1933-ին, նացիստների իշխանության գլուխ անցնելուց հետո, Մ. տարագրվել է Շվեյցարիա, 1938-ին՝ ԱՄՆ: Գերմ. դասական գրականության մարդասիրական պատգամները, հակադրված ֆաշիստական բարբարոսությանը, հաստատվում են Յո. Վ. Գյոթեի մասին գրված «Լոտտան Վայմարում» (1939) վեպում: 1943-ին Մ. սկսել է աշխատել «Դոկտոր Ֆաուստուս» (1947) վեպի վրա, որը նրա վերջին շրջանի ամենանշանակալից գործն է: Մ. կյանքի վերջին տարիներին ապրել է Շվեյցարիայում, Ցյուրիխում: 1955-ի հունիսին ամբողջ աշխարհում նշվեց նրա 80-ամյա հոբելյանը:
Երկ. Gesammelte Werke (in Einzelausgaben), Bd 1-14, B.-W., 1922-37.
Գրկ. Томас Манн. Библиографический указатель, М., 1956.
ՄԱՆ (Mann) Հայնրիխ (27.3.1871, Լյուբեկ – 12.3.1950, Սանտա–Մոնիկա, Կալիֆոոնիա), գերմանացի գրող, հասարակական գործիչ: Թ. Մանի եղբայրը: Սովորել է Բեռլինի համալսարանում: Վայմարյան հանրապետության ժամանակ եղել է Պրուսիայի Արվեստների ակադեմիայի գրականության բաժանմունքի անդամ (1926-ից), ապա՝ նախագահը: 1933-ին տարագրվել է Ֆրանսիա: 1936-ից եղել է Փարիզում ստեղծված գերմ. ժողովրդական ճակատի կոմիտեի նախագահը: 1940-ից ապրել է ԱՄՆ–ում: ԳԴՀ–ի կազմավորումից հետո, 1949-ին, հեռակա կարգով ընտրվել է Գերմանիայի Արվեստների ակադեմիայի պրեզիդենտ (առաջինը): 1900-ին լույս է ընծայել «Ավետյաց երկիր» երգիծական, քննադատական վեպը, 1903-ին՝ դեկադենտիզմի ազդեցությամբ գրված «Աստվածուհիներ» եռերգությունը, 1905-ին՝ «Վարժապետ Ունրատը» վեպը, որտեղ մերկացրել է պրուս. խստավարժությունը: Առաջին համաշխարհային պատերազմը (1914-18) սկսվելուց մեկ ամիս առաջ Մ. ավարտել է «Կայսրություն» եռերգության առաջին գիրքը՝ «Հպատակը» (1914, հրտ. 1918) վեպը, որտեղ տրված է կայզերական կայսրության բարքերի խորապես ռեալիստական, միաժամանակ սիմվոլիկ–գրոտեսկային պատկերը: Եռերգության հաջորդ վեպերն են «Չքավորներ» (1917) և «Գլուխը» (1925):
Մ. հրապարակախոսական և գրաքննադատական գործունեությունն սկսել է XX դ. 10-ական թթ. սկզբներին: 20-30-ական թթ. նա աստիճանաբար հանգել է սոցիալիզմի պատմական դերի ըմբռնմանը, նորովի գիտակցել պրոլետարիատի դերը («Գերմանական բանվորների ուղին», հոդված): Հիտլերիզմի դեմ են ուղղված «Ատելություն» (1933), «Կգա օրը» (1936), «Արիություն» (1939) հոդվածների ժողովածուները: Մ–ի ուշ շրջանի գեղարվեստական ստեղծագործության բարձրակետն է «Հենրիխ IV-ի պատանեկությունը» (1935) և «Հենրիխ IV-ի հասունությունը» (1938) երկերգությունը: «Լիդիցե» (1943), «Շնչառություն» (1949) և այլ վեպեր հատկանշված են սոցիալական քննադատության մեծ սրությամբ ն գրական մաներայի խիստ բարդությամբ: Մ–ի հրապարակախոսական գործունեության ամփոփումն է «Դարի տեսություն» (1946) ժողովածուն, որտեղ նա տվել է դարաշրջանի քննադատական գնահատականը:
Երկ. Gesammelte Werke, Bd 1-4, 6, 7, 10-12, 14-15, В.-Weimar, 1965-72.
ՄԱՆԱ (ուրարտ. սեպագրերում՝ KUR Mana, KUR Manani, աքքադ. Mat Mannat Mat Munna, Mat Manas, ելամ.՝ HarMinija, հին պարսկ.՝ Ar-Mina, Ar-Minija, ասոր.՝ Ar-Meni, եբր.՝ Minni), վաղ ստրկատիրական պետական կազմավորում մ. թ. ա. IX-VI դդ. Հայկական լեռնաշխարհում՝ Կապուտան (Ուրմիա) լճի ընդարձակ ավազանում: Ընդգրկել է Մեծ Հայքի Նոր Շիրական (Պարսկահայք) նահանգի տարածքը և հարակից շրջանները: Հս–արմ-ից սահմանակից էր Ուրարտու պետությանը, հվ. և հվ–արլ. սահմանները հասնում էին Ջաղատու գետի հովիտները և Փոքր Զավի ակունքների շրջանը: Կազմվել է մի շարք «ազգագավառներից» (Անդիա, Զիգերտու, Ուիշդիշ, Սուրիկաշ, Մեսսի ևն): Ուսումնասիրողների (Ռ. Դայսոն, Ե. Պորադ, Է. Գրանտովսկի) կարծիքով մանացիները ցեղակից են եղել Հայկական լեռնաշխարհի մյուս բնիկներին և էապես զատորոշվել իրենց արլ. և հվ. դրացիներից՝ մարական, պարսկ. և սեմական ցեղերից: Մ–ի հասարակական-տնտեսական զարգացման մակարդակը համեմատելի է ուրարտականին: Մ–ում հիմնվել էր ժառանգաբար իշխող արքայատուն: Երկրի կառավարման գործում զգալի դեր էր խաղում նաև տոհմական ավագանին: Մ–ում բարձր զարգացման էին հասել երկրագործությունը, անասնապահությունը, մետաղամշակությունը, արհեստագործությունը: Արհեստագործական արտադրությունները զգալիորեն կենտրոնացվել էին Մ–ի մի շարք խոշոր քաղաքներում (Իզիրտու, Զիբիա, Արմաիդ, Պանզիշ ևն): Մ–ից հայտնաբերված արհեստագործական առարկաները (օրինակ, «Սակկզի գանձ») վկայում են ոչ միայն դրանց բարձր մակարդակի, այլն Մ–ի և Ուրարտուի (մ. թ. ա. VII դարից նաև սկյութական ցեղերի) փոխազդեցության մասին: Ըստ ասորեստանյան արձանագրությունների, Մ–ում կար դպրություն (հավանաբար ստեղծված ուրարտ. և ասորեստանյան սեպագրության հիման վրա): Գտածո որոշ առարկաների վրա պահպանվել են նաև մեհենադրոշմ (հիերոգլիֆ) գրեր: Սակայն ցարդ արձանագրություններ չեն հայտնաբերվել Մ–ի արքաների անունով:
Մ–ի մասին տեղեկություններ են հայտնում մ. թ. ա. IX-II դդ. ասորեստանյան և ուրարտ. արձանագրությունները: Առաջին տեղեկությունները հաղորդում է Ասորեստանի Սալմանասար III թագավորը՝ դեպի այդ երկիրն արշավելու (մ. թ. ա. 843 և 829 կամ 828) կապակցությամբ: Այդ ժամանակ Մ. արդեն կայուն թագավորություն էր՝ Իզիրտու (Զիրտու) մայրաքաղաքով, որի Ուդակի (Ուալկի) թագավորը պաշտպանում էր իր երկիրն ասորեստանյան նվաճողներից: Մ. թ. ա. 820-ին Մ. արշավելու մասին հիշատակում է նաև Ասորեստանի Շամշի–Ադադ V թագավորը: Հայկական լեռնաշխարհի արյունակից ցեղերի ու նրանց հողերի միավորման ընթացքը գլխավորող Ուրարտու հզոր թագավորությունը մ. թ. ա. IX դ. վերջին քառորդից հետևողականորեն ձգտում էր միավորել նաև Մ.: Մ. թ. ա. 807 և 806-ին Մենուա թագավորը, Ասորեստանի Ադադներարի III թագավորին դուրս մղելով Մ–ից, հասել է մինչև Դիյալայի գետահովիտը (այժմյան Իրաքի հս. շրջանները): Մ–ի համար Ասորեստանի դեմ համառ կռիվներ են մղել (մ. թ. ա. 781-776, 774) նաև Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորները: Որոշ ուսումնասիրողների (Ն. Ադոնց, Բ. Պիոտրովսկի) կարծիքով Մինուայի, Արգիշտի Ա–ի և Սարդուրի Բ–ի գահակալման ժամանակ (մ. թ. ա. IX դ. վերջ – VIII դ. առաջին կես) Մ. միավորվել է Ուրարտու պետությանը: Մ. թ. ա. VIII դ. երկրորդ կեսից Մ., օգտագործելով Ասորեստանի և Ուրարտուի հակասությունները, հարելով մե՛րթ մեկին, մե՛րթ մյուսին, հիմնականում պահպանել է իր ինքնուրույնությունն ու ամբողջականությունը: Այսպես, Մ–ի Իրանզու թագավորը, որը սկզբում դաշնակցել է Ուրարտուի Ռուսա Ա թագավորին (մ. թ. ա. մոտ 735-714), մ. թ. ա. 718-ին հարել է Ասորեստանին՝ հարուցելով իր գավառակալ–իշխանների դժգոհությունը: Վերջիններիս ապստամբական ելույթը նա կարողացել է ճնշել միայն Սարգոն II-ի օգնությամբ: Մ. թ. ա. 716-ին Մ–ի Ուիշդիշ, Զիգերտու և Անդիա գավառների իշխանները՝ Ռուսա Ա–ի օգնությամբ Ուաուշ լեռան մոտ (Ուրմիայից հս–արլ.) տեղի ունեցած ճակատամարտում հաղթել և սպանել են Իրանզուի որդուն և հաջորդին՝ Ազա (Ածա) թագավորին, որը սատարել էր Սարգոն II-ին: Մ–ի թագավոր է հռչակվել Ուիշդիշի Բագադատի իշխանը: Չհանդուրժելով Ուրարտուի օգտին կատարված այդ գահաշրջությունը՝ Սարգոն II ներխուժել է Մ., տապալել Բագադատիին և թագավոր հռչակել Ազայի Ուլուսունու եղբորը: Սակայն վերջինս, հաշվի առնելով Մ–ի ավագանու հակաասորեստանյան տրամադրությունը, մ. թ. ա. 715-ին դաշնակցել է Ռուսա Ա–ին՝ նրան պատանդ տալով իր որդուն, ինչպես նաև Ուրարտուին զիջելով Մ–ի Ուիշդիշ գավառը և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող 22 բերդ: Սարգոն II նույն թվականին վերստին ներխուժել է Մ., գրավել մի շարք քաղաքներ և ընկճել ընդդիմադիրներին: Մ–ի «ավագանու խորհրդի «երաշխավորությամբ Ուլուսունուն հնազանդվել է Սարգոնին՝ նրան տալով հարկ և պատանդներ: Մ. թ. ա. 714-ի ամռանը Սարգոն II, օգտվելով կիմերներից պարտություն կրած Ուրարտուի դժվարին իրավիճակից, մտել
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/209
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ