ԽՈՐԱՏԻՊ, աես Խոր տպագրություն։
ԽՈՐԱՔԱՆԴԱԿ, քանդակագործության տեսակ։ Հարթությունից (կամ մակերեսից) խոր ընկած քանդակապատկեր։ Խ. (այսպես կոչված՝ կոյլանոգլիֆ կամ «en creux» ռելիեֆը, այսինքն՝ հարթության վրա փորագրված ուրվապատկեր) կիրառվել է Հին Եգիպտոսի քանդակագործության մեջ, հին արլ. և անտիկ գլիպտիկայում։
ԽՈՐԳՈՄ, Հորգոմ, Հյուր գոմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում։ 1909-ին ուներ 57 տուն (354 անձ) հայ բնակիչ։ Շրջապատված էր պտղատու ծառերով։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Խ–ում կար նորակառույց եկեղեցի (Ս. Աստվածածին)։ Գյուղի հվ–արմ. կողմում, բարձր բլրի վրա էր գտնվում Վարդ Պատրիկ մատուռը։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
Նկարում` Վարդաբույր խորդենի
ԽՈՐԴԵՆԻ, խորդենազգիների ընտանիքի բույս։ Առավել տարածված է 2 ցեղ՝ խ. (Pelargonim) և արագլախոտ՝ երեմ (Geranium)։ Հայտնի է խ–ու մոտ 400 տեսակ։ Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր խ. (P. roseum)։ Բազմամյա կիսաթուփ է, արմատը՝ հզոր, ցողունը՝ 80–100 սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված։ Տերևները՝ հերթադիր, բլթակավոր, թավոտ։ Ծաղիկները՝ բաց վարդագույն։ Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%)։ Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ։ Վարդաբույր խ. պահանջկոտ է ջերմության, լույսի և խոնավության նկատմամբ։ Սառնամանիքները ( –2-ից–3°C) խիստ վտանգավոր են։ Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում։ ՀՍՍՀ–ում արմատակալները դաշտ են տեղափոխվում ապրիլի վերջերին։ Բերքը հավաքում են հոկտեմբերի վերջերին։ Բերքատվությունը՝ 300–400 ց/հա կանաչ զանգված կամ 30–40 կգ/հա եթերայուղ։ Խ. մշակվում է Ամերիկայում, Ալժիրում, Իտալիայում, Ճապոնիայում, ՍՍՀՄ–ում՝ Հայկ., Վրաց., Տաջ. հանրապետություններում։ ՀՍՍՀ–ում խ. մշակվում է 1938-ից՝ Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում։ 1948-ին Հոկտեմբերյանի շրջանում հիմնադրվել է խորդենու պետ. տնտեսություն, որը 1955-ին վերանվանվեց Հոկտեմբերյանի խորդենու պետ. տնտեսություն–գործարան։ 1968-ին Հոկտեմբերյանի շրջանում կազմակերպվել է եթերա–ձիթատու կուլտուրաների համամիութենական ԳՀԻ–ի հայկ. Փորձակայան։ ՀՍՍՀ–ում աղուտների և անջրդի, քարքարոտ հողերի պայմաններում մեծ հեռանկարներ ունի խ–ու անհող՝ հիդրոպոնիկ եղանակով աճեցումը։ Ա. Մաթևոսյան
ԽՈՐԵԱ (հուն. χορεία – պար), նյարդային համակարգի հիվանդություն, բնորոշվում է ակամա, անկանոն, ջղաձիգ շարժումներով (հիպերկինեզ), որոնք պայմանավորված են՝ ըստ ֆունկցիայի և տեղադրության տարբեր մկանախմբերի ոչ ռիթմիկ կծկումներով։ Խ–ի դեպքում ախտահարման օջախներ են հայտնաբերվել ենթակեղևային գոյացություններում (զոլավոր մարմին), ուղեղիկի ատամնաձև, կարմիր կորիզներում, հիպոթալամուսային շրջանում և գլխուղեղի կեղևում։ Խ. մի շարք հիվանդությունների (փոքր խ., հդիների խ., Հենտինգտոնի խ.) հիմնական ախտանշանն է, առաջանում է նաև գլխուղեղի ուռուցքների, ուղեղաբորբերի դեպքում։ Առավել հաճախ հանդիպում է փոքր խ.։
Փոքր խ. (ռևմատիկ խ,, վարակական խ., Սիդենհամի խ.կամ Սուրբ Վիտտի պար)։ Պատճառը ռևմաաիզմն է։ Բնորոշվում է մեծ կիսագնդերի կեղևի, ուղեղաթաղանթների , ենթակեղևային հանգույցների տարածուն ախտահարումներով։ Հաճախ զուգակցվում է սրտի ախտահարման հետ։ Սովորաբար հիվանդանում են 5–14 տարեկան երեխաները, հաճախ՝ աղջիկները։ Զարգանում է դանդաղ։ Երեխան դառնում է քմահաճ, դյուրագրգիռ, հաճախակի լիզում է շրթունքները, հանում լեզուն, ծամածռություններ անում։ Ծնողներն այս երևույթը հաճախ դիտում են որպես չարաճճիություն։ Սակայն շուտով ի հայտ են գալիս խ–ին հատուկ կլինիկական այլ ախտանշաններ, դեմքի մկանների, լեզվի, ձեռքերի, ոտքերի, իրանի ակամա շարժումներ (հիպերկինեզ), մկանային տոնուսի խիստ իջեցում (հիպոտոնիա), խանգարվում է քայլվածքը, խոսակցությունը, պսիխիկան (երեխան դառնում է լացկան)։ Հուզումների և մտավոր լարվածության դեպքում երևույթներն ուժեղանում են։ Հիվանդությունը տևում է 1–2 ամիս։ Ժամանակին հոսպիտալացման և ճիշտ բուժման դեպքում ելքը մեծ մասամբ բարեհաջող է։
Հղիների խ., կլինիկական երևույթներով չի տարբերվում փոքր խ–ից։ Առաջանում է երիտասարդ կանանց մոտ, հղիության առաջին կեսին։ Նպաստում են կրկնվող անգինաները։ Որոշ դեպքերում այն փոքր խ–ի ռեցիդիվ է, որին նպաստում են հղիության ժամանակ օրգանիզմում առաջացած նյարդա–էնդոկրին տեղաշարժերը։
Հենտինգտոնի խ., նյարդային համակարգի ժառանգական հիվանդություն է, որի առաջին ախտանշանները դրսևորվում են 25–50 տարեկանում։ Ուղեկցվում է մտավոր ունակությունների հարաճուն անկմամբ։ Ելքն անբարեհաջող է։
Բուժումը. Փոքր խ–ի դեպքում՝ հոսպիտալացում, անկողնային ռեժիմ, անտիբիոտիկներ, սալիցիլաթթվի, կալցիումի, հակահիտոամինային պատրաստուկներ, ամիդոպիրին, բութադիոն, գլյուկոկորտիկոիդների խմբի հորմոններ, B խմբի վիտամիններ, սրտային դեղամիջոցներ։ Հենտինգտոնի խ–ի դեպքում՝ ռեզերպին, հազվադեպ՝ ամինազին, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ։
Կանխարգելումը. բերանի խոռոչի, քիթ–ըմպանի հիվանդությունների և ռևմատիզմի բոլոր ձևերի բուժում։ Հենտինգտոնի խ–ով հիվանդներին խորհուրդ չի տրվում երեխա ունենալ։
ԽՈՐԵԶՄ (հայկ. աղբյուրներում՝ խվարեզմ), հնագույն պետություն Ամուդարյա գետի ստորին ավազանում։ Հիշատակվում է Բագհաստանայի արձանագրության մեջ և Ավեստայում։ Խ. հզորության գագաթնակետին հասավ Մեծ խորեզմշահերի տիրապետության շրջանում (XI – XIII դդ.)։ 1220-ին խ. ասպատակեց Չինգիզ խանը։ 1225-ին Խ–ի շահ Մահմադի որդի Ջալալ Էդ–Դինը գրավեց Իրանի հս–արմ. մասը և Ատրպատականը, ապա արշավեց Հայաստան ու Վրաստան՝ նպատակ ունենալով դրանք դարձնել հենակետ մոնղոլների դեմ պատերազմելու համար։ Ջալալ Էդ–Դինի 60 հզ–անոց զորքը (հայկ. աղբյուրներում՝ «խորազմիք», «խորազմք», «խորագմն») արշավեց Արարատյան դաշտ, գրավեց և ավերեց Դվինը։ Կոտայքում ընդհարվեց վիրա–հայկական զորքի հետ, որին գլխավորում էր Իվանե Զաքարյանը։ 1227-ին հայ–վրացական ուժերը Տփղիսի և Դվինի մատույցներում պարտության մատնեցին խորեզմցիներին։ 1228–30-ին շարունակվեցին Ջալալ Էդ–Դինի ասպատակությունները Հայաստանում, սակայն 1230-ի ամռանը նա պարտվեց։ Մոնղ. տիրապետության ժամանակ խ. մտավ Զուչիի ուլուսի, այնուհետև Ոսկե Հորդայի կազմի մեջ։ 1388-ին խ. նվաճեց Լենկ–Թեմուրը։ 1512-ից մինչև XVII դ. վերջը Խ. անկախ պետություն էր (Խիվայի խանություն), որը կառավարում էին ուզբեկ խաները։
Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Մ. թ. ա. IV–III դդ. ձևավորվել է Խ–ի ինքնատիպ գեղարվեստական մշակույթը։ Քաղաքներն ունեցել են ուղղանկյուն հատակագիծ, առանցքային փողոցի կողմերում՝ կանոնավոր կառուցապատված թաղամասեր, պաշտպանական պատեր, աշտարակներ։ Պալատները (Կալալի–գիր, մ. թ. ա. V–IV դդ., Թոփրակ–կալա, II–III դդ.) ունեցել են հանդիսավոր բակեր, միջանցքներով կապված դահլիճներ ու սենյակներ։ Դամբարանային կառույցները եղել են աշտարականման, հատակագծում՝ խաչաձև շինություններ (Կյուզելի–գիր, մ. թ. ա. V դ.) կամ գլանաձև տաճար–դամբարաններ (Կոյ–Կռիլգան–կալա, մ. թ. ա. IV դ.)։