Ստեղծվել է Լիվոնյան օրդենի քայքայման հետևանքով: Կուռլանդական դքսության գլուխ կանգնած էր Լիվոնյան օրդենի մեծ մագիստրոս Կետլերի տոհմը (մինչև 1737 թ.-ը), ապա՝ Բիրոնները: Կենտրոնն էր Միտավան (Ելգավան): Գերմանական ազնվականությանը հաջողվեց զգալիորեն սահմանափակել դքսերի իշխանությունը, և 1617 թ.-ից Կուռլանդական դքսությունը դարձավ «ազնվականական հանրապետություն»: Գործադիր և դատական գերագույն իշխանությունը պատկանում էր դքսական խորհրդին: Այսպես կոչված «Կուռլանդական ստատուտով» լատիշ գյուղացիները համարվում էին գերմանացի կալվածատերերի ճորտեր: Դքսական ճորտային մանուֆակտուրաներն արտադրում էին կերպաս, զենք, կառուցում նավեր: Քաղաքային բնակչությունը զուրկ էր քաղաքացիական իրավունքներից: Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությամբ 1790 թ.-ին ստեղծվեց ռեֆորմների համար պայքարող «Բյուրգերական ունիան»: Լեհաստանի երրորդ բաժանմամբ (1795 թ.) Կուռլանդական դքսությունը, որ 1710 թ.-ից ռուսական ազդեցության ոլորտում էր, անցավ Ռուսաստանին և կազմեց Կուռլանդական նահանգը:
ԿՈՒՌԼԱՆԴԻԱ, Կուռզեմե, Ռիգայի ծոցից արևմուտք և հարավ–արևմուտք ընկած լատվիական հողերի հին անվանումը: Հնագույն ժամանակներից բնակեցված է եղել կուրղերի և մերձբալթիկական–ֆիննական ցեղերով: 13-րդ դ. Կուռլանդիան զավթել է Լիվոնյան օրդենը: 1561–1795-ին Կուռլանդիայի մեծ մասը Կուռլանդական դքսության կազմում էր, այնուհետև միացվեց Ռուսաստանին և կազմեց Կուռլանդական նահանգը:
ԿՈՒՌՆԱԿՈՎ Նիկոլայ Սեմյոնովիչ (1860–1941 թթ.), սովետական ֆիզքիմիկոս, ֆիզքիմիական վերլուծության հիմնադիր, ակադեմիկոս (1913 թ.): Կուռնակովի աշխատանքները վերաբերում են լուծույթների, համաձուլվածքների, կոմպլեքս միացությունների տեսությանը: Կուռնակովը ցույց է տվել, որ քիմիական միացությունների բաղադրությունները կարող են լինել և՛ հաստատուն, և՛ փոփոխական (տես Դալթոնիդներ, Բերթոլիդներ): Լենինյան (1928 թ.) և պետական (1941 թ.) մրցանակների դափնեկիր է:
Երկեր՝ Введение в физико-химический анализ, 4 изд., М.-Л., 1940; Избр. труды, т. 1-3, М., 1960-63.
ԿՈՒՌՈՒԲԱՇ, գյուղ Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Վան–Տոսպ գավառակում: 1909 թ.-ին ուներ 110 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան: Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում:
ԿՈՒՌՔ, կրոնական պաշտամունքի առարկա: Որպեն կուռքեր ծառայել են հիմնականում մարդկանց և կենդանիների քարե ու մետաղե արձանները: Կռապաշտությունը ծագել է հնագույն ժամանակներում և տարածվել հատկապես բազմաստվածական, հեթանոսական կրոններում: Կուռքեր պաշտողների պատկերացմամբ՝ կուռքերը կամ աստված է, կամ կերպավորում, փոխարինում է աստծուն: Ժամանակակից կրոններում շարունակում է գոյատևել սրբապատկերի ձևով: Փոխաբերական առումով ունի կույր, անմիտ պաշտամունքի իմաստ: Կուռքերի պաշտամունքը տարածված է եղել նախաքրիստոնեական Հայաստանում: Մարմնավորելով հայկական հեթանոսական աստվածներին՝ պահվել են տաճարներում (տես Մեհյան), որոնք կառուցվել են պաշտամունքային խոշոր կենտրոններում (Բագարան, Բագավան, Թիլ, Աշտիշատ, հետագայում՝ Արտաշատ ևն): Կուռքերի պաշտամունքի վերապրուկները երկար ժամանակ պահպանվել են Հայաստանում:
ԿՈՒՍԱԾՆՈՒԹՅՈՒՆ, պարթենոգենեզ (հուն. παρνεχος-կուսություն և γεγεσίς-ծնվել, առաջանալ), սեռական բազմացման հատուկ ձև, երբ իգական սեռական բջիջները զարգանում են առանց բեղմնավորման: Կուսածնությունը տարբերվում է անսեռ բազմացումից, որը միշտ իրականանում է սոմատիկ օրգանների և բջիջների օգնությամբ (բազմացում կիսմամբ, բողբոջմամբ ևն): Տարբերում են բնական կուսածնություն կամ ֆիզիոլոգիական կուսածնություն, որը որոշ օրգանիզմների բնականոն բազմացման ձև է բնության մեջ, և արհեստական կուսածնություն, երբ տարբեր գրգռիչներով (տաքացում, սառեցում, շփում, քիմիական նյութեր, ուլտրամանուշակագույն կամ իոնացնող ճառագայթներ և այլն) ազդում են չբեղմնավորված ձվաբջիջների վրա: Կուսածնությունը տարածված երևույթ է կենդանական և բուսական աշխարհում: Բնական կուսածնությամբ բազմանում են անողնաշարավորները, շատ հոդվածոտանիներ (հատկապես միջատները), ողնաշարավորներից՝ ձկները, երկկենցաղները, սողունները, որոշ թռչուններ և կաթնասուններ: Հաճախ կուսածնությանը հաջորդում է սեռական բազմացումը, և տեղի է ունենում սերունդների հաջորդականություն (ցիկլային կուսածնություն): Կենդանիների որոշ տեսակներ արուներ չունեն և բազմանում են միայն կուսածնությամբ՝ հաստատուն կուսածնություն (կոնստանտ): Որոշ տեսակներ բացի պարթենոգենետիկ իգական անհատներից ունեն նաև երկսեռ սերունդ, որոնք զբաղեցնում են այլ արեալ՝ աշխարհագրական կուսածնություն (որոշ թիթեռներ, բզեզներ, բազմոտանիներ, փափկամարմիններ, ողնաշարավորներից՝ մողեսները ևն): Բուսական աշխարհում կուսածնությունը հատուկ է ջրիմուռներին, սնկերին, որոշ ծաղկավոր բույսերի: Սովորաբար պարթենոգենետիկորեն բազմանում են իգական սեռի բույսերը: Երկսեռ բույսերի կուսածնության հետևանք է արական բույսերի խիստ սակավության կամ բացակայության, իսկ միատուններինը՝ արական ծաղիկների կազմափոխության, ծաղկափոշու բացակայության կամ թերզարգացածության: Կուսածնությանը մոտ են բազմացման մյուս ձևերը՝ ապոգամիան և ապոմիքսիսը: Որոշ ջրիմուռների, սնկերի մոտ արհեստական կուսածնությունը ստացվել է բջիջների վրա հիպերտոնիկ լուծույթով ազդելիս, ինչպես նաև իգական սեռական բջիջները կարճատև տաքացնելիս:
ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, պետության ծայրագավառների իշխանություն, որը գլխավորել է կուսակալը: Կուսակալություններ են բդեշխությունը, փոխարքայությունը:
ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ, հոգևորականության պարտադիր ամուրիություն: Այժմ տարածված է բուդդայականության և քրիստոնեության մեջ: Կուսակրոնությունը հետևողականորեն է իրականացրել կաթոլիկությունը: Ուղղափառ եկեղեցում կուսակրոն է վանականությունը: Բողոքականությունը կուսակրոնությունը մերժում է:
Հայաստանյայց Առաքելական եկեղեցին կուսակրոնության հարցում առաջնորդվում է սեփական պատմությամբ և ավանդույթով: Գրիգոր Լուսավորչից մինչև Սահակ Ա Պարթևը կաթողիկոսներն ամուսնացած են եղել, սակայն կաթողիկոս ձեռնադրվելուց հետո դարձել են կուսակրոն: 5-րդ դ. կեսից (Սահակ Ա Պարթևի մահից հետո) կուսակրոնությունը ձևակերպվեց որպես կանոն, այն պարտադիր համարվեց աբեղայի, վարդապետի, եպիսկոպոսի և կաթողիկոսի համար: Ամուսնանալ կարող է միայն քահանան:
Եկեղեցիները կուսակրոնությամբ փորձել են իրագործել քրիստոնեական ճգնակեցության սկզբունքները, ամրապնդել վանական և եկեղեցական գործերին հոգևորականի նվիրվածությունը: Դրա նպատակն է եղել նաև պահպանել եկեղեցու հարստությունը հոգևորականության ժառանգորդների հնարավոր հավակնություններից:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱԿՏԻՎ, կուսակցական կազմակերպության առավել առաջավոր, գործունյա, նախաձեռնող և փորձառու մասը: Կուսակցական ակտիվը կազմակերպության ղեկավարության հենարանն է, նրա համալրման աղբյուրը: Մեծ դեր են խաղում կուսակցական ակտիվի ժողովները, որոնցում քննարկվում են ժողովրդական տնտեսության զարգացման կարևորագույն հարցեր: ՍՄԿԿ ունի կուսակցական ակտիվի մշտական գործող դպրոցներ կամ ժամանակավոր դասընթացներ: Լավագույն ակտիվիստները ընտրվում են ղեկավար մարմինների (տեղականից մինչև կենտրոնական) անդամներ:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ, սկզբնական կուսակցական կազմակերպության բյուրո, կուսակցական կոմիտեի բյուրո, կուսակցական կազմակերպության ընթացիկ աշխատանքները ղեկավարող գործադիր մարմին: Կուսակցական բյուրոները ընտրվում են ՍՄԿԿ սկզբնական, արտադրամասային այն կազմակերպությունների կուսակցական ժողովներում, որոնցում ընդգրկված են 15-ից ոչ պակաս կոմունիստներ: Շրջանային, քաղաքային, օկրուգային կուսակցական կոմիտեների կուսակցական բյուրոները ընտրվում են համապատասխան կոնֆերանսներում՝ կոմիտեների կազմում ընտրված անձանցից: Միութենական հանրապետությունների Կենտկոմների կուսակցական բյուրոները ընտրվում են համապատասխան Կենտկոմների պլենումներում (տես ՍՄԿԿ կանոնադրություն, §§ 23, 44, 45):
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ ՍՄԿԿ, կուսակցական և սովետական ղեկավար կադրերի պատրաստման բարձրագույն հանրապետական և միջմարզային ուսումնական հաստատություններ: Կուսակցական դպրոցներն ունեն 2 բաժանմունք՝ բարձրագույն կրթություն ունեցողների (ուսման տևողությունը՝ երկու տարի) և միջնակարգ կրթություն ունեցողների (4 տարի): Կուսակցական դպրոցներ ընդունվում են միութենական հանրապետությունների