Տես նաև Մանդատային տերիտորիաներ:
ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ, 1. համագումարներում, կոնֆերանսներում, կոնգրեսներում ստեղծված հանձնաժողովներ՝ պատգամավորների լիազորությունն ստուգելու համար: 2. ՍՍՀՄ Գերագույն սովետի պալատներում, միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետներում և ժողովրդական դեպուտատների տեղական սովետներում ստեղծվող հանձնաժողովներ՝ դեպուտատների լիազորությունն ստուգելու համար: Ընտրվում է տվյալ գումարման սովետի առաջին նստաշրջանում՝ դեպուտատների կազմից:
ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՏԵՐԻՏՈՐԻԱՆԵՐ, առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի նախկին գաղութների և Թուրքիայի որոշ տիրույթների ընդհանուր անվանումը, որոնք Ազգերի լիգայի մանդատով հանձնվել էին հաղթող պետությունների կառավարմանը: Մանդատային համակարգով փաստորեն սահմանվում էր գաղութային տիրապետության նոր՝ քողարկված կարգ, հօգուտ Անգլիայի ու Ֆրանսիայի: Ըստ Ազգերի լիգայի ստատուտի, Մ. տ–ի մեջ ներառվող տերիտորիաները այս կամ այն պետության կառավարման էին հանձնվում, նկատի ունենալով, որ նրանք տվյալ պահին ի վիճակի չեն պետական իշխանությունն իրականացնել ինքնուրույն: Մ. տ. բաժանվում էին «Α», «В», «С» խմբերի: «А» խմբի տերիտորիաներում ձևականորեն կազմակերպվում էին պետություններ՝ սեփական քաղաքացիությամբ և վարչական ապարատով: Իրականում օրենսդրության, ներքին քաղաքականության և արտաքին հարաբերության բոլոր հարցերը, ընդհուպ մինչև լիակատար ինքնուրույնություն ստանալը, լուծում էր կառավարող՝ հանձնակատար պետությունը (Անգլիան՝ Իրաքում, Պաղեստինում, Անդրհորդանանում, Ֆրանսիան՝ Սիրիայում և Լիբանանում): «В» խմբի տերիտորիաներն անմիջականորեն կառավարում էր (որոշ պայմանների պահպանմամբ) հանձնակատար պետությունը (Կամերունի, Տոգոյի և Տանգանիկայի մի մասը՝ Մեծ Բրիտանիան, Կամերունի, Տոգոյի մի մասը՝ Ֆրանսիան, Ռուանդա–Ուրունդին՝ Բելգիան): «С» խմբի Մ. տ. ամբողջությամբ կառավարվում էր հանձնակատար պետության օրենքներով և համարվում այդ պետության բաղկացուցիչ մասը (Հարավ–Արևմտյան Աֆրիկա, Նոր Գվինեա, Արևմտյան Սամոա, Նաուրու, Կարոլինյան, Մարիանյան, Մարշալյան խաղաղօվկիանոսյան կղզիները): «В» և «С» խմբերի տերիտորիաներում հանձնակատար պետությունների իշխանությունն անսահմանափակ էր, չնայած ձևականորեն արգելվում էր ստրկավաճառությունը, զենքի և ալկոհոլի առևտուրը: Մ. տ–ում հանձնակատար պետությունները պարտավոր էին ապահովել խղճի ազաաություն, չկառուցել ռազմ. բազաներ, չսովորեցնել հիմնական բնակչությանը ռազմ. գործ: Սովետական պետությունը մանդատային կարգը չի ճանաչել և խստորեն քննադատել է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մանդատային կարգին փոխարինել է ՄԱԿ–ի միջազգային խնամակալության համակարգը:
ՄԱՆԴԱՐԻՆ (ֆրանս. mandarine, < իսպան. mandarin), սապատազգիների ընտանիքի Citrus ցեղի մշտադալար բույս: Ըստ որոշ հետազոտողների Մ–ի բոլոր ձևերը պատկանում են մեկ տեսակի՝ սովորական Մ–ին (C. reticulata), իսկ մյուսներն առանձնացնում են դրա մինչև 13 տեսակ: Առավել տարածված է ճապոնական Մ. (C. unshiu), որը թույլ աճեցողությամբ, 2-3 մ բարձրության ծառ է: Տերևները խոշոր են, օվալաձև, երբեմն՝ ծալքավոր, վերևի մակերեսը՝ մուգ կանաչ գույնի, թույլ զարգացած տերևակիցներով: Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ: Ինքնափոշոտվող բույս է: Պտուղները՝ տափակ–կլորավուն, կեղևը՝ կաշենման, հաստ, բաց նարնջագույն, հեշտությամբ անջատվում է պտղամսից, կազմված է առանձին բաժնյակներից (ճաղերից), որոնք պատված են շատ բարակ, սպիտակ, թելանման հավելվածքներով: Հյութալի է, քաղցր, թթվաշ, հաճելի համով և բույրով: Պարունակում է մինչև 12% շաքարներ, 0,9-1,0% կիտրոնաթթու, 0,45% պեկտինային նյութեր, ինչպես նաև հանքային նյութեր ու վիտամիններ: Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում (հյութեր, մուրաբաներ): Մ. աճում է արևադարձային և մերձարևադարձային այն շրջաններում, որտեղ ձմռանը ջերմաստիճանը –8°C-ից ցածր չի լինում: ՍՍՀՄ–ում մշակվում է Վրաց. ՍՍՀ–ում, Աբխազ. և Աջար. ԻՍՍՀ–ներում, Ադրբ. ՍՍՀ Լենքորանի և Ղրիմի մարզի որոշ շրջաններում: Մ. բերք է տալիս տնկումից 3–4 տարի հետո: Ապրում է 30-40 տարի: Բազմանում է աչքապատվաստով, ինչպես նաև կտրոններով: Որպես պատվաստակալ օգտագործվում է վայրի եռտերևային կիտրոնը (C. trifoliata): Վեգետացիայի ընթացքում կարող է տալ 3-4 աճ: ՍՍՀՄ–ում հիմնականում տարածված են ունշիու տեսակի Պիոներ–80, Կարտալի, Սադերիս, Սոչինսկի–23 սորտերը: Մշակվում է նաև իտալական Մ. (C. deliciosa):
ՄԱՆԴԱՐԻՆ (պորտուգ. mandarin, < սանսկրիտ. մանարին — խորհրդական), ֆեոդալական Չինաստանի աստիճանավորներին պորտուգալացիների տված անվանումը: Պորտուգալերենից անցել է ռուս. և եվրոպական լեզուներին: Ժամանակակից գիտական գրականության մեջ «Մ.» տերմինը չի օգտագործվում:
ՄԱՆԴԵ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Աֆրիկյան լեզուներ:
ՄԱՆԴԵԼՇՏԱՄ Անդրեյ (1869-1939), ռուս դիվանագետ: Միջազգային իրավունքի դոկտոր: Եղել է Կ. Պոլսում ռուս. դեսպանության թարգման (դրագոման): 1912-1914-ին մասնակցել է հայկ. բարենորոգումների (տես Հայկական բարենորոգումներ 1913-14) խնդրի դիվանագիտական քննարկումներին, 1914-ի ռուս–թուրքական համաձայնագրի հոդվածների մշակմանը: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին ակտիվորեն հանդես է եկել արևմտահայության իրավունքների պաշտպանությամբ, երիտթուրքերի չարագործությունների դատապարտմամբ, մասնակցել է հայ գաղթականության օգտին ռուս հասարակության ձեռնարկած միջոցառումներին: Գրել է աշխատություններ միջազգային հարաբերությունների, Հայկական հարցի, Թուրքիայի նոր և նորագույն պատմության վերաբերյալ:
Երկ. Երիտասարդ թուրքերի պետությունը, Էջմիածին, 1916: Օսմանյան կայսրության ճակատագիրը և հայկական հարցը, մաս 1, ԿՊ, 1919: Le sort de L’Empire ottoman, Lausanne-P., 1917; La societe des Nations et les Puissances devant la Probleme Armenirn, P., 1926.
ՄԱՆԴԵԼՇՏԱՄ Լեոնիդ Իսահակովիչ (1879-1944), սովետական ֆիզիկոս: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1925): Աշխատանքները վերաբերում են օպտիկային, տեսական ֆիզիկային, ռադիոֆիզիկային, ռադիոտեխնիկային: Առաջինն է ապացուցել (1907), որ օպտիկապես անհամասեռ միջավայրերում լույսի ցրումը պայմանավորված է միկրոանհամասեռությունների առաջացումով: 1918-ին կանխագուշակել է Ռելեյի գծի նուրբ կառուցվածքի երևան գալը (նման տեսություն մշակել է նաև Լ. Բրիլուենը, 1922-ին): 1928-ին Գ. Ս. Լանդսբերգի հետ հայտնագործել է լույսի կոմբինացիոն ցրումը (Չ. Ռամանից և Կ. Ս. Կրիշնանից անկախ): Ն. Գ. Պապալեկսիի հետ հիմնարար աշխատանքներ է կատարել տատանումների ոչ գծային տեսության բնագավառում: Նրանք առաջարկել են էլեկտրական տատանումների գրգռման նոր մեթոդ, ստեղծել (1931) փոփոխական հոսանքի պարամետրական գեներատոր՝ պարբերաբար փոփոխվող ինդուկտիվությամբ, մշակել (1938) հեռավորությունների ճշգրիտ չափման ռադիոինտերֆերենցիոն մեթոդ: Արժանացել է Վ. Ի. Լենինի անվ. (1929) և ՍՍՀՄ պետ. (1942) մրցանակների:
ՄԱՆԴԵԼՇՏԱՄ Օսիպ Էմիլևիչ (3(15).1. 1891, Վարշավա – 27.12.1938), ռուս սովետական բանաստեղծ, արվեստի տեսաբան, թարգմանիչ: 1907-10-ին սովորել է Սորբոնի և Հայդելբերգի համալսարաններում, 1911-ին՝ Պետերբուրգի համալսարանի ռոմանա–գերմ. բաժնում: Տպագրվել է 1910-ից՝ «Ապոլլոն» ամսագրում (№ 9): Վաղ շրջանի բանաստեղծություններում նկատելի է սիմվոլիզմի ազդեցությունը: Մ. ակմեիզմի հիմնադիրներից է (1912-ից): 1918-21-ին աշխատել է կուլտուր–լուսավորական հիմնարկներում, եղել Ղրիմում, Վրաստանում:
Հրատարակել է «Քար» (1913, 2-րդ լրացված հրտ. 1916), «Tristia» (1922, «Երկրորդ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/218
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ