլխավորապես Պարսից և Հայոց բանակներում: Այդ ռազմասեր լեռնականները պատեհ առիթներով խուժում էին Հայաստանի սահմանամերձ շրջանները, կողոպտում երկրագործ հայերին և արագորեն ապաստանում լեռների ծերպերին կառուցած իրենց ամրություններում: Քսենոփոնը վկայում է, որ մ. թ. ա. VI դ. 1-ին կեսին Պարսից զորավար Կյուրոս Աքեմենյանի միջամտությամբ հայերը համաձայնել են օգտվել Խ–ի լեռնային արոտավայրերից, իսկ Խ.՝ հայերի երկրագործական արդյունքներից: Հին հունական հեղինակներն ավանդաբար Խ–ին համարում են առաջին մետաղագործները, նրանց վերագրում պողպատի գյուտը (հին հուն. «պողպատը» կոչվել է «խալյուֆ»):

Որոշ ուսումնասիրողներ (Լեհման–Հաուպտ, Հ. Մանանդյան և ուրիշներ) սխալմամբ կարծել են, որ Խ. ուրարտացիների մնացորդներն էին, որոնց իբր հայերը մղեցին լեռները: Մինչդեռ ուրարտական պետության ժամանակ Խ. հիշվում են որպես ուրարտացիներից տարբեր ցեղախումբ:

Գրկ. Քսենոփոն, Անաբասիս, Ե., 1970: Ксенофонт, Киропедия, М., 1976; Страбон, География в 17 книгах, Л., 1964; Шмидт Р. В., Металическое произвоство в мифе и религии Античной Греции, M., 1931; Пиотровский Б. Б., Ванское царство (Урарту), M., 1959.

ԽԱԼԴԱՐՅԱՆ Գրիգոր Խոջամալի (ծն. թ. անհտ.–1787), հրատարակիչ, թարգմանիչ, բառարանագիր: Ծնվել է Նոր Ջուղայից Հնդկաստան գաղթած վաճառականի ընտանիքում: 1770-ին մեկնել է Լոնդոն, ուր մնացել է 10 տարի և փորձել իրականացնել հայկ. տպարան հիմնելու և գրքեր հրատարակելու իր երազանքը: Ձուլել տալով հայերեն տառեր՝ 1780-ին անգլ. մի տպարանում հրատարակել է «Դաւանութիւն հաւատոյ» գիրքը: Նույն թվականին տեղափոխվել է Պետերբուրգ և 1781-ին լույս ընծայել Ռուսաստանում առաջին հայերեն գիրքը՝ «Այբբենարան»-ը: Հետագա տարիներին հրատարակել է ևս 10 գիրք: «Պաւոմութիւն ս. գրոց» (1785) և «Գիրք, որ կոչի վէմ գայթակղութեան» (1786) գրքերի վերջին էջերում զետեղված են նրա թարգմանած «Ցաղագս իրաւանց» և «Ցաղագս նախանձաւորութեան» բարոյախոսական գրվածքները: Նրան է պատկանում Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքի ռուս. թարգմանությունը: Կազմել է «Գիրք որ կոչի շաւիղ լեգուագիտութեան» հայ–ռուսերեն համառոտ բառարանը, որը լույս է տեսել մահվանից հետո (1788):

Գրկ. Թեոդորիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912, էջ 177: Լեոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958, էջ 164: Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973: Հ. Դավթյան

ԽԱԼԴԵՐԵՆ, տես Ուրարտերեն:

ԽԱԼԴԻ (Hal-di, Al-di), Ուրարտուի գերագույն և ռազմի աստվածը: Պետության համադիցարանի աստվածությունները (կուռքերը) ենթադասվել են Խ–ից հետո: Իշպուինի արքայի (իշխել է մ. թ. ա. շուրջ 824–810) կազմած հաշտից ցուցակում (արձանագրությունը պահպանվել է Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին) առաջին աստիճանում դասված է Խ., որին նվիրաբերել են առավելագույն թվով զոհեր (17 եզ, 34 ոչխար, 6 ուլ): Խ–ին նվիրել են բազմաթիվ տաճարներ, բայց նրա պաշտամունքի գլխավոր տաճարատեղին էր Արդինի (Մուսասիր) քաղաքը: Ասորեստանի Սարգոն Բ թագավորի (մ. թ. ա. 722–705) արձանագրություններում այդ քաղաքը հիշատակվում է որպես Խ–ի «բնակարան», որտեղ դրված էին Խ–ի և նրա կնոջ՝ Արուբանի–Բագմաշտուի, ինչպես նաև Ուրարտուի թագավորների անդրիները: Խ–ի գլխավոր տաճարում են կատարվել գերագույն արքայի օծման և թագադրման սրբազան ծեսերն ու արարողությունները: Խ–ի անունով են սրբագործվել Ուրարտուի արքաների ռազմ, և շինարարական բոլոր գործերը: Իր գերակա և համապարտադիր պաշտամունքով Խ. մարմնավորել է Ուրարտու պետության մեջ համախմբված Հայկական լեռնաշխարհի հիմնականում արյունակից ցեղերի կենտրոնացման գաղափարը: Ավստրիացի արևելագետ Լեհման–Հաուպտը, ելնելով Ուրարտուի աստվածապետական բնույթից, կարծում էր, որ նրա մեջ միավորված խալդապաշտ ցեղերը իրենց ճանաչել են Խ–ի անունով՝ իբրև «Խալդի որդիներ» (այնպես, ինչպես նրանց ժամանակակից և դրացի ասորեստանցիները՝ Աշուր աստծո անունով): Իսկ սովետական լեզվաբան և հնագետ, .ակադ. Ի. Մեշչանինովի կարծիքով Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի «հայ» անունը Խ–ի անվան «խալ» հիմքի սոսկ հնչյունական տարատեսակն է: Այլ ուսումնասիրողների կարծիքով՝ Խ. իր դիցաբանական հյուսվածքով, ժամանակով և էությամբ նույնանում է հին հայոց Հայկ աստվածությանը:

Արին–բերդ (էրեբունի) հնավայրի Խ–ի տաճարի ավերակներում գտնվել է Խ–ի որմնանկարը, ուր նա պատկերված է մորուքավոր ռազմիկի կերպարանքով, կանգնած իր սրբազան արբանյակի՝ ահեղ առյուծի մեջքին:

Գրկ. Мещанинов И. И., Древневанский бог Xald-Xaldin, «Восто1ные записки», 1927, т. 1; Леман - Гаупт К. Ф., Вступительная лекция по истории и культуре халдов, «Tpуды Тбилисского гос; ун-та», 1938, т. 6; Меликишвили Г. А., Наири-Урарту, Тб., 1954; Пиотровский Б. Б., Ваннское царство (Урарту), M., 1959: Մ. Կա վաչյան

ԽԱԼԻԲՅԱՆ (Խալիբ) Հարություն Պողոսի (1790–1871), խոշոր առևտրական և արդյունաբերող, Նոր Նախիջևանի քաղաքագլուխ 1833–35-ին, 1842–53-ին: Կղերա–աղայական հոսանքի ազդեցիկ դեմքերից: Երկարատև պայքար է մղել դեմոկրատական թևը գլխավորած Գ. Պատկանյանի, ապա Մ. Նալբանդյանի դեմ: Եկեղեցական և հասարակական եկամուտների վատնման համար Խ. 1853-ին հեռացվել է պաշտոնից, հետո դատի տրվել: Սակայն Գ. Այվազովսկու միջնորդությամբ հետաքննությունը դադարեցվել է: 1858-ին Խ–ի կուտակած միջոցներով հիմնվել է Թեոդոսիայի Խալիբյան վարժարանը:

Գրկ. Հովհաննիսյան Ա. Գ., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1–2, Ե., 1955–56: Բարխուդարյան Վ. Բ.. Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն (1779 – 1861), Ե., 1967:

ԽԱԼԻԲՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, Խալիբյան ուսումնարան, հիմնվել է 1858-ին, Թեոդոսիայում (Ղրիմ), Հ. Խալիբյանի հատկացրած միջոցներով, Գ. Այվազովսկու (Այվազյան) նախաձեռնությամբ: Խ. վ. գիշերօթիկ էր, տեղավորված էր մասնավոր շենքում: Ուներ ձրիավարժ,