Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


էսթերային խեժերը, ֆենուֆորմալդեհիդային խեժերը, պոլիէթիլային խեժերը, վինիլային խեժերը են: Սինթետիկ Խ. լայնորեն կիրառվում են պլաստմասսաների, լաքերի ու ներկերի, սոսինձների և այլ նյութերի արտադրության մեջ, ինչպես նաև գործվածքները, թուղթը և այլ նյութեր մշակելու համար։

Հայաստանում աճում են խեժատու ծառեր (սոճի, նոճի, եղևնի, խեժափիճի, գիհի, ակացիա) և բույսեր (չարհոտ, կանգար, գազ. աղբրաց արյուն, լոշտակ են), որոնցից ստացվել կամ արտաթորվել են տարբեր տեսակի Խ.: Խեժափիճու խեժն անվանել են անզրութ կամ անծրութ, փշատերև ծառերինը՝ մարխի խեժ, բևեկնախեժ, բևեկնայուղ, գիհի ծառինը՝ սանդալուզ կամ սանդալոս, ակացիայինը՝ ախախիա կամ աղաղիա, չարհոտինը՝ անկիտան կամ անճիտան: Ստացել են նաև քարախունկ, որն անուշահոտ խեժ է և, ըստ ավանդության, կարծրանում է քարի մեջ: Վերոհիշյալ Խ. օգտագործվել են բժշկության մեջ՝ որպես դեղորայքների բաղկացուցիչ մաս կամ մաքուր վիճակում։ Դրանցից պատրաստել են սոսնձանյութ, ներկեր և թանաքներ: Ջրդեղերին խառնած՝ քսել են ձեռագրերի և մանրանկարների մակերևույթին՝ ջրի նկատմամբ անթափանց դարձնելու, մեխանիկական հարվածներից պահպանելու և փայլ տալու համար։ Որոշ Խ. (օրինակ, բևեկնախեժ) այնքան շատ են արտադրվել, որ ներքին շուկայի պահանջները բավարարելուց բացի համարվել են Հայաստանից արտահանվող գլխավոր նյութեր։

Գրկ. Սարգսյան Բ., Հայ ազգն և յուր առ մարդկությանն ըրած օգուտներն, «Բազմավեպ», 1881, էջ 98: Ալիշան Ղ., Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն, Վնտ., 1895: Голдинг Б., Химия и технология полимерных материалов, пер. с англ., M., 1963.


ԽԵԼՄՈՆՍԿԻ (Chelmonski) Յուզեֆ (7.11.1849–6.4.1914), լեհ նկարիչ–ռեալիստ: Սովորել է Վ. Գերսոնի գեղարվեստի մասնավոր դպրոցում, 1867–71-ին՝ գծանկարչության դասարանում (Վարշավա), 1872–1874-ին՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում: Լեհական գյուղին նվիրված նկարների հեղինակ է: Լավագույն գործերից են՝ «Պառավի ամառ» (1875), «Արագիլներ» (1900, երկուսն էլ՝ Վարշավայի ազգային թանգարան), «Փոթորկից առաջ» (1896, Կրակովի ազգային թանգարան):


«ԽԵԼՈՔ ԴԱՎԻԹ», գրական–քաղաքական երգիծական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1918–19-ին, Կ. Պոլսում: Խմբագիր–արտոնատեր՝ Հ. Ազնավուրյան (Զ. Մոյրյան): Դատապարտել է պատերազմը, գերմ. միլիտարիզմը, նրան մեղսակից համարել արևմտահայերի ցեղասպանությանը: «Խ. Դ.» ծաղրել և պարսավել է երիտթուրքերի պարագլուխներին, խարազանել նրանց հայաջինջ քաղաքականությունը: Թերթը ներկայացրել է շաբաթվա քաղ. լուրերը, տպագրել թերթոններ, ժամանցներ, հանելուկներ, ծաղրանկարներ են, ծանոթացրել հայկ. թատերական կյանքին: Թղթակցել են Ալփասլանը, Թեոդիկը և ուրիշներ:


ԽԵՂԿԱՏԱԿ, հայ միջնադարյան թատրոնի դերասան, սուր կատակերգական դերերի կատարող (տես Կատակ)։ «Խ.» անունը նրան տրվել է ըստ իր արվեստի բնույթի, այն է՝ մարդկային կերպարի արվեստականորեն չափազանցված, փոխակերպված (խեղված) վերարտադրություն։ Խ. որոշ դեպքերում կոչվել է նաև ծաղրածու։

Հ. Հովհաննիսյան


ԽԵՂՈՒՄ աշխատանքային, դժբախտ դեպքի հետևանքով բանվորների, ծառայողների, կոլտնտեսականների առողջության կայուն կամ ժամանակավոր վնասում՝ կապված աշխատանքի հետ: Խ. աշխատանքային է համարվում, եթե հետևանք է աշխատանքային, պետ. կամ հասարակական, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պարտականությունների կամ գործողությունների կատարման: Խ.-ից աշխատունակությունը կորցնողը, իսկ խեղվողի մահվան դեպքում նրա խնամքի տակ գտնվողները օգտվում են սոցիալական ապահովության արտոնյալ պայմաններից։

Խ. Սիմոնյան


ԽԵՄՆԻՑԵՐ Իվան Իվանովիչ [5(16).1.1745–19(30).3.1784], ռուս բանաստեղծ: Մասնակցել է Յոթնամյա պատերազմի արշավանքներին։ 1779-ից եղել է գլխավոր հյուպատոս Զմյուռնիայում (Թուրքիա), որտեղ և վախճանվել է։ 1779-ին լույս է տեսել «N. N-ի չափածո առակներն ու հեքիաթները»: Խ. դատապարտել է զավթողական պատերազմները («Տուն», «ժողովուրդ և կուռքեր» են)։


ԽԵՅՊԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառում։ 1909-ին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։


ԽԵՅՎԱՆԻ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, շրջկենտրոնից 22 կմ հյուսիս–արևմուտք: Բնակչությունը՝ հայեր, վրացիներ, էստոնացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, եգիպտացորենի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ։ Ունի երկու միջնակարգ դպրոց, ակումբ–կինո, պիոներական ճամբար։ Գյուղը հիմնել են շրջակա գյուղերից եկած հայերը և վրացիները, 1937-ին։

Նկարում` Կադր «Շնիկով տիկինը» կինոնկարից (I960), ռեժիսոր՝ Ի. Խեյֆից


ԽԵՅՖԻՑ Իոսիֆ Եֆիմովիչ (ծն. 17.12.1905, Մինսկ), սովետական կինոռեժիսոր, կինոդրամատուրգ: ՍՍՀՄ ժող. արտիստ (1964): Սովորել է Լենինգրադի էկրանային արվեստի տեխնիկումում և Արվեստների պատմության ինստ–ի կինոֆակուլտետում: 1928-ից աշխատում է Լենինգրադի «Սովկինո» կինոֆաբրիկայում (այժմ՝ «Լենֆիլմ» կինոստուդիա): «Քամին դիմացից» (1930), «Կեսօր» (1931) ֆիլմերը նկարահանել է Ա. Զարխիի հետ, 1929-ին հիմնադրած Առաջին կոմերիտական բեմադրական բրիգադում: Նրանց համագործակցության արդյունքն են «Բալթիկայի դեպուտատը» (1937, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941), «Կառավարության անդամը» (1940) գեղ. և «ճապոնիայի ջախջախումը» (1946, ՍՍՀՄ պետ. մրցանակ) վավերագրական կինոնկարները։

Է. Մանուկյան


ԽԵՉՈՒՄՅԱՆ Վիգեն (Վիդոկ) Հայկի (15.12.1916, Երևան –17.4.1975, Երևան), հայ սովետական գրող, ՍՄԿԿ անդամ 1949-ից: Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1940): 1938–40-ին և 1943–56-ին աշխատել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում: Եղել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրի տեղակալ: Առաջին պատմվածքը լույս է տեսել 1939-ին: Գրել 1; «Չատուխանի պատմությունը» (1943), « Զվարթնոց» (1945), «Ծաղկողի որդին» (1945), «Մեզ մոտ, հարավում» (1955), «Գիրք պանդխտության» (1959), «Գլուխգործոցը» (1964), «Գիրք լինելության» (1966), «Գիրք մաքառման» (1968), «Գիրք գրոց» (1978) և այլ գործեր: Խ–ի ստեղծագործությունների հերոսները միջնադարյան հայ գրիչներ են, ծաղկողներ, մանրանկարիչներ, ճարտարապետներ, դեղագործներ ու տպագրիչներ, մագաղաթ ողորկողներ ու շինարար վարպետներ:


ԽԵՎԱԿ, հայախոս մահմեդական գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառում, Քաջար լեռան արևելյան ստորոտին, Կիսկիմ ավանից հյուսիս: Բնակչությունը հիմնականում զբաղվում էր մեղվաբուծությամբ (գյուղը հռչակված էր ընտիր մեղրով), հողագործությամբ, անասնապահությամբ: Խ–ի քրիստոնյա հայերը (մոտ 200 տուն) XIX դ. 1-ին կեսին ստիպողաբար ընդունել են մահմեդականություն կամ փախել և ապաստանել Խոտորջրում ու Կաբինում: XX դ. սկզբին գյուղում մնացել էին միայն 10 տուն հայ քրիստոնյա, որոնք 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ ընդունել են մահմեդականություն։ Խ–ի՝ մզկիթի վերածված հայկ. եկեղեցին այժմ էլ կանգուն է։

Թ. Գևորգյան


ԽԵՎՍՈՒՐՆԵՐ, վրացիների ազգագրական խումբ: Բնակվում են Արևելյան Վրաստանում՝ Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի հս. և հվ. լանջերին, Խևսուրական Արագսա գետի կիրճում և Ասսի, Արգունա գետերի ավազաններում: Խոսում են վրացերենի բարբառներից մեկով: Լինելով քրիստոնյաներ՝ պահպանել են նաև մինչև քրիստոնեական մի շարք հավատալիքներ և նախնիների պաշտամունքը։ Տես նաև Վրացիներ։


ԽԵՐԱՆՅԱՆ Մկրտիչ Եղիշեի (10.8.1899, Վան –27.6.1970, Երևան), հայ սովետական գրող: Նախնական կրթությունն ստա–