ցել է ծննդավայրում: 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան, ավարտել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, մինչև 1950-ը եղել է ուսուցիչ: Հրատարակել է «Խնդություն» (1938, բանաստեղծություններ), «Մոկաց Միրզա» (1939, պոեմ), «Պոեմներ» (1955), «Սասնա տուն» (1958, դյուցազնավեպ), «Շխոնց Միհրան» (1963), «Երկար, երկար մի ճանապարհ» (1965, վեպ), «Հազարան բլբուլ» (1968) գրքերը: Գրել է նաև մանուկների համար: Աշխարհաբարի է վերածել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը:
ԽԵՐԻԲԵԿԼՈՒ, Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղի նախկին (մինչև 1967-ը) անվանումը:
ԽԵՐՍՈՆ, քաղաք, Ուկրաինական ՍՍՀ Խերսոնի մարզի վարչական կենտրոնը: Ծովային և գետային նավահանգիստ է, երկաթուղային հանգույց: Գտնվում է Դնեպրի աջ ափին, գետաբերանից 25 կմ հս–արլ.: 319 հզ. բն. (1979): Արդ. կենտրոն է: Խ. հիմնադրվել է 1778-ին: XIX դ. վերջից առևտրական խոշոր նավահանգիստ է:
ԽԵՐՍՈՆԵՍ Տավրիկյան (հուն. Χερσόνησος – ἡ χερσόνησος), հնագույն քաղաթ Ղրիմում (այժմյան՝ Սևաստոպոլի շրջագծում): Հիմնադրել են Պոնտական Հերակլեայից տեղափոխված հույները՝ մ. թ. ա. 422–21-ին: Մ. թ. ա. V–I դդ. ստրկատիրական քաղաք–պետություն, դեմոկրատական հանրապետություն էր: Մ. թ. ա. IV-II դդ. Խ. ուներ 36 հա տարածություն, 9 երկայնական, 27 լայնական փողոց, միջնաբերդ, շուկա, նավահանգիստ են: Մ. թ . ա. II դ. վերջին Խ–ի բնակիչները հաղթեցին քաղաքը պաշարած սկյութացիներին, սակայն կախման մեջ ընկան Պոնտոսի թագավոր Միհրդատ VI-ից:
1 – IV դդ. Հռոմից, այնուհետև Բյուզանդիայից կախման մեջ գտնվող արիստոկրատական հանրապետություն է: V–XI դդ. Հյուսիսային Մերձսևծովյան ամենախոշոր քաղաքն էր, առևտրա–արհեստագործական և քրիստոնեության տարածման կենտրոն: Խ. բուռն ծաղկման հասավ հատկապես V–VII դդ : 710-ին խերսոնեսցի ապստամբները, հայազգի Վարդանի գլխավորությամբ, համագործակցելով խազարների հետ, դիմագրավեցին Հուստինիանոս II կայսեր ուղարկած պատժիչ նավատորմը: Ապստամբներին միացած կայսերական զորքերը հավատարմության երդում տվեցին Խ–ում կայսր հռչակված Վարդանին, որն այնուհետև զորքով մտավ Կ. Պոլիս և գրավեց գահը (711–713): Ենթադրվում է, որ Վարդանին նեցուկ են ծառայել տեղի հայերը: 989-ին Խ. գրավեց Վլադիմիր Մվյատոսլավիչը, 1299-ին գրավեց և ավերեց Նողայը, իսկ XIV դ. վերջին՝ Եդիգեյը: Քաղաքը գոյություն ուներ մինչև XV դ. կեսը:
Խ–ի պեղումներն սկսվել են 1827-ին, սակայն սիստեմատիկաբար կատարվել և 1876-ից: Խ–ում բացվել են բնակելի թաղամասեր, 3 հզ. տեղանոց անտիկ թատրոն, ռազմ. աշտարակներ, դարպասներ, 50 քրիստոնեական տաճար, ջրմուղ, թերմեր, մոտ 20 հզ. դրամ, խճանկարազարդ հատակներ, որմնանկարներ, սրբապատկերներ ևն:
Հնագույն ժամանակներից սկսած Խ–ում բնակվել են հայ առևտրականներ: XI դ. սելջուկների, արաբների և բյուզանդացիների ճնշման հետևանքով Անիից և Հայաստանի այլ վայրերից գաղթած հայերի մի մասը հաստատվել է Խ–ում: Պեղումների հիման վրա ենթադրվում է, որ XI –XIII դդ. Խ–ում մշտական բնակություն են հաստատել զգալի թվով հայեր (հետազոտված 18 գանգերից մոտ 15–16-ը պատկանում են արմենոիդ տիպին), որոնք տեղի մշակույթի վրա շոշափելի ազդեցություն են թողել: 1902-ին Խ–ի խաչաձև տաճարում գտնվել է հայերեն 2 արձանագրություն (հիմքի մարմարյա բեկորի վրա և որմնանկարի տակ): Խ–ի միջնադարյան և Ամբերդի X–XI դդ. բաղնիքները, Հայաստանի X–XI դդ. խեցեղեն իրերը համեմատելով Խ–ի նմուշների հետ, հնագետ Ա. Յակոբսոնը եզրակացրել է, որ դրանք բացարձակ նման են միմյանց:
Գրկ. Միքայելյան Վ., Ղրիմի հայկական գաղութի պատմություն, Ե., 1964: Белов Г. Д. Xepcoнec Taврический, Л., 1948; Якобсон А. Л., Pаннесредневековый Херсонес, M.–Л., 1959, Վ. Ալեքսանյան
ԽԵՐՍՈՆԻ ՄԱՐԶ, Ուկրաինական ՍԱՀ–ում: Կազմվել է 1944-ի մարտի 30-ին: Հվ–ից ողողվում է Սև և Ազովի ծովերով: Տարածությունը 28,5 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 1164 հզ. (1979): Բաժանվում է 18 վարչական շրջանի, ունի 8 քաղաք, 29 քտա.: Կենտրոնը՝ Խերսոն: Բնությունը: Խ. մ. գտնվում է Մերձսևծովյան դաշտավայրում: Մակերևույթը հս–ում մասնատված է խանդակներով ու ձորակներով, հվ–ին բնորոշ են մեկուսացած, ոչ խոր իջվածքները: Սև և Ազովի ծովափերը կտրտված են փոքր ծոցերով, թերակղզիներով ու ցամաքալեզվակներով: Ծովափի երկարությամբ ձգվում են մի շարք ավազային կղզիներ: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը – 5°Cից –2°C է, հուլիսինը՝ 21°C-ից 23°C: Ամառը շոգ է, չորային: Հաճախակի են խորշակային փոթորիկները: Տարեկան տեղումները 300–420 մմ են: Գլխավոր գետը Դնեպրն է, որի հովտում մեծ տարածություն են գրավում ճահիճները: Խ. մ–ում գործում են Ինգուլեցի և Կրասնոզնամենսկի ոռոգիչ համակարգերը, Հյուսիս–Ղրիմյան ջրանցքը, Կախովկայի ջրամբարը: Կառուցվում են Կախովկայի ոռոգիչ համակարգը (Եվրոպայում ամենախոշորը) և Հյուսիս–Ռոգաչինյան ոռոգիչ համակարգի առաջին հերթը: Խ. մ. գտնվում է տափաստանային զոնայում: Կան հանքային շինանյութեր, կերակրի աղ, տորֆ, ինչպես նաև բուժիչ ցեխեր:
Բնակչության 78,3%-ը ուկրաինացիներ են, 18%-ը՝ ռուսներ, բնակվում են նաև բելոռուսներ, հրեաներ և այլք (1979): Խտությունը՝ 1 կմ2 վրա մոտ 40,9 մարդ (1979), քաղաքային բնակչությունը՝ 60%: Խոշոր քաղաքներն են Խերսոնը, Նովայա Կախովկան, Գենիչեսկը: Տնտեսությունը: Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Խ. մ. ագրարային շրջան էր: Սովետական իշխանության տարիներին Խ. մ–ում զարգացան մեքենաշինությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը, տրանսպորտի ժամանակակից ձևերը: Խերսոնում են գտնվում Կոմինտերնի և Կույբիշևի անվ. նավաշինական, կոմբայնի, էլեկտրամեքենաշինական և կարդանային լիսեռների, Կախովկայում՝ էլեկտրազոդման սարքավորումների, Նովայա Կախովկայում՝ էլեկտրամեքենաշինական, Բերիսլավում՝ մեքենաշինական գործարանները: Բազմաճյուղ է սննդի արդյունաբերությունը (պահածո, ալյուր, գինի, միս, ձուկ ևն): Թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլն է: Խերսոնում է գտնվում ՍԱՀՄ բամբակեղենի խոշորագույն կոմբինատներից մեկը, որը տալիս է Ուկրաինական ՍՍՀ բամբակե գործվածքեղենի ավելի քան 43%-ը: Կան ապակետարայի, նավթավերամշակման, թաղանթանյութի ձեռնարկություններ: Խ. մ–ի էներգետիկան հիմնված է Դոնեցկի ածխի, Հյուսիսային Կովկասի, Ադրբեջանի, Ուկրաինական ՍՍՀ հս–արլ–ում գտնվող նավթի և Շեբելինկայի գազի վրա: Գործում են Կախովկայի ՀԷԿ–ը (350 հզ. կվտ) և Խերսոնի ՋԷԿ–ը: Խ. մ–ում զարգացած է հացահատիկի արտադրությունը և անասնապահությունը: Գյուղատնտ. կուլտուրաների ցանքատարածությունը 1975-ին 1644,1 հզ. հա էր: Մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, բրինձ, հատիկաընդավորներ, տեխ. կուլտուրաներից՝ արևածաղիկ, տզկանեփ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաներ, կարտոֆիլ: Զբաղվում են այգեգործությամբ: Անասնապահությունը ունի կաթնամսատու ուղղություն: Զարգացած է խոզաբուծությունը, նրբագեղմ ոչխարաբուծությունը: Երկաթուղիների երկարությունը 536 կմ է (1975): Համամիութենական նշանակություն ունի ծովային տրանսպորտը, նավահանգիստներն են Խերսոնը, Գենիչեսկը: Զարգացած է գետային տրանսպորտը: Ավտոճանապարհների երկարությունը 6 հզ. կմ է: Խ. մ–ով է անցնում Շեբելինկա–Դնեպրոպետրովսկ–Օդեսա գազամուղը: Կառուցվում է Կրեմենչուգ–Խերսոն նավթամուղը: Օդային ճանապարհով կապված է երկրի խոշոր քաղաքների հետ:
1975–76 ուս. տարում մարզի 728 հանրակրթական դպրոցներում սովորում էին 202,6 հզ. աշակերտ, 21 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ 21 հզ., 22 պրոֆտեխնիկական ուսումնարանում՝ ավելի քան 10,7 հզ., բուհերում՝ 11,1 հզ. ուսանող: 1976-ին Խ. մ–ում գործում էին 634 գրադարան, 2 թանգարան, 2 թատրոն, 646 ակումբ, 888 կինոսարք: Լույս են տեսնում «Նադդնիպրյանսկա պրավդա» (Մերձդնեպրյան պրավդա) և «Լենինսկի պրապոր» (Լենինյան դրոշ) մարզային թերթերը: 1976-ին մարգում կար 104 հիվանդանոց (13,4 հզ. մահճակալով), 3 հզ. բժիշկ, 43 առողջարան, հանգստյան տուն և պանսիոնատ: Մ. Շտեպա
Քարտեզը տես 4-րդ հատորում, 625-րդ էջից առաջ՝ ներդիրում: