ԽԱՂՈՂ (vitis), խաղողազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 70 տեսակ: Մշակովի խ–ի սորտերի մեծ մասը պատկանում է V. vinifera, sybsp. sativa, D.G տեսակին: Մշակվում է նաև հյուսիսամերիկյան Խ–ի մի քանի տեսակ, որոնք օգտագործվում են հիմնականում որպես ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալներ: Խ–ի սորտերի զգալի մասն առաջացել է եվրոպական վայրի խաղողից, որն աճում է Կասպից, Սև և Միջերկրական ծովերի ավազաններում, Կոպետդաղի լեռներից մինչև Պիրենեյան թերակղզին, ՍՍՀՄ–ում՝ Մոլդավական ՍՍՀ–ում, Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Թուրքմ. ՍՍՀ–ում, Անդրկովկասում (ՀՍՍՀ–ում՝ Մեղրու շրջանում, Լոռի–Փամբակի կիրճերում): Ենթադրվում է, որ հայկ. հինավուրց սորտերի գերակշռող մասը ծագել է տեղական վայրի Խ–ից: Խ–ի արմատային համակարգը հզոր է, բունը՝ լիան (անտառային պայմաններում մագլցող, փաթաթվող բույս է): Բազմամյա մատերը հաստ են, միամյաները՝ երկար (2–5 մ), բարակ, հոդավոր կառուցվածքով: Մատի յուրաքանչյուր հանգույցում զարգանում են տերևներ, իսկ նրանց ծոցում՝ բճաշվային և ձմեռող աչքեր: Թփերի ստորին և միջին մասի հանգույցներից առաջանում են ծաղկաբույլեր, վերջիններից՝ բեղիկներ, որոնց օգնությամբ բույսը փաթաթվում է հենակին: Տերևներն ամբողջական են կամ 3–5-բլթականի, հերթադիր, ծաղկաբույլը՝ հուրան, ծաղիկները՝ մանր, կանաչ, վայրի Խ–ինը՝ ֆունկցիոնալ իգական կամ արական, մշակովի Խ–ինը՝ երկսեռ կամ ֆունկցիոնալ իգական (անհրաժեշտ է խաչաձև փոշոտում): Պտուղը հյութալի հատապտուղ է, 1–4 մանր, կոշտ սերմերով, լավ զարգացած պտղամսով: Կան Խ–ի անսերմ պտուղներով սորտեր (քիշմիշային): Պտուղները տարբեր գույնի են (սև, սպիտակ, վարդագույն ևն) և հավաքված են ողկույզների մեջ:
Վեգետացիայի ընթացքում (հվ. շրջաններում, ինչպես նաև ՀՍՍՀ–ում ապրիլ– հոկտեմբեր–նոյեմբեր) պայմանականորեն առանձնացվում է 6 փուլ. 1. հյութաշարժությունից (լաց) մինչև բողբոջման սկիզբը, 2. բողբոջման սկզբից մինչև ծաղկման սկիզբը, 3. ծաղկման սկզբից մինչև ծաղկման վերջը, 4. պտղակալման սկզբից մինչև պտղի հասունացման սկիզբը, 5. պտղի հասունացման սկզբից մինչև ֆիզիոլոգիական հասունացումը, 6. մինչև տերևաթափի վերջը ու ձմեռային հանգստին անցնելը:
Խ. լուսասեր և ջերմասեր բույս է: Խ–ի սորտերի մեծ մասը ձմռանը դիմանում է մինչև –18°C ցրտին (առանձին սորտեր՝ –23°C): Գարնանային ցրտահարությունը (-2-ից –3°C) բողբոջման փուլում մահացու է: Մշակովի Խ–ի վեգետացիան սկսվում է, երբ օդի ջերմաստիճանը 8–10°C է, իսկ վայրի տեսակներինը՝ երբ 6–7°C է: Վազի զարգացման համար ամենաբարենպաստ ջերմաստիճանը գարնանը 15–20°C է, իսկ ամռանը և աշնանը՝ 20–30°C: Օդի ջերմաստիճանը՝ մինչև 8–10°C իջնելու դեպքում վազի զարգացումն ու աճը կանգ է առնում: 35–40°C և ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում տերևների, պտուղների և մատերի վրա կարող են առաջանալ այրվածքներ: Խ–ի մշակման համար պահանջվում են 300–500 մմ տեղումներ՝ հավասար բաշխված ըստ տարվա 4 եղանակի: 300 մմ–ից պակաս տեղումների դեպքում անհրաժեշտ է ոռոգում: Լավ են աճում թեթև հողերում (կավավազային, ավազային), որոնք պարունակում են ավելի շատ խիճ և խճաքար: Խ. բազմացվում է վեգետատիվ ճանապարհով՝ երկու կամ մեկ տարեկան արմատակալներով, կանաչ կտրոններով, անդալիսով, պատվաստով:
Խ. օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում (գինի, կոնյակ, խաղողահյութ, չամիչ, դոշաբ, կոմպոտ, մուրաբա ևն): խ–ի հյութի քիմ. կազմն է (տոկոսներով)՝ ջուր (65–85), շաքարներ (10–33), օրգ. թթուներ (0,5–1,4), սպիտակուցներ (0,15–0,9), պեկտիններ (0,3–1,0), հանքային նյութեր (0,3–0,5), վիտամիններ (Bi, B2, PP, C), պրովիտամին A (կարոտին), կատեխիններ: Պտղամաշկում կան դաբաղային և ներկող նյութեր, էնին, եթերայուղեր: Սերմերը պարունակում են 4–19% ճարպեր, 1,8–8,0% դաբաղանյութեր: Խ. և դրա վերամշակումից ստացված մթերքներն ունեն դիետիկ, բուժիչ նշանակություն (տես Խաղողաբուծություն): Խ–ի բերքի մոտ 85% –ը օգտագործվում է գինու արդյունաբերության մեջ, մոտ 10%-ը՝ թարմ վիճակում, 5%-ը՝ չամիչ պատրաստելու համար: Հայտնի է մշակովի խ–ի 4000 սորտ: ՍՍՀՄ–ում մշակվում է մոտ 2000 սորտ, որից 1200-ը տեղական է: Ըսա տնտ. նշանակության տարբերում են գինու, սեղանի և քիշմիշի սորտեր: Ըստ հասունացման ժամկետների լինում են գերվաղահաս, վաղահաս, միջահաս, ուշահաս ու առավել ուշահաս սորտեր: Հայաստանը խ–ի մշակության հնագույն վայրերից է, ունի 200-ից ավելի հինավուրց և նոր բարձրորակ սորտեր: Դրանցից ըստ բնական գոտիների շրջանացված են 30 տեղական ու 9 բերովի սորտեր, որոնցից 18-ը՝ սեղանի (Սպիտակ Արաքսենի, Սպիտակ Սաթենի, Սև Սաթենի, Դեղին Երևանի, Վարդագույն Երևանի, Սև քիշմիշ, Նազելի, Կիրովաբադի սեղանի, Արարատի և սովետական ժամանակաշրջանում ստեղծված՝ Մեղրու վաղահաս, Մուսկատ Մուսաննա, Գեղարդ, Մասիս, Շահումյանի, Սևան, Զվարթնոց, Հրուշակի), 21-ը՝ գինու (Ոսկեհատ, Կախեթ, Գառան դմակ, Սև Արենի, Մսխալի, Ռքածիթելի, Ճիլար, Մափերավի, Մուսկատ սպիտակ, Մուսկատ վարդագույն, Ալիգոտե, Պինո սև, Սպիտակ Ալդարա, Լալվարի, Կարմիր Կոթենի և նոր սորտեր՝ Հադիսի, Տոկուն, Փարաքարի, Կարմրահյութ, Մուսկատ Հայկական): Խ–ի այգին պետք է լինի հարթ, հվ. կողմնադրությամբ: 10°-ից ավելի թեքությունները դարավանդավորում են: Տնկումից առաջ հողը հիմնաշրջում են 60–80 սմ խորությամբ, միաժամանակ պարարտացնում գոմաղբով (40–60 տ/հա) և սուպերֆոսֆատով (1 տ/հա): Տնկումներից առաջ հողամասը տրոհում են արտադրական բաժանմունքների (յուրաքանչյուրը 100–150 հա), դրանք էլ՝ 5 հա–տնոց վանդակների: ՀՍՍՀ–ի կտրտված և ալիքավոր ռելիեֆի պայմաններում հողամասը տեղաձևում են նաև Փոքր հողակտորներով (50–70 հա): Ըստ հողակլիմայական պայմանների և վազերի ձևավորման համակարգի՝ միջշարքային տարածությունը պետք է լինի 1,5–3,0 մ, միջվազայինը՝ 1,0–3,0 մ: Տնկումները կատարվում են արմատակալներով կամ մատերով, 50–60 սմ խորությամբ, նպաստավոր ժամկետը վաղ գարունն Է, բողբոջումից առաջ: Տնկումից հետո հողը պետք է պահպանել փուխր: Մայիսի վերջին կատարվում է առաջին շվատումը, հունիսին՝ 2-րդ, ամռան երկրորդ կեսին՝ ծերատումը: Չոր եղանակին տնկարկները ոռոգում են: ՀՄՍՀ–ում, հատկապես