Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչև 60°T մակարդված կաթը 60 րոպե խառնում են կաղնու կամ լորենու կոնաձև տակառներում (չաներում) և լցնում նեղվիզ, հերմետիկ խցանափակվող շշերի մեջ, բնական գազացման նպատակով պահում 30–40 րոպե՝ 20–22°C-ում, ապա 12–14 ժ սառեցնում՝ 4–6°C-ում: Պատրաստի կումիսը փրփրուն ըմպելիք է՝ սպիրտի հոտով և համով: Պարունակում է 2–2,5% սպիտակուց, 1–2% ճարպ, 3,5–4,8% շաքար, վիտամիններ (C, A, D, E, PP և B խմբի), ֆոսֆոր և կալցիում: Ըստ կաթնաթթվի և սպիրտի պարունակության լինում է թույլ, միջին և ուժեղ: Բնական կումիսը (զամբիկի կաթից) կիրառվում է կումիսաբուժության մեջ: Կումիսագործությունը զարգացած է Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի, Լատինական Ամերիկայի երկրներում:

ԿՈՒՄԻՍԱԲՈՒԺՈՒԹՏՈՒՆ, բուժիչ նպատակով կումիսի օգտագործումը՝ կլիմայաբուժության հետ զուգակցված: Կիրառվում է Մերձվոլգյան, Բաշկիրիայի, Կիրգիզիայի, Ղազախստանի ու Բուրյաթիայի տափաստանային շրջանների բուժավայրերում և կլիմայակումիսաբուժարաններում: Կումիսաբուժությունը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտազատումը և սննդանյութերի ներծծման պրոցեսները, բարձրացնում սննդի սպիտակուցների և ճարպերի յուրացումը, ավելացնում մարմնի քաշը: Կումիսը կիրառվում է թոքերի տուբերկուլոզի որոշ ձևերի և ավշային գեղձերի տուբերկուլոզի դեպքում: Կումիսն օգտագործում են նաև խուղակների լվացման, միզապարկի ներկաթեցման համար և հեշտոցային տամպոնների ձևով:

ԿՈՒՄՄԱԽԱ, Մելիտենեից հարավ, Եփրատի աջ ափին գտնվող Կումմուխ հնագույն քաղաք–պետության (անտիկ շրջանում՝ Կոմմագենե) մայրաքաղաքը:

ԿՈՒՄՄԵՐ (Kummer) Էռնստ Էդուարդ (1810 թ., Զորաու–1893 թ., Բեռլին), գերմանացի մաթեմատիկոս: 1856–1884 թթ.-ին՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր: Առաջին աշխատանքները վերաբերում են շարքերին («Զուգամիտության Կումերի հայտանիշը»): Մոտ 1842 թ.-ին ստեղծել է հանրահաշվական թվերի տեսությունը, որի մեթոդները մեծ ազդեցություն են ունեցել թվերի տեսության և հանրահաշվի հետագա զարգացման վրա: Հանրահաշվական թվերի բաժանելիության ուսումնասիրությունը նրան հանգեցրեց, այսպես կոչված, իդեալական թվերի մուծմանը: Ունի երկրաչափության, որոշյալ ինտեգրալների, տեսական մեխանիկայի վերաբերյալ աշխատություններ:

ԿՈՒՄՈԼ, իզոպրոպիլբենզոլ, C6H5CH(CH3)2, հաճելի հոտով անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ –96,03°C, եռմանը՝ 152,39°C, խտությունը՝ 861,8 կգ/մ3: Լավ է լուծվում օրգ. լուծիչներում, վատ՝ ջրում: Գոլորշիները օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ (բռնկման ջերմաստիճանը՝ 38°C): Թունավոր է, ազդում է արյունաստեղծ օրգանների վրա: Ստանում են բենզոլը կատալիզատորների (H3PO4, AlCl3 ներկայությամբ ալկիլացնելով: Կիրառվում է որպես լուծիչ, ինչպես նաև ֆենոլի և ացետոնի արտադրության մեջ:

ԿՈՒՄՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐ, Մեռյալ ծովի հյուսիս–արևմտյան ափին, Վադի–Կումրան շրջանի անձավներից հայտնաբերված (1947 թ.-ից) եբրայեցերեն, արամեերեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, արաբերեն հին ձեռագրերի պայմանական անվանումը: Գրելանյութերը՝ մագաղաթ, պապիրուս, աղյուս, պղինձ, փայտ: Շուրջ 600 երկի ավելի քան 40 հազ. ձեռագիր հատվածներ (մեծ մասամբ՝ չհրատարակված) պատկանել են մ. թ. ա. 2-րդ դ.–մ. թ. 68 թ.-ին Հուդայի անապատում միայնացած համայնքի աղանդավորներին, որոնք հակադրվել են հուդայական պաշտոնական կրոնին: Կումրանի աղանդավորները (միայն այր մարդիկ) ապրել են համայնական սկզբունքով (համատեղ պարտադիր աշխատանք, միասնական սեփականություն, ընդհանուր հացկերույթ): Համայնքի հիմնադիրն ու գաղափարախոսը եղել է անանուն «Արդարության ուսուցիչը», որին իբր վերուստ շնորհվել են նույնիսկ մարգարեներին անհայտ գաղտնիքներ: Համայնքի կարևոր ստեղծագործություններից են Կանոնադրությունը, Դամասկոսյան վավերագիրը, Պատերազմի գալարը, Ձոները, աստվածաշնչային գրքերի Մեկնություններ, պատարագային և կատարածաբանական բնագրերի ժողովածուն, որոնցում արտահայտված են աղանդի գաղափարախոսությունը, հասարակության զարգացման մակարդակը և կազմակերպչական սկզբունքները: Անվավերական բազմաթիվ հատվածներ Հին կտակարանի նախականոնական տարբերակներ են: Կումրանցիները զգալի ազդեցություն են ունեցել մ.թ. 1-ին դ. ձևավորվող վաղ քրիստոնեական համայնքների վրա: Տես նաև «Մեռյալ ծովի ձեռագրեր»:

Գրկ. Тексты Кумрана, предисловии и коментарии Н.Д. Амусина, М., 1971; С т а р к о а К. Б., Литературные памятники Кумранской общины, Л., 1973 («Палестинский сборник», 24/87).

ԿՈՒՄՈՒԼԱՑՎԱԾ ԿԱՊԵՐ (< լատ. cumulatio–հավաքել, կուտակել), կապերի համակարգ, որում առնվազն ատոմներից մեկը կրկնակի կապերով միացած է հարևան երկու ատոմներին: >C=C=C< խմբավորմամբ կոմուլացված կապերը կազմված են երկու σ- և երկու π-կապերից: σ- կապերը առաջանում են sp հիբրիդացված վիճակում գտնվող ածխածնի ատոմի երկու ատոմային օրբիտալներով, որի պատճառով C=C=C խմբավորումը գծային է: Իսկ π-կապերն առաջանում են երկու p-օրբիտալներով այնպես, որ π կապերի հարթությունները փոխադարձ ուղղահայաց են: Կոմուլացված կապովով օրգանական միացությունների դասերն են՝ ալենները (>C=C=C<), կետենները (>C=C=Օ), կետիմինները (>C=C=N-) կումուլենները (>C=(=C=)n=C<), կարբոդիիմիդները (–N=C=N–), իզոցիանատները (–N=C=Օ) և իզոթիոցիանատները (–N=C=S): Կոմուլացված կապով միացությունները քիմիապես շատ ակտիվ են:

ԿՈՒՄՈՒԼՃԻՆԵ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Ադրիանուպոլսից հարավ: 20-րդ դ. սկզբին ուներ 45 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին հիմնականում արհեստներով, առևտրով և այգեգործությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Լուսավորիչ) և վարժարան (Արիստակեսյան անունով): Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է տարագրության ճանապարհին:

ԿՈՒՄՈՒԼՅԱՏԻՎ ԷՖԵԿՏ, պայթյունի ազդեցության կենտրոնացում որոշակի ուղղությամբ: Կումուլյատիվ էֆեկտը ստեղծվում է կումուլյատիվ փոսիկ (որն ուղղում են դեպի թիրախը) ունեցող արկի պայթյունով, երբ նյութերը բարակ շիթով արտանետվում են 7–16 կմ/վրկ արագությամբ: Շիթի ճնշումը հասնում է մինչև 102 կգ/սմ², որը զգալիորեն գերազանցում է պողպատի քայքայման լարմանը, և թիրախի զրահի ամրությունը փաստորեն էական դեր չի խաղում: Շիթը ծակում է կումուլյատիվ փոսիկի բացվածքի տրամագիծը 4 անգամ գերազանցող հաստության պողպատե զրահը:

ԿՈՒՅԲԻՇԵՎ Վալերիան Վլադիմիովիչ [.5.1888 թ. մայիսի 25 (հունիսի 6), Օմսկ–1935 թ. հունվարի 25, Մոսկվա], սովետական պետական և կուսակցական գործիչ: Կոմունիստական կուսակցության անդամ 1904 թ.-ից: 1905–1907 թ.-ի հեղափոխության ակտիվ մասնակից: 1906 թ.-ից մինչև 1915 թ.-ը հեղափոխական աշխատանք է կատարել Սիբիրում, Պետրոգրադում և այլուր: Ութ անգամ ձերբակալվել է, չորս անգամ աքսորվել Արևելյան Սիբիր: 1917 թ.-ի մարտից ղեկավարել է ՌԱԴԲ(բ)Կ Սամարայի կազմակերպությունը, ընտրվել Սամարայի հեղկոմի և կուսակցության նահանգկոմի նախագահ: 1918–1919 թթ.-ին եղել է Արևելյան ռազմաճակատի 1-ին բանակի, ապա՝ 4-րդ բանակի քաղկոմիսարը և ՌՀԽ–ի անդամ, միաժամանակ ղեկավարել Սամարայի կուսկազմակերպությունը: 1919 թ.-ի օգոստոսից Ս. Մ. Կիրովի հետ ղեկավարել է Աստրախանի պաշտպանությունը: 1919 թ.-ի հոկտեմբերին նշանակվել է Համառուսաստանյան ԿԳԿ–Ի, ՌՍՖՍՀ ԺԿԽ–ի և ՌԿ(բ) ԿԿ–ի Թուրքեստանի գործերով հանձնաժողովի նախագահի տեղակալ: 1920 թ.-ի դեկտեմբերին ընտրվել է ՀԱՄԿԽ–ի, 1921 թ.-ի ապրիլին՝ Համառուսաստանյան ԺՏԽ–ի նախագահության անդամ: Ղեկավարել է ԳՈԷԼՌՈ–ի պլանի իրականացման աշխատանքները: 1923–1926 թթ.-ին եղել է Բանգյուղտեսչության ժողկոմ, ԺԿԽ–ի և ԱՊԽ–ի նախագահի տեղակալ, 1926 թ.-ից՝ Համառուսաստանյան ԺՏԽ նախագահ, 1930 թ.-ի նոյեմբերից՝ ՍՍՀՄ Պետպլանի նախագահ,