արևմուտք, Արածանիի աջ ափին։ Գյուղի դիրքը լեռնային է, առջևը տարածվում են ընղարձակ բերրի արտեր, մշտահոս առվակներ և մարգագետիններ։ 1915-ին ուներ 840 (105 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ արհեստներով։ Գյուղում կային եկեղեցի (Ս. Աստվածածին) և դպրոց։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ԽՈՇՅԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառում։ XX դ. սկզբին ուներ 25, 1909-ին՝ 5 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Հակոբ)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիրճում՝ թուրք ջարդարարների ձեռքով։
ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող ընտանի կենդանիներ։ Խ. ե. կ–ից են ցուլերի սեռին պատկանող գոմեշները, յակերը և ընտանի տավարի բոլոր ցեղերը։ Ընտանի տավարը (Bos taurus) առաջացել է վայրի տուրից (Bos primigenius), որը մի քանի հազարամյակներ մ. թ. ա. տարածված էր Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։ Դրա վերջին ներկայացուցիչներն անհետացել են XVII դ. սկզբներին։ Տուրն ընտելացվել է մոտ 8 հզ. տարի առաջ, սկզբում Հնդկաստանում, ապա Առաջավոր Ասիայում, Միջերկրական ծովի առափնյա շրջաններում և Կենտրոնական Եվրոպայում։ Ըստ գանգի կազմության առանձնահատկությունների տարբերում են ընտանի տավարի 4 ենթատեսակ, հարթավայրային և տափաստանային եվրոպական երկարեղջյուր (Bos taurus primigenius), լեռնային և անտառային գոտիների եվրոպական կարճեղջյուր (Bos taurus brachvceros), կենտրոնական ասիական (Bos taurus turano-mongolicus) և հվ–ասիական ու հս–աֆրիկյան սապատավոր՝ զեբու (Bos taurus indicus)։ Կովերի կյանքի աևողությունը մոտ 20 տարի է (երբեմն՝ 35), ցուլերինը՝ 15–20։ Կաթնատու կովերի տնտ. օգտագործումը՝ 12–13 տարի (այդ ընթացքում մաշվում են ատամները, նվազում է մթերատվությունը)։ Միս ստանալու համար նպատակահարմար է մորթել 1,5–2 տարեկան բտված կամ գիրացած կենդանիներին։ Վերարտադրության համար տոհմային կենդանիներին կարելի է օգտագործել 5–10 տարի։ Հորթերը սեռահասուն են դառնում 7–9, ցլիկները՝ 6–8 ամսականում։ Երինջներին սերմնավորում են 18–22 ամսականում։ Սերվիս–շրջանը (ծնից մինչև ցանկության սկիզբը) մոտ 3 շաբաթ է։ Հղիության տևողությունը 285 օր է։ Կովերը միապտուղ են։ Կենդանի քաշը 200–600 կգ է (առավելագույնը՝ 1000 կգ), ցուլերինը՝ 300–900 (առավելագույնը՝ 1600 կգ)։ Միջին կաթնատվությունը 3500–4000 կգ է, լավագույն տնտեսություններում՝ մինչև 6000 կգ, ռեկորդը՝ 20 հզ. կգ (հոլանդական տավար)։ Կաթի յուղայնությունը՝ 3,6–4%։ Մսատվությունը բարձր է մասնագիտացված մսատու ցեղերի մոտ։ Ի տարբերություն կաթնատուների դրանք բտվում են կարճ ժամկետում, բարձր է սպանդային ելքը, միսը՝ լավորակ։ Տավարի հիմնական կերը արոտի կանաչն է, ծղոտը, սիլոսը, արմատապտուղները, արտադրական մնացուկները (քուսպ, շրոտ, ժոմ, բարդա ևն), համակցված, ինչպես նաև հանքային աղերով, պրոտեինով և վիտամիններով հարստացված կերը (տես Կերակրում գյուղատնտեսական կենդանիների)։ Խ. ե. կ. բուծվում են բոլոր երկրներում, 1970–1971-ին աշխարհում կար մոտ 1141 մլն գլուխ։ Տարբեր կլիմայական գոտիների համար ստեղծված են բազմաթիվ ցեղեր։ Տես նաև Անասնապահություն հոդվածը։
ԽՈՇՈՐ ՍՊԻՏԱԿ ԽՈԶ, խառը մթերատվության վաղահաս ցեղ։ Ստացվել է XIX դ. Անգլիայում՝ տեղական ուշահաս, չինական վաղահաս և նեապոլյան ու պորտուգալական խոզերի բարդ վերարտադրական տրամախաչումից։ ՍՍՀՄ–ում երկարատև տոհմային աշխատանքներից հետո ստեղծվել է փաստորեն նոր, երեք տիպի (մսային, մսա–ճարպային և ճարպային) ցեղ։ Վարազների կենդանի քաշը 300–350 կգ է, մերուններինը՝ 200–250։ Պտղատվությունը մեկ ծնում՝ 10–12 (առանձին դեպքերում՝ 32) խոճկոր։ Խ. ս. խ. ՍՍՀՄ հիմնական պլանային ցեղն է (ընդհանուր գլխաքանակի 86%-ը) և բուծվում է գրեթե բոլոր շրջաններում։ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում բազմաթիվ ցեղեր ստանալիս Խ. ս. խ. օգտագործվել է որպես ելակետային և բարելավող ցեղ։ Բուծվում է Եվրոպայի բոլոր երկրներում, ՉԺՀ–ում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Կանադայում և Նոր Զելանդիայում։ ՀՍՍՀ–ում՝ Արարատյան դաշտի, Լոռի–Փամբակի, Շիրակի և Սևանի ավազանի շրջաններում։ Գ. Տողանյան
ԽՈՇՈՐԱԲԼՈԿԱՅԻՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, բնական կամ արհեստական մեծածավալ քարերից պատրաստված հավաքովի կոնստրուկցիաներ։ Օգտագործվում են բնակելի, հասարակական և արդ. շենքեր ու շինություններ կառուցելիս։ Խ. կ. օգտագործվել են դեռևս Հին Եգիպտոսում, Ուրարտուում և այլուր։ Խ. կ–ի օրինակ են Գառնիի հեթանոսական տաճարի խոշորաբլոկային բազալտե քարերից կառուցված պատերը։ Բնական թեթև քարերից, բետոնից, ինչպես նաև հավաքովի աղյուսից ու քարից ստացվող բլոկներն սկզբում մեծ չափեր չունեին (պատերի կտրվածքն ստացվում էր բազմաշարք)։ Հետագայում բլոկների չափերը մեծացվեցին, և պատի բազմաշարք կտրվածքից անցան եռաշարք, ապա՝ երկշարք կտրվածքի։ Սեյսմիկ շրջաններում խոշորաբլոկային պատերի կարանները միաձուլվում են թույլ թանձրության շաղախով կամ բետոնով և ամրանավորվում, որն ապահովում է կառույցի սեյսմիկությունը։ Բլոկների խոշորացումը հանգեցրեց միջնորմային բարավորային և ենթապատուհանային տարրերի միացման։ Գործարանային պայմաններում դրանց միաձուլումը որպես պատի ամբողջական կոնստրուկցիա, հանգեցրեց խոշորապանելային կոնստրուկցիաների ստեղծման։ Վ. Ստեփանյան
ԽՈՇՈՐԱԾԱԿՈՏԿԵՆ ԲԵՏՈՆ, տես Թեթև բետոն։
Նկարում` Խոշորապանելային բազմահարկ շենքեր
ԽՈՇՈՐԱՊԱՆԵԼԱՅԻՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, շինարարական կոնստրուկցիաներ, որոնցում կիրառվում են գործարանային պայմաններում պատրաստվող և մեծ չափեր ունեցող երկաթբետոնե հարթ տարրեր։ Խ. կ–ի կիրառությունը սկսվել է 1940-ական թթ. և հիմնականում կապված է բնակարանային, հասարակական ու արդ. շենքերի ինդուստրիալ շինարարության զարգացման հետ։ Տարբերում են խոշորապանելային անկարկաս և կարկասապանելային շենքեր։ Խոշորապանելային շենքերում բոլոր արտաքին բեռնվածքները կրում են հենց Խ. կ., իսկ կարկասապանելային շենքերում դրանք հաղորդվում են կրող կարկասին, որը բաղկացած է հանգույցներում իրար միացված երկաթե կամ երկաթբետոնե սյուներից ու հեծաններից։ Վ. Ստեփանյան
Նկարում` Ճառագայթների ընթացքը՝ առարկան խոշորացույցով դիտելիս
ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑ, աչքով վատ տեսանելի օբյեկտների դիտման օպտիկական սարք։ Օբյեկտը տեղավորում են Խ–ի կիզակետային հեռավորությունից աննշան փոքր հեռավորության վրա։ Խ–ով անցնող և աչքի մեջ բեկվող ճառագայթները ցանցաթաղանթի վրա հավաքվում են ավելի մեծ անկյան տակ, քան Խ–ի բացակայության դեպքում։ Դրանով է բացատրվում սարքի խոշորացնող հատկությունը։ Խոշորացում է կոչվում հարաբերությունը,