հնարավորություն էր ընձեռում տիրապետելու գործնական բառարվեստին։ Հռոմեական դպրոցում վարժությունների սկզբնական դասընթացը «պրո–գիմնասներն» էին (առակների, պատմվածքների, ճառականոնների, խրատական ասացվածների և այլնի հորինում), հիմնական դասընթացը՝ «արտասանությունները», մտացածին թեմայով հորդորանքի կամ կեղծ դատական գործի վերաբերյալ ելույթի ձևով ճառերը։ Հռոմեական դպրոցներում սաներին պատրաստում էին առավելապես քաղաքական կարիերայի համար, բայց գնալով բառարվեստը Հռոմեական դպրոցում դառնում է ինքնանպատակ և սուր քննադատվում պրակտիկ հռետորների (Ցիցերոն, Քվինտիլիանոս, Տակիտոս) կողմից։ Հռոմեական դպրոցը մեծ ազդեցություն է ունեցել ուշ շրջանի անտիկ գրականության վրա։
ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆ (հունարեն՝ ‘ρητοριχή), ճարտասանություն, գիտություն իմաստալից, գեղեցիկ, համոզիչ խոսելու արվեստի և, ավելի լայն իմաստով, ընդհանրապես գեղարվեստական արձակի մասին։ Ծագել է Հին Հունաստանում՝ մ․թ․ա․ 1-ին դ․, համակարգի վերածվել 3-2-րդ դդ․, Հռոմում՝ մ․թ․ա․ 1-ին դ․։ Առաջին տեսաբանը Արիստոտելն է («Ճարտասանություն»)։ Ցիցերոնի անվան հետ է կապված մի ամբողջ գրական շրջան՝ մ․թ․ա․ 1-ին դ․։ Հայտնի են եղել Քվինտիլիանոսը, Տակիտոսը։ Հռետորությունը Հայաստան մուտք է գործել մ․թ․ա․ 1-ին դ․ (Տիգրան Մեծ, Արտավազդ Բ), նշանակալից է եղել 5-րդ դ․ (Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Եղիշե, Եզնիկ Կողբացի)։ Հռետորական արվեստի տեսությունը Հայաստանում սկզբնավորվել է թարգմանություններով (Թեոն, «Յաղագս ճարտասանական կրթութեանց», թարգմանություն 6-րդ դ․)։ Ուշագրավ է Հովհան Մայրավանեցու (6-րդ դ․ վերջ – 7-րդ դ․ 1-ին կես) «Խրատ վարուց» (հրատարակված 1836 թ.) ճառերի ժողովածուն։ Հռետորական ոճն զգացվում է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» (հրատարակված 1700 թ.) մեջ։ Գլաձորի և Տաթևի համալսարաններում դասավանդվել է ճարտասանություն (Եսայի Նշեցի, Գրիգոր Տաթևացի, Հովհան Որոտնեցի)։ Հռետորության զարգացմանը նպաստել են Մխիթարյան միաբանները՝ թարգմանելով Ցիցերոնի ճառերը։ Ռուսաստանում Հռետորությունը ձևավորվել է 18-րդ դ․ (Մ․ Լոմոնոսով)։ Հայտնի է ֆրանսիական դատական հռետորության դպրոցը։ 19-րդ դ․ բանվորական շարժումների հետ հռետորությունը մտնում է նոր շրջան։ Հռետորության նոր փուլը վերջնականապես ձևավորվել է Կ․ Մարքսի, Ֆ․ էնգելսի, Վ․ Ի․ Լենինի հռետորական գործունեությամբ։ Հռետորությունը բազմասեռ է՝ քաղաքական, դատական, ակադեմիական և այլն։
Գրկ․ Մելքոնյան Մ․ Գ․, Հռետոր դառնում են․.., Ե․, 1977։ Նույնի, Հրեղեն խոսքի ուժը, Ե․, 1979: Цицерон, Три троктата об ораторском искусстве, М., 1972:
ՀՌԻՓՍԻՄԵ (ծննդյան թ. անհայտ–301), քրիստոնյա նահատակ կույս։ Ըստ ավանդական պատմության, 32 քրիստոնյա ազնվազարմ կանայք՝ Հռիփսիմեի գլխավորությամբ, խուսափելով Հռոմի Դիոկղետիանոս կայսեր (284–305 թթ.) հալածանքներից, փախել են Հայաստան և այնտեղ զբաղվել քարոզչությամբ։ Վաղարշապատում սրատվել են Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի հրամանով։ Դեպքից 9 օր անց բանտից ազատված Գրիգոր Ա Պարթևը (Լուսավորիչ), թաղելով նահատակներին, Վաղարշապատի հյուսիս–արևելյան կողմում կառուցել է Ս․ Հռիփսիմյանց Վկայարանը կամ Հանգստարանը (տես Հռիփսիմեի տաճար), որի շինաքարերը «մեղքերը քավող» Տրդատը իբրև բերել է Մասիս սարից։ Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս նահատակներին դասել է սրբերի կարգը, իսկ նրանց հիշատակի օրը մտցրել եկեղեցու տոնացույցում։ Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ մինչև 13-րդ դ․ կաթողիկոսարանում պահվում էին Հռիփսիմեի մասունքները, որոնք Հռոմկլայի գրավման ժամանակ (1292 թ.) մամլուքները տարան Եգիպտոս՝ որպես ավար։
ՀՌԻՓՍԻՄԵԻ ՏԱՃԱՐ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Էջմիածնում, հայ ճարտարապետության հուշարձան։ Հիմնադրել է Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը պատմական Վաղարշապատ քաղաքի պարիսպներից դուրս, 618 թ–ին։ Այդ մասին պահպանվել են Կոմիտաս կաթողիկոսի շինարարական երկու արձանագրություններն ու պատմիչների տեղեկությունները։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբո Հռիփսիմեի» (4-7-րդ դդ․ «շինող» բառն օգտագործվել է ճարտարապետ իմաստով)։ Ըստ ավանդության, հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են Հռիփսիմեի վկայարանը՝ կիսագետնափոր հանգստարան, վրան քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ 5-րդ դ․ այն ավերել են պարսիկները: Սահակ Պարթևը կառուցել է նորը։ 7-րդ դ․ Կոմիտաս կաթողիկոսն այդ վկայարանի տեղում կանգնեցրել է Հռիփսիմեի տաճարը: Ուսումնասիրությունների տվյալներով, հիմնովին վերանորոգվել է գմբեթը (թերևս՝ 10-րդ դ․), 17-րդ դ․ Հռիփսիմեի տաճարը եղել է կիսավեր.
Փիլիպոս կաթողիկոսը 1653 թ.-ին վերանորոգել է այն և արմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագա դարերում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776 թ.), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880 թ.), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894 թ.)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898 թ.-ին։ 1958 թ.-ին մաքրվել է Հռիփսինեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը, և նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ
(դրանք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար)։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։
Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է 6-րդ դ․)։ Տաճարը ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։ Ներքին տարածությունը ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ։ Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ․ անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթարանի հետ կապվում են անկյունային խորշերով։ Հռիփսիմեի տաճարը կառուցվածքով քարի տարածական միաձույլ համակարգ է, աշխատում է ողջ պարագծով, ունի մեծ սեյսմակայունություն։ Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց ակուստիկային և ծառայել որպես գաղտնարաններ։ Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը՝ չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերեսներով, նրա գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնական միջոցն է։ Աղոթարանը ստացել է խիստ արտահայտիչ տարածական լուծում, ութ զանգվածեղ որմնամույթերի ուղղաձիգ ընդգծումները նրան տալիս են վերասլացություն։ Հռիփսիմեի տաճարն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10,1 մ) ոչ բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածի ուղղանիստ ծավալից մինչև գմբեթի վեղարը ծավալների ներդաշնակ անցումներով, որով ստեղծվել է հուշարձանի առավել արտահայտիչ ուրվագիծը։ Ճակատներն ակոսող սեղանաձև խորշերը ստեղծել են ուղղաձիգ ուժեղ ընդգծումներ, ճակատների հարթությունը դարձրել ծավալային, թեթևացրել հուշարձանի զանգվածեղությունը։ Հռիփսիմեի տաճարին բնորոշ է ծավալների ամփոփ ու ներդաշնակ համակցությունը: