Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/704

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խիստ վտանգավոր է, հաճախակի վնասումներից դրանք կարող են կազմափոխվել մելաևոմայի, որից Խ–ի չափերը մեծանում են, դառնում ավելի պինդ, գունափոխվում են, շրջակայքում առաջանում թարմ պիգմենտային բծեր. մոտակա ավշահանգույցները նույնպես մեծանում են: Բուժումը. էլեկտրակոագուլյացիա, կրիոթերապիա, վիրահատություն և ճառագայթաբուժում:

ԽԱԼԱԹՅԱՆ Բագրատ Աբրահամի [մոտ 1860, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)– 1930–35-ի միջև], հայ բանագետ, պատմաբան: Սովորել է Մոսկվայում և Գերմանիայում, ուսուցչություն արել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Գերմանիայում: Հրատարակել է մոկացի Զատիկ Խապոյենցից գրառած հայ ժող. վեպի մի տարբերակ («Սասմա փահլիվաններ կամ Թըլոր Դավիթ և Մհեր», 1899), «Տասնիններորդ դարի կտակը» (1899), «Հայ ժողովրդական դյուցազնական վեպը» (ռուս. 1900, գերմ. 1902, հայերեն 1903), «Աղբյուրներ հնագույն հայոց պատմության» (1903) աշխատությունները: Գրառել է «Ռոստամ Զալի» 5 տարբերակ, ինչպես նաև մի քանի քրդական վիպական երգեր: Խ–ի պատմագիտական հետազոտությունները վերաբերում են հիմնականում ուրարտական շրջանին: Արաբ մատենագիրների երկերից քաղել և թարգմանել է Հայաստանին վերաբերող նյութեր («Արաբացի մատենագրերը Հայաստանի մասին», 1919): Ա. Նազինյան

Նկարում` Գ. Ա. Խալաթյանց Նկարում` Ա. Բ. Խալաթով

ԽԱԼԱԹՅԱՆՑ Գրիգոր Աբրահամի [15.9.1858, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) – 8.2.1912, Թիֆլիս], հայագետ, պատմաբան–բանասեր, մանկավարժ, մշակութային գործիչ: Դ–ր (1903), պրոֆեսոր (1900): 1868–77-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1877–80-ին՝ Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակ–ում, ապա՝ տեղափոխվել պատմա–լեզվաբանական ֆակ. և ավարտել 1884-ին: Այնուհետև կատարելագործվել է Գերմանիայում: 1886-ից մինչև կյանքի վերջն աշխատել է Լազարյան ճեմարանում՝ դասավանդելով հայագիտական տարբեր առարկաներ: 1890-ից գլխավորել է նաև հայագիտության ամբիոնը, իսկ 1897–1903-ին եղել ճեմարանի տեսուչը: Գործուն կերպով մասնակցել է Մոսկվայի, Պետերբուրգի, Թիֆլիսի, Կ. Պոլսի, Էրգրումի, Էջմիածնի հայ մշակութային կյանքին, նպաստել Ռուսաստանում հայագիտության զարգացմանը: Աշխատակցել է հայ և օտար պարբերական մամուլին: Գրել է (աշխարհաբար, գրաբար, ռուս. և գերմ.) ավելի քան 30 գիտ. աշխատություն ու հոդված՝ հայ ժողովրդի պատմության, մատենագրության, բանասիրության և ազգագրության տարբեր հարցերի ու խնդիրների վերաբերյալ: Խ–ի անդրանիկ գործն է «Սասունցի Դավիթ» հայ ժող. էպոսի ռուս. թարգմանությունը (1881), որը հրատարակվել է նաև գերմ. (1886): Խ–ին առանձնապես հետաքրքրել է Մովսես Խորենացին: Զբաղվելով նրա, Եղիշեի և Ղազար Փարպեցու երկերի աղբյուրների ու դրանց փոխադարձ առնչությունների քննությամբ՝ ուշադրություն է դարձրել այդ երկերում առկա միևնույն նյութերի բովանդակությունից բխող որոշ նմանություններին, դրանք համարել նույնություններ, անգամ՝ արտագրություններ և փորձել տալ դրանց լուսաբանումը: Սկզբում ընդունելով, որ երեքն էլ V դ. պատմիչներ են և որ Ղազար Փարպեցին մի փոքր ավելի ուշ է գրել առաջիններից, անհիմն կերպով մեղադրել է նրան, պնդելով, թե նա իր «Հայոց պատմություն»-ը գրելիս իբր առատորեն օգտվել, որոշ դեպքերում՝ նույնիսկ արտագրել է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» և Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկերից, սակայն դիտավորյալ լռել ու չի նշել թե՝ դրանք, թե՝ դրանց հեղինակներին («Ղազար Փարպեցի եւ գործք նորին», 1883, Խ–ի առաջին գրաբար աշխատությունը): Բայց հետո Խ. հրաժարվել է այդ տեսակետից և դիտումնավորության մեջ մեղադրել նախ՝ Եղիշեին, ընդունելով, թե նա VII դ. պատմիչ է, հետևաբար օգտվող–արտագրողը նա է («Նամակ առ խմբագրություն Եղիշեի աղբյուրների առթիվ», «ՀԱ», 1895, № 4), իսկ այնուհետև՝ Մովսես Խորենացուն: Ընկնելով ծայրահեղության մեջ՝ Խ. նրան համարել է ոչ վաղ, քան VIII դ. հեղինակ, նրա երկը՝ դիտումնավոր, կողմնակալ գրվածք և անվստահելի աղբյուր: Ավելին, ըստ Խ–ի, Մովսես Խորենացին ինքն է հորինել, կազմել «Հայոց վեպ», որի նյութը վերցրել է գլխավորապես Ս. Գրքից: Խ–ի կարծիքով այդ վեպն արհեստական է և կապ չունի իրական պատմության հետ («Հայոց վեպը Մովսես ԽորենացուՊատմության մեջ», 1896, ռուս.: Այս աշխատության համար Խ. ստացել է մագիստրոսի կոչում): Մովսես Խորենացու և նրա «Հայոց պատմության» աղբյուրների քննությանն են նվիրված Խ–ի նաև այլ աշխատություններ. «Մովսես Խորենացի և յուր աղբյուրները» (1898), «Մովսես Խորենացու նորագույն աղբյուրների մասին» (1898) ևն: Հայ Արշակունիների և նրանց մասին Մովսես Խորենացու տեղեկությունների առնչությունների խնդրին է նվիրված «Հայ Արշակունիները Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ» (1903, ռուս.) ստվարածավալ աշխատությունը՝ Խ–ի գլուխգործոցը, որի համար Պետերբուրգի կայսերական ակադեմիան Խ–ին շնորհել է դոկտորի կոչում: 1903-ին Խ. մասնակցել է նաև արևելագետների միջազգային համաժողովին (Համբուրգ), որտեղ գերմ. լեզվով երկու դասախոսություն է կարդացել հնագույն հայոց պատմության վերաբերյալ: Հայ ժողովրդի պատմությանն է նվիրված նաև «Ակնարկ Հայաստանի պատմության…» (1910, ռուս.) մեծարժեք երկը, որում Խ. շարադրել է երկրի քաղ. ու տնտ. պատմությունը հնագույն շրջանից մինչև քրիստոնեության պաշտոնական մուտքը Հայաստան:

Խ–ի բանասիրական գործերից ուշագրավ է «Հայ ժողովրդական հեքիաթների ընդհանուր ուրվագիծ» (1885, ռուս., նաև՝ գերմ., 1886) աշխատությունը, որում աշխատել է ցույց տալ հայոց, սլավոնների և գերմանացիների ժող. հեքիաթների միջև եղած կապը: Գիտության համար չափազանց արժեքավոր էին «Ա եւ Բ Մնացորդաց գրքերի նորագիւտ հայ թարգմանութհւնը» (1896) և «Գիրք Մնացորդաց ըստ հնագոյն հայ թարգմանութեան» (1899) երկերի հրատարակությունները, որոնք անմիջապես իրենց վրա բևեռեցին նշանավոր արևելագետների ու հայագետների ուշադրությունը և որոնք կարևոր ներդրում են Ս. Գրոց հայ թարգմանության պատմության լուսաբանման, ընդհանրապես, Աստվածաշնչի պատմության ուսումնասիրման համար: «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանական սովորությունների» (1887) գործով Խ. մատնանշել է այն ուղին, որով պետք է ընթանա ազգագիր–բանահավաքը (տես Ազգագրական հարցարան)՝. Խ–ի նախաձեռնությամբ է հիմնվել «Էմինյան ազգագրական ժողովածուին (անձամբ խմբագրել է 1–8 գրքերը): Թեպետ Խ. որոշ երկերում թույլ է տվել սխալ դրույթներ ու տեսակետներ, որոնք հետագայում մերժել է հայագիտությունը, սակայն այսօր էլ Խ–ի բազմաթիվ երկեր պահպանել են իրենց գիտ. արժեքը: Խ. թաղվել է Թիֆլիսում:

Երկ. Զենոբ Գլակ, Վնտ., 1893: Մարաբա Մծուրնացի կամ կեղծ Ագաթանգեղոս, Վնտ., 1898: Հայ Արշակունիք ըստ Մովսես Խորենացու, Վեն., 1906:

Գրկ. Շահնազարյան Ա., Պրոֆ. Գրիգոր Աբրահամյան Խալաթյան, «ԱՀ», 1912, գիրք 12, № l: Աբրահամյան Ռ., Գրիգոր Խալաթյանց («Արարատ», 1912, 3): Զ. Հարությունյան

ԽԱԼԱԹՈՎ (Խալաթյանց) Արտաշես (Արտեմի) Բագրատի [14(27).4.1896, Բաքու –27.10.1938, Մոսկվա], հայ սովետական կուսակցական և պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ՝ 1917-ից: 1912–17-ին սովորել է Մոսկվայի առևտրի ինստ–ում: Ուսանելու տարիներին անդամակցել է ուսանողական հեղափոխական խմբակներին: Մասնակցել է 1917-ի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո եղել է Մոսկվայի պարենի և տրանսպորտի արտակարգ կոմիսար (1918-ի սկզբից) և ՌՍՖՍՀ մատակարարման ժողկոմատի կոլեգիայի անդամ: 1919-ի նոյեմբերից Լենինի առաջարկով Խ. նշանակվել էր Կարմիր բանակի և նավատորմի պարենային ու առաջին անհրաժեշտության առարկաների մատակարարման գլխավոր վարչության պետ: 1921–31-ին նա ժողկոմխորհին կից գիտնականների կենցաղը բարելավող կենտրոնական հանձնաժողովի (ՑԵԿՈԻԲՈԻ) նախագահն էր. միաժամանակ (1922–29) գլխավորել է պարենի ժողկոմատին կից բանվորական մատակարարման հանձնաժողովը և ժողովրդական սննդի ընկերությունը: 1922–1927-ին և 1932–35-ին Խ. եղել է նաև հա–