Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օգնում էր համագյուղացիների կրթական գործին։ Գյուղն ուներ սրբավայրեր, գերեզմանոց՝ զույգ մատուռներով։ Խ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։


Խուլիգանություն (< անգլ. hooligan), հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն, արտահայտվում է հասարակական կարգը կոպտորեն խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու եղանակով։ Ցինիկորեն կամ առանձին հանդգնությամբ կատարված Խ., որն ուղեկցվում է իշխանության, հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարող հասարակայնության ներկայացուցչին կամ հանցագործությունը խափանող քաղաքացիներին դիմադրելով՝ համարվում է չարամիտ։ Չարամիտ է համարվում նաև նախկինում Խ–յան համար դատապարտված անձի Խ.։ Խ–յան առավել վտանգավոր տեսակը հրազենի կամ դանակի, կռփազենքի կամ այլ սառը զենքի և մարմնական վնասվածք հասցնելու համար հարմարեցրած այլ առարկաների գործադրմամբ (կամ գործադրման փորձով) կատարված արարքն է։ Խ–յան պակաս վտանգավոր տեսակը մանր Խ. է (զազրախոսություն, քաղաքացիների անթույլատրելի հետապնդում, հասարակական կարգն ու անդորրը խախտող գործողություններ), որի համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն։ Մեկ տարվա ընթացքում կրկնակի մանր Խ. կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության։ Խ–յան համար սահմանվում է ազատազրկում 6 ամսից մինչև 7 տարի ժամկետով՝ կախված վտանգավորության աստիճանից (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 222)։ Մ. Ուզանյան


ԽՈՒԼԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառում։ 1909-ին ուներ 183 (20 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։


ԽՈՒԼՀԱՄՐՈՒԹՅՈՒՆ, բնածին կամ վաղ մանկական հասակում ձեռք բերված խլություն և դրանով պայմանավորված՝ խոսելու ունակության բացակայություն։ Լսելու բնականոն ունակություն ունեցող երեխան ինքնուրույն տիրապետում է խոսքին։ Եթե երեխան ծնվում է խուլ կամ զրկվում է լսողությունից մինչև 1 տարեկանը, խոսքին ինքնուրույն տիրապետելը դառնում է անհնար։ Լինում են դեպքեր, երբ խլությունն առաջանում է 2–3, երբեմն 4–5 տարեկանում, և խոսելու ունակությունը, որը զարգացած էր, սակայն բավարար չափով դեռևս ամրապնդված չէր, կորչում է։ Խ–յան դեպքում խոսքի ապարատում հնչյունների կազմավորմանը խոչընդոտող փոփոխություններ չեն առաջանում։ Բուժումը քիչ արդյունավետ է։ Կարևոր են բնածին և վաղ մանկական հասակում առաջացած խլությունը կանխող միջոցները։ Խ–յան հետևանքները կարելի է հաղթահարել հատուկ ուսուցման և դաս տիարակության շնորհիվ։ Բանավոր խոսքին չտիրապեւոող խուլհամրերն իրար հասկանում են միմիկայի և իմաստավոր շարժումների (ժեստեր) միջոցով՝ միմիկա–ժեստիկուլյատոր խոսքով։ Վերջինս չի կարող լրիվ փոխարինել բանավոր խոսքին, սակայն կարելի է կոմպենսացնել գրավոր խոսքի միջոցով։ Այդ նպատակով ՍՍՀՄ–ում ստեղծվել են նախադպրոցական ու դպրոցական հատուկ հիմնարկներ, ուր հանրակրթական ուսուցման հետ միաժամանակ տարվում է մասնագիտա–աշխատանքային ուսուցում։

ՍՍՀՄ–ում խուլհամրերն օգտվում են քաղաքացիական բոլոր իրավունքներից։ Բոլոր հանրապետություններում գործում է խուլհամրերի ընկերություն։


ԽՈՒՂԱԿ, ֆիստուլա (լատ. fistula – խողովակ), ախտաբանական հաղորդակցություն որևէ օրգանի, մարմնի խոռոչի, հիվանդության օջախի ու մարմնի մակերևույթի միջև։ Սովորաբար ունենում է նեղ խողովակի տեսք, էպիթելային հյուսվածքով կամ գրանուլացիաներով ծածկված, մշտական արտադրությամբ (թարախ, լորձ, լեղի, մեզ, կղանքային զանգված)։ Լինում է բնածին (օրինակ, պորտային Խ.), զարգացման արատների դեպքում, և ձեռքբերովի քրոնիկական բորբոքային պրոցեսների (օրինակ, օստիոմիելիտ), ուռուցքների, վնասվածքների դեպքում։ Բուժումը, որպես կանոն, վիրաբուժական է։

Արհեստական Խ–ները վիրահատությունների հետևանք են։ Կարող են միացնել դատարկ օրգանները և կոչվել ներքին Խ կամ անաստամոզներ՝ բերանակցումներ (օրինակ, գաստրոէնտերոանաստամոզները ստամոքսի ելքի սպիական սեղմման դեպքում)։ Արտաքին Խ, ստոմաներ, ստեղծում են հիվանդների արհեստական սնուցման կամ մեզի, կղանքի դատարկման նպատակով (օրինակ, ցիստոստոման՝ միզածորանի ուռուցքի դեպքում մեզը դատարկելու համար)։ Արտաքին Խ–ի դեպքում հարկավոր է հատուկ խնամք, Խ–ի շրջակա մաշկի գրգռումը և վարակումը կանխելու նպատակով։


ԽՈՒՃԱՊԻ ՎԱՆՔ, XIII դարի հայկական ճարտարապետական հուշարձան պատմական Գուգարքի Բողնոփոր գավառում։ Եկեղեցին կառուցված է ֆելզիտային տուֆի սրբատաշ քարից, զույգ մույթով գմբեթավոր հորինվածք է։ Մույթերը միակտուր քարից են, ութնիստ; Խոր նախաբեմով աբսիդն ունի եռանկյունաձև խորշերով մշակված, արլ. ճակատում բացվող երեք լուսամուտ։ Մուտքերը երեքն են՝ արմ–ից, հս–ից և հվ–ից։ Գմբեթի 12-նիստանի կամարաշարով զարդարված բարձրադիր թմբուկի յուրաքանչյուր նիստում նեղ և բարձր լուսամուտ է։ Եկեղեցուն, արմ. ճակատի ողջ երկարությամբ, կից է սրահ–գավիթը։ Հուշարձանն ունի դեկորատիվ հարուստ հարդարանք։ Մ. Հասրաթյան

Նկարում` Ա. Ք. Խումարյան Նկարում` Խուճապի վանքը (XIII դ.) հարավից


ԽՈՒՄԱՐՅԱՆ Աշոտ (Ալեքսանդր) Քրիստափորի [21.1(1.2).1875, Թիֆլիս –1938], պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական և սովետական գործիչ։ Հեղափոխական գործունեությունը սկսել է 1892-ից՝ «Հայ բանվորների հեղաՓոխական ասոցիացիա» խմբակում։ 1895-ին, 1906-ին և 1909-ին ձերբակալվել և աքսորվել է Վյատկայի, Վոլոգդայի և Աստրախանի նահանգները։ 1902-ին Թիֆլիսում մասնակցել է «Հայ սոցիալ–դեմոկրատների միության» ստեղծմանը։ 1902-ին մասնակցել է «Պրոլետարիատ», 1903-ին՝ «Պրոլետարիատի կռիվը» թերթերի հրատարակմանը։ ՌՍԴԲԿ Կովկասյան միության I համագումարում (1903) ընտրվել է միության ղեկավար կոմիտեում։ 1905–06-ին Ս. Շահումյանի, Շ. Էլիավայի և Ի. Ստալինի հետ կազմակերպել է այդ կոմիտեի «Կավկազսկի ռաբոչի լիստոկ» («Кавказский рабочий листок»), ինչպես նաև «Կայծ» և նրա շարունակությունը կազմող «Նոր խոսք» թերթերի հրատարակումը։ 1906-ին Բաքվում Խ, մասնակցել է «Բակինսկի ռաբոչի» («Банкийский рабочий») թերթի հրատարակմանը։ Փետրվարյան հեղափոխության օրերին նա Աստրախանի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից էր և «Աստրախանսկի ռաբոչի» («Астраханский рабочий», 1917) թերթի խմբագիրը։ Աստրախանում սովետական կարգեր հաստատվելուց հետո (1918-ի հունվար) Խ. նշանակվել է Աստրախանի ժողկոմսովետի նախագահ և ներքին գործերի ժողկոմ։ 1918-ի մայիս–հուլիսին Լենինը և Շահումյանը նամակագրական կապ են պահպանել Խ–ի միջոցով։ 1920–21-ին եղել է Աստրախանի նահանգային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ և ներքին գործերի ժողկոմ։ 1921-ին փոխադրվել է Թիֆլիս և նշանակվել ՌՍՖՍՀ ԲԳՏ–ի լիազոր և կուսակցական