Զանգվածային Ծ–ում չափվող հոսքին հաղորդվում է լրացուցիչ շարժում (պտտվող կամ տատանվող հանգույցով): Դրանից Ծ–ի զգայուն տարրի վրա առաջանում են իներցիոն պտտող մոմենտ, Կորիոլիսի ուժ կամ գիրոսկոպային էֆեկտ, որոնք և սարքը գրանցում է: Պտուտանային Ծ. նյութի ծախսը չափում է չափվող նյութի հոսքով շարժման մեջ դրվող պտուտանի պտտման հաճախականությամբ, որն էլ որոշվում է տախոմետրով: Կան նաև տարբեր կառուցվածքի իոնացման, ուլտրաձայնային և այլ Ծ–եր:
ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ, արդյունաբերական արտադրանքի ինքնարժեքի կալկուլացման ժամանակ կիրառվող ծախսերի հոդվածներ, որոնցում խմբավորված են տնտեսական բովանդակությամբ տարբեր (նյութական և աշխատանքային), բայց օգտագործման առումով միատեսակ ծախսերը:
ԾԱԾԱՆ (Cyprinus carpio), ծածանակերպերի կարգի, ծածանների ընտանիքի ձուկ: Մարմնի երկարությունը մինչև 1 մ է, քաշը՝ 12 կգ: Թեփուկները խոշոր են, ոսկեգույն: Բեղիկները 2 զույգ են: Մեջքի լողակը երկար է, հետույքային լողակում ունի ոսկրյա, սղոցաձև ճառագայթ: Ապրում է Միջերկրական, Սև, Կասպից, Արալյան ծովերի ավազաններում, ՀՍՍՀ–ում՝ Արփի լճում, Արարատյան դաշտավայրի ջրավազաններում, կլիմայավարժեցված է Ստեփանավանի շրջանի լճակներում: Ձվադրում է բաժիններով, հունիս–հուլիս ամիսներին, դնում մինչև 1,5 մլն ձկնկիթ: Սնվում է անողնաշարավոր կենդանիներով, ջրային բույսերով: Ընտանեցված Ծ. կոչվում է կարպ, որը լճակային տնտեսության ամենատարածված օբյեկտն է:
ԾԱԾԱՆԱԿԵՐՊԵՐ (Cypriniformes), ոսկրոտ ձկների կարգ: Բնորոշ է վեբերյան ապարատի առկայությունը, լողափամփուշտը միացված է աղիներին: Ապրում են հիմնականում քաղցրահամ ջրերում: Ընդգրկում են 4 ենթակարգ՝ խարացիններ, էլեկտրական օձաձկներ, լոքոներ և ծածաններ: Ծ–ի մեծ մասն ունի արդյունագործական նշանակություն:
ԾԱԾԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գրության եղանակ: Խնդիրն է գրածը հասկանալի դարձնել միայն այն մարդկանց, որոնք գիտեն վերծանման բանալին: Ծ. օգտագործվել է ռազմական, դիվանագիտական, անլեգալ քաղաքական, կրոնա-աղանդավորական, առևտրա-ֆինանսական և այլ նպատակներով: Ծ–յան բազմաթիվ եղանակներ հայտնի են հնագույն ժամանակներից (հիշատակել են Հերոդոտոսը և Պլուտարքոսը): Հայերը որոշ տեսակներ գործածել են XII դարից: Հայտնի են Ծ–յան հետևյալ միջոցները. 1. այբուբենի փոխարինում մի այլ, սակավ գործածական այբուբենով, 2. բառերի հակառակ գրություն (գրիչ–չիրգ), 3. տառերի միտումնավոր ձևափոխություն՝ մասնիկների ավելացումով կամ պակասեցումով, 4. պայմանական նշաններ կամ թվեր, 5. այբուբենի տառերի հնչյունական կամ թվական արժեքների տեղափոխություններ՝ ըստ վաղօրոք նշված կոդերի, 6. ինքնահնար այբուբեն, 7. ակրոստիքոսներ (հայ գրականության մեջ գործածել են Ներսես Շնորհալին, Գրիգորիս Աղթամարցին, Ե. Չարենցը): Կան Ծ–յան ավելի բարդ ու խրթին ձևեր, որ կիրառում են պրոֆեսիոնալ հեղափոխականները, հետախույզները, լրտեսները, դիվերսանտները: Այսպիսի Ծ–ների բանալին հայտնի է միայն պայմանավորված երկու կողմերին (տես նաև Գաղտնագիր):
ԾԱԾԿԱԼԵԶՈՒ (ֆրանս. argot), սոցիալական, արհեստակցական, մասնագիտական կամ այլ կապերով միավորված մարդկանց համեմատաբար փոքր խմբերի լեզուն, որն ստեղծվում է հասարակական լեզվի հիմքի վրա: Ծ., չունենալով քերականական կանոններ ու շարահյուսություն, բառերն ու առանձին արտահայտություններ գործածում է այլ նշանակությամբ՝ միտքը անհասկանալի դարձնելու նպատակով: Ծ. ունեն պրոֆեսիոնալ գողերը, չարչիները, թափառաշրջիկ արհեստավորները և այլք: Ծ–ի մի այլ տեսակ է բառերի շրջումը կամ նոր հնչյունների հավելումը վանկերի մեջ: XIX դ. այսպիսի Ծ. («թարս լեզու») ունեին հայ աշուղները: Տես նաև ժարգոն, Սլենգ:
ԾԱԾԿԱՆՈՒՆ, տես Կեղծանուն:
ԾԱԾԿԱՊԱՐԱՆՈՑ ԿՐԻԱՆԵՐ (Crypto- dira), կրիաների ենթադասի սողունների կարգ: Ջրահը կազմված է եղջերային վահանիկներով ծածկված ոսկրային թիթեղիկներից: Ուղղահայաց հարթության մեջ կարողանում են գլուխն ու պարանոցը շարժել Տ տառի ձևով և ներս քաշել (այստեղից Ծ. կ. անվանումը): Բազմանում են ձվադրությամբ (2–20 ձու): Հայտնի են 140 տեսակ, 30 սեռ՝ համախմբված 6 ընտանիքում: Բաժանվում են 2 խմբի. ցամաքային և քաղցրահամ ջրերի կրիաներ: Ցամաքային տեսակների զրահը լավ ուռուցիկ է, ոտքերը սյունաձև են, մատները սերտաճել են միմյանց հետ, ազատ են կարճ եղունգները:ՀՍՍՀ լեռնատափաստանային չոր շրջաններում այս խմբի ներկայացուցիչներից ապրում է միջերկրածովային կրիան: Սնվում են բուսական կերով: Քաղցրահամ ջրերի կրիաների զրահը շատ ուռուցիկ չէ, ունի շրջահոսուն ձև: Վերջավորությունները լավ են զարգացած, մատների արանքում ունեն լողաթաղանթ: Առանձին տեսակներ վառ գունավորված են: Ապրում են քաղցրահամ ջրամբարներում, գետերում, լճերում ու ճահիճներում: Սնվում են հիմնականում կենդանական կերով: ՀՍՍՀ–ում հանդիպում է 2 տեսակ՝ կասպիական և ճահճային Ծ. կ.:
ԾԱԾԿԱՍԵՐՄԵՐ (Angiospermae), ծաղկավորներ, սերմնավոր բույսերի բաժին: Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների: Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները: Ծ–ին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը: Հայտնի է մոտ 250 հզ. տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում: Տես նաև Ծաղկավոր բույսեր:
ԾԱԾԿՈՒՅԹ ՏԵԿՏՈՆԱԿԱՆ, խոշոր, զառիկող (մինչև 10° անկման անկյունով) վրաշարժ՝ գրեթե հորիզոնական կամ ալիքավոր մակերևույթով և հորիզոնական տեղաշարժման ամպլիտուդով: Վերջինս հասնում է տասնյակ, երբեմն հարյուրավոր կիլոմետրերի: Տեկտոնական ծածկույթները հիմնականում հանդիպում են գեոսինկլինալային մարզերում: Ծածկույթը կազմող ապարները կոչվում են ալոխթոն, իսկ տեղում մնացած հիմքի ապարները՝ ավտոխթոն: Տերմինն առաջարկել է Բերտրանը՝ 1908-ին: Տեկտոնական ծածկույթները լայնորեն տարածված են Ալպերում, Հիմալայներում, Կարպատներում, սակավ՝ Կովկասում, Պամիրում:
ԾԱԿՍՆ (Cobitis), օձաձկների ընտանիքի ձկների սեռ: Մարմինը կողքերից սեղմված է, երկարությունը մինչև 13,5 սմ (սովորական Ծ.) է, թեփուկները մանր են, աչքի տակ ունի ծալովի փուշ, բերանի շուրջը՝ վեց բեղիկ: Մեջքային լողակը կարճ է, պոչայինը՝ կլորացած կամ հատված: ՀՍՍՀ ջրամբարներում ապրում է Առաջավոր Ասիայի Ծ., որը հիմնականում բաց դեղնավուն է, կողքերին խոշոր կլորավուն կամ քառանկյուն բծերով: Սնվում է հատակային մանր օրգանիզմներով: Ձվադրում է հունիս-հուլիսին: Որպես սնունդ չի օգտագործվում:
ԾԱԿԱՏԻՉ, ինֆորմացիայի մշակման համակարգերում, ինֆորմացիայի գրառման նպատակով թղթի, կինոժապավենի վրա անցքեր ծակոտելու սարք: Առավել տարածված են ծակոտաժապավենների և ծակոտաքարտերի վրա թվանշանային, այբբենական և այբբենա–թվանշանային ինֆորմացիա գրառող Ծ–ները: Ծ–ները տարբերում են Ծակատիչ մեխանիզմի սխեման. ա–անընդհատ շարժվող կրիչով, բ–անշարժ կրիչով և շարժվող պուանսոնով ու մատրիցայով, 1. գրառման կրիչ (ծակոտաքարտ կամ ծակոտաժապավեն), 2. պուանսոն, 3. մատրիցա, 4. տեղակայման բռնակ
ըստ նշանակության, արտադրողականության, հաղորդակի և ծակատիչ մեխանիզմի կառուցվածքի, կառավարման եղանակի: Տարբեր Ծ–ների ծակոտման արագությունը մի քանի տասնյակից (քարտային Ծ–ներ) մինչև մի քանի հարյուր (ժապավենային Ծ–ներ) ծակոտում/վրկ է: Ծ. կազմված է ծակատիչ մեխանիզմից, ձեռքով (ստեղնային) կամ ավտոմատ կառավարման հաղորդակից (մեխանիկական, էլեկտրամագնիսական, պնևմատիկ կամ հիդրավլիկական), ստեղնաշարից կամ մուտքի փոխակերպիչից և գրանցիչը տեղաշարժող մեխանիզմից:
ԾԱԿՈՏԱԺԱՊԱՎԵՆ, թղթից, ցելյուլոիդից կամ պոլիէթիլենտերեֆտալատից (լավսան) պատրաստված ժապավեն, որի վրա ինֆորմացիան գրառվում է անցքեր ծակոտելու միջոցով: Առավել տարածված են