Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պարտության են մատնել արաբական խալիֆայության զորքին, սպանել նրա զորապետ Յուսուփին։ Այդ դրվագը արտացոլվել է «Սասունցի Դավիթ» էպոսում։ Ապստամբությունը հիշատակում են նաև արաբ մատենագիրներ Բելազուրին և Թաբարին, Հայաստանի անկախության կորստից հետո էլ Խ. պահպանել է իր կիսանկախ վիճակը։ 1459–60-ին հակաթուրքական պայքարին մասնակցելու նպատակով Խ–ից, որպես բանագնաց, Հռոմ է մեկնել (պապի հետ բանակցելու) Հեթումը։ 1514-ից հետո Խ. ընկել է օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ։ Թուրքիայի կազմում Խ մտնում էր Բիթլիսի վիլայեթի մեջ՝ Բռնաշենի հետ կազմելով առանձին նահիե։

Խ–ում XV դ. հիշվում է Քեռգու գյուղաքաղաքը։ Այդտեղ էր գտնվում Ս. Աղբյուրիկ (Աղբերկա) կամ Վանդիր վանքը, որը կառուցվել էր V–VI դդ.։ Վանքը եպիսկոպոսանիստ էր, ուր իր կյանքի վերջին տարիներին եղել է Գրիգոր Մագիստրոսը։ Գմբեթավոր էր, պարսպապատ և ծառայում էր որպես ամրոց։ X–XIII դդ. այն եղել է Սասունի իշխանների դամբարանը։ 1915-ին Խ, ուներ 19 հայաբնակ գյուղ։ Բնակչության մեծ մասը զոհվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ 1916-ի գարնանը ռուս կազակների մի զորամաս մտել է Խ և ազատել նրա մնացած բնակիչներին (որոնք եղեռնի ժամանակ թաքնվել էին լեռնածերպերում) և տեղափոխել Մուշ՝ ապահովելով նրանց սննդամթերքով։ 1917-ի վերջին Խ–ի ողջ մնացած բնակիչներն անցել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Աշտարակի ու Թալինի շրջանների գյուղերում։

Խ–ի Կոռ գյուղում է ծնվել հայ նշանավոր փիլիսոփա, Գլաձորի համալսարանի հիմնադիր Ներսես Մշեցին (XIII–XIV դդ.)։

Գրկ. Պետոյան Վ., Սասնա ազգագրությունը, Ե., 1965։ Վ. Վարդանյան


ԽՈՒԹԼՈՒ ԲՈՒՂԱ Արծրունի (ծն. թ. անհտ.–1293), XIII ղարի վերջի հայ–վրացական պետական գործիչ, զորավար։ Սադուն Արծրունու ավագ որդին։ Հոր մահից հետո 1284-ին (այլ կարծիքով՝ 1281-ին) ստանձնել է Մահկանաբերդի Արծրունիների տան ավագությունը և ամիրսպասալարության պաշտոնը վրաց. արքունիքում։ 1289-ին, մոնղոլ Արղուն իլխանի դեմ ամիր Բուղայի ապստամբության ճնշումից և վրաց թագավոր Դեմետրեի զոհվելուց հետո, Բ–ի գործուն միջամտությամբ գահը հանձնվել է Նարին–Դավթի որդի Վախթանգին։ Վերջինս, որպես հատուցում, Արղունի համաձայնությամբ, 1290-ին Խ Բ–ին է հանձնել նաև աթաբեկությունը։ Արղունի սպանությունից (1291) հետո եղբայրը՝ նոր խան Քեյղաթուն, սաստկացրել է բռնությունները՝ ոչնչացնելով Արղունի նախկին համախոհներին։ Խ. Բ. և վրացի ու հայ մի շարք ավատատերեր փորձել են հորդորել Վախթանգին՝ պայքարել մոնղոլների դեմ և ստեղծել հայ–վրացական զորեղ թագավորություն, բայց ապարդյուն։ Ուստի, նրանք գահընկեց են արել (1292) Վախթանգին և թագավոր հռչակել Դեմետրեի որդի Դավթին։ Դրանից հետո Խ Բ. կասկածվել է նոր խանի դեմ ապստամբություն կազմակերպելու մեջ և սպանվել։ Հաղպատի Ս. Նշան եկեղեցու հս, պատի որմնանկարում պահպանվել է խ. Բ–ի ամբողջ հասակով պատկերը՝ «Պարոն Խութլու Բոսլայ» մակագրությամբ։ Իսկ Ավանի տաճարի 1287-ի արձանագրությունում Խ. Բ. իրեն անվանել է «…աթաբակ եւ ամիրսպասալար…»։

Գրկ. Վրաց ժամանակագրություն (1207–1318), Ե., 1971։ Ի. Ղարիբյան


ԽՈՒԹԼՈՒՇԱՀ, Խութլու (ծն. թ. անհտ.– 1386), հայ իշխան, զորավար։ Հավանաբար սերում է Երզնկայի արքեպիսկոպոս Մարգսի (XIII դ.) և նրա որդի Հովհաննես իշխանի տոհմից, որը երկար ժամանակ իր ձեռքում է պահել Երզնկայի եպիսկոպոսությունը, որոշ ընդմիջումներով՝ նաև աշխարհիկ իշխանությունը։ Իբրև Երզնկայի նշանավոր իշխան՝ Խ. հիշված է XIV–XV դդ. գրված մի Ավետարանի (էջմիածնի Մայր Աթոռի գրատուն, ձեռագիր № 96) չափածո հիշատակարանում, իսկ «Խութլու» անվամբ՝ Երզնկայի Կաթողիկե եկեղեցում գրված ձեռագրի (Երևանի Մեսբոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 557) հիշատակարանում, որտեղ հիշատակված են նույն տոհմի նաև ուրիշ գործիչներ, մոր կողմից՝ արքեպիսկոպոս Սարգսի թոռ խոջա Ահարոնի որդի Թաճատինը և XIV դ. վերջի Երզնկայի հայ իշխան Սուլայմանը, հավանաբար՝ Խ–ի որդին։ Խ հովանավորել է հայ մշակույթի գործիչներին։ Խ–ի պատվերով են ընդօրինակվել մի շարք ձեռագրեր։

Գրկ. Բաղդասարյան է., Երզնկայի հայկական իշխանությանը XIII–XV դարերում, «ԼՀԳ», 1970, № 2; Է. Բաղդասարյան


ԽՈՒԼ ԵՂԻՆՋ (Lamium album), շրթնածաղիկների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Աճում է Հս. կիսագնդի բարեխառն գոտում, ՍՍՀՄ–ում՝ ամենուրեք։ Բարձրությունը 30–60 սմ է։ Տերևները հակադիր են, սղոցաեզր, ձևով նման են եղինջի տերևներին, բայց զուրկ են գեղձային խայթող մազիկներից։ Ցողունը թույլ ճյուղավորված է։ Ծաղիկներն անկանոն են, սպիտակ՝ խմբված վերին տերևածոցերում։ Պտուղը ընկուզիկ է։ Մեղրատու է։ Ծաղիկները և տերևները պարունակում են դաբաղանյութեր, շաքարներ, եթերային յուղ, սապոնիններ, ասկորբինաթթու։ Դեղաբույս է։


ԽՈՒԼ ԽԱՉԻԿ, Խաչիկ Արծրունի (ծն. թ. անհտ.–1042, Թոռնավան), Վասպուրականի Թոռնավան գավառի իշխան։ Աղբյուրներում հորջորջվել է «խուլ», «առյուծ» մականուններով, «Հայոց մեծ իշխան» պատվանունով։ 1021-ին Վասպուրականի ազատանու արտագաղթից հետո Խ Խ հրաժարվեց հեռանալ հայրենիքից, բայց որդիները՝ Հասանն ու Ճնճղուկը, իրենց զորագնդերով ծառայության մտան Բյուզանդիայի կայսեր մոտ։ 1042-ին Խ. Խ. 70 ռազմիկներով դիմադրություն կազմակերպեց Հեր ու Զարավանդ գավառներից Թոռնավան ներխուժած այլազգի հրոսակախմբի դեմ։ Խ Խ–ի 15-ամյա որդի Իշխանիկը, որին հայրը փակել էր բերդում՝ մարտին չմասնակցելու համար, նույնպես նետվեց մարտադաշտ և զոհվեց քաջաբար։ Թշնամիները շրջափակեցին և սպանեցին նաև որդու զոհվելուց ցնցված Խ Խ–ին։ Որդիները, տեղեկանալով այդ մասին, վերադարձան և 5000-անոց զորախմբով ջախջախեցին վերստին Թոռնավան ներխուժած նույն (15-հազարանոց) հրոսակախմբին, անձամբ ոչնչացրին իրենց հորն ու եղբորն սպանողներին՝ ետ խլելով նրանց զենքերն ու դրոշները։

Խ–ին է նվիրված Մ. Քամալյանցի «Խուլ Խաչիկ» պատմական վիպակը։

Գրկ. Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956։ Մաթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե., 1973։ Ալիշան Ղ. Հուշիկք հայրենյաց հայոց, հ. 2, Վնտ., 1922։


ԽՈՒԼ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ, բաղաձայն հնչյուններ, որոնց արտաբերման ժամանակ, ի հակադրություն ձայնեղ բաղաձայնների և ձայնավորների, ձայնալարերը չեն տատանվում։ Հայերենի Խ. հ. են պ, տ, կ, փ, թ, ք, ճ, չ, ֆ, ս, շ, խ, հ, որոնցից պայթականները բաժանվում են երկու խմբի՝ պարզ խուլերի՝ պ, տ, կ, ծ, ճ (sourd ըստ Ռուսլոյի և Աճաոյանի), և շնչեղ խուլերի (sourd aspiree)՝ փ, թ, ք, ց, չ։ Շշուկային խոսքում խուլ են արտասանվում բոլոր հնչյունները, ընդ որում ձայնավորները միմյանցից տարբերվում են հնչարաններում առաջացող ֆորմանտների միջոցով։

Ա. Խաչատրյան, Ռ. Թոխմախյան


ԽՈՒԼԱԳՅՈՒՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի համանուն դաշտում, Խարբերդից 8 կմ հեռավորության վրա։ XX դ. սկզբին ուներ 1200 (250 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ և արհեստներով։ Գյուղի լուսավորչական և բողոքական հայերն ունեին առանձին եկեղեցիներ և դպրոցներ։ Խ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է։


ԽՈՒԼԳԱՄՈ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, համանուն շրջկենտրոնից 3 կմ արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների, կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղում գործում են ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կան երկու եկեղեցու ավերակներ, իսկ նոր եկեղեցին՝ Ս. Ստեփանոսը, կառուցվել է 1903–07-ին։ Բնակիչների նախնիները գաղթել են Արդահանի գավառի Վել գյուղից, 1829-ին։


ԽՈՒԼԹԻԿ, Ղուլթիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Տատիկ գավառակում։ Շրջապատված է լեռներով և ունի գեղեցիկ բնություն։ 1909-ին ուներ 1779 (334 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և արհեստներով (բրուտագործություն, երկաթագործություն, կտավագործություն)։ Խ–ում պատրաստված կավե ամաններն սպառվում էին Խնուսի և Ալաշկերտի գավառներում։ Գյուղում կար երեք եկեղեցի (Ս. Գևորգ, Ս. Հովհաննես–Ավետարանիչ, Ս. Հովհաննես–Մկրտիչ) և երկսեռ վարժարան։ Կ. Պոլիս գաղթած խուլթիկցի պանդուխտները հիմնել էին «Եղբայրասեր» բարեգործական ընկերությունը, որն