Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գեղարվեսաական կերպարը վեհ է, հանդիսավոր, խոհական ու ոգեշունչ։ Բացառիկ է Հռիփսիմեի տաճարի նշանակությունը հայ ճարտարապետության համար։ Այն դարերով մշակված գեղարվեստական մտքի բյուրեղացումն է ճարտարապետական ձևի մեջ։ «Հռիփսիմեատիպ» կառույցներ են՝ Արամուսի Ծիրանավոր Ս․ Նշան (6-րդ դ․), Ավանի Ս․ Հովհաննես (6-րդ դ․), Գառնհովիտի Ս․ Գևորգ (6-րդ դ․), Այգեշատի Թարգմանչաց վանքի (7-րդ դ․), Սիսավանի Ս․ Հովհաննես (7-րդ դ․), Աթենիի Սիոն (7-րդ դ․), Արծվաբերի Ս․ Աստվածածին (7-րդ դ․), Արծվանիստի Ս․ Աստվածածին (10-րդ դ․), Վարագավանքի Ս․ Աստվածածին (10-րդ դ․) եկեղեցիները, վրացական հուշարձաններից՝ Ջվարին (7-րդ դ․), Շուամտան (7-րդ դ․), Մարտվիլին (10-րդ դ․)։ Այդ տիպի կառույցների շարքին են դասվում նաև Ձորադիրի (Սորադիր) Ս․ էջմիածինը (6-րդ դ․) և Աղթամարի Ս․ խաչը (10-րդ դ․):

Պատկերազարդումը տես 553-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրականություն՝ Մարության Տ․, Ավանի տաճարը և համանման հուշարձաններ, Ե․, 1976: Якобсон А.Л., Очерки зодчества Армении 5-17 вв., М.-Л., 1950; Еремян А.Б., Храм Рипсиме, Е., 1955; Նույնի К вопросу о кафедральной церкви в Аване, «ԼՀԳ», 1969, №3: Ա․ Երեմյան

ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԻԳԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ Երևանում, հիմնվել է 1850 թ.-ին, Կովկասի Ս․ Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով։ Սկզբում կոչվել է Հռիփսիմյան օրիորդաց դպրոց, 1884 թ.-ին դարձել է օրիորդաց պրոգիմնազիա, 1898 թ.-ին՝ իգական գիմնազիա։ Սովորողների մեծ մասը գիշերօթիկ էր։ Ենթարկվել է պետական դպրոցական իշխանություններին և գործել պետական ծրագրերով։ Ուսուցումը տարվել է ռուսերենով։ Դասավանդվել են կրոն, ռուսերեն, հայերեն, պարսկերեն, թվաբանություն, աշխարհագրություն, ձեռագործ։ 1866 թ.-ին բացվել է նախապատրաստական դասարան, ավելացվել են գեղագրություն, նկարչություն, կենսաբանություն, բուսաբանության և հանքաբանության հիմնական սկզբունքներ, ընդհանուր և ռուսաց պատմություն, ֆրանսերեն, երաժշտություն, պար։ 1904 թ.-ին բացվել է 8-րդ լրացուցիչ դասարան՝ ռուսաց լեզվի և մաթեմատիկայի բաժանմունքներով։ Այդ դասարանի խնդիրն էր սովորողներին նախապատրաստել մանկավարժական գործունեության։ 1917 թ.-ին Հռիփսիմյան իգական գիմնազիայում սովորում էր 526 աղջիկ (հայեր՝ 352, ռուսներ՝ 119, վրացիներ՝ 15, ադրբեջանցիներ՝ 11 և այլն)։ 1918 թ.-ին դարձել է հայկական օրիորդաց գիմնազիա, 1921 թ.-ին՝ երկրորդ աստիճանի երկսեռ դպրոց։ Ս. Խուդոյան

ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ Զմյուռնիայում, հիմնվել է 1838 թ.-ին։ Սկզբնապես կոչվել է Սարգսյան, 1849 թ.-ից՝ Հռիփսիմյան (դպրոցական շենքը կառուցած բարերարների անուններով)։ 1884 թ.-ին կառուցվել է նոր շենքը։ Վարժարանը պահվում էր հայ համայնքի նվիրատվություններով և զանազան ընկերությունների (Սյունյաց, Հոգատար, Հռիփսիմյան կրթասիրաց, Ուսումնասեր և այլն) օժանդակությամբ։ Մինչև 1877 թ.-ը ուսուցումը ձրի էր, այնուհետև վարձ էին վճարում միայն ունևորները։ Կրթություն էր տալիս յոթնամյակի սահմաններում։ Դասավանդվում էին թվաբանություն, հայոց լեզու և պատմություն, գեղագրություն, դիցաբանություն, երկրաչափություն, գրահաշիվ, բնագիտություն, գծագրություն, աշխարհագրություն, կրոնական առարկաներ, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն, ձեռագործ, երգ–երաժշտություն։ 1840 թ.-ին սովորում էր 100, 1850 թ.-ին՝ շուրջ 170, 1870 թ.-ականին՝ 240, հետագայում՝ 300–400 աշակերտուհի։ Վարժարանն ուներ մանկապարտեզ (1888 թ.-ից), աղջիկների ու տղաների որբանոցներ (այնուհետև՝ գիշերօթիկ բաժիններ)։ Մանկավարժներից էին Հ․ Շահինյանը (առաջին ուսուցիչ), Գ․ Չիլինկիրյանը, Մ․ Աղաբեկյանը, Մ․ Մամուրյանը։ Հատուկ ուշադրություն էր նվիրվում աշակերտուհիների բարոյա–գեղարվեստական դաստիարակությանը, ապագա դաստիարակ–մայրեր, տնտեսուհիներ պատրաստելու կարևոր խնդիրներին։ Փակվել է 1922 թ.-ին։ Մ․ Հակոբյան

ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ Բաքվում, հիմնվել է 1866 թ.-ին, Մարդասիրական ընկերության կողմից, Ս․ Գրիգոր Լուսավորիչ անունով։ Դասավանդվել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, թվաբանություն, վայելչագրություն, երգեցողություն, ձեռագործ և տնարարություն։ Հետագայում դպրոցը անցել է հոգևոր իշխանության տնօրինության տակ, իսկ ծախսերը հոգացել է Մարդասիրական ընկերությունը։ 1873 թ.-ին ավելացել է դասարանների ու դասավանդվող առարկաների թիվը (քերականություն, բնական գիտություններ, աշխարհագրություն)։ Դպրոցն անվանվել է Ս․ Հռիփսիմյան։ 1880-ական թթ․ դարձել է երկդասյան։ 1891 թ.-ին կառուցվել է նոր շենք։ 1909-1910 թթ. ուսումնական տարուց դպրոցն աստիճանաբար վերածվել է միջնակարգի՝ հայկական դպրոցների համար ուսյալ ուսուցչուհիներ պատրաստելու նպատակով։ 1917 թ.-ին տվել է միջնակարգ կրթությամբ առաջին շրջանավարտները։ Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը քաղաքական և նյութական պատճառներով մի քանի անգամ փակվել է։ Դպրոցին կից կազմակերպվել է բարեպաշտ տիկնանց բարեգործական ընկերություն։ Տարբեր տարիներ ավագ ուսուցիչներ են եղել Խ. Ստեփանեն, Հ․ Ղուկասյանը, Ս․ Սաղյանը, Ն․ Սարգսյանը, Ա․ Հակոբյանը, որոնք բարձր հիմքերի վրա են դրել դպրոցը, կիրառել դասավանդման նոր ու առաջավոր մեթոդներ։ 1892 թ.-ին Ք․ Կարա Մուրզան Հռիփսիմյան օրիորդաց դպրոցում ստեղծել է երգեցիկ խումբ։ 1880-ական թթ․ դպրոցն ունեցել է 100, 1893 թ.-ին՝ 300 սովորող։ 1920 թ.-ին պետականացվել և դարձել է երկսեռ դպրոց։ Հ․ Ներսիսյան

ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ Նոր Բայազետում, հիմնվել է 1867 թ.-ին, Ս․ Աստվածածին եկեղեցու գավթում, քաղաքի հիմնադիրներից մեկի՝ Բ․ Արծրունու կողմից, իր իսկ հիմնած տղաների դպրոցին կից, 20 աշակերտուհով՝ որպես միդասյան դպրոց։ Առաջին դաստիարակչուհին է եղել Գ․ Թադևոսյանը, որը միայն գրագիտություն է սովորեցրել։ 1868 թ.-ին անցել է հոգաբարձության տնօրինության տակ։ Սկզբում պահվել է հանգանակությամբ, այնուհետև Ս․ Թարգմանչաց մարդասիրական ընկերության միջոցներով։ 1879–1880 թթ. ուսումնական տարում դպրոցն ունեցել է 4 բաժանմունք, 63 աշակերտուհի։ Դասավանդվել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, թվաբանություն, սրբազան և ազգային պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, քերականություն, երգեցողություն, գծագրություն և ձեռագործ։ 1880 թ.-ին տեղափոխվել է նոր շենք, աղջիկների դպրոցը կոչվել է Ս․ Հռիփսիմյան, տղաներինը՝ Ս․ Մեսրոպյան։ 1887–1888 թթ. ուսումնական տարվանից եղել է երկդասյան (5 բաժանմունքով), ունեցել է 74 աշակերտուհի։ 1896–1905 թթ.-ը փակվել է ցարական կառավարության հրամանով։ 1918 թ.-ին դարձել է № 2 երկսեռ դպրոց։

ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ Գանձակում, հիմնվել է 1874 թ.-ին, Ս․ Հովհաննես եկեղեցու զավթում, մի քանի մտավորականների և հասարակության ջանքերով։ Առաջին ուսուցչուհին եղել է տնային կրթություն ստացած Մ․ Ենգիբարյանը։ Դպրոցը երկդասյան էր, ուներ կրտսեր և ավագ նախակրթարաններ (5 բաժանմունք)։ Դասավանդվել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, թվաբանություն, բնական պատմություն, վայելչագրություն, երգեցողություն, նկարչություն և ձեռագործ։ Դպրոցն ունեցել է նյութական սուղ միջոցներ, գործել է վարձու տներում։ Մի քանի անգամ փակվել է ցարական իշխանության կամ Էջմիածնի սինոդի կողմից։ Դպրոցի եկամուտները, որ ստացվել են հասարակությունից, եկեղեցուց, թոշակադրամներից, հետզհետե նվազել են։ 1894–1895 թթ. ուսումնական տարում ունեցել է 252 աշակերտուհի։ Ավագ ուսուցիչներ են եղել Ն․ Տեր–Ղևոնդյանը, Ն․ Դավթյանը, Ռ․ Տեր–Ավագյանը, Ա․ Մխիթարյանը և ուրիշներ: 1910-ական թթ․ վերջերին դարձել է երկսեռ դպրոց։

ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ Նոր Նախիջևանում, հիմնվել է 1881 թ.-ին, Ս. Լուսավորիչ եկեղեցու զավթում։ Պահվել է եկեղեցուց, քաղաքային իշխանությունից ստացված գումարներով, դպրոցական կալվածքներից, կտակներից, նվիրատվություններից գոյացած եկամուտներով, Հայուհյաց խնամակալական ընկերության օգնությամբ, կրթաթոշակներով։ Գործել է վարձու տներում։ 1887 թ.-ին դպրոցի համար շենք է կառուցվել։ 1888 թ.-ին անցել է Հայուհյաց խնամակալական ընկերության հովանավորության տակ։ Հիփսիմյան օրիորդաց դպրոցը երկդասյան էր (ուներ 5 բաժանմունք)։ Տարբեր տարիներ ունեցել է 150–250 աշակերտուհի։ Դասավանդվել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, գեղագրություն, թվաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, բնական պատմություն, հայոց պատմություն և Հայաստանի աշխարհագրություն, ռուսաց պատմություն և Ռուսաստանի աշխարհագրություն, եկեղեցական երգեցողություն, գծագրություն և ձեռագործ։ Ավագ ուսուցիչներ են եղել Ս. Սերեբրակյանը, Ե․ Շահազիզը, Գ․ Չարխյանը։ 1900 թ.-ից Հռիփսիմյան օրիորդաց դպրոցն անցել է լուսավորության մինիստրության տնօրինության տակ։ Հայերեն էին դասավանդվում միայն կրոնը, հայոց լեզուն և Հայաստանի աշխարհագրությունը։