Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ճառագայթման (լույսի) առաքման, տարածման ու կլանման երևույթները մագնիսական դաշտում գտնվող նյութերում: Մագնիսաօպտիկական հիմնական երևույթներն են. մագնիսական դաշտում սպեկտրային գծերի տրոհումը բաղադրիչների (տես Զեեմանի երևույթ), լույսի բևեռացման հարթության պտտումը (Ֆարադեյի երևույթ), լույսի երկբեկումը մագնիսական դաշտում գտնվող իզոտրոպ նյութում (տես Կոտոն–Մուտոնի էֆեկտ), Քերի մագնիսաօպտիկական երևույթը (տես Քերի երևույթ):
XX դ. 60-70-ական թթ. զարգացավ կիսահաղորդիչների և մագնիսակարգավորված բյուրեղների (ֆերիտներ, հակաֆեռոմագնիսական նյութեր) Մ.: Մագնիսաօպտիկական մեթոդները կիրառվում են օպտիկական անցումները պայմանավորող քվանտային վիճակների, նյութի ֆիզիկաքիմիական կառուցվածքի, մետաղների և կիսահաղորդիչների էլեկտրոնային կառուցվածքի, ֆազային անցումների հետազոտման ժամանակ:
Գրկ. Борн М., Оптика, пер. с нем., Харьков, 1937; Вонсовский С. В., Магнетизм, М., 1971.
ՄԱԳՆԻՏՆԱՅԱ, լեռ Հարավային Ուրալի արևելյան լանջին, ՌՍՖՍՀ Չելյաբինսկի մարզում: Բարձրությունը՝ 616 մ: Մագնիսական երկաթահանքի խոշոր հանքավայր է: Այստեղ կառուցվել է մետալուրգիական խոշոր կոմբինատ և Մագնիտոգորսկ քաղաքը:
ՄԱԳՆԻՏՈԳՈՐՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Չելյաբինսկի մարզում: Գտնվում է Մագնիտնայա լեռան ստորոտին, Ուրալ գետի ափին: ՍՍՀՄ մետալուրգիական արդյունաբերության խոշորազույն կենտրոններից է: 410 հզ. բն. (1980): Կան մետալուրգիական կոմբինատ, տրամաչափիչ ամբարձիչների, լեռնային և մետալուրգիական սարքավորումների նորոգման, մետաղյա իրերի գործարաններ: Զարգացած է շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերությունը: Ունի լեռնա–մետալուրգիական և մանկավարժական ինստ-ներ, 8 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, 2 թատրոն, հայրենագիտական թանգարան: Հիմնադրվել է 1929-1931-ին: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971):
ՄԱԳՆԻՏՈՖՈՆ (< մագնիս և …ֆոն), մագնիսական ժապավենի կամ լարի վրա ձայնային ազդանշանների գրառման (տես Մագնիսական ձայնագրում) և վերարտադրման սարք: Լինում են միաշավիղ և բազմաշավիղ (մինչև 8 շավիղ) Մ–ներ, որոնք կիրառվում են մոնոֆոնիկ և ստերեոֆոնիկ գրառման և վերարտադրման համար: Մ–ում մագնիսական ժապավենի շարժման ստանդարտ արագություններն են՝ 38,1, 19,05, 9,5, 4,75, 2,4 սմ/վրկ: Որքան մեծ է ժապավենի շարժման արագությունը, այնքան բարձր են Մ–ի որակական ցուցանիշները: Տարբերում են Մ–ի հետևյալ տեսակները, մասնագիտական՝ մագնիսական ծակոտաժապավենի վրա ձայնը և պատկերը համաժամանակ գրի առնելու համար (հնչյունային կինո), ստուդիական՝ չծակոտված մագնիսական ժապավենի վրա բարձրորակ ձայնագրություններ կատարելու համար (ռադիոհաղորդում, կինո ևն), կիսամասնագիտական՝ դիսպետչերական խոսակցությունների գրառման համար, կենցաղային (սիրողական ձայնագրում, նկ. 1): Գոյություն ունեն դիկտոֆոններ, ռեպորտյորական (ինքնուրույն էլեկտրասնուցումով թեթև փոխադրական սարքեր), ուսումնական Մ–ներ, մագնիտոֆոնային կցուրդներ, ինչպես նաև Մ–ի և այլ սարքերի զուգորդումներ (մագնիտոլա, մագնիտոռադիոլա): Սովորաբար մագնիսական ժապավենը փաթաթվում է միջնաձողի (մասնագիտական Մ–ում) կամ կոճի (կիսամասնագիտական և կենցաղային Մ–ում) վրա: Կասետային Մ–ում ժապավենը տեղավորվում է մագնիտոֆոնային փակ կասետում, որը պահպանում է ժապավենը կեղտոտումից և հեշտացնում շահագործումը:
ՄԱԳՆՒՏՈՒԴԱ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ (< լատ. magnitudo — մեծություն, < magnus — մեծ), պայմանական մեծություն, որը բնութագրում է երկրաշարժերի կամ պայթյունների հետևանքով առաջ եկող առաձգական տատանումների ընդհանուր էներգիան: Տես նաև Երկրաշարժեր:
ՄԱԳՆԻՑԿԻ Լեոնտի Ֆիլիպովիչ (1669–1739), ռուս մաթեմատիկոս, մանկավարժ: Ըստ որոշ տեղեկությունների, սովորել է Մոսկվայի Սլավոնա–հունա–լատինական ակադեմիայում: 1701-ից մաթեմատիկա է դասավանդել Մաթեմատիկական և նավագնացային գիտությունների դպրոցում: 1703-ին տպագրել է «Թվաբանություն» դասագիրքը, որը մինչև XVIII դ. կեսերը մաթեմատիկայի հիմնական ձեռնարկն էր Ռուսաստանում: Այս դասագիրքը, որը ավելի շուտ մաթ. հանրագիտարան է, մեծ դեր է խաղացել Ռուսաստանում մաթ. գիտելիքների տարածման գործում:
ՄԱԳՆՈԼԻԱ (Magnolia), մագնոլիազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ թփերի ցեղ: Տերևները պարզ են, կոշտ, ամբողջաեզր, հերթադիր, պարունակում են եթերայուղեր, ալկալոիդներ, գլիկոզիդներ: Ծաղիկները երկսեռ են, մեկական, խոշոր, սպիտակ կամ վարդագույն: Պտուղը կազմված է գալարաձև պարկուկներից: Հայտնի է շուրջ 80 տեսակ, տարածված հիմնականում Արևելյան և Հարավ–Արևելյան Ասիայում, Ամերիկայում: ՍՍՀՄ–ում (Կուրիլյան կղզիներ) աճում է M. obovata տեսակը, իսկ Ղրիմում, Կովկասի Սևծովյան ափերին, Միջին Ասիայում, որպես, դեկորատիվ բույս, մշակվում է մոտ 15 տեսակ, որից առավել տարածված խոշորածաղիկ Մ. (M. grandiflora) հանդիպում է նաև ՀՍՍՀ Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում: Երևանի բուսաբանական այգում, Իջևանի և Ստեփանավանի դենդրարիներում աճեցվում է կոբուս Մ. (M. kobus): Խոշորածաղիկ Մ–ի տերևների սպիրտային մզվածքն իջեցնում է արյան ճնշումը և օգտագործվում է հիվանդության վաղ շրջանում:
ՄԱԳՆՈՆ, փոխազդող սպինների համակարգի տարրական գրգռմանը համապատասխանող քվազիմասնիկ: Մագնիսական մի քանի ենթացանցով բյուրեղներում կարող են գոյություն ունենալ էներգետիկ տարբեր սպեկտրներ ունեցող մի քանի տեսակի Մ–ներ: Ենթարկվում է Բոզե–Էյնշտեյնի վիճակագրությանը: Մ–ները փոխազդում են միմյանց և այլ քվազի մասնիկների հետ: Գոյությունը հաստատվել է նեյտրոնների և լույսի ցրման փորձերով:
ՄԱԳՈՄԱԵՎ Աբդուլ Մուսլիմ Մուհամեդովիչ (6(18).9,1885, Գրոզնի – 28.7.1937, Նալչիկ), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական–հասարակական գործիչ: Ադրբ. ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935): Ադրբ. երաժշտական