Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիճը Կենտրոնական Ասիայում, Չինաստանում: Երկարությունը մոտ 105 կմ է, լայնությունը՝ մինչև 65 կմ, տարածությունը՝ մոտ 4200 կմ², հայտնի առավելագույն խորությունը՝ 38 մ: Գտնվում է 3205 մ բարձրության վրա: Սառցակալում է նոյեմբերից, սառցազերծվում՝ մարտին: Լիճն է թափվում 23 գետ:

ԿՈՒՀԱՉ (Kuhac, մինչև 1871 թ.-ը՝ Կոխ, Koch) Ֆրանյո Քսավեր (1834–1911 թթ.), հորվաթ բանահավաք, երաժշտագետ և կոմպոզիտոր: Աշակերտել է Ֆ. Էրկելին (Բուդապեշտ) և Կուհաչ Չեռնիին (Վիեննա): 1871 թ.-ից ապրել է Զագրեբում: Կուհաչը գիտական հիմքի վրա է դրել հորվաթ երաժշտական ազգագրությունը, պատմագրությունը, հրապարակախոսությունը և քննադատությունը: Գլխավոր աշխատությունն է «Հարավ–սլավոնական ժողովրդական երգեր» ժողովածուն (պրակ 1–4, 1878–1881 թթ., պրակ 5, 1941 թ.), որը մեծ դեր խաղաց հորվաթ երաժշտության մեջ ազգային ուղղության վերածնման համար:

ԿՈՒՂԱՆՈՎԻՏ, Կուղանհովիտ, Հովիտն Կուղան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Կուղան գետակի (այժմ՝ Խոշաբի վտակ Կելան–դարասի) հովտում: Կուղանհովիտը նույնացվում է Ասորեստանի Սարգոն 2-րդ թագավորի սեպաձև արձանագրություններում հիշատակած (մ. թ. ա. 714) Կալանիային (համանուն բերդով): Կուղանհովիտի որոշակի տեղի, ինչպես նաև բնակավայրերի մասին այլ տեղեկություններ չեն հանդիպում աղբյուրներում:

ԿՈՒՂԲ, ջրշուն (Castor fiber), կրծողների կարգի կաթնասուն կենդանի: Մարմնի երկարությունը՝ մինչև 100 սմ, պոչինը՝ 30 սմ, քաշը՝ 30 կգ: Պոչը տափակ է, համարյա մերկ, եղջերացած թեփուկներով պատված: Ետին վերջավորությունների մատները միացած են լայն լողաթաղանթով: Լավ հարմարվել է կիսաջրային կյանքին: Մորթին թանկարժեք է, տաք, գեղեցիկ և դիմացկուն: Մազածածկույթը կազմված է փայլուն քիստամազերից ու մետաքսանման շատ խիտ աղվամազից: Կուղբն ունենում է բաց շագանակագույն, մուգ գորշ կամ սև գույն: Ապրում է անտառային հանդարտ գետերում, գետնափոր բներում, սնվում է կեչու, կաղամախու, բարդու ընձյուղներով ու արմատներով: Մոնոգամ է, հղիությունը 105–107 օր է: Ձագերը (3–4) ծնվում են խիստ մազապատված և 1–2 օր անց կարող են լողալ ջրում: Ապրում է մինչև 35 տարի: ՍՍՀՄ–ում կուղբ բուծում են արգելանոցներում և առանձին վայրերում: Որսը խիստ սահմանափակ է:

ԿՈՒՂԲԱԲՈՒԾԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ակնա լճի, գտնվում է ՀՍՍՀ Էջմիածնի շրջանում, Այղր լճի մոտակայքում: Զբաղվում է մորթատու կուղբերի, ինչպես նաև արծաթյա կապույտ ջրաքիսների բուծումով:

ԿՈՒՂՊԱԿ, տես Կրպակ:

ԿՈՒՄ, քաղաք Իրանում, Թեհրան օստանում: 140 հազ. բնակիչ (1971 թ.): Երկաթուղային և խճուղային հանգույց է, մահմեդական շիաների ուխտագնացության կենտրոն: Զարգացած է ծխախոտի և տեքստիլ արդյունաբերությունը, տնայնագործական արտադրությունը (գորգագործությունը), բրդի և կաշվի առևտուրը: Կան ճարտարապետական հուշարձաններ (13–14-րդ դդ.):

ԿՈՒՄԱ, գետ ՌՍՖՍՀ–ում, Հյուսիսային Կովկասում: Երկարությունը 802 կմ է, ավազանը՝ 33,5 հզ. կմ²: Սկիզբ է առնում Մեծ Կովկասի ժայռոտ լեռնաշղթայի հյուսիսային լանջերից, կորչում Մերձկասպյան դաշտավայրում՝ չհասնելով Կասպից ծով: Սնումը ձնաանձրևային է: Սառցակալում է նոյեմբերի վերջերից մարտ: Օգտագործվում է ոռոգման համար: Կառուցված են Թերեք–Կումայի և Կումա–Մանիչի ջրանցքները: Կումայի ափին են Միներալնիե վոդի, Զելենոկումսկ, Պրիկումսկ քաղաքները:

ԿՈՒՄԱ–ՄԱՆԻՉԻ ԻՋՎԱԾՔ, տեկտոնական իջվածք Արևելա–Եվրոպական հարթավայրի և Նախակովկասի միջև: Լայնությունը 20–30 կմ է (կենտրոնական մասում՝ 1–2 կմ): Անթրոպոգենում եղել է նեղուց, միացրել Աև և Կասպից ծովերը: Այժմ ծածկված է լճերով ու ջրամբարներով: Կառուցված է Կումա–Մանիչի ջրանցքը: Կումա–Մանիչի իջվածքով է անցնում Եվրոպայի և Ասիայի պայմանական սահմանը:

ԿՈՒՄԱՄՈՏՈ, քաղաք Ճապոնիայում, Կյուսյու կղզում: Կումամոտո պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է: 460 հազ. բնակիչ (1973 թ.): Տրանսպորտային հանգույց է, առևտրաբաշխիչ կենտրոն: Ունի տեքստիլ, էլեկտրամեքենաշինական, սննդհամի, գյուղատնտեսական գործիքների, ռետինե իրերի, պարարտանյութերի արդյունաբերություն, բարձրագույն բժշկական դպրոց, արդյունաբերական ինստիտուտ: Կումամոտոյում կա բուդդայական տաճար և ֆեոդալական դղյակ (16-րդ դ.):

ԿՈՒՄԱՅՐԻ, Կումրի, Գյումրի, բերդավան Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում: Ենթադրվում է, որ անունն առաջացել է մ. թ. ա. 8-րդ դ. վերջին այնտեղ հաստատված կիմերների ցեղանունից: Ղևոնդ պատմիչը Կումայրին հիշատակում է որպես գյուղ, որտեղ իշխան Արտավազդ Մամիկոնյանը 771 թ.-ին սպանեց արաբական նվաճողների զորահրամանատարին: 1830-ական թթ.-ին Կումայրիի մոտ կառուցվեց

նոր բերդաքաղաք, որը, ի պատիվ ռուսական կայսրի դուստր Ալեքսանդրայի, կոչվեց Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական): Պեղումներով բացված Կումայրիի եկեղեցին (7-րդ դ. վերջ) ունի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածք: Քառակուսաձև աղոթասրահը արևելքում ավարտվում է բեմի պայտաձև հատակագիծ ունեցող աբսիդով, որի երկու կողմում գտնվում են ուղղանկյուն ավանդատները: Գմբեթը բարձրացել է ընդհանուր կառուցվածքի կենտրոնում: Հյուսիսային ճակատից բացվող միակ դուռն ունի զույգ կիսասյունիկներով շքամուտք: Արևելյան ճակատը մշակված է սեղանաձև հատակագծով երկու «հայկական խորշով»: Կենտրոնագմբեթ կառուցվածքներին բնորոշ համաչափություններ և գմբեթի տեղադրություն ունեցող այս եկեղեցին Հայաստանի վաղ միջնադարի նույնատիպ հուշարձանների ամենաուշ օրինակն է: Մ. Հասրաթյան

ԿՈՒՄԱՍԻ (Kumasi), քաղաք Գանայում, Աշանտի մարզի վարչական կենտրոնը: 343 հազ. բնակիչ (1970 թ.): Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է, գյուղատնտ. (գլխավորապես կակաո) և անտառարդյունաբերական շրջանի առևտրական կենտրոն: 17–19-րդ դդ. եղել է Աշանտի պետության առաջնորդի նստավայր:

ԿՈՒՄԱՐԻՆ, Օ–օքսիդարչնաթթվի լակտոն, C9H6O2, նոր հնձած խոտի հոտով անգույն բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 70°C, եռմանը՝ 291°C: Լավ է լուծվում սպիրտում և եթերում, վատ՝ ջրում: Գլյուկոզիդի ձևով պարունակվում է շատ բույսերում (օրինակ, իշառվույտում): Արտադրության մեջ ստանում են սալիցիլալդեհիդի և քացախ–անհիդրիդի փոխազդեցությունից (տես Պերկինի ռեակցիա): Կիրառվում է որպես հոտավետ նյութ ծխախոտի և օծանելիքի արտադրության մեջ:

ԿՈՒՄԻԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Դաղստանի ԻՍՍՀ, Գրականությունը բաժինը:

ԿՈՒՄԻԿԵՐԵՆ, կումիկների լեզուն: Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին: Խոսվում է Դաղստանի, ինչպես նաև Չեչենա–Ինգուշական և Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ–ներում: Խոսողների թիվը՝ մոտ 185,9 հազ. (1970 թ.): Հնչյունական համակարգում առկա է 9 ձայնավոր և 23 բաղաձայն (ձայնեղ–խուլ): Տրոհվում է երեք բարբառի՝ կայտակյան, բույնակյան և խասավյուրտյան (վերջին երկուսը ընկած են գրական կումիկերենի հիմքում): Գիրը մինչև 1929 թ.-ը՝ արաբերեն, 1929–1938 թթ.-ը՝ լատիներեն, 1938 թ.-ից հետո՝ ռուսական այբուբենի հիման վրա:

ԿՈՒՄԻԿՆԵՐ, Ժողովուրդ: Բնակվում են Դաղստանի ԻՍՍՀ դաշտային, մասամբ՝ նախալեռնային շրջաններում: ՍՍՀՄ–ում ապրում են 189 հազ., որից 169 հազ.՝ Դաղստանի ԻՍՍՀ–ում (1970 թ.): Լեզուն կումիկերենն է: Հավատացյալ կումիկները մահմեդականներ են: Մարդաբանական գծերով, մշակույթով և կենցաղով կումիկները մոտ են Դաղստանի լեռնային մյուս ժողովուրդներին: Սովետական իշխանության տարիներին հիմնովին փոխվել է կումիկների կենցաղը, զարգացել գրականությունն ու արվեստը, աճել մտավորականությունը:

ԿՈՒՄԻՍ, թթու կաթնային խմիչք: Հնուց հայտնի է քոչվոր ժողովուրդներին: Պատրաստվում է զամբիկի հում (հազվադեպ կովի և ուղտի պաստերիզացված) կաթի խմորմամբ՝ կաթնաթթվային մանրէներով (գլխավորապես ցուպիկներով) և կաթնային խմորասնկերով (26–28°C ջերմաստիճանում):