հողահանդակները մոտ 13 մլն հա են: Հողագործությունը հնարավոր է միայն արհեստական ոռոգման պայմաններում:
Տրանսպորտը: Երկաթուղիների ընդհանուր երկարությունը մոտ 700 կմ է (1978): Գլխավորը Նովի Ուզեն–Շեչենկո–Մակատ երկաթուղին է: Գործում են Ուզեն–Ժետըբայ–Շևչենկո, Ուզեն–Գուրև–Կույբիշև նավթամուղները, Ժետըբայ–Շեչենկո, Ուզեն–Բայնեու գազամուղները: Մանգըշլակը Կասպից ծովով կապված է Բաքվի, Աստրախանի, Գուրևի, Կրասնովոդսկի, Մախաչկալայի հետ: Կառուցվում են նավահանգստային կառույցներ Շևչենկոյում, Երալիեում, Բաուտինոյում: Ավտոճանապարհների երկարությունը 4 հզ. կմ է: Ավիագծերով Շևչենկոն կապված է Մոսկվայի, Գուրևի, Ալմա Աթայի և այլ քաղաքների հետ:
Լուսավորությունը և առողջապահությունը: 1979-80 ուս. տարում կար 82 հանրակրթական դպրոց, 4 պրոֆաեխնիկական ուսումնարան: 1980-ին մարզն ուներ 76 գրադարան, 107 ակումբ, 110 կինոկայանք, Տ. Գ. Շևչենկոյի թանգարան, մարզային 2 թերթ, 30 հիվանդանոցային հիմնարկ, 315 բժիշկ, հակատուբերկուլոզային առողջարան:
ՄԱՆԳԼՅԱՑ ՓՈՐ, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգում (հավանաբար՝ Ալ գետի ձորահովտում): IV դ. վերջերին անջատվել է Գուգարքից և միացել Վրաց աշխարհին: Վրաց աղբյուրներում կոչվել է Մանգլիսիս–խևի:
Գրկ. Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե., 1963:
ՄԱՆԳԼԻՍ, քաղաքատիպ ավան Վրացական ՍՍՀ Թեթրիծղարոյի շրջանում, շրջկենտրոնից 41 կմ հյուսիս, Թբիլիսիից 56 կմ արևմուտք: Գտնվում է Թրիալեթի լեռնաշղթայի հվ. լանջին, Թբիլիսի–Բոգդանովկա խճուղու վրա: Բնակչությունը՝ վրացիներ, հայեր, ռուսներ: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև այգեգործությամբ: Մ–ում է Թբիլիսիի «Իսանի» կոշիկի ֆաբրիկայի մասնաճյուղը: Ունի միջնակարգ դպրոցներ, գրադարան, կուլտուրայի տուն, կինոթատրոն, կապի բաժանմունք, հիվանդանոց, կենցաղսպասարկման օբյեկտներ: Մ. լեռնակլիմայական առողջարան է: Կան շնչառական օրգանների հիվանդություններով (նաև տուբերկուլոզով) տառապող մանուկների ու դեռահասների սանատորիաներ: Մ. Վրաստանի հնագույն քաղաքներից է՝ պատմության մեջ հայտնի Մանգլյաց փոր անվամբ: IV դ. մտել է Քարթլիի կազմի մեջ: Մ–ում պահպանվել է Կոստանդիանոս կայսրի կառուցած եկեղեցին: 1121-ին Մ–ի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ վրաց. և թուրք. զորքերի միջև, որն ավարտվել է վրացիների հաղթանակով: Հայերը Մ–ում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից, ունեն եկեղեցի, գերեզմանատուն և պատմական այլ հուշարձաններ:
ՄԱՆԳՈ (Mangifera), աղտորազգիների ընտանիքի մշտադալար ծառերի ցեղ: Հայտնի է Մ–ի 40 տեսակ՝ տարածված Հարավային և Հարավ–Արեելյան Ասիայի արևադարձային շրջաններում: Կարևոր պտղատու տեսակներից է հնդկական Մ. (M. indica), որը խիտ սաղարթով, փայլուն, երկարավուն կամ էլիպսաձև տերևներ ունեցող ծառ է: Բարձրությունը 10-45 մ է, ծաղիկները մանր են, երկտուն՝ հավաքված հուրանում: Պտուղները խոշոր են, դեղնականաչավուն: Պտղամիսը նարնջագույն է՝ բուրավետ, յուրահատուկ համով: Մ–ի բազմաթիվ տեսակների պտուղներն օգտագործվում են սննդի մեջ: ՍՍՀՄ–ում հանդիպում է միայն ջերմատներում:
ՄԱՆԳՈՒՍՏՆԵՐ (Herpestes), վիվերների ընտանիքի գիշատիչ կաթնասունների սեռ: Միջին մեծության կենդանիներ են, մարմնի երկարությունը 23-64 սմ է, պոչինը՝ 23–51 սմ, քաշը՝ 0,5-3 կգ: Մորթին կոշտ է՝ միագույն կամ բծավոր: Հայտնի է 17 տեսակ, որից 6-ը տարածված է Աֆրիկայում, 10-ը՝ Հարավային Ասիայում, 1-ը՝ Եվրոպայում: Ապրում են անտառներում, թփուտներում, եղեգնուտներում, երբեմն՝ բնակավայրերին մոտ: Գիշերային կյանք են վարում: Սնվում են մանր ողնաշարավոր կենդանիներով, մասամբ՝ անողնաշարավորներով, կարող են հարձակվել ընտանի թռչունների վրա: Որոշ տեսակներ օգտակար են, ոչնչացնում են թունավոր օձերին:
ՄԱՆԴԱԼԱՅ, Մանդալե, քաղաք Բիրմայական Միությունում, Իրավադի գետի ափին: Մանդալայ օկրուգի վարչական կենտրոնն է: 417 հզ. բն. (1973): Տրանսպորտային հանգույց է, գետային նավահանգիստ, բամբակեղենի, բոժոժից թել քաշելու, փայտասղոցման արդյունաբերության կենտրոն: Կան նավանորոգման և երկաթուղային արհեստանոցներ, մետաքսյա գործվածքների և բրուտագործական իրերի արտադրություն: Հիմնադրվել է 1857-ին:
ՄԱՆԴԱԼՅԱՆ Թադևոս Գեղամի (5.7.1901, Ալեքսանդրապոլ – 1938), կուսակցական և պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1917-ից: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Ուսման տարիներին աշխատակցել է «Նոր սերունդ» ինտերնացիոնալիստական աշակերտական շաբաթաթերթին, եղել Թիֆլիսի «Սպարտակ» կազմակերպության հիմնադիրներից: 1918-ին Հյուսիսային Կովկասում կռվել է դենիկինյան զորքերի դեմ: 1919-20-ին ընդհատակյա կուսակցական աշխատանք է տարել Թիֆլիսում, որի համար արտաքսվել է Հայաստան: Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը (1920): Եղել է «Գուդոկ» («Гудок», 1923-24), Պրոֆինտերնի «Տեղեկագիր» (1924-26, Մոսկվա), «Խորհրդային Հայաստան» (1928) թերթերի խմբագիր: 1926–27-ին Չինաստանում կռվել է Շանհայի ապստամբների շարքերում: 1928-ին ընտրվել է Հայաստանի Արհեստակցական միությունների խորհրդի նախագահ: 1928-36-ին աշխատել է ՀՍՍՀ Բանգյուղտեսչության ժողկոմ, ՀԿԿ Կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ և ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ: 1936-38-ին Մ. մասնակցել է Իսպանիայում մղված քաղաքացիական պատերազմին՝ հանրապետականների շարքերում: Եղել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ (1929-31): Հեղինակ է միջազգային բանվորական և ազգային–ազատագրական շարժումներին նվիրված մի շարք գիտական աշխատությունների:
Երկ. Մայիսյան ապստամբությունը, Ե., 1929: Միջազգային կարմիր օրը, Ե., 1929:
ՄԱՆԴԱԿՈՒՆԻՆԵՐ, նախարարական տոհմ Հին Հայաստանում: Ըստ ավանդության Մ. անունն առաջացել է տոհմի հիմնադիր նախնի Միանդակի անունից, որին Վաղարշակ թագավորը շնորհել էր նախարարի աստիճան և կարգել արքունի որսերի գործակալ: III դ. 2-րդ կեսին Սասանյանների հրամանով Մ. սրատվում են, որովհետև Հայոց թագավոր Խոսրով Ա Մեծի սպանությունից հետո արքայազն Տրդատ մանկանը նրա դայակ Արտավազդ Մանդակունին փախցրել էր հռոմ. արքունիք: Տրդատ Գ Մեծի գահակալումից հետո Հայոց զորքերի սպարապետությունը հանձնարարվեց Արտավազդ Մանդակունուն, որը շուտով զոհվեց կովկասյան ցեղերի դեմ մղած մարտերից մեկի ժամանակ: V դ. Մ. տիրում էին ասպարեզից հեռացած Արշամունիների տոհմական Արշամունիք գավառը: Ըստ Սահակյան Գահնամակի, Մ. արքունիքում զբաղեցրել են 47-րդ բարձը: Իսկ ըստ Զորանամակի, Հայոց բանակը համալրել են 300 մարտիկով: Վարդանանց պատերազմի ժամանակ Պարսկաստանում ատյանի կանչված հայ նախարարների թվում էին Մանդակունի Սահակ և Փարսաման եղբայրները: Նույն դարի հայտնի դեմքերից էր Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը:
Գրկ. Մովսհս Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968: Адонц Н., Армения в эпоху Юстиниана, Е., 1971.
ՄԱՆԴԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծակ գավառում: 1909-ին ուներ 35 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի նահանջի ժամանակ, գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
ՄԱՆԴԱՏ (լատ. mandatum – հանձնարարություն), լիազորություն, հանձնարարություն: Մ. է կոչվում նաև անձին լիազորություն տվող փաստաթուղթը (օրինակ, դեպուտատական Մ.): Տերմինն առաջացել է հռոմ. իրավունքում՝ հանձնարարության պայմանագիրը նշելու համար: Միջազգային իրավունքում Մ. էր կոչվում այն լիազորությունը, որով Ազգերի լիգայի անունից որևէ պետությանը տրվում էր Թուրքիայի տիրույթները կամ Գերմանիայի նախկին գաղութները կառավարելու իրավունք:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/217
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ